ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.12

ԵԿԱ, ՈՐ ԱՍԵՄ՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ...




ՈՒՐՈՒԳՎԱՅ 1965
Պետական կարգը՝ հանրապետություն 

Մայրաքաղաքը՝ Մոնտեվիդեո 

Տարածքը՝ 176,2 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 3,5 մլն 
Պետական լեզուն՝ իսպաներեն 
Դրամական միավորը՝ պեսո  

Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն 
Ուրուգվայը պետություն է Հարավային Ամերիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: 

Ուրուգվայի տարածքն զբաղեցնում է Բրազիլական սարահարթի հարավարևելյան ցածրադիր մասը: Մակերևույթը հարթավայրային է. Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով տարածվում է ճահճապատ դաշտավայրը: Հարավում մեկուսացած Պան դե Ասուկար լեռն է (501մ, երկրի ամենաբարձր կետը): Ընդերքում կան երկաթմանգանային, ոսկու, արծաթի, կապարի, պղնձի, գրանիտի, մարմարի պաշարներ: 

Կլիման մերձարևադարձային ծովային է: Գետային ցանցը խիտ է: Գլխավոր գետերն են Ուրուգվայը և Ռիո Նեգրոն: Գերակշռում են մշտադալար անտառներն ու սավաննաները: Կենդանական աշխարհը բազմազան է: Կան զրահակիրներ, պարկամուկ, ճահճակուղբ, շատ են ջրլող թռչունները: 
Ուրուգվայի, ինչպես և ամբողջ Հարավային Ամերիկայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են բնիկ հնդկացիական ցեղեր, որոնք գտնվել են նախնադարյան համայնական կարգերի տարբեր փուլերում: Հարավային Ամերիկան նվաճելիս իսպանացիները թափանցեցին ժամանակակից Ուրուգվայի տարածք և XVI դարի 2-րդ կեսին այստեղ հիմնեցին մի շարք ամրոցներ: Մինչև XIX դարի սկիզբն Ուրուգվայի տարածքին տիրելու համար պայքար էր մղվում իսպանացիների, պորտուգալացիների և անգլիացիների միջև: XVIII դարի կեսին Իսպանիան հայտարարեց, որ Ուրուգվայն իր տիրույթն է: Համոզվելով, որ երկիրը հարուստ չէ օգտակար հանածոներով, իսպանացիներն սկսեցին այնտեղ ներմուծել խոշոր եղջերավոր կենդանիներ և ձիեր, որի շնորհիվ անասնաբուծությունը դարձավ Ուրուգվայի տնտեսության հիմնական ճյուղը: 

XIX դարի 1-ին տասնամյակներին Հարավային Ամերիկայում ծավալվեց իսպանական գաղութների անկախության համար մղվող ազատագրական պայքարը: 

1810–16թթ-ին Ուրուգվայն անկախ պետություն էր, բայց 1816թ-ին այն նվաճեցին պորտուգալացիները: 1821թ-ին ներառվել է Բրազիլական կայսրության, 1825թ-ին` Արգենտինայի կազմի մեջ, իսկ 1828թ-ին հռչակել է իր անկախությունը, որը ճանաչել են Բրազիլիան և Արգենտինան: 1830թ-ին ընդունվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության սահմանադրությունը: 

1973թ-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով դադարեցվել է սահմանադրության գործունեությունը, սակայն 1985թ-ին վերականգնվել է կառավարման սահմանադրական կարգը: 

Բնակչության ճնշող մեծամասնությունն ուրուգվայցիներ են, որոնք 

XVI–XVIII դարերում Եվրոպայից եկած վերաբնակների (հիմնականում՝ իսպանացիների) հետնորդներն են: Նեգրերը, մետիսները և մուլատները կազմում են բնակչության շուրջ 8–10 %-ը: 

Խոշոր քաղաքներն են Մոնտեվիդեոն, Սալտոն, Պայսանդուն, Ռիվերան, Մերսեդեսը: 

Ժամանակակից Ուրուգվայն ագրոարդյունաբերական երկիր է: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը մսաբրդատու անասնապահությունն է: Մսի և բրդի արտադրությամբ Ուրուգվայը գրավում է երկրորդ տեղը Լատինական Ամերիկայում՝ զիջելով միայն Արգենտինային: Անասնաբուծության արտադրանքի զգալի մասն արտահանվում է: Երկրի կլիմայական պայմանները բարենպաստ են խաղողագործության, ցիտրուսների մշակության համար: 

Արդյունաբերական ճյուղերից առավել զարգացած են սննդի, տեքստիլ, կոշիկի, շինանյութերի արտադրությունը: Կան նաև մետաղաձուլական, քիմիական, էլեկտրատեխնիկական ձեռնարկություններ: Երկրի արդյունաբերական հիմնական կենտրոնը մայրաքաղաքն է: 

Ուրուգվայի բնիկների՝ հնդկացիների արվեստը ժամանակի ընթացքում աստիճանաբար դուրս է մղվել: Ազգային մշակույթի և հատկապես բանահյուսության պահպանողները թափառաշրջիկ երգիչներն էին (պայադորներ): Յուրատիպ են երգիծական բովանդակության երգերը (կոնտրապունտո) և պերիկոն շուրջպարը: 

Հայերն Ուրուգվայում 

Հայերն Ուրուգվայում հաստատվել են XX դարի սկզբին. գաղութը ձևավորվել է 1920-ական թվականներին: Նրանք եկել են սկզբում Կիլիկիայից, հետագա տասնամյակներին՝ Մերձավոր Արևելքի երկրներից: Այժմ հայերի թիվը հասնում է շուրջ 15 հզ-ի՝ կենտրոնացած Մոնտեվիդեոյում: Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում: Հայերի հիմնական մասն զբաղվում է առևտրով և արհեստներով: Կան խոշոր ձեռնարկատերեր, բժիշկներ, պետական ծառայողներ: 

Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմը կազմավորվել է 1983թ-ին: Մոնտեվիդեոյում գործում է միակ հայ առաքելական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, կան նաև կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ: Չնայած փոքրաթիվ լինելուն, Ուրուգվայի հայ համայնքը կարողանում է պահպանել ինքնությունը, ինչին նպաստում են Ուրուգվայում գործող Նուբարյան-Ալեք Մանուկյան և Ներսեսյան ամենօրյա վարժարանները, տարբեր հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական միություններ, ակումբներ և այլն: Գաղութում հայտնի են «Կոմիտաս», «Արամ Խաչատրյան» նվագախմբերը, /հիմա արդեն չկան/, ՀԲԸՄ «Կռունկ» երգչախումբը, «Գայանե», «Շիրազ» պարախմբերը: Գործում են «Ռադիո Արաքս» և «Կոմիտաս» ամենօրյա ռադիոժամերը, ժամանակին հրատարակվող «Ապրիլ», «Հայ ընտանիք» պարբերականները (հայերեն–իսպաներեն) այսօր արդեն չեն տպագրվում: Առաջին դպրոցը կազմակերպվել է դեռևս 1923թ-ին: Ներկայումս գործում են միայն 2 ամենօրյա հայկական դպրոցներ: 

Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»: 1971թ-ին Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը, որտեղ ավելի ուշ կանգնեցվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972թ-ին ծովեզրյա պողոտաներից մեկը՝ Ռամբլա–Արմենիս: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում:

ԱՐԳԵՆՏԻՆԱ 1985 

Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Բուենոս Այրես 
Տարածքը՝ 2.777 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 39,1 մլն 
Պետական լեզուն՝ իսպաներեն 
Դրամական միավորը՝ պեսո 
Արգենտինայի Հանրապետություն 
Արգենտինան Հարավային Ամերիկայի մեծությամբ երկրորդ երկիրն է Բրազիլիայից հետո. գրավում է մայրցամաքի հարավարևելյան ու Հրո Երկրի արևելյան մասը և մոտակա կղզիները: 
XVI դարում, երբ իսպանացիները սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան, հարավում նրանց հիմնած գաղութներից մեկն Արգենտինան էր: Երկիրն Արգենտինա (Արծաթի երկիր, լատիներեն «արգենտում» նշանակում է արծաթ) անվանել է Սեբաստիան Կաբոտը 1526 թ-ին, երբ Լա Պլատայի գետաբերանի մոտ ապրանքներ է փոխանակել արծաթի հետ: Սակայն իսպանացիներն այդ երկրում ո՜չ արծաթ գտան, ո՜չ էլ ոսկի, և երեք հարյուրամյակ Արգենտինան լքված գաղութ էր: Երկրի ճակատագրում նկատելի փոփոխություն տեղի չունեցավ նաև անկախություն նվաճելուց (1816 թ.) հետո: Բայց արդեն XIX դարի 2-րդ կեսից Արգենտինան Արևմտյան Եվրոպայի համար դարձավ պարենամթերքի խոշոր մատակարար: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ երկիրը գտնվում է Հարավային կիսագնդում. երբ Եվրոպայում ձմեռ է, Արգենտինայում ամառ է, և հասունանում է բերքը: Ցորենի և եգիպտացորենի ցանքատարածություններով հարուստ է Պամպան (հնդկացիների լեզվով «պամպա» նշանակում է անտառազուրկ հող): 
XIX դարի վերջին Պամպայի այս արգավանդ հողերը յուրացնելու համար Եվրոպայի տարբեր երկրներից այստեղ խուժեցին բազմաթիվ գաղթականներ, հիմնականում իսպանացիներ ու իտալացիներ, գերմանացիներ, շոտլանդացիներ: 
Մեծ ձգվածության պատճառով (հյուսիսից հարավ՝ 4000 կմ) Արգենտինայի բնությունը խիստ բազմազան է. մերձարևադարձային շրջաններում կլիման տաք ու խոնավ է, իսկ Պատագոնիայում՝ երկրի հարավում, արդեն զգացվում է Անտարկտիկայի սառույցների ցուրտ շունչը: Հյուսիսում՝ արևադարձային գոտում, ընդհակառակը, շոգ ու խոնավ է: Արգենտինան Խաղաղ օվկիանոսից բաժանում են Անդերի բարձր լեռները, որոնք ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Երկրի հյուսիսը ծածկված է մշտադալար անտառներով: Այստեղ աճող կեբրաչո ծառից ստանում են աղաղանյութեր, որոնցով մշակում են կաշին: Անդերի նախալեռներում, որն անվանում են «հանրապետության այգի», պտղատու և խաղողի այգիներ են: Այստեղ է աճում նաև «մատե» թեյը՝ արգենտինացիների ազգային ըմպելիքը: Այն փոքր-ինչ դառնահամ է, բայց շատ լավ հագեցնում է ծարավն ու թարմացնում: 
Արգենտինայի գլխավոր գետը Պարանան է (գուպանի հնդկացիների լեզվով՝ Մեծ գետ), որի վտակները կրում են հարևան երկրների անունները՝ Ուրուգվայ և Պարագվայ: Պարանայի ստորին ավազանը կոչվում է Լա Պլատա, որի լայնությունը օվկիանոսամերձ գետաբերանում հասնում է 300 կմ-ի: Այստեղ են գտնվում մայրաքաղաքն ու այլ խոշոր քաղաքներ: 
Ժամանակակից Արգենտինան տարածաշրջանի առավել խոշոր և տնտեսապես զարգացած երկրներից է: Այստեղ արդյունահանում են անագ, ցինկ, նավթ, գազ, ուրան և այլ հանքաքարեր, ձուլվում է մետաղ, արտադրվում են ավտոմեքենաներ, տրակտորներ, ծովային նավեր, զանազան սարքավորումներ, այդ թվում՝ էլեկտրոնային տեխնիկա: 1974թ-ին Արգենտինայում կառուցվել է Հարավային Ամերիկայում առաջին՝ Ադուջայի ատոմային էլեկտրակայանը: 
Պամպան աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական շրջաններից մեկն է: Այստեղ աճում են ցորեն, վուշ, արևածաղիկ, ծխախոտ, բրինձ, կերային մշակաբույսեր: Այդ երկրամասը ոչ միայն կերակրում է երկիրը, այլև արտահանում բերքի մի մասը: Պամպան ծովափնյա շրջանների հետ կապված է տասնյակ երկաթուղիներով ու խճուղիներով, որոնցով երկրի նավահանգիստներ են բերվում հացահատիկը, միսը, բուրդը, գյուղատնտեսական մյուս մթերքները և արտահանվում այլ երկրներ: 
Պատագոնիան բնական հարստությունների իսկական շտեմարան է: Այս կիսաանապատային տարածքում քիչ մարդ է ապրում, և մեծ քաղաքներ չկան: 1987թ-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի որոշմամբ հանրապետության մայրաքաղաքը պետք է փոխադրվեր Պատագոնիա՝ Ռիո Նեգրո գետի գետաբերանում գտնվող Վիեդմա քաղաքը: Նպատակը երկրի հարավի զարգացումն էր ու Բուենոս Այրեսի ուրբանիզացման «հոգսերի» թեթևացումը, սակայն առայժմ երկրի մայրաքաղաքը շարունակում է մնալ Բուենոս Այրեսը, մինչև ավարտվի նոր մայրաքաղաքի կառուցումը: Երկրի բնակչության մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում ու նրա մոտակայքում, որտեղ կենտրոնացված է նաև արդյունաբերական արտադրության կեսը: 
Արգենտինացիները, յուրացնելով բնիկ և եկվոր շատ ժողովուրդների ավանդույթները, ստեղծել են սեփական ինքնատիպ մշակույթ: Երկրի յուրօրինակ խորհրդանիշ են դարձել գաուչոները (հնդկացիների լեզվով նշանակում է թափառաշրջիկ, օտարական): Գաուչոները խիզախ ձիավորներ են և հմուտ հովիվներ: Նրանք հագնում են բրդե գունագեղ թիկնոցներ՝ պոնչոներ: Դրանց վրա քնում են, դրանցով ծածկվում: Գաուչոներն անբաժան են կիթառից, իսկ նրանց երգերը երգում է ողջ երկիրը: Արգենտինացիներն ընդհանրապես երաժշտասեր մարդիկ են: Նրանց երաժշտությունը հայտնի է ամբողջ աշխարհում, որն ակունքներով և ոճական բնորոշ գծերով կապված է իսպանական ժողովրդական երաժշտության հետ: Հատկապես տարածված է տանգո պարը՝ իր արգենտինական տարբերակով: Արգենտինայում նույնիսկ ազգային հատուկ տոն կա՝ Տանգոյի օր: 

Հայերն Արգենտինայում 

Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել դեռևս XIX դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես Առաջին (1914–18) և Երկրորդ (1939–45) համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Թուրքիայում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում: Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում են Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Ներկայումս Արգենտինայում բնակվում է մոտ 70 հզ. հայ: Մեծ մասը (60 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և նրա արվարձաններում: Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը: 
Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ: Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ: 
Արգենտինահայ գաղութն ապրում է աշխույժ հասարակական կյանքով: Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, երիտասարդական և այլ միություններ ու ընկերություններ, երգչախմբեր («Կոմիտաս», «Արաքս»), պարախմբեր («Գայանե», «Նաիրի»), «Թաթուլ Ալթունյան» նվագախումբը: Ճանաչված են հայ մշակույթի գործիչներ Լևոն Վարդապետյանը, Ժան Ալմուխյանը, Մարթա Վարդանյանը, Ալիսա Թերզյանը, երգչուհիներ Վիկտորյա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, քանդակագործ Հակոբ Յարումյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Սարգիս Աշքյանը և շատ ուրիշներ: Մեծ ճանաչում ունի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը (վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում): Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը, իսկ զինվորական ակադեմիայի հիմնադիր տնօրենը՝ հայազգի Յանոշ Ցեցը: 
Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները: Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ: Ներկայումս գործում են 9 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան: 
Այստեղ հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր: 
2001 թ-ի դեկտեմբերին արգենտինահայ հայտնի գործարար, երկրի 33 օդանավակայանների հիմնական բաժնետեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի և ՀՀ Կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները 30 տարի ժամկետով կառավարման են հանձնվել Էռնեկյանի ընկերությանը:

ԿԻՊՐՈՍ 1990 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Նիկոզիա 
Տարածքը՝ 9.251 կմ2 
Բնակչությունը՝ 800 հզ. 
Պետական լեզուները՝ հունարեն, թուրքերեն 
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.` կիպրոսյան ֆունտ) 
Կիպրոսի Հանրապետություն 
Կիպրոսի Հանրապետությունը կղզի-պետություն է Միջերկրական ծովի արևելյան մասում: Գտնվելով ծովային և օդային ուղիների խաչմերուկում՝ Կիպրոսը կարևոր քաղաքական ու ռազմական նշանակություն ունի Արևելյան Միջերկրածովայքում: «Կիպրոս» անունից է ծագել պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», որովհետև կղզին շատ հարուստ է պղնձի հանքերով. պղինձը առաջինը հայտնաբերվել է այնտեղ: 
Կղզու մակերևույթը լեռնային է: Հյուսիսային ափի երկայնքով ձգվում են Կիրենիա, հարավում՝ Տրոոդոս լեռնաշղթաները, իսկ կենտրոնում Մեսաորիա հարթավայրն է: Կան պղնձի, քրոմի, երկաթի, ասբեստի պաշարներ: 
Կղզին միշտ կռվախնձոր է եղել հարևան պետությունների միջև: Իր գոյության հազարամյակների ընթացքում Կիպրոսը շատ քիչ է եղել անկախ: Մ.թ.ա. I հազարամյակում կղզուն տիրել են ասորեստանցիները, խեթերը, եգիպտացիները, պարսիկները, Ալեքսանդր Մակեդոնացու փոխարքաները, հռոմեացիները: VII դարում այն զավթել են արաբները, XII դարում՝ խաչակիրները, իսկ 1571թ-ից՝ օսմանյան թուրքերը: 1878թ-ին Արևմտյան Հայաստանում Ռուսական կայսրության առաջխաղացումը դիմագրավելու նպատակով Կիպրոսը զավթել են անգլիացիները, որոնց տիրապետությունն այնտեղ տևեց մինչև 1960թ-ի օգոստոսի 16-ը, երբ Կիպրոսը հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց անկախություն ստանալուց հետո էլ Կիպրոսը չձերբազատվեց գաղութային կապանքներից, քանի որ Անգլիան այնտեղ պահպանում էր իր ռազմական խարսխակայանները և Հունաստանի ու Թուրքիայի հետ հանդես էր գալիս կիպրական պետության «երաշխավոր»: 
Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հզ. տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում: Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը: Իսկ 1974թ-ին Թուրքիան պարզապես նվաճեց Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որին մինչև օրս, բացի Թուրքիայից, ոչ մի երկիր չի ճանաչել: 
Կղզու բաժանումը բացասաբար անդրադարձավ Կիպրոսի առանց այն էլ թույլ տնտեսության զարգացման վրա: Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (պղինձ, քրոմ, երկաթ) և գյուղատնտեսական հումքի վերամշակող (ծխախոտ, գինի, մրգի պահածոներ և այլն) ճյուղերը: Կա նաև տնայնագործական և արհեստագործական արտադրություն (գորգեր, ձեռագործ, խեցեղեն): Մշակում են ցորեն, գարի, ընդեղեն, բոստանային բույսեր, խաղող, ցիտրուսներ, ծխախոտ, նշենի: Կան ձիթենու և ընկուզենու պուրակներ: Զարգացած է շերամապահությունը, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությունը: Այդ գեղատեսիլ կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով: 
Մեսաորիա հարթավայրում գտնվում է երկրի մայրաքաղաք Նիկոզիան, որը մինչև XIII դարն ունեցել է տարբեր անուններ (Լեդրա, Լևկոտեոն): 
Նիկոզիա և Ֆամագուստա, Լիմասոլ ու Լառնակա ծովային նավահանգիստներում զուգակցվում են ասիականն ու եվրոպականը, միջնադարյանն ու ժամանակակիցը:

Հայերը Կիպրոսում 

Դեռևս IV–V դարերում Կիպրոսում եղել են հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ: VI դարի վերջին բյուզանդական Մորիկ կայսրը Հայաստանից Կիպրոս է աքսորել մեծ թվով հայ ապստամբների: Կիպրոսի կառավարիչների թվում եղել են հայ Ալեքսիս զորավարը, Վասիլ Հայկազնը: Իսկ XII դարում խնամիական կապեր են ստեղծվել Կիպրոսի Լուսինյան և Կիլիկյան Հայաստանի թագավորական ընտանիքների միջև. Կիլիկիայի անկումից հետո Կիպրոսի թագավորները տեր են դարձել հայկական թագավորության ժառանգական իրավունքին և իշխել որպես «թագավոր հայոց»: Կղզու գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում հնուց ի վեր եղել են հայկական եկեղեցիներ, որոնցից նշանավորը Սուրբ Մակար կամ Կապույտ վանքն է (560թ.): XII–XV դարերում Կիպրոսում հիշատակվում են հայկական գյուղեր (օրինակ՝ Արմենիխորը), քաղաքներում՝ հայկական թաղամասեր ու փողոցներ: 
Կիպրոսի հայ համայնքը ստվարացել է 1920-ական թվականներին՝ Մեծ եղեռնից ու Կիլիկիայում թուրքական բռնություններից փրկված հայերի հաշվին: Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 2 հզ. հայ (Նիկոզիայում, Լառնակայում, Ֆամագուստայում): Նրանք մեծ մասամբ արհեստավորներ են, առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ: Գործում են հայ առաքելական 3 եկեղեցիներ (Նիկոզիայի Սուրբ Աստվածածին, Լառնակայի Սուրբ Ստեփանոս, Լիմասոլի Սուրբ Գևորգ), «Նարեկ» ազգային վարժարանը, ինչպես նաև հասարակական-քաղաքական, մշակութային, բարեգործական մի շարք կազմակերպություններ, Մելգոնյան կրթական հաստատությունը (փակվել է 2005 թ-ի հունվարին): Լույս են տեսնում «Տեղեկատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանք», «Հայացք», «Փարոս» պարբերականները: Գործում է հայկական ռադիոժամ: 1982 թ-ին Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:

ԲՈՒԼՂԱՐԻԱ 1995 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Սոֆիա 
Տարածքը՝ 110,9 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 7,8 մլն 
Պետական լեզուն՝ բուլղարերեն 
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ լև) 
Բուլղարիայի Հանրապետություն 
Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները (կամ Ստարա Պլանինա) երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը (բարձրությունը՝ 2925 մ, Բալկանյան թերակղզու ամենաբարձր կետն է), Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը: 
Ընդերքը համեմատաբար հարուստ է բազմամետաղների, պղնձի, մանգանի պաշարներով: Քիչ են նավթն ու գազը, իսկ ածխի առավել նշանակալի պաշարները լիգնիտներն են: 
Կլիման բարեխառն է, հարավում՝ անցումային` միջերկրածովային: 
Երկրի տարածքի 30 %-ը զբաղեցնում են լայնատերև անտառները: 
Բուլղարները հարավային սլավոններ են: Հնուց ի վեր նրանք բնակվում են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում: Բայց իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք ստիպված են եղել պայքարել անկախության համար՝ նախ` Բյուզանդիայի, ապա՝ Օսմանյան կայսրության դեմ: Եվ չնայած թուրքական 500-ամյա լծին՝ բուլղարները կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունն ու ուրույն մշակույթը, որը շատ մոտ է արևելյան սլավոնների՝ ռուսների, ուկրաինացիների, բելառուսների մշակույթին: 
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունը 1990 թ-ի նոյեմբերին հրաժարվեց 46-ամյա կոմունիստական վարչակարգից և թևակոխեց իր զարգացման նոր՝ ժողովրդավարական փուլը: 
Երկրի բնակչությունը համեմատաբար միատարր է. բուլղարները կազմում են բնակչության մոտ 90 %-ը: Ազգային փոքրամասնություններից գերակշռում են թուրքերը, կան նաև հայեր, հույներ և այլք: 
Բուլղարիայում առավել զարգացած են գունավոր մետաղաձուլությունը (կապար, ցինկ, պղինձ), մեքենաշինությունը (ամբարձիչ-տրանսպորտային, էլեկտրատեխնիկական, հաստոցային, արտադրվում են տրակտորներ, նավեր), սննդի (պահածոներ, գինի, ծխախոտ), քիմիական արդյունաբերությունը: 
Գյուղատնտեսության ճյուղերից գերակշռում է բուսաբուծությունը: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, ծխախոտ, մրգեղեն, բանջարեղեն, խաղող, եթերայուղային մշակաբույսեր: Բուլղարիան վարդի յուղի արտադրությամբ և արտահանությամբ աշխարհում գրավում է առաջին տեղը: 
Բուլղար ժողովուրդն ունի ազգային շատ տոներ: Բայց առանձնահատուկ շուքով նշում է մայիսի 24-ը՝ սլավոնական դպրության և մշակույթի տոնը. ավելի քան 1000 տարի առաջ այդ օրը Կիրիլ և Մեֆոդի եղբայրները ստեղծել են հին սլավոնական կիրիլիցա կոչված այբուբենը: 
Բուլղարիայում պահպանվել են հին սլավոնական շատ սովորույթներ. օրինակ՝ պատվավոր հյուրին աղ ու հացով դիմավորելու արարողությունը կամ հանդիսավոր ու շքեղ հարսանյաց հանդեսները, որոնց մասնակցում են պես-պես հագնված ազգային երգի-պարի անսամբլները: Աշնանը մեծ հանդիսավորությամբ է նշվում բերքի տոնը՝ սոբորը: 
Բուլղարացիները բարձր են գնահատում կատակը. հատկապես հայտնի է Գաբրովո քաղաքը, որտեղ և գտնվում է աշխարհում թերևս միակ` կատակի և երգիծանքի տունը: Գաբրովյան կատակների թեման հիմնականում ժլատությունն է և զգուշավորությունը: 
Բուլղարացիները հաճախ են ճանապարհորդում հայրենի երկրում: Նրանք լինում են Վելիկո Տըրնովոյում, որը եղել է բուլղարական միջնադարյան թագավորանիստ քաղաք, այցելում Բալկանյան լեռնաշղթայի Շիպկա լեռնանցքում գտնվող ռուս զինվորի հուշարձանին: 1877թ-ի ձմռանը ռուսական բանակը բուլղարացիների հետ այստեղ վճռական ճակատամարտ տվեց թուրքական զորքերի դեմ և ազատագրեց Բուլղարիայի մեծ մասը: 
Միջազգային համբավ ունեն բուլղարական առողջարաններն ու հանգստյան տները, հատկապես սևծովյանները («Ոսկե ավազներ», «Արևային ափ» լողափերը): 

Հայերը Բուլղարիայում 

Բուլղար և հայ ժողովուրդների միջև փոխհարաբերություններ եղել են տակավին V դարում, երբ 451 թ-ի Ավարայրի ճակատամարտից հետո որոշ հայ իշխաններ, խույս տալով պարսիկների հետապնդումներից, իրենց զորքերով հեռացան Հայաստանից և հաստատվեցին Բալկանյան թերակղզում: 
XIII–XVIII դարերում մոնղոլական ու թուրքական արշավանքների հետեվանքով հայերի նոր գաղթ տեղի ունեցավ դեպի Բուլղարիա: 1800թ-ին Բուլղարիայի քաղաքային հայ բնակչությունը շուրջ 10 հզ. էր, արդեն դարավերջին՝ մոտ 15 հզ.: Հայերի թիվը Բուլղարիայում զգալիորեն ավելացավ 1890-ական թվականներին՝ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից հետո: Հանրահայտ են բուլղար հայտնի բանաստեղծ Պեյս Յավորովի արձագանքն այդ կոտորածներին և նրա «Հայեր» բանաստեղծությունը: Հայերը մեծ մասամբ արհեստավորներ էին, կային նաև բժիշկներ, իրավաբաններ, ճարտարագետներ, պետական պաշտոնյաներ: 
Բուլղարահայերն անմասն չէին նաև թուրքական լծի դեմ բուլղար ժողովրդի մղած դարավոր պայքարին, իսկ 1912–13թթ-ի Բալկանյան պատերազմներում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հայ կամավորների մի հատուկ վաշտ մասնակցում էր Թուրքիայի դեմ մարտերին: Բուլղարահայերից շատերն աչքի ընկան նաև բուլղար ժողովրդի մղած հակամիապետական ու հակաֆաշիստական պայքարում: 
Բուլղարիայում գործել են հայկական դպրոցներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մշակութային միություններ, լույս են ընծայվել բազմաթիվ թերթեր: 
1946թ-ին մոտ 6 հզ. բուլղարահայեր հայրենադարձվեցին: 
1990թ-ին կոմունիստական վարչակարգի տապալումից հետո ազգային զարթոնքի ժամանակաշրջան է սկսվել նաև բուլղարահայ համայնքի կյանքում: 1990 թ-ից հիմնվել են նոր միություններ ու կազմակերպություններ, վերաբացվել են հայկական վարժարանները, լույս են տեսնում հայերեն-բուլղարերեն շաբաթաթերթեր: 
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմը կազմավորվել է XIX դարում: Առաջնորդանիստը Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Ներկայումս Բուլղարիայում բնակվում է 15–20 հզ. հայ, հիմնականում Պլովդիվ, Սոֆիա, Վառնա, Բուրգաս և Ռուսե քաղաքներում:

ՌՈՒՍԱՍՏԱՆ 1995
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Մոսկվա 
Տարածքը՝ 17.075,4 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 146,5 մլն 
Պետական լեզուն՝ ռուսերեն 
Դրամական միավորը՝ ռուբլի 
 Ռուսաստանի Դաշնություն 
Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ պետությունն է. գտնվում է Եվրոպայի արևելյան և Ասիայի հյուսիսային մասերում: Երկրի ձգվածությունն արևելքից արևմուտք ընդգրկում է 11 ժամային գոտիներ: 
Ռուսաստանը մեծ դեր ունի նաև քաղաքական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում, իսկ ռազմական հզորությամբ աշխարհի գերտերություններից է: 
Ռուսաստանն աշխարհի ամենաերկար սահմանագիծ ունեցող երկիրն է: Սահմանի երկարությունը մոտ 60 հզ. կմ է, որի 2/3-ը ծովային է: Երկրի ափերը ողողում են Սև, Ազովի, Կասպից, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ, Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, Օխոտի, Ճապոնական ծովերը: 
Երկրի մակերևույթը խիստ բազմազան է: Այստեղ կան բարձր լեռներ ու ընդարձակ հարթավայրեր: Արևելքում Արևելաեվրոպական կամ Ռուսական հարթավայրն է: Հարթավայրի արևելյան սահմանը Ուրալյան լեռնաշղթան է, որով Ռուսաստանը բաժանվում է եվրոպական և ասիական մասերի: Ուրալից արևելք Արևմտասիբիրական հարթավայրն է: Հարավում և արևելքում գերակշռում են լեռնային մարզերը (Մեծ Կովկաս, Ալթայ, Սայաններ, Մերձբայկալյան, Անդրբայկալյան): Ամենաբարձր (5642մ) կետը Էլբրուսն է, ամենացածրը (-28մ)՝ Մերձկասպյան դաշտավայրը: 
Ենիսեյի և Լենայի միջև Միջինսիբիրական բարձրավանդակն է, Լենայի և Խաղաղ օվկիանոսի միջև՝ Հյուսիսարևելյան Ասիայի լեռնաշղթան և բարձրավանդակը: 
Երկրի ընդերքը շատ հարուստ է օգտակար հանածոներով` երկաթ, գունավոր, հազվագյուտ ու թանկարժեք մետաղներ, ալմաստ, քարածուխ, նավթ, բնական գազ, կալիումական աղեր, ֆոսֆորիտներ և այլն: 
Բուսական աշխարհը բնորոշվում է հյուսիս-հարավ գոտիականությամբ: Արկտիկական անապատային բուսականությունը փոխվում է մամռաքարաքոսային և թփուտային տունդրայի: Անտառատունդրային գոտում տարածված են կեչու, եղևնու և խեժափիճու նոսր անտառները: Անտառային գոտին ստորաբաժանվում է հյուսիսային տայգայի և հարավային խառնանտառների ենթագոտիների: 
Պոդզոլային հողերի վրա գերիշխում են մուգ ասեղնատերև տայգան (եղևնի, եղևին, մայրի) և սոճու անտառները: Ենիսեյից արևելք սառած հողերի վրա տարածված է խեժափիճու բաց գույնի ասեղնատերև, Հեռավոր Արևելքում՝ եղևնու և եղևինի տայգան: 
Հեռավոր Արևելքի հարավի անտառներում հանդիպում են մանջուրական բուսատեսակներ: Անտառատափաստանային գոտուն բնորոշ են կաղնու կամ կեչու-կաղամախու պուրակները և տարախոտային մարգագետնային տափաստանները, տափաստանային գոտում գերիշխում են տարախոտահացաբուսային տափաստանները: Կիսաանապատային գոտում տարածված են օշինդրի աղուտաբույսերի և հացաբույսերի նոսր բուսածածկերը: Լեռնային մարզերում նախալեռների տարախոտային տափաստանները 600-800մ բարձրությունից հերթագայվում են անտառներով, 2000 մ-ից բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով: 
Կենդանական աշխարհը նույնպես բաշխված է աշխարհագրական գոտիներով. Արկտիկական անապատային գոտուն և տունդրային բնորոշ են բևեռաղվեսը, լեմինգը, հյուսիսային եղջերուն, բևեռային բուն, տունդրային կաքավը: Անտառային գոտու, հատկապես տայգայի ներքին մասերը արդյունագործական որսորդության և մորթեղենի մթերման հիմնական շրջաններ են: Կան որմզդեղն, գորշ արջ, լուսան, սամույր, աղվես, սկյուռ, նապաստակ, Արևելյան Սիբիրում՝ նաև մարալ, մշկայծյամ, սիբիրյան կզաքիս, Հեռավոր Արևելքի հարավում՝ ուսուրական վագր, սև արջ, ենոտաշուն, գետակինճ, թռչուններից՝ խլահավ, ցախաքլոր, աքար, փայտփոր: Անտառատափաստանային և տափաստանային գոտիներում գերակշռում են մանր կրծողները (դաշտամուկ, գետնասկյուռ, ճագարամուկ, համստեր, արջամուկ), թռչուններից՝ մեծ արոսը, արծիվը և այլն: 
Ծովերը հարուստ են ձկներով և կաթնասուններով, ներքին ջրային ավազաններում կան սաղմոն, թառափ, ծովատառեխ և այլն: 
Առանձնացված են 100 արգելոց և 33 բնական ազգային պարկեր: 
Հյուսիսից հարավ մեծ ձգվածության հետևանքով Ռուսաստանը գտնվում է 3 կլիմայական գոտիների սահմաններում՝ արկտիկական, մերձարկտիկական, բարեխառն: Ուրալյան լեռներից արևելք տիրապետում է խիստ ցամաքային, իսկ Հեռավոր Արևելքի ծովափնյա գոտում՝ բարեխառն մուսսոնային կլիման: Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից -50օC է, հուլիսինը՝ 1–25օC: Միջին տարեկան տեղումները` 150–2000 մմ, Սիբիրի և Հեռավոր Արևելքի շատ հարթավայրերում բազմամյա սառածություն է: Ռուսաստանում է գտնվում բնակելի ցամաքի ամենացուրտ (-78օC) կետը՝ Օյմյակոնը: 
Ռուսաստանի գետային ցանցը շատ խիտ է: Գետերն ունեն էներգետիկ և տրանսպորտային մեծ նշանակություն, չնայած տարվա մի մասը սառցակալվում են: Խոշոր գետերն են Վոլգան, Ենիսեյը, Օբը՝ Իրտիշ վտակով, Անգարան, Լենան, Ամուրը, Կուբանը, Թերեքը և այլն: Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոր, քաղցրահամ լիճը՝ Բայկալը, ինչպես նաև ամենամեծ լճի՝ Կասպից ծովի մի մասը: Խոշոր են նաև Բալխաշ, Լադոգա, Օնեգա լճերը: 
Ռուսաստանի տարածքում քաղաքներ և հնագույն պետություններ եղել են դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակում: Իսկ Հին Ռուսական պետությունը կազմավորվել է IX դարում: Ռուսաստանում 988 թ-ին քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն: XIII դարում ռուսական Կամա-Վոլգյան Բուլղարիան ենթարկվել է թաթար-մոնղոլական արշավանքներին, իսկ Նովգորոդի և Պսկովի երկրամասերը՝ շվեդական և գերմանական հարձակումներին: Շուրջ 250 տարի տևած մոնղոլ-թաթարական լուծը հնարավոր եղավ թոթափել ռուսական իշխանությունների համատեղ ուժերով՝ Կուլիկովյան ճակատամարտում (1380 թ-ին) տարած հաղթանակի շնորհիվ: XIV–XVI դարերում Մոսկվայի շուրջը ստեղծվել է ռուսական կենտրոնացված պետություն՝ Մոսկվայի մեծ իշխանությունը, որը ներառում էր Հյուսիսարևելյան և Հյուսիսարևմտյան Ռուսիայի տարածքները: XVI դարի վերջին – XVII դարի կեսերին երկրում ձևավորվել են ճորտատիրական հարաբերությունները: XVII դարի սկզբին ռուսները հետ են մղել երկիր ներխուժած Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի զորքերը, իսկ նույն դարի կեսերին Ռուսաստանի կազմի մեջ է մտել Ուկրաինան: XVII–XVIII դարերը հայտնի են կազակա-գյուղացիական զանգվածային ապստամբություններով, որոնցից ամենամեծը Ե. Պուգաչովի գլխավորած ապստամբությունն էր (1773–75 թթ.): 
XVII դարի վերջը և XVIII դարի առաջին քառորդը նշանավորվել են Պետրոս Առաջին (1682–1725 թթ.) կայսեր բարեփոխություններով, որոնք էապես նպաստել են երկրի հասարակական-տնտեսական և մշակութային զարգացմանը: 
Հյուսիսային պատերազմում (1700–21 թթ-ին) հաղթելով շվեդական զորքերին` Ռուսաստանն ապահովել է ելք դեպի Բալթիկ ծով: XVI–XIX դարերում Հյուսիսի, Պովոլժիեի, Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի տարածքների միացման և մի շարք ոչ ռուս ժողովուրդների միավորման միջոցով կազմավորվել է բազմազգ Ռուսական կայսրությունը: 
1812 թ-ի Հայրենական պատերազմում Ռուսաստանը ջախջախեց Նապոլեոնի բանակին: 1861 թ-ին կառավարության անցկացրած գյուղացիական բարեփոխման արդյունքում հիմնականում վերացվեց ճորտատիրական իրավունքը: 
XIX դարի վերջին – XX դարի սկզբին երկրում կազմավորվեցին քաղաքական կուսակցություններ: 1904–05 թթ-ի ռուս-ճապոնական պատերազմում կրած պարտությունը սրեց իրավիճակը երկրում և հանգեցրեց 1905-07 թթ-ի հեղափոխությանը, որի հետևանքով Ռուսաստանը դարձավ սահմանադրական հանրապետություն, հիմնադրվեց խորհրդարանը՝ Պետական դուման: 
Ռուսաստանն Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.) մասնակցել է Անտանտի կազմում: 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությամբ երկրում տապալվեց ինքնակալությունը և 1917 թ-ի սեպտեմբերի 1-ին հռչակվեց հանրապետություն: 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և Ռուսաստանում հռչակվեց Բանվորների, զինվորների ու գյուղացիների պատգամավորների խորհուրդների իշխանություն: 1918 թ-ին կազմավորվեց Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ՌԽՖՍՀ): 
1922 թ-ի դեկտեմբերի 30-ին ՌԽՖՍՀ, ՈւԽՍՀ, ԲԽՍՀ և Անդրֆեդերացիայի միավորմամբ կազմավորվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ): 
ԽՍՀՄ հայրենական պատերազմի (1941–45 թթ.) տարիներին երկրի տարածքի զգալի մասը գրավվեց Գերմանիայի և նրա դաշնակիցների զորքերի կողմից: Գերմանական զորքերը երկրից դուրս մղվեցին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների միասնական ուժերով: 
1980-ական թվականների կեսերին ԽՍՀՄ-ում հռչակված Վերակառուցման քաղաքականության տարիներին երկրում զգալիորեն թուլացան կոմունիստական կուսակցության դիրքերը և խորացավ տնտեսական լճացումը: Հետևանքը եղավ այն, որ ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարը 1990 թ-ի հունիսի 12-ին հռչակեց Ռուսաստանի Դաշնության անկախությունը: 1991 թ-ի մարտին հիմնվեց ՌԴ նախագահի պաշտոնը, առաջին նախագահ ընտրվեց Բորիս Ելցինը, իսկ դեկտեմբերին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, որով դադարեցվեց ԽՍՀՄ գոյությունը և հայտարարվեց նոր միջպետական միավորման` ԱՊՀ կազմավորման մասին: 
1993 թ-ին վերացվեց կառավարման Խորհուրդների համակարգը, ընդունվեց նոր սահմանադրություն և անցկացվեցին Դաշնային ժողովի առաջին ընտրությունները: 
Ռուսաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը Դաշնության ժողովն է, որը բաղկացած է Պետական դումայից և Դաշնության խորհրդից. վերջինում ներկայացված են դաշնության բոլոր անդամները՝ հանրապետությունները, երկրամասերը, մարզերը: 
Ռուսաստանը բազմազգ երկիր է: Մեծամասնությունը ռուսներ են (81,5 %), ապրում են նաև ավելի քան հարյուր ազգություններ՝ թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, մորդվիններ, մարիներ, յակուտներ, բուրյաթներ, կալմիկներ, կոմիներ, ուդմուրտներ, կաբարդիններ, ինգուշներ, չեչեններ, բալկարներ և այլք, որոնք Ռուսաստանի կազմում ունեն իրենց ազգային հանրապետութունները, այդ պատճառով էլ ընդհանուր երկիրը կոչվում է նաև Ռուսաստանի Դաշնություն: Դաշնության կազմում կան 21 հանրապետություն, 6 երկրամաս, 49 մարզ և դաշնային նշանակության 2 քաղաք՝ Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը: 
Ռուսաստանում կա շուրջ 1100 քաղաք, որոնցից 13-ն ունեն ավելի քան 1 մլն բնակչություն` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Չելյաբինսկ, Օմսկ և այլն: 
Աշխարհի խոշորագույն քաղաքներից է մայրաքաղաք Մոսկվան, որն արդյունաբերական, մշակութային, կրթական և գիտական խոշոր կենտրոն է: Գործում են շուրջ 800 արդյունաբերական ձեռնարկություններ, մի քանի տասնյակ բուհեր, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերած Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Աշխարհահռչակ են օպերայի և բալետի ակադեմիական Մեծ թատրոնը, Կոնսերվատորիան, Փոքր թատրոնը, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը, Վախթանգովի թատրոնը և այլն: 
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքն է (պաշտոնական մայրաքաղաքն էր մինչև 1918 թ.): Այն հայտնի է իր գեղեցկությամբ, պատմաճարտարապետական հուշարձանների և թանգարանների առատությամբ: Սանկտ Պետերբուրգում են Մարիինյան թատրոնը, Տովստոնոգովի անվան թատրոնը, Սմոլնին և բազմաթիվ այլ կառույցներ: Տեղաբաշխվելով բազմաթիվ կղզիների վրա, որոնք միմյանց են միանում բացվող կամուրջներով, այն վեհաշուք տեսք ունի, որի շնորհիվ ստացել է «Հյուսիսային Վենետիկ» անվանումը: 
Երկրի բնական հարստությունները, դրանց խելացի շահագործումն ի վիճակի են ապահովել արդյունաբերության և գյուղատնտեսության կայուն զարգացումը: 
Ռուսաստանը ինդուստրիալ-ագրարային երկիր է, որի տարածքը բաժանված է 12 խոշոր մարզային-տնտեսական շրջանների՝ Հյուսիսային, Հյուսիսարևմտյան, Կենտրոնական, Վոլգա-Վյատսկյան, Կենտրոնասևահողային, Պովոլժյան, Հյուսիսկովկասյան, Ուրալյան, Արևմտասիբիրական, Արևելասիբիրական, Հեռավորարևելյան, Կալինինգրադյան: Ազգային եկամտի կառուցվածքում արդյունաբերության բաժինը կազմում է 44,5 %, գյուղատնտեսությանը՝ 10, շինարարությանը՝ 11,5, տրանսպորտինն ու կապինը, նյութատեխնիկական սպասարկմանը, մթերումների և այլ ոլորտներինը՝ 34: 
Նավթի արտահանությամբ աչքի են ընկնում Արևմտյան Սիբիրն ու Վոլգա-Ուրալյան նավթագազաբեր շրջանները, գազի՝ Կուզնեցկյան, Պեչորյան, Հարավ-յակուտական և այլ ավազանները: 
Սև մետալուրգիայի խոշոր ձեռնարկություններ կան Մագնիտոգորսկում, Չելյաբինսկում, Նիժնի Տագիլում, Նովոկուզնեցկում, Չերեպովեցում, Լիպեցկում, գունավոր մետալուրգիայի՝ Նորիլսկում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում և այլուր: 
Մեքենաշինության խոշոր կենտրոններ են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Ուրալը, Պովոլժիեն, Արևմտյան Սիբիրը, քիմիական արդյունաբերության՝ Կենտրոնական, Հյուսիսարևմտյան Պովոլժիեի և Ուրալի շրջանները: 
Երկրի հյուսիսային և արևելյան շրջաններում զարգացած է անտառարդյունաբերությունը: 
Զարգացած է շինանյութերի և սննդի արդյունաբերությունը: Ռուսաստանի տարածքում գործում է միավորված էներգետիկ համակարգի՝ Կենտրոնի, Հյուսիս-Արևմուտքի, Պովոլժիեի, Հյուսիսային Կովկասի, Ուրալի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի: Գործում են բազմաթիվ ջեկեր, հզոր Վոլգա-Կամսկյան և Անգարա-Ենիսեյան ջրաէներգիական կասկադներն ու մի շարք ԱԷԿ-ներ: 
Գյուղատնտեսության զարգացման հիմքը հողային հսկայական պաշարներն են (206,2 մլն հա), որոնցով Ռուսաստանն աշխարհում առաջինն է: Բուսաբուծության առաջատար ճյուղը հացահատիկային բույսերի և կարտոֆիլի, որին անվանում են երկրորդ հաց, մշակությունն է: Զարգացած են նաև պտղաբուծությունն ու բանջարաբուծությունը: 
Կաթնամսատու և մսաբրդատու անասնապահությունը, որի համար կան նպաստավոր պայմաններ, նույնպես բազմաճյուղ է: Ձկնորսությամբ և ծովային կենդանիների որսով աշխարհի առաջատար երկրներից է: 
Խիստ զարգացած է կապի և տրանսպորտի՝ երկաթուղային, ավտոճանապարհային, ջրային ցանցը: Կարևոր ծովային նավահանգիստներն են Սանկտ Պետերբուրգը, Վանինոն, Նովոռոսիյսկը, Մուրմանսկը, Կալինինգրադը, ավտոճանապարհային խոշորագույն հանգույցներ՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Խաբարովսկը, Ադլերը, Միներալնիե Վոդին: 
Ռուսաստանում կան 100-ից ավելի առողջարաններ, որոնցից առավել խոշորներն են Կովկասի սևծովյան ափը, Միներալնիե Վոդի առողջավայրերի համախմբերը և այլն: 
Ռուսաստանը մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Ռուսներն իրենց պատմության ընթացքում ստեղծել են անանց արժեքներ գրականության, արվեստի, ճարտարապետության, գիտության բնագավառներում՝ նպաստելով համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը: Աշխարհին հայտնի են ռուս գիտնականներ Միխայիլ Լոմոնոսովի, Դմիտրի Մենդելեևի, Իվան Պավլովի, Նիկոլայ Վավիլովի, Սերգեյ Կորոլյովի, Անդրեյ Սախարովի, Մստիսլավ Կելդիշի, Լև Լանդաուի, գրողներ Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Լև Տոլստոյի, Ֆեոդոր Դոստոևսկու, Անտոն Չեխովի, Աննա Ախմատովայի, Ալեքսանդր Սոլժենիցինի, կերպարվեստի վարպետներ Անդրեյ Ռուբլյովի, Իլյա Ռեպինի, Իսահակ Լևիտանի, Վալենտին Սերովի, Միխայիլ Վռուբելի, կոմպոզիտորներ Միխայիլ Գլինկայի, Պյոտր Չայկովսկու, Մոդեստ Մուսորգսկու, Սերգեյ Ռախմանինովի, Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի և շատ այլոց անունները: 

Հայերը Ռուսաստանում 

Հայ-ռուսական պատմական առնչություններն սկզբնավորվել են X–XI դարերում, երբ հայկական առաջին համայնքներն են ստեղծվել վոլգյան բուլղարների տարածքում և ապա՝ Հին Ռուսիայի մայրաքաղաք Կիևում: Հետագա դարերի ընթացքում հայերի հոսքը Ռուսաստան ուժեղացել է. հայկական գաղութներ են հիմնվել Մոսկվայում (XV դար), Աստրախանում, Հյուսիսային Կովկասում, Սանկտ Պետերբուրգում (XVIII դար): 1778 թ-ին Ղրիմի հայերը ռուսական կառավարության որոշմամբ վերաբնակեցվել են Դոնի գետաբերանի տարածքում, որտեղ նրանք հիմնել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստովի շրջագծում): Հայերն աստիճանաբար սկսել են նկատելի դեր խաղալ Ռուսաստանի տնտեսական կյանքում՝ հիմնելով արտադրական ձեռնարկություններ և առևտրական տներ: Ռուսաստանի իշխանությունները, ելնելով պետության տնտեսական շահերից, հովանավորում էին հայ բնակչությանը` նրան դիտելով որպես օգտակար տարր: Ռուսաստանի հայկական գաղութների մի մասն ստացավ էական արտոնություններ, նույնիսկ` ինքնավարություն: 
XIX դարի առաջին կեսին հայկական խոշոր գաղութներ կազմավորվեցին Հյուսիսային Կովկասում՝ Ստավրոպոլում, Եկատերինոդարում (Կրասնոդար), Վլադիկավկազում, Սև ծովի կովկասյան ափի քաղաքներում և գյուղերում: Հայերը հիմնեցին Արմավիր քաղաքը: Հայերի թիվը Հյուսիսային Կովկասում զգալիորեն ավելացավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ այստեղ ապաստան գտավ արևմտահայ գաղթականների մի մասը: 
Ռուսաստանում բնակվող հայերն աչքի են ընկել ոչ միայն երկրի տնտեսական, այլև քաղաքականության ու մշակույթի բնագավառներում: Տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես XIX դարում, Ռուսաստանի պետական կառույցներում, ռուսական զինված ուժերում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել մեծ թվով հայեր: Նրանց թվում են խոշոր պետական և ռազմական գործիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար Մ. Լոռիս-Մելիքովը, լուսավորության նախարար Ի. Դելյանովը, զորավարներ Դ. Ախշարումովը, Ի. Լազարևը, Ա. Տեր-Ղուկասովը, ծովակալ Լ.Սերեբրյակովը (Արծաթագործյան) և ուրիշներ: Արդյունաբերող Լազարյանների տոհմն իր միջոցներով 1815 թ-ին Մոսկվայում հիմնադրեց ճեմարան, որը շուտով դարձավ Ռուսաստանի ուսումնագիտական կենտրոններից մեկը: 
Ռուսաստանում ապրել և գործել են հայ մտավորականության երևելի դեմքեր՝ բանաստեղծ Վահան Տերյանը, գրող Մարիետա Շահինյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, թատերական գործիչներ Եվգենի Վախթանգովը և Ռուբեն Սիմոնովը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, երգիչներ Զարա Դոլուխանովան, Պավել Լիսիցյանը, պետական գործիչներ Անաստաս Միկոյանը, Հովհաննես Թևոսյանը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Սերգեյ Ագանովը, ծովակալ Հովհաննես Իսակովը, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին, քիմիկոսներ Իվան Կնունյանցը, Նիկողոս Ենիկոլոփյանը, բուսաբան Արմեն Թախտաջյանը, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, տնտեսագետ Աբել Աղանբեգյանը, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ: 
1980-ական թվականների վերջից սկսվեց Ռուսաստանի հայ համայնքների հասարակական և մշակութային կյանքի վերելքը: Այն պայմանավորված էր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումներով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումով (1991 թ.), ինչպես նաև դեպի Ռուսաստան հայ գաղթականների (Ադրբեջանից, Հայաստանից) ուժեղ հոսքով: Ռուսաստանի հայկական համայնքներում սկսվեց շարժում՝ հանուն ազգային ավանդույթների վերականգնման, հայկական դպրոցների վերաբացման (Ռուսաստանում գործող բազմաթիվ հայկական դպրոցների մեծ մասը փակվել էր խորհրդային իշխանության տարիներին), ազգային մշակույթի զարգացման: 
1988 թ-ի մարտի 13-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու բակում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված բազմամարդ հանրահավաքներ, որոնց արդյունքում ծնվել է նոր ժամանակաշրջանի առաջին կազմակերպությունը՝ Ղարաբաղ կոմիտեն: Հետագա ամիսներին ստեղծվեցին հայ մշակութային և երիտասարդական ընկերություններ («Բարև Ձեզ», «Հյուսիսափայլ», «Մաշտոց», «Վասպուրական»), կենտրոններ ոչ միայն հին հայկական (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Ստավրոպոլ և այլն), այլև նոր համայնքներում (Կրասնոյարսկ, Իրկուտսկ, Չիտա, Վլադիվոստոկ և այլն): Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայ համայնքներին վերադարձվել են հայկական եկեղեցիները, մի շարք տեղերում կառուցվել են նոր եկեղեցիներ: Ռուսաստանի տարածքում գործում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի (կենտրոնը՝ Մոսկվա) և Հարավային Ռուսաստանի (կենտրոնը՝ Կրասնոդար) թեմերը: 
Հայկական կառույցների ձևավորման նոր փուլն սկիզբ է առել 1996 թ-ի հունիսին, երբ ընդունվել է ՌԴ օրենքը ազգային-մշակութային ինքնավարությունների մասին: 1997 թ-ի փետրվարին գումարվել է Մոսկվայի հայերի ազգային-մշակութային ինքնավարության հիմնադիր կոնֆերանսը: 2000 թ-ի մայիսի 25-ին հայկական մի շարք կազմակերպությունների միավորիչ համագումարում ձևավորվել է «Մոսկվայի հայ համայնք» կազմակերպությունը, իսկ նույն թվականի հունիսի 16-ին հրավիրված հայկական համառուսաստանյան համագումարում՝ Ռուսաստանի հայերի միություն կազմակերպությունը (նախագահ՝ Արա Աբրահամյան): 
Ավելի ուշ՝ 2001 թ-ին Մոսկվայում՝ Ա. Աբրահամյանի գլխավորությամբ, կազմակերպվել է նաև Հայերի համաշխարհային կոնգրես կազմակերպությունը: 
Ռուսաստանի հայ համայնքն արտերկրում ամենախոշորն է. այն ընդգրկում է շուրջ 2,2 մլն մարդ: Ստեղծվել և երկրի ամբողջ տարածքում գործում է հայ կրթամշակութային խնդիրներով զբաղվող ծավալուն ցանց, որն ակտիվ կապերի մեջ է Հայաստանի հետ: Գործարար աշխարհում հաջողություններ ունեցող բազմաթիվ հայեր ներդրումներ են կատարում նաև Հայաստանում և իրենց նպաստը բերում հայրենիքի տնտեսության զարգացմանը: 
Ռուսաստանի Դաշնության Պետական դուման 1995 թ-ի ապրիլին ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

ՀՈՒՆԱՍՏԱՆ 1996 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Աթենք 
Տարածքը՝ 131,9 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 11,1 մլն 
Պետական լեզուն՝ հունարեն 
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ դրահմա) 
 Հունաստանի Հանրապետություն 
Հունաստանը պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնք միասին կազմում են երկրի տարածքի 1/5-ը: Խոշոր կղզիներն են Կրետեն, Եվբեան, Հռոդոսը, Լեսբոսը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը: Ափերը խիստ կտրտված են, ափագծի երկարությունն ավելի քան 15 հզ. կմ է: 
Այստեղ ծովի մեջ են մխրճվում Խալկեդոնիա, Աթթիկա և Պելեպոնես թերակղզիները: Վերջինս ամենախոշորն է. զբաղեցնում է Հունաստանի տարածքի 1/7-ը: 
Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, վերջին բուռ քարը ծովը նետեց, և առաջացավ Հունաստանը՝ լեռնոտ ու քարքարոտ այդ երկիրը: Լեռներն ու սարահարթերը զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 2/3-ը: Եգեյան ծովի երկայնքով ձգվում են մի քանի փոքր դաշտավայրեր (Ստորին Թրակյան, Սալոնիկի, Թեսալյան): Ամենամեծ լեռնային համակարգը Պինդոսն է: Գերակշռում են միջին բարձրության լեռները, ամենաբարձր կետը Օլիմպոսն է (2911 մ): 
Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է. ձմեռը՝ մեղմ ու խոնավ, ամառը՝ շոգ ու չոր: Գետերը կարճ են, լեռնային: Նշանակալի են Վարդարը, Մարիցան, Ստրիմոնը, Նեստոսը, որոնց միայն ստորին հոսանքներն են Հունաստանի տարածքում: Լճերից են Տրիխոնիսը, Վեգորիտիսը, Պրեսպան: Երկրի տարածքի 15%-ն անտառածածկ է: Կան երկաթի, մանգանի, քրոմի, նիկելի, բազմամետաղների, մարմարի պաշարներ: 
Հունաստանի բնակչության մոտ 95%-ը հույներ են: Բնակվում են նաև ալբանացիներ, արոմուններ, թուրքեր, հրեաներ, հայեր, գնչուներ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան: 
Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան: 
Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաք-պետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաք-պետությունների ազատությունն ու անկախությունը: 
Հին հույները ժամանակի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից էին, իսկ Հունաստանը համարվել է երկիր, որտեղ առասպելներ են ծնվում: «Իլիական» և «Ոդիսական» դյուցազներգությունները, որոնք, ըստ ավանդության, ստեղծել է Հոմերոսը մ.թ.ա. XII դարում, համաշխարհային գրականության գլուխգործոցներից են: 
Հին հունական արվեստն ու մշակույթը դարեր շարունակ եղել են գեղեցկության, հնարամտության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ: 
Հին հույները վեհաշուք տաճարներ էին կառուցում իրենց աստվածների պատվին: Շատ գեղեցիկ է եղել պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների և երկրագործության աստվածուհի Աթենաս Պալլասի պատվին Ակրոպոլիսում կանգնեցված Պարթենոն տաճարը: 
Յուրաքանչյուր քաղաքում անպայման թատրոն կար: Այդ նպատակով կառուցվում էին հատուկ ամֆիթատրոններ: Արիստոֆանեսի կատակերգությունները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգություններն այժմ էլ բեմադրվում են աշխարհի շատ թատրոններում: 
Հին հույներն առանձնակի վարպետության էին հասել քանդակագործության ասպարեզում: Քանդակագործներն աստվածներին նվիրված բրոնզակերտ կամ մարմարակերտ արձաններում նրանց պատկերում էին մարտնչող, գեղեցիկ, կենսուրախ և ուժեղ մարդկանց տեսքով: Շատ արձաններ են ստեղծվել Օլիմպիական խաղերի հաղթողների պատվին: Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, որը կերտել է նաև Զևսի արձանը Աթենքում: 
Հին Հունաստանում են ստեղծվել Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը՝ Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը: 
Հին Հունաստանը գիտությունների հայրենիքն է: Այնտեղ են ձևավորվել դաստիարակության, կրթության առաջին համակարգերը: Աշխարհին հայտնի են փիլիսոփաներ և մեծ գիտնականներ Թալեսը, Պյութագորասը, Սոկրատեսը, Էվկլիդեսը, Պլատոնը, Դեմոկրիտը, Արիստարքոսը, Արիստոտելը, Սոլոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդը, քարտեզագետ Միլետան, պատմաբաններ Հերոդոտոսը, Քսենոֆոնը, ժամանակակիցներից` մեծահարուստ Օնասիսը, երգիչներ Մարիա Կալասը, Դեմիս Ռուսոսը և ուրիշներ: 
Էրատոսթենեսը համարվում է աշխարհագրության «հայրը», իսկ Ստրաբոնը Հին դարաշրջանի աշխարհագրական գիտելիքներն ամփոփել է «Աշխարհագրություն» գրքում, որը բազմաթիվ տեղեկություններ է տալիս նաև Հայաստանի բնության, քաղաքների, հայոց թագավորների մասին: 
Հին հույներն անվեհեր մարտիկներ էին: Հայտնի է նրանց փոքրաթիվ զորքի հաղթանակը պարսից արքա Դարեհի և նրա որդի Քսերքսեսի դեմ ճակատամարտում՝ Մարաթոն բնակավայրի մոտ: Այդ իրադարձության հետ է կապված «մարաթոնյան վազք» կոչվող ներկայիս մարզաձևի առաջացումն ու անունը: 
Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ է կապված հին հունական մշակույթի և լեզվի տարածումը դեպի արևելք` նրա գրաված երկրներ, որը պատմության մեջ հայտնի է որպես հելլենիզմի դարաշրջան: 
IV դարում Հին Հունաստանի տարածքը մտավ Արևելյան հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ: 
Ժամանակակից Հունաստանի պատմությունն սկսվում է 1453 թ-ից, երբ թուրքերը նվաճեցին Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը: XVII–XVIII դարերում Հունաստանը թուրքական լծի տակ էր: Թուրքերը, որ հասարակական, տնտեսական և մշակութային զարգացման անհամեմատ ցածր մակարդակի վրա էին, կասեցրին Հունաստանի բնականոն զարգացումը: Թուրքական բռնություններից փրկվելու համար հույների մի մասը տարագրվեց Իտալիա, Ավստրիա, Ռուսաստան և այլ երկրներ: Սակայն հույն ժողովուրդը համառորեն պայքարում էր թուրքական լծի դեմ: 1830 թ-ին այդ պայքարը պսակվեց հաղթանակով. Հունաստանը պաշտոնապես հռչակվեց անկախ պետություն: 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանն ընկավ գերմանական տիրապետության տակ և մեծ կորուստներ կրեց: Միայն պատերազմի ավարտին կարողացավ ազատագրվել օտարերկրյա լծից: 
Հունաստանը ծովային երկիր է: Հունական նավերը Եվրոպա և Ամերիկա են տանում ծխախոտ ու չամիչ, նարինջ ու գինի, ձիթապտղի յուղ ու կաշի, ինչպես նաև ածուխ, բոքսիտներ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել և այլ օգտակար հանածոներ: 
Հունաստանում զարգացած են մետաղաձուլությունը, նավթավերամշակումը (ներմուծվող հումքի հիման վրա), մեքենաշինությունը, հատկապես՝ նավաշինությունը: 
Սննդի արդյունաբերության մեջ առաջնային նշանակություն ունեն գինու, շաքարի, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությունները: 
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են մերձարևադարձային պտղաբուծությունը (ձիթենի, խաղող, ցիտրուսներ), ծխախոտի և բամբակենու մշակությունը: Հունաստանում հայտնի են խաղողի Կորինկա և Սուլթանիա տեսակները, որոնցից բարձրորակ չամիչ են ստանում: 
Արևոտ, հարմար լողափերը, հայտնի առողջարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները դեպի իրենց են ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների: Տարեկան Հունաստան է այցելում 7 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, ինչը մեծ եկամուտներ է բերում երկրին: 

Հայերը Հունաստանում 

Հայերը Հունաստանում զանգվածաբար սկսել են բնակություն հաստատել V-VI դարերում: Նրանց թիվը ստվարացել է 1895–96 թթ-ին Թուրքիայի կազմակերպած հայկական ջարդերից և հատկապես Մեծ եղեռնից հետո: Հայերն ակտիվորեն մասնակցել են թուրքական լծից հույն ժողովրդի ազատագրական պայքարին: Իսկ գերմանացի զավթիչների դեմ հույների մղած պայքարում նրանք նույնիսկ կազմավորեցին «Ազատություն» հայկական առանձին աշխարհազորային ջոկատը: Ներկայումս Հունաստանում բնակվում է շուրջ 45 հզ. հայ (35 հզ-ը՝ նորեկ հայաստանցիներ). հիմնականում կենտրոնացած են Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Քսանթի և այլ քաղաքներում: 
Հայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական կյանքին: Գործում են եկեղեցիներ Սուրբ Աստվածածինը՝ Սալոնիկում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Սուրբ Հակոբը՝ Աթենքում, դպրոցներ, քաղաքական, մշակութային, բարեգործական, երիտասարդական, մարզական միություններ, լույս են տեսնում պարբերականներ («Ազատ օր», «Դրոշակ», «Երիտասարդական կանչ», «Հայաստան», «Շողակաթ» և այլն): Հունահայության ազգային կյանքը կազմակերպում են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը: 
1996 թ-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:

ԲԵԼԳԻԱ 1998 


Պետական կարգը՝ միապետություն 

Մայրաքաղաքը՝ Բրյուսել 

Տարածքը՝ 30,5 հզ. կմ2 

Բնակչությունը՝ 10,4 մլն 

Պետական լեզուները՝ ֆլամանդերեն, ֆրանսերեն 

Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.` բելգիական ֆրանկ) 





Բելգիայի Թագավորություն  

Բելգիան եվրոպական ոչ մեծ երկիր է, որը ծայրից ծայր ավտոմեքենայով կարելի է կտրել անցնել 4–5 ժամում: Երկրի տարածքով, աննշան տարբերությամբ, ՀՀ-ի չափ է:  

Հյուսիս-արևմուտքում ափերը ողողում են Հյուսիսային ծովի ջրերը: Ծովափից դեպի երկրի խորքն են ձգվում տափարակ հարթավայրերը, որոնք դեպի հարավ-արևելք աստիճանաբար բարձրանում են և վերածվում բլրավետ վայրի: Երկրի հարավում անտառածածկ Արդեններ լեռներն են (առավելագույն բարձրությունը՝ 694 մ, Բոտրանժ լեռ): Եվրամիության անդամ է, իսկ մայրաքաղաք Բրյուսելը նաև Եվրամիության մայրաքաղաքն է: 

Կան քարածխի, բազմամետաղների, շինանյութերի պաշարներ: 

Կլիման բարեխառն ծովային է: Հյուսիսային ծովից փչող խոնավ քամիները մեղմում են ձմռան ցուրտն ու ամռան շոգը: Ձմռանը շատ հաճախ ամպամած ու մռայլ է, ամառը` զով, շատ են անձրևներն ու ամպրոպները: Գետային ցանցը խիտ է. Մաասը և Շելդան նավարկելի են: 

Մ.թ.ա. 300 թ-ին Բելգիայի տարածքում բնակվել են բելգեր կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը): Տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային, Հոլանդիային: 

Բրյուսելում սկսված բուրժուական հեղափոխությունը վերջ դրեց հոլանդացիների տիրապետությանը, և 1830 թ-ին Բելգիան հռչակվեց ինքնուրույն պետություն: XIX դարի 70-ական թվականներին Բելգիան եվրոպական զարգացած երկիր էր և մասնակցում էր Աֆրիկայի գաղութային բաժանմանը: 

Բելգիան աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է: 

Բելգիայում հիմնականում բնակվում են 2 ազգեր՝ վալոններն ու ֆլամանդացիները: Նա, ով առաջին անգամ ոտք է դնում Բելգիա, նկատում է, որ բոլոր գրություններն ու ճանապարհային ցուցանշանները 2 լեզվով են. ֆրանսերեն, որով խոսում են վալոնները, և ֆլամանդերեն: 

Երկրի պետական զինանշանի նշանաբանն է «Միասնությունը ուժ է»: Այդուհանդերձ, երկար ժամանակ է՝ չեն հանդարտվում ազգային հակամարտությունները ֆլամանդացիների և վալոնների միջև, որի հիմքում ընկած են տնտեսական և սոցիալական պայմանները: 

Ժամանակակից Բելգիան բարձր զարգացած երկիր է. արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմեքենաներ, էլեկտրասարքեր, հեռուստացույցներ, ապակի, գործիքներ, գորգեր: Անտվերպենում մշակում-երեսակում են ալմաստը՝ դարձնելով ադամանդ, պատրաստում են ալմաստե սայրով փորող գործիքներ: Բելգիայում զարգացած է և՜ որսորդական, և՜ մարզական զենքի արտադրությունը: Բոլոր այս ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ: Սակայն արդյունաբերության շատ ճյուղերի համար հումքը ներմուծվում է: 

Բելգիայում զարգացած է գյուղատնտեսությունը: Նրանք հացահատիկի, բանջարեղենի առատ բերք են ստանում: Բելգիայում բուծում են բարձր մթերատու կովերի ցեղեր: 

Տարբեր երկրների դրոշներով նավերը բեռներ են բերում Բելգիայի ամենամեծ նավահանգիստը՝ Անտվերպեն: 

Բելգիան վաղուց ի վեր հռչակված է իր ծաղկաբույծներով, մեծարվեստ ժանյակագործներով ու ոսկերիչներով: Այստեղ կան բազմաթիվ հինավուրց հուշարձաններ, քաղաքները քաղաք-թանգարաններ են, որտեղ պահպանվել են XIII–XIV դարերի շենքեր: Բելգիայում են ապրել ու ստեղծագործել հայտնի նկարիչներ Պիտեր Ռուբենսն ու Անտոնիս վան Դեյքը, գրող Շառլ դը Կոստերը՝ բելգիական ժողովրդի սիրելի հերոս Թիլ Ուլենշպիգելի մասին վեպի հեղինակը: 

Հայերը Բելգիայում 

Դեռևս X դարի սկզբներին Բելգիայում երևացել են հայ վաճառականներ, որոնք հատկապես XIV–XV դարերում աշխույժ առևտուր են արել Բրյուգե քաղաքում: XIX դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ 

համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում: 1920թ-ից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ: Ներկայումս Բելգիայում բնակվում է շուրջ 7 հզ. հայ. հաստատվել են Բրյուսելում, Անտվերպենում, Գենտում և Լիեժում: Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990թ-ին: Բելգիահայ համայնքում տարբեր տարիների ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր: 

1998թ-ին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997):

ԻՏԱԼԻԱ 2000 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Հռոմ 
Տարածքը՝ 301,3 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 60 մլն 
Պետական լեզուն՝ իտալերեն 
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ լիրա) 
 Իտալական Հանրապետություն 
Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա: Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզու երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ: 
Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք: 
Ապենինյան թերակղզին Հին Հռոմի օրրանն է՝ ստրկատիրական մի պետության, որը գոյատևել է մոտ մեկուկես հազարամյակ և եղել Հին աշխարհի հզոր երկրներից մեկը: V–VIII դարերում Իտալիայի տարածքը հաջորդաբար նվաճել են օստգոթերը (գերմանական ցեղ), Բյուզանդիան, լանգոբարդները (գերմանական ցեղ), ֆրանկները: XVI դարում երկրի տարածքի զգալի մասը գտնվում էր Իսպանիայի, XVIII դարում՝ Ավստրիայի, իսկ XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին՝ Ֆրանսիայի գերիշխանության տակ: Միջին դարերում Հյուսիսային Իտալիայով էին անցնում Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք տանող առևտրական ճանապարհները, ինչը նպաստեց իտալական վաճառաշահ քաղաք-պետությունների, հատկապես Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների բուռն զարգացմանը: Թերակղզու տնտեսական զարգացմանը մեծապես խանգարեց մի քանի դար տևած երկրի մասնատվածությունը փոքրիկ պետությունների: Եվ միայն 1870 թ-ին` երկարատև պատերազմներից հետո, թերակղզուց դուրս քշվեցին օտարերկրյա (սկզբում՝ ֆրանսիական, ապա՝ ավստրիական) զորքերը, և հիմնականում ավարտվեց Իտալիայի միավորումը մեկ միասնական թագավորության մեջ: Երկրի անկախության համար պայքարը գլխավորում էր Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպե Գարիբալդին: 
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1922 թ-ին (ավելի շուտ, քան Գերմանիայում), իշխանության գլուխ անցան ֆաշիստները՝ Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ: Հիտլերյան Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ՝ Իտալիան մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը, իսկ 1941թ-ին իտալական զորքերը գերմանական բանակի հետ ներխուժեցին Խորհրդային Միություն: 
1945 թ-ի ապրիլին Իտալիա մտան անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը, և 1946 թ-ին այնտեղ հռչակվեց հանրապետություն: Այժմ, նախկին թագավորի փոխարեն, իտալական պետության գլուխը նախագահն է: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, որը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից: 
Իտալիան «Մեծ ութնյակի» առաջատար պետություններից է, ունի զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն: Արտադրում են ավտոմեքենաներ, մոտոցիկլներ, նավեր, օդանավեր, էլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներ, օծանելիք, կոշիկ և այլն: 
Գյուղատնտեսության մեջ գերակշռում է երկրագործությունը: Մշակում են խաղող (բերքատվությամբ առաջինն է աշխարհում), հացահատիկային բույսեր, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակընդեղ, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ: 
Իտալիան արտահանում է գինի, ցիտրուսներ ու բանջարեղեն, սննդհամի զանազան արտադրանքներ: 
Իտալիան աղքատ է ածխից ու երկաթի հանքաքարից, բայց բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկները: Էլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը: Գործում են մի քանի ատոմային էլեկտրակայաններ: Բազմազան ու բազմատեսակ են հանգստի ու զբոսաշրջության պաշարները: Տարեկան Իտալիա է այցելում շուրջ 35 մլն զբոսաշրջիկ: 
Իտալիայի հնագույն քաղաքներն իրենց հրաշալի ճարտարապետական հուշարձաններով ու արվեստի գանձարաններով հայտնի են ողջ աշխարհին: Ամենախոշոր և հին քաղաքը մայրաքաղաք Հռոմն է: Ըստ ավանդության՝ Հռոմ անունը (իտալերեն՝ Ռոմա) առաջացել է քաղաքի ավանդական հիմնադիր Հռոմուլոսի (Ռոմուլոս) անունից: Իսկ քաղաքի խորհրդանիշը մանուկներին կերակրող գայլն է, որովհետև, ավանդության համաձայն, Հռոմուլոսին ու նրա եղբայր Հռեմոսին կերակրել է գայլը՝ Տիբեր գետի ափամերձ մի բլրի ստորոտում գտնվող քարայրում: 
Ապենինյան թերակղզու արևելյան մասում, Ադրիատիկ ծովի ափին, 118 կղզիների վրա է գտնվում նավահանգստային քաղաք Վենետիկը: Այստեղ փողոցներին փոխարինում են ջրանցքները: Վենետիկի Հանրապետության ծաղկուն շրջանում հարուստ վաճառականները քաղաքում կառուցել են շքեղ պալատներ (պալացցոներ), փառահեղ տաճարներ, կղզիները միմյանց հետ միացրել են նրբաճաշակ, գեղեցիկ կամուրջներով: Բայց «Ադրիատիկի մարգարիտ», «Նեպտունի մայրաքաղաք» Վենետիկն այսօր վտանգված է. այն դանդաղ ընկղմվում է ծովի մեջ, որի ալիքները երբեմն-երբեմն արդեն հասնում են քաղաքի կենտրոն: 
Առնո գետի ափին է գտնվում Պիզա քաղաքը, որը հայտնի է իր ճարտարապետությամբ: Պիզայի կենտրոնի մեծ հրապարակում, որին տեղացիներն անվանակոչել են «Հրաշքների հրապարակ», գտնվում է իտալական ճարտարապետության գլուխգործոց Տաճարների համալիրը՝ Մկրտարանը, Կաթողիկեն և Կամպանիլան՝ «ընկնող» աշտարակը: 
Պիզայի «ընկնող» աշտարակը կառուցվել է քարից ու մարմարից, բարձրությունը 58 մ է, կշռում է 15 հզ. տ: Բնահողը ծանրության տակ նստվածք է տվել, և, շինարարությունը դեռևս չավարտված, այն սկսել է թեքվել: Այսօր շեղումն արդեն կազմում է 5 մ 22 սմ: Պիզայի աշտարակի հիմնադրումից անցել է ավելի քան 8 դար, իսկ այն շարունակում է «ընկնել»՝ զարմանք պատճառելով հազարավոր զբոսաշրջիկների: 
Առնո գետի ափերին է փռված նաև երկրի հնագույն և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ֆլորենցիան: Վերածննդի դարաշրջանում այս քաղաքը արվեստի և գիտության կենտրոն էր: Այստեղ ծնվել, ապրել կամ աշխատել են Իտալիային համաշխարհային հռչակ բերած նկարիչ Ջոտտոն, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին, բանաստեղծներ Դանտեն ու Պետրարկան, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը: 
Նեապոլի ծոցի ափին տարածված է գեղատեսիլ Նեապոլը, որտեղ օրնիբուն ելումուտ են անում աշխարհի տարբեր երկրների դրոշներով առևտրական նավեր: Օդն այստեղ գրեթե միշտ թափանցիկ է, և քաղաքի ցանկացած կետից երևում է ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Վեզուվ գործող հրաբուխը: 79 թ-ին Վեզուվի ժայթքումից կործանվել են Պոմպեյը, Հերկուլանումը և Ստաբիան: 
Նշանավոր են նաև Իտալիայի երկրորդ արդյունաբերական քաղաք Տուրինը (այստեղ է գտնվում աշխարհում 15-րդ, իսկ Իտալիայում՝ 2-րդ «ՖԻԱՏ» ավտոմոբիլային կոնցեռնի գլխամասային գործարանը), Ջենովան (ամենախոշոր նավահանգիստը), Միլանը (աշխարհին հայտնի է իր հռչակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնով): Իտալիան քաղաքակրթության այն օջախներից է, որտեղ ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել, քան Եվրոպայի որևէ այլ երկրում: Այդ առումով Իտալիան անցյալի նյութական և ազգային հոգևոր մշակույթի բացառիկ թանգարան է: Այստեղ են հիմնվել աշխարհում առաջին բուսաբանական այգիները (Վենետիկ, Սալեռնո, XIV դար): Իտալիան ակնոցի (XIII դար), վերմիշելի, մակարոնի հայրենիքն է: Աշխարհում առաջին անգամ գիտությունների դոկտորի աստիճան է շնորհել Բոլոնիայի համալսարանը (1130 թ-ին): Բոլորին են ծանոթ Մարկո Պոլոյի, Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեյի, Քրիստափոր Կոլումբոսի, Ամերիգո Վեսպուչիի, Ավոգադրոյի անունները: Իտալիայում էր, որ ծաղկեց Վերածնունդը: Այս և հետագա ժամանակաշրջաններում ապրել ու ստեղծագործել են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Տիցիանը, Պետրարկան, Ռոսսինին, Պագանինին, Վերդին, որոնց անմահ ստեղծագործությունները հանրահայտ են ամբողջ աշխարհում: 

Հայերն Իտալիայում 

Հայերն Իտալիա մուտք են գործել շատ վաղուց: Տակավին VI–VII դարերում գերմանական ցեղերի դեմ պատերազմներում բյուզանդա-հռոմեական զորաբանակների կազմում կռվել են հայկական զորամասեր, իսկ Իտալիայի փոխարքայի պաշտոնը զբաղեցրել են հայազգի զորահրամանատարներ (Ներսես Պատրիկ, Իսահակ Հայկազն և ուրիշներ): Այդ ժամանակներին է վերաբերում նաև հայ առևտրականների և վանականների մուտքը Ռավեննա, Վենետիկ, Ֆլորենցիա, Նեապոլ, Հռոմ և այլուր, որտեղ նրանք կազմավորել են համայնքներ, հիմնել առևտրական տներ ու կառուցել եկեղեցիներ: Արդեն XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի: 
1512թ-ին Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրել Է հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»՝ հիմնադրելով հայկական տպագրությունը: Իտալիայում են գործել նաև հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին, Հովհաննես Անկյուրացին: Հայերեն գրքեր են տպագրվել նաև Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պադուայում և այլուր: 1717թ-ին Մխիթար աբբահոր գլխավորությամբ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որը 2000թ-ին միավորվեց Վիեննայի Մխիթարյանների միաբանության հետ: XVIII դարի 2-րդ կեսից միաբանությունը վերելք է ապրել հայ մշակույթի և գիտության առաջնակարգ գործիչներ Մ. Չամչյանի, Գ. Ավետիքյանի, Ղ. Ինճիճյանի, Ե. Թովմաճանի, Ա. Բագրատունու, Ղ. Ալիշանի և այլոց գործունեության շնորհիվ: Առաջին հայկական վարժարանը 1732թ-ին հիմնել է Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում: 1834թ-ին վարժարան է հիմնվել Պադուայում, 1836 թ-ին՝ Վենետիկում, որոնք 1870 թ-ին միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1883թ-ից Հռոմում գործում է Լևոնյան հայկական վարժարանը: Իտալիայում է ապրել և աշխատել հայազգի հայտնի քիմիկոս Լուիջի Հակոբ Չամիչյանը: Բոլոնիայում կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ քիմիական ինստիտուտն անվանվել է «Ջակոմի Չամիչյանի ինստիտուտ»: 
Այժմ Իտալիայում բնակվում է շուրջ 3 հզ. հայ. տարբեր քաղաքներում զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ: Իտալահայ համայնքի ձևավորմանը համընթաց՝ հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիվ միություններ ու ընկերություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է և հայ-իտալական հարաբերությունների զարգացումը: 
Միլանում գործում են Իտալիայի հայոց միությունը և Իտալիայի հայ մշակութային միությունը, Վենետիկում՝ «Պո-Արաքս» մշակութային ընկերությունը և Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնը, Հռոմում՝ «Զատիկ» ընկերակցությունը: Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանում, իսկ Բոլոնիայի և Վենետիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ: 
Այստեղ գործել են մի շարք հայտնի հայեր. գեղանկարիչներ Գ. Շլդյանը, Ժ. Օրագյանը, քանդակագործներ Հ. Վահրամյանը, Նվարդ Զարյանը, ճարտարապետ Ա. Մանուկյանը, կինոռեժիսոր Ե. Ջանիկյանը և այլք: 
Գրող, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի (Ասլանյան) «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա իտալացի հայտնի կինոռեժիսորներ Պ. և Վ. Տավիանի եղբայրները 2007 թ-ին նկարահանել են համանուն կինոնկար (արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի): 
2008 թ-ի փետրվարին Հռոմի հրապարակներից մեկը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Դեռևս IV դարում Հռոմում գործել է հայազգի փիլիսոփա և հռետոր Պարույր Հայկազնը (276-368), որին աշակերտել է նաև Հռոմի ապագա կայսր Հուլիանոսը: Կենդանության օրոք Հռոմում կանգնեցվել է նրա արձանը` «Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտարախոսության թագավորին» մակագրությամբ:

ԼԻԲԱՆԱՆ 2000 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Բեյրութ 
Տարածքը՝ 10,452 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 3,925 մլն 
Պետական լեզուները՝ արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն 
Դրամական միավորը՝ լիբանանյան ֆունտ 
Լիբանանի Հանրապետություն 
Լիբանանը արաբական փոքր երկիր է Միջերկրական ծովի արևելյան ափին: Մարդիկ այստեղ ապրում են հնագույն ժամանակներից: Հնէաբանները երկրի տարածքում հայտնաբերել են մի շարք ժողովուրդների նյութական մշակույթի հետքեր: Վաճառաշահ հարուստ քաղաքներով ու զարգացած գյուղատնտեսությամբ այս երկրամասը, որը հնում կոչվում էր Փյունիկիա, շատ հին պատմություն ունի: Տարբեր ժամանակներում այն զավթել են եգիպտացիներն ու խեթերը, բաբելացիք ու պարսիկները, ասորեստանցիներն ու հռոմեացիները, եվրոպական խաչակիրներն ու թուրքերը: Դեռևս հնագույն ժամանակներում Լիբանանից արտահանվել է լիբանանյան հռչակավոր մայրին, որը հայտնի է իր ամուր բնափայտով: Այդ ծառն այսօր էլ պատկերված է հանրապետության պետական դրոշի վրա: 
Լիբանանում է գտնվում ճարտարապետության հնագույն հուշարձաններից մեկը՝ Բաալբեկ կամ Հելիոպոլիս հին բնակավայրը, որը գոյություն է ունեցել մեր թվականությունից շատ դարեր առաջ: Այստեղ պահպանվել են հռոմեացիների կառուցած տաճարային վիթխարի համալիրի ավերակները, որոնք այսօր էլ ապշեցնում են այցելուներին: 
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Լիբանանը Օսմանյան կայսրության նահանգներից մեկն էր: Պատերազմից հետո Ազգերի լիգայի մանդատով այն կառավարում էր Ֆրանսիան: 1943թ-ին Լիբանանը հռչակվեց անկախ հանրապետություն, բայց ֆրանսիական զորքերը այնտեղից հեռացան միայն 1946 թ-ին: 
1970-ական թվականներին այդ փոքրիկ բարգավաճ երկիրը նոր փորձության ենթարկվեց. Լիբանանի տարածքում Իսրայելի հետ հակամարտող Պաղեստինի ազատագրական կազմակերպության առկայությունը պատճառ դարձավ, որ Իսրայելը քանիցս հարձակվի Լիբանանի վրա, իսկ 1982 թ-ին նույնիսկ գրավեց նրա ամբողջ հարավն ու մայրաքաղաք Բեյրութի արևմտյան մասը: Այդ պայմաններում Լիբանանում բռնկվեց քաղաքացիական պատերազմ, որը մեծ վնաս պատճառեց երկրին: 
Լիբանանի հիմնական բնակչությունը արաբներն են, ապրում են նաև հայեր, քրդեր, հույներ, թուրքեր, պարսիկներ: 
Երկրի բնությունը գեղեցիկ ու բազմազան է: Հյուսիսից հարավ երկիրը հատում են 2 լեռնաշղթաներ: Արևմուտքում Լիբանանի լեռնաշղթան ձգվում է Միջերկրական ծովի երկայնքով. ծովի ու լեռների միջև մնում է մի նեղ առափնյա հողաշերտ՝ նարնջենու և ադամաթզենու տնկարկներով: Զառիթափ լեռնալանջերը (լեռնագագաթների բարձրությունը տեղ-տեղ հասնում է 2500–3000 մ-ի) հարուստ են անտառներով, որտեղ աճում են կաղնի, թխկի, դափնի, սոճի, վայրի ձիթենի և, իհարկե, լիբանանյան հայտնի մայրին: 
Երկրի արևմտյան մասում, Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ձգվում են Անդրլիբանանյան մերկ ու անհրապույր լեռները: Այս 2 զուգահեռ լեռնաշղթաների միջև ընկած Բեքաա հովտով հոսում է երկրի ամենամեծ գետը՝ Լիտանսին: Հովտի հարավային մասն իրավամբ համարվում է Լիբանանի շտեմարանը, որտեղ ամենափոքրիկ հողակտորն անգամ մշակվում է: 
Լիբանանի կլիման մերձարևադարձային է. ամառը չոր է, ձմեռը՝ խոնավ: Ծովափնյա շրջաններում աճում են ցիտրուսներ, ադամաթզենի, ծովահայաց լեռնալանջերին՝ խնձորենի, դեղձենի, սալորենի, խաղող, ձիթենի և այլն: Հովտում մշակում են ցորեն, ծխախոտ, կարտոֆիլ: 
Արդյունաբերությունը թույլ է զարգացած. հիմնական ճյուղերն են տեքստիլ, սննդի, փայտամշակման, շինանյութերի, կաշվի-կոշիկի, ծխախոտի արտադրությունը: Նավթամշակման ձեռնարկությունները հիմնականում պատկանում են օտարերկրացիներին: Երկրի ազգային հարստության զգալի մասը գոյանում է առևտրից, բանկային գործառնություններից ու զբոսաշրջությունից: 
Մայրաքաղաք Բեյրութը, որը մինչև քաղաքացիական պատերազմը կոչում էին «Արևելքի Փարիզ», և որն այժմ կիսավեր է, մեծ ու աղմկոտ նավահանգստային քաղաք էր, Մերձավոր Արևելքի առևտրական ու ֆինանսական խոշոր կենտրոն: Մյուս քաղաքները՝ Տրիպոլին ու Սայդան, նավահանգիստներ են և Իրաքից ու Սաուդյան Արաբիայից այստեղ եկող նավթամուղների վերջնական կետերը: Այս քաղաքներում են կենտրոնացված նավթամշակման գործարաններն ու խոշոր նավթամբարները: 

Հայերը Լիբանանում 

Վաղնջագույն ժամանակներից հայ վաճառականները Լիբանան էին բերում գինի, մրգեր, որդան կարմիր ներկը և այլ ապրանքներ: Արդեն XII–XIII դարերում այդ երկրի նավահանգստային քաղաքներում կային հայ համայնքներ, որոնք գնալով ստվարանում էին՝ Լիբանանի հարևանությամբ գտնվող Կիլիկյան Հայաստանի քայքայմանը զուգընթաց: 
Հայերի առավել մեծ հոսքը Լիբանան, սակայն, տեղի է ունեցել, երբ թուրք ջարդարարների կազմակերպած Մեծ եղեռնից փրկված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ապաստան են գտել այնտեղ: 1946–47 թթ-ին հազարավոր լիբանանահայ ընտանիքներ հայրենադարձել են: 1970-ական թվականների քաղաքացիական պատերազմի հետևանքով լիբանանահայերի մի մասը արտագաղթեց հարևան Սիրիա, Կիպրոս, ինչպես նաև եվրոպական երկրներ ու ԱՄՆ: Լիբանանում ներկայումս բնակվում է շուրջ 70–80 հզ. հայ. նրանցից շատերը պետական պաշտոններ և կարևոր դիրքեր են զբաղեցնում տարբեր բնագավառներում: Կան խորհրդարանի հայազգի պատգամավորներ (Հ. Չուխատարյան, Ն. Տեմիրճյան, Ա. Տետեյան), արձակագիրներ (Ս. Սիմոնյան, Ս. Սեզան), լրագրողներ (Մ. Իշխան, Հ. Աղշապյան), գեղանկարիչներ (Փ. Կիրակոսյան, Հ. Թորոսյան, Ժ. Օհանյան), ճարտարապետներ (Մ. Ալթունյան): Հայերը հիմնականում ապրում են Բեյրութում, Տրիպոլի և Զահլե քաղաքներում, Անթիլիաս գյուղաքաղաքում, որտեղ գտնվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը: 
Աշխույժ ազգային կյանքով է ապրում լիբանանահայ համայնքը: Հայերն ունեն իրենց բազմաթիվ մշակութային, երիտասարդական, մարզական, հայրենակցական ու բարեգործական կազմակերպությունները, կրթարանները՝ ավելի քան 30 դպրոց ու վարժարան, Հայկազյան համալսարանը, տասնյակ թերթեր և ամսագրեր՝ «Ազդակ», «Բագին», «Դիտակ», «Զարթոնք», «Կանչ», «Նայիրի», «Սփյուռք» և այլն, 25 եկեղեցի՝ Բեյրութի Սուրբ Հակոբ, Սուրբ Քառասնից մանկանց, Սուրբ Ավետման, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և այլն: Բեյրութում գործում են հայկական ռադիոկայաններ: Լիբանանի հայ գաղութը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի հետ: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտանում են հարյուրավոր լիբանանահայ երիտասարդներ:

ՇՎԵԴԻԱ 2000 
Պետական կարգը՝ միապետություն 
Մայրաքաղաքը՝ Ստոկհոլմ 
Տարածքը՝ 450 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 8,8 մլն 
Պետական լեզուն՝ շվեդերեն 
Դրամական միավորը՝ շվեդական կրոն 
Շվեդիայի Թագավորություն 
Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում` Սկանդինավյան թերակղզու արևելքում և հարավում: Նրան են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ: Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը: 
Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը` մինչև 2123 մ, Կեբնեկասե լեռ): Խիստ մասնատված ափերին շատ են մանր կղզիները` շխերները: Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը: 
Երկրի ընդերքում հայտնաբերվել են բարձրորակ երկաթաքարի համաշխարհային նշանակության պաշարներ: Կան նաև ցինկի, կապարի, պղնձի, վոլֆրամի հանքավայրեր: 
Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են (Բոտնիկական ծոցը 4 ամիս սառչում է), հարավում՝ մեղմ և խոնավ: 
Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով: Գետերը կարճ են ու ջրառատ: Ինդալսէլվեն, Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ: Հարավային հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները: Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն: Շատ են ջրլող թռչունները, բազմատեսակ ձկները: Կան բազմաթիվ արգելոցներ: 
Շվեդիայի տարածքում մարդու բնակության հետքերը մ.թ.ա. VIII–IX հազարամյակներից են: Մ.թ. առաջին դարերում Շվեդիայում բնակվել են հյուսիսգերմանական ցեղեր՝ սվիոններ, գաուտներ: Շվեդական վիկինգները (նույն նորմանները կամ վարյագները) առևտրի և թալանի նպատակով ասպատակել են հարևան երկրները: XI դարում երկիրը միավորվել է միասնական թագավորության մեջ: Շվեդական պետությունը բազմաթիվ պատերազմներ է մղել Բալթիկային տիրելու համար և, զավթելով Արևելյան Մերձբալթիկան, դարձել է Եվրոպայի հզոր պետություններից մեկը: 1700–21 թթ-ի Հյուսիսային պատերազմում Շվեդիան պարտություն կրեց Ռուսաստանից և կորցրեց որոշ տիրույթներ: Անընդմեջ պատերազմները (XVI դարի վերջ – XIX դարի սկիզբ) հանգեցրին տնտեսության լիակատար քայքայման: Իսկ Օսկար II-ի օրոք (1872–1907 թթ.) Շվեդիան դարձավ ավանդական չեզոքության երկիր, ինչը պահպանվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 
Ազգային կազմը միատարր է. բնակչության 96 %-ը շվեդներ են, բնակվում են նաև սաամներ (Հյուսիսային Շվեդիայի բնիկներ), ֆիններ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոթեբորգը, Մալմեն: 
Մայրաքաղաք Ստոկհոլմը (շվեդերեն «ստոկ»` ծոց, և «հոլմ»՝ կղզի, բառերից) հիմնադրվել է 1252թ-ին, գտնվում է Բալթիկ ծովի ափին: 
Ներկայիս Շվեդիան աշխարհի առավել զարգացած երկրներից է՝ բազմաճյուղ արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ: Արդյունաբերության ճյուղերից առանձնանում են մետաղաձուլությունը (բարձրորակ պողպատ, գունավոր մետաղներ) և մեքենաշինությունը (նավեր, ինքնաթիռներ, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ): Ավտոմեքենաշինության մեջ հայտնի է «Վոլվո» վերազգային մենատիրությունը՝ համանուն ավտոմեքենաների արտադրությամբ: Զարգացած է փայտամշակման արդյունաբերությունը, արտադրվում է կահույք, թուղթ և այլն: 
Գյուղատնտեսությունն ապահովում է Շվեդիայի մթերքների պահանջի 80 %-ը, այդ թվում՝ կաթի, մսի, սննդամթերքի, հացահատիկի պահանջը ամբողջությամբ: Զարգացած է նաև ձկնորսությունը: 
Շվեդները մեծ ներդրում ունեն գիտությունների զարգացման բնագավառում: Դրան մեծապես նպաստել է Ուփսալայում և Լունդում առաջին համալսարանների (համապատասխանաբար` 1477 և 1668 թթ-ին) ու աստղադիտարանների (1650 և 1670 թթ-ին) հիմնադրումը: Համաշխարհային ճանաչում ունի բնախույզ Կարլ Լիննեյը, որը եղել է Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին նախագահը: Քիմիկոս Շեելեն ստացել է քլորը, գլիցերինը, Լ. Նիլսոնը՝ սկանդիում քիմիական տարրը, Ա. Կրոնստեդտը՝ նիկելը, Գ. Պաշը՝ անվտանգ, այսպես կոչված, «շվեդական լուցկիները»: Հանրահայտ է գյուտարար և արդյունաբերող Նոբելների ընտանիքը: Ալֆրեդ Նոբելը (հայտնագործել է պայթուցիկ նյութեր դինամիտը և բալիստիտը) սահմանել է Նոբելյան մրցանակը, որը տրվում է ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, 1968 թ-ից՝ նաև տնտեսագիտության բնագավառների աշխատանքների և խաղաղության ամրապնդման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար: 
Հանրահայտ են նաև աստղագետ-ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը, գրողներ Աստրիդ Լինդգրենը, Յուհան Ավգուստ Սթրինդբերգը, կինոռեժիսոր Ինգմար Բերգմանը, կինոդերասաններ Ինգրիդ Բերգմանը, Գրետա Գարբոն և ուրիշներ: 

Հայերը Շվեդիայում 

Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից: Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով, Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ): Հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են Ռուսաստանից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից: Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերով: Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում շուրջ 6 հզ. է, որից 4 հզ-ը բնակվում է Ստոկհոլմում և Ուփսալայում: Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը: 1974 թ-ին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը: Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն): Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ: Աշխույժ է հայ առաքելական եկեղեցու գործունեությունը: 
Շվեդիայում գործող օրենքի համաձայն` երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն: Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ: 
1910–20-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ: 2000 թ-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 
Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը:

ՖՐԱՆՍԻԱ 2001 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը` Փարիզ 
Տարածքը՝ 552 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 64,5, մլն 
Պետական լեզուն՝ ֆրանսերեն 
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 1999 թ.՝ ֆրանսիական ֆրանկ) 
Ֆրանսիայի Հանրապետություն 
Ֆրանսիան պետություն է Արևմտյան Եվրոպայում: Տարածվում է Նորմանդիայի խստաշունչ ափերից մինչև Միջերկրական ծովի տաք, լազուր ափը: Ափերը ողողվում են Հյուսիսային և Միջերկրական ծովերի, Բիսկայան ծոցի, Պա դե Կալե և Լամանշ նեղուցների ջրերով: Բաժանված է 100 դեպարտամենտից կազմված 26 տարածաշրջանից: Բացի մայր երկրի դեպարտամենտներից, նրա կազմի մեջ են մտնում նաև «անդրծովյան դեպարտամենտները» (Գվադելուպա, Ֆրանսիական Գվիանա, Մարտինիկա, Ռեյունիոն), «անդրծովյան տարածքները» (Նոր Կալեդոնիա, Ֆրանսիական Պոլինեզիա) և Կորսիկա կղզին: 
Մակերևույթը երկրի հյուսիսային և հարավարևմտյան մասերում հարթավայրային է, իսկ հարավում ձգվում են Պիրենեյան, հարավ-արևելքում՝ ձյունապատ Ալպյան լեռները՝ Մոնբլան գագաթով (4807 մ, Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթն է): Կլիման չափավոր ծովային է, արևելքում՝ ցամաքայինի անցումով, Միջերկրականի ծովափին՝ արևադարձային, միջերկրածովային: Միջին ջերմաստիճանը հունվարին 1–8օC է, հուլիսին՝ 17–24օC: Տարեկան տեղումները 600–1000 մմ են, տեղ-տեղ՝ 2000 մմ և ավելի: Խոշոր գետերն են Սենը, Լուարը, Ռոնը, Գարոնը, որոնք մասամբ նավարկելի են: 
Երկրի տարածքի 20%-ը զբաղեցնում են անտառները, որոնց խոշոր զանգվածները տարածվում են Աքվիտանիայի հարթավայրի արևմտյան շրջաններում (հիմնականում` սոճու տնկովի անտառներ) և արևելքում՝ Փարիզի ավազանում, Ալպերում ու Պիրենեյներում: Աքվիտանիայի արևելքում կաղնու և շագանակենու անտառներ են ու մերձարևադարձային թփուտային բուսականության տարրեր, հյուսիսում գերակշռում են հաճարենու, բոխու և կաղնու անտառները, հյուսիս-արևմուտքում՝ գիհու մացառուտներն ու մարգագետինները, Միջերկրական ծովի շրջանում՝ թփուտային մացառուտները (գարիգա, մակվիս) և նոսրանտառները: Ստեղծված են Էկրեն, Սևեններ, Վանուազ և այլ ազգային պարկեր, բազմաթիվ արգելոցներ ու արգելավայրեր: 
Անտառային շրջաններում՝ գլխավորապես լեռներում, կաթնասուններից տարածված են վայրի անտառային կատուն, աղվեսը, կնգումը, գորշուկը, այծյամը, ազնիվ եղջերուն, եղնիկը, վայրի խոզը, սկյուռը, նապաստակը, բարձր լեռներում հանդիպում են քարայծ, լեռնային այծ, ալպիական արջամուկ: Շատ են թռչունները, գետերում՝ ձկները: 
Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ քարածխով, երկաթի և այլ մետաղների հանքաքարերով, բոքսիտներով, գազով: 
Վաղ անցյալում Ֆրանսիայի տարածքը բնակեցված էր գալլերով, որտեղից էլ առաջացել է երկրի հին անվանումը՝ Գալիա կամ Գաղիա: Մ.թ.ա. I դարի կեսերին Ֆրանսիան նվաճել են հռոմեացիները: 843թ-ի Վերդենյան պայմանագրով ստեղծված Արևմտաֆրանկական պետությունը մոտավորապես զբաղեցրել էր ժամանակակից Ֆրանսիայի տարածքը: X դարում երկիրն անվանվել է Ֆրանսիա: Ֆրանսիայի զարգացումը զգալիորեն դանդաղել է Հարյուրամյա պատերազմի (1337– 1453 թթ.) պատճառով: Պետության կենտրոնացումն ավարտվել է XV դարի 2-րդ կեսին՝ Լյուդովիկոս XI-ի օրոք: Բացարձակ միապետությունն ամրապնդվել է Կրոնական պատերազմի ժամանակաշրջանում և իր գագաթնակետին է հասել Լյուդովիկոս XIV-ի օրոք: XV-XVII դարերում Ֆրանսիան տևական պայքար է մղել Հաբսբուրգների դեմ: 1772թ-ին ստեղծվել է Ֆրանսիայի 1-ին հանրապետությունը, որը վերացվել է 1799 թ-ի Նապոլեն Բոնապարտի ռազմական դիկտատուրայի հաստատմամբ: Ռեստավրացիայի ժամանակաշրջանում հաստատվել է Լյուդովիկոս XVIII-ի (1815–24 թթ.) և Կառլոս X-ի (1824–30թթ.) սահմանադրական միապետությունը: Հուլիսյան հեղափոխության արդյունքում 1830թ-ին իշխանության է եկել ֆինանսական արիստոկրատիան: 1848 թ-ի Փետրվարյան հեղափոխությունն սկզբնավորել է Ֆրանսիայի 2-րդ հանրապետությունը: 1852 թ-ին հաստատվել է Նապոլեոն III-ի կայսրությունը: 1870–71 թթ-ին ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում, որի ժամանակ գերվել է Ֆրանսիայի կայսրը, տեղի ունեցած սեպտեմբերյան հեղափոխությամբ հիմնադրվել է Ֆրանսիայի 3-րդ հանրապետությունը (1870–1940 թթ.): 1870 թ-ին իշխանության է եկել Փարիզի կոմունան, որը, սակայն, ճնշվել է Ա. Թիերի կառավարության կողմից: 1875 թ-ին ընդունվել է 3-րդ հանրապետության սահմանադրությունը: 
Ֆրանսիան Անտանտի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1940 թ-ին Ֆրանսիան նվաճվել է գերմանական և իտալական զորքերի կողմից, որի հետևանքով իշխանության է եկել Վիշիի ֆաշիստամետ կառավարությունը: 1944 թ-ի վերջին Ֆրանսիան ազատագրվել է հակահիտլերյան դաշինքի զորքերի կողմից: 1946թ-ին ընդունվել է Ֆրանսիայի 4-րդ հանրապետության, 1958թ-ին՝ 5-րդ հանրապետության սահմանադրությունները: 5-րդ հանրապետության առաջին նախագահը Շառլ դը Գոլն էր, որի գործունեության տարիներին անկախություն ձեռք բերեց Ֆրանսիայի գաղութների մեծ մասը: 
Ժամանակակից Ֆրանսիայի ազգային կազմը միատարր է. ֆրանսիացիները կազմում են բնակչության ավելի քան 90%-ը: Բնակվում են նաև էլզասցիներ, բրետոնացիներ, ֆլամանդացիներ, կորսիկացիներ, կատալոնացիներ, բասկեր, հայեր և այլք: 
Խոշոր քաղաքներն են Փարիզը, Լիոնը, Մարսելը, Լիլը, Բորդոն, Թուլուզը, Նանտը, Նիսը, Ստրասբուրգը: 
Ֆրանսիան զարգացած արդյունաբերական երկիր է: Արդյունաբերական արտադրանքի ծավալով աշխարհի առաջատար երկրներից է, «Մեծ ութնյակի» անդամ: Այստեղ արտադրվում է պողպատ և ալյումին, քիմիական բազմապիսի նյութեր՝ կաուչուկ, արհեստական մանրաթել, պլաստմասսաներ, ինչպես նաև ավտոմեքենաներ, նավեր, տարբեր տեսակի հաստոցներ, օդանավեր, համաշխարհային մակարդակի է հասել աերոտիեզերական տեխնիկայի արտադրությունը և այլն: Ֆրանսիայում արտադրում են նաև թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, հագուստի, գալանտերիայի բարձրորակ ապրանքներ, համաշխարհային համբավ ունեցող կոսմետիկա, բազմապիսի գինիներ, կոնյակներ, պանիրներ (շուրջ 400 տեսակի): Ֆրանսիան նորաձևության օրենսդիրն է: 
Խիստ զարգացած է նաև գյուղատնտեսությունը: Ֆրանսիայի ֆերմերային տնտեսություններում մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, խաղող, կարտոֆիլ, բանջարեղեն, մերձարևադարձային մշակաբույսեր (հարավում), ծաղիկներ (օծանելիքի արտադրության համար): Զարգացած է նաև անասնապահությունը: 
Մեծ է ֆրանսիացիների ավանդը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Տարբեր գիտական տեսությունների, օրենքների, գյուտերի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն Բլեզ Պասկալը, Անրի Ամպերը, Շառլ Կուլոնը, Ռընե Դեկարտը, Վոլտերը, Դենի Դիդրոն, Ժան Դ’Ալամբերը, Ժան Ժակ Ռուսոն, Պիեռ Լապլասը, Ժոզեֆ Լանգրանժը, Լուի Պաստյորը, Անրի Բեքերելը, Ժյուլ Անրի Պուանկարեն, Պիեռ Կյուրին, Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները և այլք: 
Ֆրանսիան եղել է գրական հոսանքների, կերպարվեստի ուղղությունների, ճարտարապետական տարբեր ոճերի սկզբնավորման հայրենիքը: Համաշխարհային մշակույթի պատմության մեջ փառավոր էջեր են գրել գրողներ Ֆրանսուա Ռաբլեն, Ժան Բատիստ Մոլիերը, Ֆրանսուա դը Լառոշֆուկոն, Պիեռ Բոմարշեն, Անրի Ստենդալը, Վիկտոր Հյուգոն, Օնորե դը Բալզակը, Ալեքսանդր Դյուման, Շառլ Բոդլերը, Ժյուլ Վեռնը, Գի դը Մոպասանը, Էմիլ Զոլան, Անատոլ Ֆրանսը, Պոլ Սարտրը, Ալբեր Քամյուն, Անդրե Մորուան, գեղանկարիչներ Էժեն Դելակրուան, Անրի Մատիսը, Էդուարդ Մանեն, Էդգար Դեգան, Օգյուստ Ռենուարը, Կլոդ Մոնեն, քանդակագործ Օգյուստ Ռոդենը, ճարտարապետներ Ժան Բատիստ Պիգալը, Էտիեն Մարիա Ֆալկոնեն, կոմպոզիտորներ Ադոլֆ Ադանը, Հեկտոր Բեռլիոզը, Շառլ Գունոն, Կամիլ Սեն-Սանսը, Ժորժ Բիզեն, Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, ֆրանսիական երգի վարպետներ Մորիս Շևալյեն, Էդիտ Պիաֆը, Ժիլբեր Բեկոն, Շառլ Ազնավուրը, Միրեյ Մաթյեն և ուրիշներ: 
Համաշխարհային ճանաչման են արժանացել դերասաններ Ժերար Ֆիլիպը, Ժան Գաբենը, Ֆեռնանդելը, Լյուի դե Ֆյունեսը, Բրիջիտ Բարդոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Աննի Ժիրարդոն, Պիեռ Ռիշարը և ուրիշներ: 
Ֆրանսիան ակնառու տեղ ունի օվկիանոսագիտության հետազոտություններում: Համաշխարհային ճանաչում ունեն Ժակ Իվ Կուստոյի ղեկավարությամբ կատարված ստորջրյա հետազոտությունները: 
Ֆրանսիան զբոսաշրջության երկիր է. տարեկան ավելի քան 40 մլն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիր: Գրավիչ են գեղատեսիլ միջերկրածովյան լողափերը, Ալպերի լեռնային առողջարանները, որոնցից հանրահայտ են Լազուրափը (Ֆրանսիական Ռիվիերա), Կաննը, Դիեպը, Գրանվելը, Արկաշոն: 
Մայրաքաղաք Փարիզը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Սեն գետի ափերին գտնվող այդ հնագույն քաղաքում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների շինություններ, հրաշալի հուշարձաններ, գեղեցիկ կամուրջներ (Գարդի կամուրջը), շատրվաններ (Անմեղների շատրվանը), տաճարներ (Փարիզի Աստվածամոր և Շարտրի տաճարները): Փարիզի խորհրդանիշը վեհաշուք Էյֆելյան աշտարակն է (բարձրությունը՝ 306 մ, որը կառուցվել է 1889 թ-ին` ճարտարագետ Ա. Էյֆելի նախագծով): Փարիզը թանգարանների քաղաք է: Լուվրի թանգարանում ժողովված է նկարների ու քանդակների` աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը, Դը Օրսե թանգարանում (ժամանակակից արվեստի) ցուցադրվում են գերազանցապես XIX–XX դարերի արվեստի գործեր, հատկապես` իմպրեսիոնիզմի ներկայացուցիչների կտավները: Փարիզ այցելող զբոսաշրջիկները ձգտում են ծանոթանալ քանդակագործ Ռոդենի, նկարիչներ Պիկասսոյի և Սալվադոր Դալիի թանգարանների ցուցադրություններին: 
Փարիզը միջազգային դիվանագիտական և հասարակական կյանքի կենտրոն է, մի շարք միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ և այլն) նստավայրը: 

Հայերը Ֆրանսիայում 

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ VI դարում: Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա` XV–XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում: Հայերը դեռևս XVII դարում բացել են առաջին սրճարանները Մարսելում և Փարիզում, XVIII–XIX դարերում հիմնադրել են տպարաններ, հայկական դպրոցներ, հրատարակել թերթեր և ամսագրեր: Հետագա տարիներին ֆրանսահայ համայնքի ստվարացման միտումը շարունակվել է հիմնականում Մեծ եղեռնից փրկված գաղթականների, Մերձավոր և Միջին Արևելքից ու Հայաստանից արտագաղթածների հաշվին: Ներկայումս հայերի թիվը կազմում է շուրջ 450 հզ.: Բնակվում են Փարիզում (հատկապես` նրա արվարձաններում), Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում և այլ քաղաքներում: Նրանց մեծ մասը բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ են, կան շատ մտավորականներ, նկարիչներ, երաժիշտներ առևտրականներ, ձեռնարկատերեր, պետական պաշտոնյաներ: Ֆրանսահայ համայնքն ապրում է աշխույժ հասարակական կյանքով: Ներկայումս Ֆրանսիայում գործում են հայկական 6 ամենօրյա (Թարգմանչաց, Պարսամյան, Սուրբ Մեսրոպ ևն) և շուրջ 50 մեկօրյա դպրոցներ: Այստեղ գործում են հայկական ավանդական կուսակցությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղը, բազմաթիվ հայրենակցական միություններ, մշակութային ընկերություններ և այլ կազմակերպություններ: 
Ֆրանսիական մշակույթի և գիտության զարգացման գործում իրենց ավանդն ունեն հայազգի բազմաթիվ գործիչներ՝ գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Անրի Թրուայան (Թորոսյան), նկարիչներ Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Ժանսեմը (Ժան Սեմերջյան), երգիչ Շառլ Ազնավուրը, երգահան Ժորժ Կառվարենցը, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), Ֆրանսիայի փորձագետ-խորհրդատու բժիշկների միության նախագահ Էդուարդ Ադամյանը, արհեստական ադամանդի (ֆիանիտ) ստեղծող Հրանտ Ճևահիրճյանը, պետական գործիչ Պատրիկ Դևեջանը և շատ ուրիշներ: Այստեղ են ապրել և ստեղծագործել գրողներ Շահան Շահնուրը, Վազգեն Շուշանյանը, Արշակ Չոպանյանը, նկարիչներ Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գիտնականներ Նիկողայոս Ադոնցը, Զատիկ Խանզադյանը և ուրիշներ: 
Հայաստանի աշխարհագրական տեղանուններով, ինչպես նաև նշանավոր հայերի անուններով փողոցներ կան Ֆրանսիայի շատ քաղաքներում՝ Ալֆորվիլում (Կոմիտասի), Լիոնում (Հայաստան), Վալանսում (Երևան), Դեսինում (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի), իսկ շուրջ 30 քաղաքներում՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձաններ: Քույրացել են Բանյո և Վանաձոր, Ավինյոն և Երևան, Ալֆորվիլ և Աշտարակ, Իսի լե Մուլինո և Վաղարշապատ քաղաքները: 
1998 թ-ի մայիսի 29-ին Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է 1915 թ-ի Հայոց ցեղասպանության փաստը, իսկ 2001 թ-ին այն ճանաչել է օրենքի մակարդակով: 2003 թ-ին Փարիզի Կանադայի հրապարակում կանգնեցվել է Կոմիտասի արձանը, որի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ Կոմիտասի և 1,5 միլիոն հայերի, որոնք զոհ գնացին օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին իրականացված XX դարի առաջին ցեղասպանության»:

ՎԱՏԻԿԱՆ 2001 
Պետական կարգը՝ միապետություն 
Տարածքը՝ 0,44 կմ2 
Բնակչությունը՝ 821 
Պետական լեզուները՝ լատիներեն, իտալերեն 
Դրամական միավորը՝ եվրո՝ սեփական դիզայնով (մինչև 2002 թ.՝ վատիկանյան լիրա) 
 (Սուրբ Աթոռ) 
Վատիկանը պետություն է Եվրոպայում: Բայց Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա հնարավոր չէ այն գտնել, որովհետև նույնիսկ քաղաք-պետություն էլ չէ: Վատիկանը զբաղեցնում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մի փոքր մասը՝ Տիբեր գետի ափին գտնվող Վատիկան բլուրը (այստեղից էլ՝ պետության անվանումը): Հենց այդ պատճառով հնարավոր չէ տվյալ պետությունը տեղադրել սովորական քարտեզների վրա: 
Վատիկանն ինքնուրույն, կրոնապետական բացարձակ միապետություն է, որի գլուխը Հռոմի պապն է՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը: 
Վատիկանն ունի 1000-ամյա պատմություն: 756 թ-ին Հռոմի մարզը տրվեց Պապին, այդ տարածքի վրա ստեղծվեց պետություն՝ Պապի մարզը, որը գոյատևեց մինչև 1870թ., ապա այն դարձավ Իտալիայի մի մասը, սակայն Պապերը շարունակում էին գտնվել Վատիկանում: Վերջապես, 1929թ-ի փետրվարի 21-ին Լատերանի (պալատ Հռոմում) պայմանագրով, Իտալիայի կառավարության և Պապի միջև կնքվեց համաձայնություն, ըստ որի` հաստատվեցին Վատիկանի անկախությունը և ժամանակակից սահմանները: 
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527թ-ին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը: 
Վատիկանի եկամուտները ստեղծվում են գլխավորապես տեղական կաթոլիկ եկեղեցիների մուծումներից և սեփական բանկային ու ֆինանսական գործառնություններից: Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի` ներդրած շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում: Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը, որի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: 
Վատիկանը հայտնի է նաև որպես խոշորագույն թանգարանային համալիր: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա (Պետրոս առաքյալը համարվում է կաթոլիկ եկեղեցու առաջին Պապը): Տաճարը կառուցվել է IV դարում, մի քանի անգամ վերակառուցվել է և իր ներկա տեսքն ստացել է XV–XVII դարերում, երբ տաճարը վերակառուցեցին հռչակավոր ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, ինչպես, օրինակ, Բրամանտեն, Միքելանջելոն և ուրիշներ: Տաճարում կան արվեստի գլուխգործոց սրբապատկերներ և քանդակներ, որոնցից առավել հայտնի է Միքելանջելոյի «Ողբ առ Քրիստոս» («Պիետա») մարմարակերտ քանդակը: Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է, որի` աստվածաշնչյան թեմաներով (Արարչագործության տեսիլքը, Ադամի և Եվայի պատմությունը, Ջրհեղեղը, Վերջին դատաստանը) հրաշալի որմնանկարների հեղինակը նույնպես Միքելանջելոն է: Նույն մատուռի 4 դահլիճների նկարազարդումները կատարել է մեծ նկարիչ Ռաֆայելը: 
Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն: Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր: Կրոնապետությունը դիվանագիտական հարաբերություններ ունի ավելի քան 140 երկրների, այդ թվում՝ նաև ՀՀ-ի հետ: 
Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թ-ին կոչվել է նրա անունով:

ՇՎԵՅՑԱՐԻԱ 2003 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Բեռն 
Տարածքը՝ 41,2 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 7,2 մլն 
Պետական լեզուները՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն 
Դրամական միավորը՝ շվեյցարական ֆրանկ 
 Շվեյցարական Համադաշնություն 
Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում` Ալպերում, գտնվող Շվեյցարիա պետությունը համարվում է աշխարհամասի ամենագեղեցիկ երկիրը: 
Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք պատկանում են Ալպյան համակարգին: Ամենաբարձր կետը Դյուֆուր լեռնագագաթն է (4634 մ): Լեռների լանջերը ծածկված են ձյունով, գագաթները՝ հավերժական սառույցով: Երկրի տարածքով 375 կմ երկարությամբ հոսում է Հռենոսը` Արե վտակով, Ռոն, Ինն և այլ գետեր, խոշոր լճերն են Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե, Նևշատելյան: 
Բազմաթիվ վիհերն ու կիրճերը, շառաչող գետակներն ու ջրվեժները, անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները շատ բնորոշ են Շվեյցարիայի բնությանը: Բնական այդ պայմանների շնորհիվ է, որ Շվեյցարիան վաղուց ի վեր ճանաչվել է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը: Զբոսաշրջությունը և նրա հետ կապված սպասարկման ոլորտը հսկայական եկամուտ են բերում Շվեյցարիային: 
Կենդանական աշխարհին բնորոշ են կզաքիսը, քարայծը, ալպյան արջամուկը և այլն, բազմազան թռչուններ, ձկնատեսակներ: 
Մարդիկ Շվեյցարիայում բնակվել են հնագույն ժամանակներից: Երկրի բնակչության մասին առաջին գրավոր աղբյուրները վերաբերում են մ.թ.ա. II դարին, երբ նրա տարածքի մեծագույն մասում բնակվել է հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շվեյցարիայի հին անվանումը՝ Հելվեցիա), արևելքում՝ ռետերը: Սահմանակից լինելով Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային և Իտալիային՝ Շվեյցարիան վաղ միջնադարից ենթարկվել է այդ պետությունների արշավանքներին: Երկրի կենտրոնում ու արևելքում հաստատվել են գերմանացիներ և ավստրիացիներ, արևմուտքում` ֆրանսիացիներ, հարավում` իտալացիներ:  
Շվեյցարիան, որպես ինքնուրույն պետություն, սկսել է ձևավորվել 1291 թ-ին, երբ երկրի 3 կանտոններ (նահանգներ) միմյանց հետ կնքեցին ավստրիացիների դեմ համատեղ պայքարի դաշինք, որին հետզհետե միացան նաև մյուս կանտոնները: XIX դարի վերջից դաշնային այդ պետությունը կոչվել է Շվեյցարական Համադաշնություն: Նրա կազմի մեջ մտնում է 23 կանտոն: 
1815 թ-ին Շվեյցարիայում օրենք է ընդունվել երկրի մշտական չեզոքության մասին: Ավելի քան 180 տարի է, ինչ երկիրը չի մասնակցում ոչ մի պատերազմի, չունի նաև մշտական բանակ: Տևական խաղաղությունը նպաստել է տնտեսության զարգացմանը: 
Երկրի բնակչության 63,7%-ը գերմանացիներ են, 9,2%-ը` ֆրանսիացիներ, 7,6%-ը` իտալացիներ: 
Խոշոր քաղաքներն են Բեռնը, Ցյուրիխը, Ժնևը, Բազելը, Լոզանը: 
Շվեյցարիան զարգացած երկիր է. աչքի է ընկնում բնակչության ամենաբարձր կենսամակարդակով: Երկրի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներից: Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է: Ուստի, Շվեյցարիայում զարգացած են արդյունաբերության համեմատաբար քիչ հումքատար ճյուղերը՝ ժամագործությունը, ոսկերչությունը, վերջին տասնամյակներին՝ նաև սարքաշինությունը, բարձր ճշգրտության հաստոցաշինությունը: Հայտնի են նաև շվեյցարական պանիրները, «Նեստլե» ֆիրմայի բազմատեսակ արտադրանքը, ինչպես նաև դեղորայքը (երկրում արտադրվող դեղորայքի և ժամացույցների 90–95%-ը արտահանվում է): 
Գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնաբուծությունն է, ինչը պայմանավորված է երկրում հրաշալի արոտավայրերի ու մարգագետինների առկայությամբ: Անասնաբուծության արտադրանքը կազմում է գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի 80 %-ը, որի մի մասն արտահանվում է: Շվեյցարիայի ոչ լեռնային շրջաններում հնարավոր չէ գտնել անմշակ հողակտոր: 
Շվեյցարիան Եվրոպայի և ամբողջ աշխարհի բանկիրն է: Ավանդների գաղտնիության երաշխիքը և չեզոք երկրի կարգավիճակը դեպի Շվեյցարիայի բանկերն են ձգում բազմաթիվ երկրների դրամական կապիտալը: Այստեղ գործում են բազմաթիվ ազգային ու միջազգային բանկեր, որոնք գործարքներ են կատարում տարբեր պետությունների, բազմաթիվ արդյունաբերական, առևտրական ֆիրմաների, ընկերությունների հետ և համարվում են կայուն ու հուսալի ֆինանսական հաստատություններ: Այստեղ են գտնվում նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը (Ժնև), Միջազգային օլիմպիական կոմիտեն (Լոզան) և այլն: 
Մեծ է շվեյցարացիների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում. Ի. Մայերը կազմել է Շվեյցարիայի առաջին աշխարհագրական ատլասը, իսկ երկրաբան Օրաս Սոսյուրն առաջինն է հետազոտել Ալպերը: Մեծ ճանաչում ունեն շվեյցարացի մանկավարժ Իոհան Պեստալոցցիի աշխատանքները: 
Հանրահայտ են նաև գրող-դրամատուրգ Ֆրիդրիխ Դյուրենմաթը, կոմպոզիտոր Հանս Հուբերը և ուրիշներ: 

Հայերը Շվեյցարիայում 

XVII–XVIII դարերում Շվեյցարիա եկած առաջին հայերն առևտրականներ էին, XIX դարի կեսից` նաև սովորելու եկած հայ երիտասարդներ: Ժնևի, Լոզանի, Բազելի համալսարաններում ուսանել են հայ գրողներ Ռուբեն Սևակը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը: 1920-ական թվականներին Շվեյցարիայի հայ համայնքն ստվարացել է ի հաշիվ Թուրքիայից բռնագաղթած հայերի, իսկ 1960–70-ական թվականներին այստեղ են տեղափոխվել հայեր Լիբանանից, Իրանից: Հայերը բնակվում են բացառապես քաղաքներում (Ժնև, Ցյուրիխ, Բազել, Լոզան և այլն), աշխատում են արդյունաբերության, բանկային գործի, գիտության, առևտրի բնագավառներում: Ներկայումս Շվեյցարիայում բնակվում է 3 հզ. հայ: 
Շվեյցարահայերի ազգային կյանքի կենտրոնը Ժնևն է: Այստեղ է գտնվում Շվեյցարիայի հայոց միության վարչությունը, Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հակոբ եկեղեցին, որին կից գործում են կիրակնօրյա դպրոց, Հայ տիկնանց միությունը, Երիտասարդության ակումբը, Հայ բժիշկների միությունը, «Պրո Արմենիա» կազմակերպությունը, «Անի» պարի համույթը, «Արաքս» երգչախումբը և այլն: XIX դարի վերջերից ցայսօր Շվեյցարիայում հրատարակվել են 10 անուն հայերեն պարբերականներ: Ժնևի համալսարանում գործում է հայագիտության ամբիոն: 
Շվեյցարիայի հայ համայնքը 1988 թ-ին մասնակցել է Վանաձորում «Արալեզ» բժշկական կենտրոնի կառուցմանը: 
Թուրքիայում 1894–96 թթ-ի հայերի կոտորածներից հետո Շվեյցարիայի հասարակական շրջանները պահանջել են դատապարտել հայերի կոտորածները և դրանք որակել որպես ոճրագործություն մարդկության դեմ: 
Շվեյցարիայի խորհրդարանը 2003 թ-ի դեկտեմբերի 16-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հետևողականորեն հետամտում է համապատասխան օրենքի պահանջների կատարմանը:

ԿԱՆԱԴԱ 2004 
Պետական կարգը՝ սահմանադրական միապետություն 
Մայրաքաղաքը՝ Օտտավա 
Տարածքը՝ 9.984,7 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 32,9 մլն 
Պետական լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն 
Դրամական միավորը՝ կանադական դոլար 
Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը, Վանկուվեր, Նյուֆաունդլենդ, Շառլոտա թագուհու, Կանադական Արկտիկական կղզեխումբը, Արքայազն Էդուարդ և այլ կղզիներ: Տարածքի մեծությամբ աշխարհի երկրորդ երկիրն է (Ռուսաստանից հետո): Կանադան Բրիտանական համագործակցության անդամ է: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն (թագուհին) է, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը: Կանադայի ափերը ողողում են Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների ջրերը: 
Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը` մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ` ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր: 
Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը: 
Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ: 
Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում: 
Առաջին եվրոպացիները՝ ֆրանսիացիներն ու անգլիացիները, ընդամենը 500 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսով նավարկել են դեպի Կանադա և իրենց բնակավայրերը հիմնել Սուրբ Լավրենտիոս գետի ափերին: Եկվորներին առաջին հերթին հրապուրել է երկրի մուշտակամորթ գազանների առատությունը. նրանք այստեղ հիմնում էին ֆակտորիաներ (մթերման և առևտրամատակարարման բնակավայր-կայաններ) և շատ շուտ հարստանում էին՝ տեղի հնդկացիներից չնչին գներով ձեռք բերելով գազանների արժեքավոր մորթին: 
Անգլո-ֆրանսիական Յոթնամյա պատերազմի հետևանքով 1763թ-ին Կանադան դարձավ անգլիական տիրույթ, որն ուներ ընդամենը 70 հզ. եվրոպացի վերաբնակներ, որից 60 հզ-ը` ֆրանսիացիներ: Այն ժամանակ Կանադան նույնիսկ կոչում էին Նոր Ֆրանսիա: Հետագայում նրանց ավելացան նաև ամերիկյան գաղութարարներ, և XVIII դարի վերջին երկրում կազմավորվեց կանադաբնակ ժողովրդի ձևավորման 2 կենտրոն՝ ֆրանսիական Կանադան (այժմյան Քվեբեկ նահանգը) և անգլիական Կանադան (ժամանակակից Օնտարիո նահանգը): 1867թ-ի հուլիսի 1-ին դրանք միավորվեցին դաշնության մեջ՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին դոմինիոններից (ինքնակառավարվող տիրույթներ) մեկը: 1982 թ-ի ապրիլ 17-ին ընդունել է նոր սահմանադրություն և անկախացել է Մեծ Բրիտանիայից: 
XX դարի սկզբին անգլիական ու ամերիկյան ընկերություններն այստեղ փորեցին առաջին հանքահորերը, կառուցեցին ջրաէլեկտրակայաններ, թղթի ու մետաղաձուլական գործարաններ: Կանադան դարձավ գունավոր մետաղների, փայտեղենի, թղթի խոշորագույն արտադրողներից մեկը: Կանադա եկան նոր գաղութաբնակներ Գերմանիայից, սկանդինավյան երկրներից, Ավստրո-Հունգարիայից, Ռուսաստանից և այլ երկրներից: 
Կանադայի բնիկները հնդկացիներն ու էսկիմոսներն (իննուիտներ) են, որոնք, սակայն, ներկայումս բնակչության չնչին փոքրամասնություն են կազմում, բնակվում են հյուսիս-արևմուտքում և պահպանել են իրենց հին նիստուկացն ու ոգին: Բնակչության մեծամասնությունը եվրոպական ժողովուրդների, գլխավորապես՝ անգլիացիների և ֆրանսիացիների սերունդներն են: 
Այժմ անգլոկանադացիները կազմում են երկրի բնակչության մոտ կեսը, իսկ ֆրանսականադացիները՝ ավելի քան 1/4-ը: Այստեղ ապրում են նաև բավական թվով գերմանացիներ, իտալացիներ, հոլանդացիներ, հայեր և այլք: Բնակլիմայական պայմանների մեծ տարբերության պատճառով բնակչությունը խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված: Շուրջ 90 %-ը կենտրոնացած է հարավային՝ ԱՄՆ-ին սահմանամերձ 300–400 կմ լայնության գոտում: Հյուսիսային տարածքները տեղ-տեղ անմարդաբնակ են: 
Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը: 
Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը: 
Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները: 
Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են: 

Հայերը Կանադայում 

Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել XIX դարի վերջից, երբ այստեղ են հասել թուրքական հալածանքներից փրկված առաջին փախստականները: Հայերի հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես 1950–60-ական թվականներին և Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին: Այժմ Կանադայում ապրում է 60–65 հզ. հայ.` հիմնականում Մոնրեալում (30 հզ.), Տորոնտոյում (27 հզ.), Վանկուվերում, Համիլտոնում, Օտտավայում, Սենտ Քաթրինզում և այլուր: Կանադահայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը: Ինքնատիպ արվեստով միջազգային ճանաչման է հասել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը. մեծ արձագանք է ունեցել հայերի ցեղասպանությանը նվիրված նրա «Արարատ» ֆիլմը: Գործում են հայ առաքելական (7), կաթոլիկ (2), ավետարանական (4) եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, գեղարվեստական խմբակներ: Լույս են տեսնում հայերեն ամենօրյա և շաբաթական թերթեր («Ապագա», «Հորիզոն») ու հանդեսներ: Մոնրեալում ու Տորոնտոյում հայերը դիտում և ունկնդրում են մայրենի լեզվով հեռուստա- և ռադիոհաղորդումներ:

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ 2004 
Պետական կարգը՝ միապետություն 
Մայրաքաղաքը՝ Ամստերդամ 
Տարածքը՝ 41,2 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 16,4 մլն 
Պետական լեզուն՝ հոլանդերեն 
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ գուլդեն) 
Նիդեռլանդների Թագավորություն 
Նիդեռլանդներ պետությունը գտնվում է Արևմտյան Եվրոպայում՝ Հյուսիսային ծովի ափին: «Նիդեռլանդներ» բառացի նշանակում է ցածրադիր հողեր: Եվ, իրոք, երկրի մեծ մասը ծովի մակերևույթից ցածր է: Գիտնականները պարզել են, որ 100 տարվա ընթացքում Նիդեռլանդների տարածքն իջնում է մոտավորապես 1 մ-ով: Դարեր ի վեր երկրի բնակիչները փորձել են գտնել ծովի դեմն առնելու միջոցներ: Նրանք ծովափի և գետերի երկայնքով հողապատնեշներ են կառուցել, որպեսզի իրենց տներն ու դաշտերը փրկեն ողողումներից: Ավելին, Նիդեռլանդներում շատ հարյուրամյակների ընթացքում թմբերի ու ամբարտակների օգնությամբ ծովերից նվաճել են երկրի ողջ տարածքի 1/3-ը: Զուր չէ, որ այստեղ ընդունված է «Աստված ստեղծել է հողը, իսկ հոլանդացիները՝ Հոլանդիան» ասացվածքը: 
Նիդեռլանդներն ունի երկրորդ՝ ոչ պակաս տարածված անվանումը՝ Հոլանդիա (X–XI դարերում տնտեսապես ամենաակտիվ Հոլանդիա նահանգի անունով երկիրը կոչվել է Հոլանդական Հանրապետություն): 
Հոլանդիան ծովային երկիր է և վաղուց ուներ առևտրական խոշոր նավատորմ, որի շնորհիվ նվաճել էր խոշոր գաղութներ (Ինդոնեզիա և այլն): Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը զրկվել է իր գաղութներից: Նախկինում Հոլանդիան, որ Իսպանիայի գաղութն էր, անկախություն ձեռք բերեց 1581 թ-ին, երբ երկրում տեղի ունեցավ աշխարհում առաջին բուրժուական հեղափոխությունը: Դրանից հետո իր զարգացման մակարդակով մի քանի տասնամյակում այն առաջ անցավ եվրոպական մյուս երկըրներից, և երկիրն ապրեց իր զարգացման ոսկեդարը: 1830 թ-ին նրանից անջատվել է Բելգիան, 1890 թ-ին՝ Լյուքսեմբուրգը: 1848 թ-ին վերածվել է խորհրդարանական միապետության: Եվրոպական տնտեսական ընկերակցության հիմնադիր անդամներից է (1957 թ-ի մարտի 25-ին), որը 1992 թ-ին վերածվեց Եվրամիության: Սակայն 2005 թ-ին հանրաքվեով դեմ է քվեարկել Եվրոպական սահմանադրությանը: 
Եվրամիության և Բենիլյուքսի երկըրների անդամ է: 
Նիդեռլանդների տարածքում բնակվել են կելտական և գերմանական ցեղեր, ֆրանկներ, սաքսեր, ֆրիզներ: Ներկայումս բնակչության 96 %-ը կազմում են նիդեռլանդացիները, բնակվում են նաև գերմանացիներ, ֆրիզներ, հրեաներ, հայեր և այլք: 
Խոշոր քաղաքներն են Ամստերդամը, Ռոտերդամը, Հաագան, Ուտրեխտը, Էյնդհովենը: Մայրաքաղաքն Ամստերդամն է, իսկ խորհրդարանի և կառավարության նստավայրը՝ Հաագան: Գլխավոր նավահանգիստ Ռոտերդամն աշխարհում ամենամեծն է և Արևմտյան Եվրոպայի ծովային դարպասը: Ամեն տարի Ռոտերդամի նավահանգիստ են ժամանում 30 հզ. ծովային նավեր (նավահանգիստը միաժամանակ կարող է ընդունել 375 նավ): Ցամաքի խորքային շրջանների հետ կապված է Հռենոսի և Մոզելի վրայով անցնող ջրային ուղիներով, երկաթուղային և խճուղային ճանապարհներով, նավթամուղներով: 
Նիդեռլանդներն օգտակար հանածոներով հարուստ չէ: Հյուսիսային ծովի նիդեռլանդական ափին է գտնվում գազի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը՝ Սլոխտերենը: Երկրի գրեթե ողջ արդյունաբերությունն աշխատում է ներմուծվող հումքի հաշվին: Զարգացած են նավաշինությունը, հաստոցաշինությունը, քիմիական արդյունաբերությունը: Հայտնի են Նիդեռլանդներում արտադրվող համակարգիչները, հեռուստացույցները, ռադիոսարքերը, բժշկական սարքերն ու սարքավորումները, որոնք արտահանվում են տարբեր երկրներ: 
Նիդեռլանդներում զբաղվում են տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ: Մշակում են ցորեն, շաքարի ճակնդեղ, կտավատ, կարտոֆիլ և ծաղիկներ: Հատկապես զարգացած է ծաղկաբուծությունը: Այստեղ աճեցնում են վարդկակաչ, հողմածաղիկ, նարգիզ, իսկ պատվաստման միջոցով՝ վարդ, մեխակ, ոսկեծաղիկ: Ալսմեր քաղաքում է գտնվում ծաղիկների վաճառքի աշխարհում ամենամեծ աճուրդը, որտեղ տարեկան վաճառվում է 1 մլրդ-ից ավելի վարդ: Հոլանդական ծաղիկներն արտահանվում են շուրջ 140 երկիր, այդ թվում՝ Հայաստան: 
Հոլանդիան հարուստ մշակույթով երկիր է, աչքի է ընկնում գիտական, առողջապահական, կրթական զարգացած համակարգով: Համաշխարհային ճանաչում ունեն գեղանկարիչներ Ռեմբրանդը, Վան Էյքը, Վան Գոգը, Վան Դեյքը, Կարել Ֆաբրիցիուսը, Պիտեր Բրեյգելը, Հերոնիմոս Բոսխը, հումանիստ-գիտնական Էրազմ Ռոտերդամցին, ժամանակակիցներից` կինոռեժիսոր Գեռիտ վան Դեյքը, ճարտարապետ Մատիս Բոուն և ուրիշներ: Հոլանդացի բանաստեղծ և դրամատուրգ Յոստ վան դեն Վոնդելի «Լյուցիֆեր» ողբերգությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Մեծ է Նիդեռլանդների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում՝ ի դեմս Վիլեմ Բարենցի և Աբել Թասմանի: 
Հոլանդիայում են ստեղծվել առաջին ոսպնյակներն ու մանրադիտակները: 

Հայերը Նիդեռլանդներում 

Հայերը Նիդեռլանդներում սկսել են բնակություն հաստատել XVII դարի սկզբին: Շուրջ 70 հայ ընտանիքներ (հիմնականում՝ թանկարժեք քարերի և մետաքսի վաճառականներ) բնակվում էին Ամստերդամում: 1660 թ-ին Մատթեոս Ծարեցին Ամստերդամում հիմնել է հայկական տպարան, որը 1664 թ-ից ղեկավարել է Ոսկան Երևանցին: 1666 թ-ին այդ տպարանում իրականացվել է Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը: 1695 թ-ին Ամստերդամի մի այլ հայկական տպարանում առաջին անգամ տպագրվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»: 1714 թ-ին կառուցվել է հայկական Սուրբ Հոգի եկեղեցին (վերաօծվել է 1989 թ-ին): Հետագա տասնամյակներին Նիդեռլանդների հայ գաղութն անկում է ապրել: Համայնքը վերստին կյանքի է կոչվել նոր ժամանակներում, երբ 1950–80-ական թվականներին այդտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Հունաստանից տեղափոխված հայեր: 1990-ական թվականներին եկել են նաև Իրաքից, Ռուսաստանից և Հայաստանից: Ներկայումս Նիդեռլանդներում բնակվում է շուրջ 7 հզ. հայ: Զբաղվում են առևտրով, արհեստներով, կան ձեռնարկատերեր, ճարտարագետներ, բժիշկներ: 
Գործում են 2 հայկական առաքելական եկեղեցիներ՝ Ամստերդամում և Ալմելոյում: Հայ երեխաները հնարավորություն ունեն մայրենի լեզուն սովորել հոլանդական դպրոցներում (պետական որոշմամբ թույլատրվել է դպրոցներ հրավիրել հայերենի ուսուցիչների): Հոլանդահայ համայնքում գործում են մի քանի մշակութային ընկերություններ («Արարատ», «Երևան», «Սևան», «Անի», «Մասիս» և այլն), որոնցից Հոլանդահայ Աբովյան միությունն իր բաժանմունքներն ունի Հաագայում, Լեյդենում, Ռոտերդամում: Գործում է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների «Ապրիլի 24» համադաշնությունը: Լեյդենի համալսարանում կա հայագիտության ամբիոն:

ՍԼՈՎԱԿԻԱ 2004 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Բրատիսլավա 
Տարածքը՝ 49 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 5,4 մլն 
Պետական լեզուն՝ սլովակերեն 
Դրամական միավորը՝ սլովակյան կրոն 
 Սլովակիայի Հանրապետություն 
Սլովակիան պետություն է Կենտրոնական Եվրոպայում: Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արևմտյան Կարպատներում: Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները, և այլ լեռնաշղթաներ: 
Ընդերքում կան երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի, բազմամետաղների հանքավայրեր:  
Դաշտավայրերն զբաղեցնում են փոքր տարածություններ: Լեռները հիմնականում անտառապատ են: Կենդանիներից տարածված են արջը, գայլը, լուսանը, աղվեսը, կզաքիսը, կնգումը, եղջերուն, գետակինճը, այծյամը, սկյուռը: Վագ, Նիտրա, Գրոն, Օնդավա գետերը հարուստ են ձկներով: 
Սլովակիայի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից: XI դարում Սլովակիան ընդգրկվել է Հունգարական թագավորության կազմի մեջ, XIII–XIV դարերում այն գաղութացրել են գերմանացիները: XVI դարի կեսին երկրի մեծ մասը զավթել է Օսմանյան կայսրությունը, մնացած մասն անցել է Ավստրիային, իսկ ավստրո-թուրքական պատերազմից (1683–99 թթ.) հետո Ավստրիային է միացվել նաև Հարավային Սլովակիան: 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18թթ.) ավարտին` Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո, 1918 թ-ին Սլովակիան ընդգրկվեց Միասնական Չեխոսլովակյան պետության մեջ, իսկ 1919 թ-ի հունիսին կարճատև ժամանակով առանձնացավ: 1938թ-ին երկրի հարավային մասերը միացվեցին Հունգարիային, իսկ 1939թ-ի մարտի 14-ին դարձավ ինքնուրույն պետություն՝ Գերմանիայի «պահպանության» ներքո: Սակայն երբ 1945 թ-ին խորհրդային զորքերը մտան Սլովակիա, այն կրկին միացավ Չեխիային, իսկ 1969 թ-ին Չեխոսլովակիան հռչակվեց չեխերի և սլովակների դաշնային պետություն՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն: Արևելյան Եվրոպայի երկրներում սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո, 1992 թ-ի դեկտեմբերի 31-ին ընդունված օրենքով, Չեխոսլովակիան բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի: 
Սլովակիայի բնակչության գրեթե 90 %-ը սլովակներ են: 
Խոշոր քաղաքներն են Բրատիսլավան, Կոշիցեն, Պրեշովը, Ժիլինան: 
Սլովակիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Արդյունաբերական գլխավոր կենտրոններն են Բրատիսլավան և Կոշիցեն: Հանքային լեռների՝ երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի և բազմամետաղային հարուստ հանքավայրերի հիմքի վրա զարգացել են մետաղաձուլությունն ու մեքենաշինությունը: Կան նաև նավթավերամշակման, նավթաքիմիական, քիմիական, փայտամշակման, մանածագործական, շինանյութերի և այլ ձեռնարկություններ: Մշակում են հացահատիկային բույսեր, ձիթատուներ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Զարգացած են այգեգործությունը, պտղաբուծությունը, մսակաթնատու անասնաբուծությունը: 
Սլովակիայի տարածքում պահպանվել են թրակիացիների, սկյութների, կելտերի, գերմանների, հին սլավոնների և այլ ցեղերի մշակույթի նմուշներ: 
Սլովակիայում հայտնի են գյուտարարներ Յո. Մուրգաշը, Ս. Պանիչը, Յո. Հելլին, քաղաքական գործիչ Ալ. Դուբչեկը, տիեզերագնաց Ի. Բելլան և ուրիշներ: 

Հայերը Սլովակիայում 

Սլովակիայում առաջին հայ ընտանիքները հաստատվել են XVII դարի կեսին, սակայն հայ համայնքը կազմավորվել է վերջին շրջանում, որը պաշտոնական գրանցում է ստացել 2002 թ-ին: Ներկայումս Սլովակիայում բնակվում է ավելի քան 500 հայ՝ հիմնականում Բրատիսլավայում: Զբաղվում են գլխավորապես առևտրով, արհեստներով: 
Սլովակիայի խորհրդարանը 2004 թ-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:

ԼԵՀԱՍՏԱՆ 2005 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Վարշավա 
Տարածքը՝ 312,7 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 38,5 մլն 
Պետական լեզուն՝ լեհերեն 
Դրամական միավորը՝ զլոտի 
 Լեհաստանի Հանրապետություն 
Լեհաստանը գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Բալթիկ ծովի ափին: Երկիրը տեղաբաշխված է Վիսլա և Օդրա (Օդեր) գետերի ավազանում: Այս գետերով է մի ժամանակ անցել հայտնի «սաթի ճանապարհը», որով վաճառականներն Արևելք են տարել Բալթիկ ծովի ափերից հավաքած սաթն ու այնտեղ փոխանակել այլ ապրանքների հետ: 
Լեհաստանը հիմնականում հարթավայրային երկիր է: Հարավում բարձրանում են Սուդետներ և Կարպատներ լեռները, Սիլեզյան, Լյուբլինյան և Փոքր Լեհական բարձրությունները: Ամենաբարձր և գեղատեսիլ լեռները Տատրաներն են, որոնց հյուսիսային ստորոտին է գտնվում Զակոպանե քաղաքը՝ Լեհաստանի «ձմեռային մայրաքաղաքը»: Շեշտակի դեպի երկինք խոյացող գագաթները, խորունկ կիրճերը, լեռնային լճերն ու ջրվեժներն այստեղ են բերում լեռնագնացների, լեռնադահուկորդների, քարանձավախույզների: 
Լեհաստանը հարուստ է օգտակար հանածոներով: Այն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը պղնձի և ծծմբի պաշարներով, իսկ Եվրոպայում՝ քարածխի, գորշ ածխի, քարաղի, բազմամետաղների պաշարներով: Քարածխով հատկապես հարուստ է Սիլեզիան: Միմյանց հաջորդող փոքրիկ քաղաքները մարգարտաշարի նման գոտևորում են հանքաշխարհի կենտրոն Կատովիցեն: Դրանք տառացիորեն կառուցված են ածխաշերտերի վրա: 
Կլիման բարեխառն ցամաքային է. ձմեռը տևական է, սառնամանիքային, ամառը՝ շոգ: Լեհաստանի ամենամեծ գետը՝ Վիսլան, սկիզբ է առնում Սիլեզյան Բեսկիդներից (Արևմտյան Կարպատներ) և հոսում է դեպի հյուսիս՝ կտրել-անցնելով ամբողջ երկիրը: 
Լեհաստանում կա ավելի քան 9 հզ. լիճ, որոնք փոքր են և շրջապատված են ճահիճներով: Դրանք հատկապես շատ են Վարիում ու Մազուրիայում: Այդ գեղատեսիլ երկրամասն այդպես էլ կոչվում է՝ 3 հզ. լճերի երկիր: Դեպի հարավ և հյուսիս, լճերի գոտուց այն կողմ, տարածվում են ցածրավայրերը: 
Երբեմնի անտառապատ տարածությունները խիստ կրճատվել են: Անտառները պահպանվել են միայն արևելքում և զբաղեցնում են երկրի տարածքի 27%-ը: Խառնանտառներին անվանում են թավուտներ. դրանց մեծ մասը վերածվել է պահպանվող տարածքների (650 արգելոց և 14 ազգային պարկ): 
Լեհական հողերում վաղուց ի վեր ապրել են արևմտյան սլավոնները: Առաջին պետությունն այստեղ կազմավորվել է ավելի քան 1000 տարի առաջ: Ըստ ավանդության՝ իշխան Լյախը պետության մայրաքաղաքի համար տեղ փնտրելիս բլրի վրա նկատել է սպիտակ արծվի բույն և որոշել քաղաքը հիմնել հենց այդ բլրի վրա: Այդ ժամանակվանից էլ լեհական զինանշանի վրա պատկերվում է սպիտակ արծիվ: Լեհական պետությունը երկար ժամանակ ստիպված է եղել պաշտպանվել գերմանական ասպետների Տևտոնական օրդենից, որը XIV դարում զավթել էր Լեհաստանի բալթյան ափերը: Այժմ էլ ժողովրդի մեջ պահպանվել է 1410 թ-ի Գրյունվալդի ճակատամարտի հիշողությունը, երբ լեհերի, լիտվացիների, ռուսների և չեխերի միացյալ ուժերը (ի դեպ՝ այդ ճակատամարտին մասնակցել է նաև հայկական ջոկատ) ջախջախեցին զավթիչներին: Այնուհետև լեհական պետությունը, որ կոչվում էր Ռեչ Պոսպոլիտա, վերելք ապրեց և հզորացավ: Բայց այդ հզորությունը երկարատև չեղավ: XVIII դարի վերջին ժամանակի 3 խոշոր պետությունները՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան, Լեհաստանի տարածքը բաժանեցին միմյանց միջև: 
Լեհաստանի անկախությունը վերականգնվեց միայն 120 տարի անց, երբ լեհ ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարը պսակվեց հաջողությամբ. Առաջին համաշխարհային պատերազմում թուլացած Ռուսաստանն ու Գերմանիան 1918 թ-ին ճանաչեցին Լեհաստանի անկախությունը: 1939թ-ի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որով սկիզբ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Գերմանիայի հետ համաձայնությամբ՝ Խորհրդային Միությունն իր հերթին գրավեց Լեհաստանի արևելյան մարզերն ու միացրեց Բելառուսին և Ուկրաինային: Լեհական պետությունը կրկին դադարեց գոյություն ունենալ: Նրա տարածքում ստեղծվեցին Օսվենցիմ, Մայդանեկ, Տրեբլինկա և այլ համակենտրոնացման ճամբարներ, որտեղ պատերազմի տարիներին տանջամահ արվեցին միլիոնավոր լեհեր ու այլազգիներ: 
1944-45 թթ-ին խորհրդային բանակի և ԽՍՀՄ-ում կազմավորված լեհական զորքերի համատեղ գործողություններով գերմանական բանակը դուրս մղվեց Լեհաստանից, և լեհ ժողովուրդը կրկին վերականգնեց իր պետականությունը: 
1990-ական թվականների սկզբին, երբ սոցիալիստական հասարակարգն Արևելյան Եվրոպայի երկրներում փլուզվեց, Լեհաստանում վերականգնվեցին ժողովրդավարական կարգերը: 
Ժամանակակից Լեհաստանը զարգացած արդյունաբերական պետություն է: Ընդլայնվել են արդյունաբերության ավանդական ճյուղերը՝ վառելիքաէներգետիկ, տեքստիլ, սննդի: Գործում են խոշոր ձեռնարկություններ, որոնք արտադրում են պողպատ, ալյումին, ցինկ, անագ, պղինձ: Ստեղծվել են նավաշինական, հաստոցաշինական և խողովակաշինական, օդանավաշինական, ավտոմեքենաշինական, ռադիոէլեկտրոնային և քիմիական գործարաններ: 
Բարձր մեքենայացման շնորհիվ էական փոփոխություններ է կրել նաև գյուղատնտեսությունը: Մշակում են տարեկան, ցորեն, գարի, վարսակ, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, վուշ և այլն: 
Լեհաստանը զարգացած գիտության և մշակույթի երկիր է. հանրահայտ են լեհ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը, գրող Հենրիկ Սենկևիչն ու բանաստեղծ Ադամ Միցկևիչը, կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը, ֆիզիկոս Մարի Սկլադովսկայա-Կյուրին և շատ ուրիշներ, որոնց ստեղծագործություններն ու հայտնագործությունները հարստացրել են համաշխարհային գիտությունն ու մշակույթը: 
1964թ-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան դարձավ 700 տարեկան: Այն բաղկացած է 2 քաղաքից՝ Հին (Ստարե Մյաստո) ու Նոր (Նովե Մյաստո): Վիսլայի առափնյա փողոցում կա մի գեղեցիկ ծովահարսի արձան՝ մի ձեռքին՝ վահան, մյուսին՝ սուր: Դա Վարշավայի զինանշանն է, որ պատկերում է քաղաքը պաշտպանող վարշավուհուն: 
Կրակովը քաղաք-թանգարան է: 6 հարյուրամյակ այն եղել է երկրի մայրաքաղաքը: Վիսլայի բարձր ափին բազմել է պարսպապատ մի դղյակ՝ լեհ թագավորների աթոռանիստը: Այստեղ են թաղված նաև Լեհաստանի ազատագրության մարտիկ Թադեուշ Կոստյուշկոն և լեհ մեծ բանաստեղծ Ադամ Միցկևիչը: Կրակովի Յագելոնյան համալսարանն ունի ավելի քան 600 տարվա պատմություն: 
Գդանսկ, Գդինյա և Շչեցին նավահանգիստները երկիրը կապում են աշխարհի հետ: Դրանք միաժամանակ խոշոր նավաշինական կենտրոններ են: 

Հայերը Լեհաստանում 

Տակավին XIV-XV դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ: Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը: Արևելքում Լեհական դիվանագիտության ռահվիրաններն էին Յան Սոբեսկին, Սեֆեր Մուրատովիչը, Շիմոն Պետրովիչը, Ռոմաշկևիչը և ուրիշներ: Դրա շնորհիվ էլ լեհ թագավորները հովանավորել են հայերին՝ նրանց ընձեռելով զանազան արտոնություններ, շնորհել ազգային սովորույթների և կրոնի պահպանության իրավունք: 
Լեհահայերը կառուցել են եկեղեցիներ (կաթոլիկ), հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ: XVII դարում նրանք ունեին տպարան և թատրոն: Լեհահայերը տվել են նշանավոր գիտնականներ (Մելխիոր Ստեֆանովիչ, Սահակովիչ Կասյան, Շիմոն Բեդրոսովիչ, Յակոբ Առաքելովիչ, Ստեփանոս Ռոշքա, Գոգոժ Փիրամովիչը և ուրիշներ), պատմիչներ (Հովհաննես Կամենեցացի, Սիմեոն Լեհացի, Յան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ, Տոմաչ Նարգիլևիչ, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչ, Կայեթան Աբգարովիչ, Ադոլֆ Աբրահամովիչ, Յուզեֆ Նիկորովիչ, Կարոլ Միկուլին և ուրիշներ): Նրանք հիմնականում ապրել են Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Լուցկում, Վոլինում, Ռաշկովում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում և Վարշավայում: XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին մասնատված լեհական հողերում մնացել են փոքրաթիվ, հիմնականում կաթոլիկ հայեր, որոնք աստիճանաբար ձուլվել են: Ներկայումս Լեհաստանում բնակվում է 15-20 հզ. հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: 1980 թ-ից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թ-ից՝ Հայ մշակութային ընկերությունը, որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ:

ԼԻՏՎԱ 2005 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Վիլնյուս 
Տարածքը՝ 65,3 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 3,5 մլն 
Պետական լեզուն՝ լիտվերեն 
Դրամական միավորը՝ լիտ 
Լիտվայի Հանրապետություն 
Մերձբալթյան ամենահարավային պետությունն է, որը կոչում են լճերի և սաթի երկիր: Հանրապետության տարածքում կան 4,5 հզ. մեծ ու փոքր լճեր: Ամենախորը (60մ) Տաուրագնասն է, իսկ ամենամեծը՝ Դրուկշյայը (մոտ 45 կմ2): Դրանք բոլորն էլ սառցադաշտային ծագում ունեն: Լիտվան հայտնի է իր սաթով, որը միլիոնավոր տարիների ընթացքում ասեղնատերև ծառերի խեժից գոյացած դեղին կամ կարմրավուն թեթև քար է: Դրանցից պատրաստում են սքանչելի մանյակներ, ապարանջաններ, վզնոցներ, ճարմանդներ և այլ իրեր: 
Լիտվան գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրում՝ Բալթիկ ծովի հարավարևելյան ափին: Լիտվայի տարածքը գերազանցապես հարթավայրային է՝ ոչ մեծ բարձրություններով և, հաճախ, ճահճոտ ցածրավայրերով: Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնում է Միջինլիտվական դաշտավայրը, որի ամենաբարձր կետը Յուազապիենե լեռն է (292 մ): 
Լիտվան հարուստ է տորֆով, կրաքարով, դոլոմիտով, կավճով, տարբեր կավերով, հայտնաբերվել է նաև նավթ: 
Ամենուր կարելի է տեսնել հնագույն սառցադաշտերի հետքեր՝ խոշոր գլաքարեր, կլորացած ժայռաբեկորներ, ծովային քարակարկառներ: Գրեթե 100 կմ ձգվում է գեղեցիկ ծովափը՝ իր սպիտակին տվող մանրավազ լողափերով ու ավազաթմբերով: Ցամաքի նեղ շերտը՝ Կուրշի ցամաքալեզվակը, որը նույնանուն ծոցը բաժանում է Բալթիկ ծովից, բնության մի եզակի անկյուն է: 
Լիտվայի ամենամեծ գետը Նյամունասն (Նեման) է, որը թափվում է Բալթիկ ծովը: Լիտվան գտնվում է այդ գետի միջին և ստորին հոսանքների ավազանում: Բալթիկ ծովի հարևանությունն իր կնիքն է դրել երկրամասի կլիմայի վրա. այն բարեխառն անցումային է՝ ծովայինից ցամաքայինի: Ծովի մոտիկությունը, արևմուտքից փչող տաք քամիները մեղմում են ձմռան սառնամանիքները: Ամառն այստեղ հաճախ թխպոտ ու անձրևային է: 
Լիտվայի տարածքի գրեթե 1/4-ն անտառներ են: Այստեղ կան եղջերու, որմզդեղն, այծյամ, աղվես, ճագար, վարազ, գայլ, լուսան, կզաքիս, սկյուռ և այլն: Հարևան Բելովեժյան թավուտից այստեղ է թափանցել նաև վայրի ցուլը: Անտառները լի են զանազան թռչուններով: Գետերում ու լճերում կան տարբեր ձկնատեսակներ՝ բրամ, գայլաձուկ, պերկես, օձաձուկ, կարմրախայտ, ապրում է նաև կուղբ, որն ունի թանկարժեք մորթի: 
XIII դարի 1-ին կեսին կազմավորվել է ավատատիրական Լիտվական իշխանությունը, որն իր գոյության սկզբից պայքարի մեջ է մտել գերմանական ասպետական օրդենների հետ, որոնք ձգտում էին նվաճել մերձբալթյան հողերը: Հաղթելով այդ օրդեններին՝ Լիտվական իշխանությունը մեծ վերելք ապրեց, բայց արդեն 1569 թ-ին այն միավորվեց Լեհաստանի հետ՝ կազմելով Ռեչ Պոսպոլիտա միացյալ պետությունը: Ավելի ուշ` XVIII դարի վերջին, այդ պետական միավորման քայքայումից հետո Լիտվայի մեծ մասը մտավ Ռուսական կայսրության մեջ: 
Լիտվական նոր պետականության կազմավորումը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին. 1918 թ-ի փետրվարին, օգտվելով ռուս-գերմանական հակամարտությունից, Լիտվան մի կարճ ժամանակ իրեն անկախ հռչակեց, սակայն արդեն 1940 թ-ի հուլիսին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում կրկին կորցրեց պետական անկախությունը՝ դառնալով ԽՍՀՄ միութենական հանրապետություններից մեկը: Իր նոր պետականությունը Լիտվան ձեռք բերեց արդեն մեր օրերում՝ 1990 թ-ի փետրվարի 24-ին` համաժողովրդական հանրաքվեի միջոցով դուրս գալով փլուզվող ԽՍՀՄ-ի կազմից: 
Լիտվայի հիմնական բնակչությունը լիտվացիներն են: Այստեղ ապրում են նաև ռուսներ, լեհեր, բելառուսներ, հրեաներ, հայեր և այլք: 
Տնտեսությունը հարմարեցված է երկրի բնական պայմաններին: Մետաղաձուլության բացակայության պատճառով և աշխատուժի բարձր որակավորման շնորհիվ այստեղ զարգացել են արդյունաբերության ոչ մետաղատար, այլ աշխատատար և գիտատար ճյուղերը, օրինակ՝ էլեկտրոնային, էլեկտրա- և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, հաշվողական տեխնիկայի արտադրությունը, սարքա- և հաստոցաշինությունը: Արդյունաբերության ավանդական ճյուղերից է փայտամշակումը. արտադրում են կահույք, ստվարաթուղթ, թուղթ և այլն: Զարգացած են նաև նավաշինությունն ու քիմիական արդյունաբերությունը, արտադրվում են գործվածքներ, հագուստ, կոշիկ: 
Լիտվայի գյուղատնտեսությունը բազմաճյուղ է. մշակում են գարի, ցորեն, շաքարի ճակնդեղ, վուշ, կանեփ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր: Բայց հիմնականը անասնաբուծությունն է, որի արտադրանքը վերամշակվում է տեղում: 
Աչքի է ընկնում սննդի արդյունաբերությունը, հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը: 
Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի ձկնորսությունը: Նրա ձկնորսանավերը Կլայպեդա նավահանգստից դուրս են գալիս Բալթիկ ծով ու Ատլանտյան օվկիանոսի շատ շրջաններ: 
Նեմանի ամենամեծ վտակի՝ Նյարիսի ափին փռված է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը: 
Վիլնյուսից 100 կիլոմետր արևմուտք, որտեղ Նյարիսը թափվում է Նեման գետը, գտնվում է Լիտվայի նախկին մայրաքաղաքը՝ Կաունասը, որի հին թաղամասերը հիշեցնում են միջնադարյան թանգարան: 
Կլայպեդան հանրապետության ծովային դարպասն է: Այստեղ է գտնվում «Բալթիա» խոշորագույն նավաշինական գործարանը: 
Լիտվան հայտնի է նաև առողջարանային վայրերով: Պալանգա ծովափնյա քաղաքում, մանրավազ լողափերին, ամեն տարի հանգստանում են հազարավոր մարդիկ: Լայնորեն հայտնի է նաև Դրուսկինինկայ առողջարանային քաղաքը, որտեղ հիվանդներին բուժում են ցեխաբուժությամբ, հանքային ջրերով ու ասեղնատերև անտառների կազդուրիչ օդով: 
Լիտվայում հատկապես շատ են սիրում խմբերգային երգեցողությունը: Մեծ ժողովրդականություն են վայելում ազգագրական անսամբլները: Մայրաքաղաք Վիլնյուսում 5 տարին մեկ անցկացվող երգի ավանդական փառատոներին, որոնք սկիզբ են առել 1924 թ-ից, մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: 

Հայերը Լիտվայում 

Դեռևս միջնադարում, թուրք-սելջուկների կողմից Անիի բռնազավթումից հետո, բազմաթիվ գաղթական հայեր են այս եզերք հասել և հաստատվել լեհ-լիտվական միացյալ պետության մեջ: Հիշատակություն կա, որ գերմանական ասպետների դեմ 1410 թ-ի Գրյունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական դաշնակից զորքերի կազմում կռվել է նաև հայկական ջոկատ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ մասնակցել են Լիտվայի տարածքում մղված մարտերին: Գերմանական զորքերը Լիտվայից դուրս մղելու գործում մեծ է հատկապես հայ զորավար, ռազմաճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի դերը: 
Հայ-լիտվական մշակութային կապերը նույնպես երկարամյա պատմություն ունեն: Դրանք սկիզբ են առել XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ ու ակնարկներ: Այնուհետև այդ կապերը սերտացան հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գրողների և արվեստագետների փոխայցելություններով, նրանց ստեղծագործությունների թարգմանություններով ու գրական-գեղարվեստական համատեղ հանդեսներով: Լիտվերեն լույս են տեսել Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Նար-Դոսի, Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից: 
Ներկայումս Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ՝ հիմնականում Վիլնյուսում և Կաունասում: 1988 թ-ին գրանցվել է «Գարուն» հայ մշակութային միությունը, 1992 թ-ին ստեղծվել է Լիտվա-հայկական ընկերությունը: Հայկական կիրակնօրյա դպրոցներ են գործում Վիլնյուսում, Կաունասում, Վիսագինասում:

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ 2005 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Կարակաս 
Տարածքը՝ 916,5 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 27,2 մլն 
Պետական լեզուն՝ իսպաներեն 
Դրամական միավորը՝ բոլիվար 
Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն
Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ: 
Երկրի ռելիեֆը խիստ բազմազան է: Այստեղ են գտնվում Անդերի հյուսիսարևելյան լեռնաճյուղերը՝ Սիեռա դե Պերիխա, Կորդիլիերա Մերիդա (առավելագույն բարձրությունը՝ 5007 մ, Բոլիվար լեռ): Կենտրոնում Օրինոկոյի դաշտավայրն է, հարավում՝ Գվիանական սարահարթը: Ընդերքը հարուստ է նավթի և գազի պաշարներով, կան նաև երկաթի, մանգանի, ալմաստի, ոսկու, նիկելի, վոլֆրամի հանքավայրեր: 
Կլիման երկրի գրեթե ողջ տարածքում մերձհասարակածային է: Ջրագրական ցանցը կազմում է Օրինոկոն՝ իր վտակներով. ձախակողմյան վտակները հարթավայրային են, նավարկելի, աջակողմյանները՝ արագահոս, սահանքավոր, և առաջացնում են բազմաթիվ ջրվեժներ: Չուրուն վտակի վրա է գտնվում Անխել ջրվեժը (1054 մ, ամենաբարձրն աշխարհում): Տարածքի 53 %-ը ծածկված է մշտադալար անտառներով, Օրինոկոյի դաշտավայրն զբաղեցնում են սավաննաները, որոնք այստեղ կոչվում են լյանոս: Լեռներում լավ արտահայտված է բարձունքային գոտիականությունը: Վենեսուելայի ծոցի շուրջը կան կռզիների նոսրանտառներ: 
Կենդանական աշխարհը հարուստ է. կան կապիկներ, եղջերուներ, մրջնակերներ, զրահակիրներ, կատվառյուծներ, զանազան թռչուններ: Գետերն առատ են ձկներով: 
Վենեսուելայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր: 1498թ-ին երկրի ափերը հայտնաբերել է Ք. Կոլումբոսը: 1499թ-ին իսպանացիները, նկատելով ջրի մեջ կանգնած ցցաշենքերը, երկիրն անվանել են Վենեսուելա (Փոքր Վենետիկ): XVI դարի սկզբին իսպանացի նվաճողները (կոնկիստադորներ) սկսել են երկրի գաղութացումը: 1811թ-ին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում, Վենեսուելան անկախություն նվաճեց (առաջին հանրապետություն), որը սակայն 1812թ-ին տապալվեց: 1813թ-ին անկախության պատերազմի ղեկավարներից մեկի՝ Սիմոն Բոլիվարի գլխավորությամբ ստեղծվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը, որը նույնպես կործանվեց: Վենեսուելան վերջնականապես անկախություն ձեռք բերեց 1830թ-ին: 
Երկրի հիմնական բնակիչները վենեսուելացիներն են, բնակվում են նաև վարաու, չիբչա, կարիբ, արավակ հնդկացիական ցեղեր: Շատ են եվրոպացիները: 
Խոշոր քաղաքներն են Կարակասը, Մարակաիբոն, Վալենսիան: 
Տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Կան մետաղաձուլական, քիմիական, սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են երկրի հողերի 2 %-ը: Մշակում են կակաո, սրճենի, շաքարեղեգ, բրինձ, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն:

ԳԵՐՄԱՆԻԱ 2005 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Բեռլին 
Տարածքը՝ 357 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 82,7 մլն 
Պետական լեզուն՝ գերմաներեն 
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ գերմանական մարկ) 
 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 
Գերմանիան աշխարհի խոշոր տերություններից է, «Մեծ ութնյակի» երկրներից մեկը: 
Հնագույն ժամանակներից Գերմանիայի տարածքում ապրում էին գերմանական ցեղերը: IV դարում այստեղ բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացիները, թյուրվեգացիները, ֆրիզները և այլն: VI–VIII դարերում տարածքը նվաճեցին ֆրանկները, ինչն ուղեկցվում էր քրիստոնեության տարածմամբ: Կարոլինգների կայսրության անկումից հետո Արևելաֆրանկական թագավորության կազմում սկսվեց գերմանական մարզերի պետական առանձնացումը, որը X դարում ավարտվեց Գերմանական պետության ձևավորմամբ: 
962թ-ին Օտտոն I կայսրը նվաճեց Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան, և ձևավորվեց Հռոմեական սրբազան կայսրությունը: X–XV դարերում Գերմանիային հաջողվեց գրավել նաև սլավոնական ու մերձբալթյան ժողովուրդների հողերը: Սակայն տարբեր ժողովուրդների ազատագրական պայքարը, 1524–26թթ-ի Գյուղացիական և 1618–48թթ-ի Երեսնամյա պատերազմները քայքայեցին պետությունը, և այն մասնատվեց 300 պետություն-իշխանությունների: 1806 թ-ին Նապոլեոնի հովանավորությամբ Գերմանիայի արևմտյան մասում ստեղծվեց Հռենոսյան միությունը: Ռուսաստանում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո Վիեննայի Կոնգրեսի որոշմամբ ստեղծվեց Գերմանիայի միությունը, որտեղ ղեկավար դեր էր խաղում Ավստրիան: Այնուհետև հզորացած Պրուսիային հաջողվեց վերամիավորել պետությունը, և 1871թ-ին Վերսալում հռչակվեց Գերմանիայի կայսրությունը՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ: 1914թ-ին Գերմանիան սկսեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը ավարտվեց ավստրո-գերմանական ռազմական դաշինքի պարտությամբ: 1933թ-ին Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա՝ Ա. Հիտլերի գլխավորությամբ: 1938թ-ին ֆաշիստական Գերմանիան գրավեց Ավստրիան, ապա` Չեխոսլովակիան, 1939թ-ին սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941թ-ին հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պարտված Գերմանիայի արևմտյան մասը գրավեցին հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ արևելյան մասը՝ Խորհրդային Միությունը, Գերմանիան բաժանվեց 2 մասի՝ Արևմտյան կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Արևելյան կամ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության: 1990թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ գերմանական 2 պետությունների խաղաղ վերամիավորումը: Իսկ պետությունը դաշնային է կոչվում, քանի որ բաղկացած է 16 երկրամասից, որոնցից են Բավարիան, Բադեն Վյուրտեմբերգը, Բեռլինը, Բրանդենբուրգը, Բրեմենը, Համբուրգը, Հեսսենը, Թյուրինգիան, Սաքսոնիան և այլն: 
Գեղեցիկ է Գերմանիայի բնությունը: Եթե շարժվելու լինենք երկրի հյուսիսից հարավ, ապա դա մի տեսակ վերընթաց ճանապարհ կլինի՝ հարթավայրերից դեպի Արևելյան Ալպերի ձյունածածկ բարձր գագաթները: Լեռնազանգվածներն անտառապատ են ու շատ հրապուրիչ, և ամենևին էլ պատահական չէ, որ այստեղ է կենտրոնացած բնապահպանական արգելոցների մեծ մասը: Ուշագրավ է, որ, լեռների անտառապատվածության հետ կապված, Գերմանիայում լեռ և անտառ բառերը գործածվում են որպես հոմանիշներ: 
Գերմանական լեռների մեծ մասն անվանվում է անտառ. օրինակ՝ Բավարական անտառ, Չեխական անտառ, Շվարցվալդ (գերմաներեն շվարց՝ սև, և վալդ՝ անտառ): Բավարական անտառը հայտարարված է ազգային պարկ: Այս հիասքանչ լեռներում ու անտառներում է անցկացնում իր հանգիստը Գերմանիայի բնակչության մեծ մասը: 
Օգտակար հանածոներից հատկապես մեծ նշանակություն ունեն Ռուրի, Սաարի քարածխի ու Քյոլնի գորշ ածխի, ինչպես նաև կալիումական ու կերակրի աղի, ուրանի, բազմամետաղների պաշարները: 
Չնայած տարածքի մեծությանը՝ հյուսիսային ցածրադիր ու հարավային բարձրադիր մասերի կլիմայական տարբերությունները զգալի չեն: Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Հռենոսը, Էլբան, Մայնը, որոնք մեծ մասամբ նավարկելի են: Լճերից առավել խոշորը Բոդենն է: 
Գերմանիան իր տնտեսական-արտադրական հզորությամբ աշխարհի երրորդ պետությունն է ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Արդյունաբերությունը բազմաճյուղ է՝ բարձրակարգ տեխնիկայով հագեցած: 
Գերմանիայի արդյունաբերության առաջատար և ամենահզոր ճյուղը մեքենաշինությունն է: Երկրի տարածքում գործում են 78 հզ. մեքենաշինական ձեռնարկություններ, թողարկում են 17 հզ. տեսակի արտադրանք (ծանր սարքավորումներ, հաստոցներ, լոկոմոտիվներ, նավեր, պոլիգրաֆիական մեքենաներ, էլեկտրատեխնիկական, ճշգրիտ օպտիկական սարքեր, ավտոմոբիլներ, գյուղատնտեսական մեքենաներ, ԷՀՄ-ներ, օդանավեր, աերոտիեզերական ու հրթիռային տեխնիկա և այլն): Խոշորագույն միավորումներն են՝ «Դայմլեր Բենց», «Բոշ», «Պորշե» (Շտուտգարտ), «ԲՄՎ» (BMW), «Սիմենս» (Մյունխեն) և այլն: 
Զարգացած են նաև քիմիական, սև ու գունավոր մետաղաձուլության, վառելիքաէներգետիկ (ածխի հանույթով Գերմանիան աշխարհում գրավում է 5-րդ տեղը), թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերը: 
Բոլորին հայտնի են գերմանական շոկոլադը, ծխախոտը, գարեջուրը, գինին: Արտադրվում է մոտ 4 հզ. տեսակի գարեջուր. մեծ համբավ ունի հատկապես բավարականը, հայտնի են նաև հռենոսյան գինիները: 
Գյուղատնտեսության մեջ առաջնակարգը անասնապահության կաթնամսատու ուղղությունն է: Մշակում են հացահատիկային բույսեր, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, բանջարեղեն և այլն: Զարգացած են նաև պտղաբուծությունն ու այգեգործությունը: 
Գերմանական յուրաքանչյուր քաղաք հայտնի է որևէ առանձնահատկությամբ: Օրինակ՝ Մայսենը հռչակված է իր ավելի քան 800-ամյա ճենապակու գործարանով, Ենան՝ «Կարլ Ցեյս» գործարանով, որը թողարկում է բարձրորակ հեռադիտակներ, մանրադիտակներ և աստղացուցարանի հատուկ սարքեր, Դրեզդենը բարոկկոյի մարգարիտն է՝ իր պատկերասրահներով, թանգարաններով ու պալատներով, Լայպցիգը հայտնի է իր ամենամյա գարնանային համաշխարհային տոնավաճառներով, Քյոլնը հռչակված է իր եկեղեցիներով, տաճարներով, թանգարաններով, Մայնի Ֆրանկֆուրտը արվեստների քաղաք է, հայտնի` ամենամյա գրքի միջազգային տոնավաճառով, Մայնցը հայտնի է ոչ միայն Եվրոպայի ամենախոշոր ԷՀՄ-ների գործարանով, այլև Գուտենբերգի թանգարանով (այստեղ տպագրական շարվածքի գյուտարար Յոհան Գուտենբերգը հիմնել է աշխարհում առաջին տպարանը), Նյուրնբերգում 1946թ-ին տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործների դատավարությունը: Այստեղ է անցկացվում խաղալիքների միջազգային տոնավաճառը, որն իր տեսակի մեջ եզակի է: 
Գերմանիան շատ անվանի մարդկանց հայրենիքն է. ֆիզիկոսներ Գ. Օհմ, Հ. Հերց, Ա. Էյնշտեյն, քիմիկոս Յու. Գլաուբեր (նրա անունով է կոչվում գլաուբերյան աղը) և այլք: Գերմանիան մեծ ներդրում ունի աշխարհագրական և քարտեզագրական գիտելիքների բնագավառում. Մ. Բեհայմը 1492 թ-ին ստեղծել է աշխարհում առաջին գլոբուսը, համաշխարհային ճանաչում են ստացել Ա. Հումբոլդրի ճանապարհորդությունները: Գերմանական դասական փիլիսոփայությունն սկսվում է Ի. Կանտով, շարունակվում Գ. Հեգելով, ավարտվում Լ. Ֆոյերբախով: Գերմանիան հարուստ գրական ժառանգություն ունի. այն տվել է Վ. Գյոթե, Ֆ. Շիլլեր, Հ. Հայնե, Է. Ռեմարկ: Ազգային երաժշտական մշակույթի ձևավորման գործում բացառիկ մեծ դեր են խաղացել Յո. Բախի, Գ. Հենդելի, Ֆ. Մենդելսոնի, Ռ. Շումանի, Ռ. Վագների ստեղծագործությունները: 
Սկսած XIX դարի սկզբից` գերմանական գիտնականները հետաքրքրվել են հայերով ու Հայաստանով: Ուշագրավ է, որ միջնադարյան հայ բժիշկ և բնագետ Մխիթար Հերացուն առաջինն աշխարհին ներկայացրել է գերմանացի բժիշկ Էռնստ Զայդելը, իսկ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի նշանավոր երկրաբան Հերման Աբիխը: Գերմանական գիտնականներ Հյուբշմանը, Լեման-Հաուպտը, Մարկվարտը և ուրիշներ մեծ ծառայություն են մատուցել հայագիտությանը, իսկ Յոզեֆ Ստրժիգովսկին «աշխարհի աչքերը բացեց» հայ ճարտարապետության առանձնահատկության վրա: 

Հայերը Գերմանիայում 

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գերմանական համալսարաններում (Մյունխեն, Վայմար, Ենա, Բեռլին, Հայդելբերգ և այլն) կրթություն էին ստանում բազմաթիվ հայ ուսանողներ, որոնցից շատերը հետագայում դարձան հայ մշակույթի և գիտության ականավոր գործիչներ: Ի դեպ՝ Գերմանիայի երաժշտանոցներում է կրթվել նաև մեծանուն երգահան Կոմիտասը: 
1921թ-ի մարտի 15-ին ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում ահաբեկեց հայերի ցեղասպանության կազմակերպիչներից Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1922 թ-ի ապրիլի 17-ին ժողովրդական վրիժառուներ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին երիտթուրքերի պարագլուխներից մեկին՝ Բեհաէդդին Շաքիրին, և Տրապիզոնի հայերի դահիճ Սայիդ Հալիմին: 
Արդեն 1930-ական թվականներին հայերի թիվը Գերմանիայում հասնում էր 600–700-ի: Ներկայումս նրանց թիվը 30 հզ. է, որոնք հիմնականում ապրում են Մյունխենում, Քյոլնում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում: Նրանք հիմնականում լիբանանահայեր, թուրքահայեր և իրանահայեր են, որոնց անապահով կյանքը բերել հասցրել է այդ օտար ափերը: 1920թ-ից գործում է Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինը, 1977թ-ից Մյունխենում` Հայկական հարցերի հաստատությունը, 1982 թ-ից Ախենում՝ Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպությունը, 1985թ-ից Բեռլինում՝ Հայկական տեղեկատվության և փաստագրության, 1989թ-ից՝ Բոխումի համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնները: Բեռլինի հայ համայնքն ունի իր ակումբը՝ Հայ տունը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց: Այս համայնքը մեծ օգնություն ցույց տվեց Հայաստանին` 1988թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դեղեր, բժշկական սարքեր ու սննդամթերք ուղարկելով աղետյալներին, իսկ գերմանական հայտնի «Բուրդա» ֆիրմայի մասնակցությամբ Գյումրիում կառուցվեց պոլիկլինիկա: 
Շտուտգարտում տեղի հայերի ջանքերով քաղաքի գերեզմանատանը կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին ամեն տարի ապրիլի 24-ին այցի են գալիս հարյուրավոր գերմանահայեր: 
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կազմավորվել է 1991 թ-ին, որից հետո նկատելիորեն ակտիվացել է հայ ազգային կյանքը, 1998 թ-ին օծվել է Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցին:

ՉԻԼԻ 2007 
Պետական կարգը՝ հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ Սանտյագո 
Տարածքը՝ 756,1 հզ. կմ2 
Բնակչությունը՝ 16,5 մլն 
Պետական լեզուն՝ իսպաներեն 
Դրամական միավորը՝ չիլիական պեսո 
Չիլիի Հանրապետություն 

Չիլին պետություն է Հարավային Ամերիկայի հարավ-արևմուտքում: Խաղաղ օվկիանոսի ափով 4300 կմ երկարությամբ ձգվում է հյուսիսից հարավ: 
Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Անդյան լեռները, որոնք առաջացնում են երկայնակի ձգվող 3 գոտի՝ Գլխավոր Կորդիլիերա, Առափնյա Կորդիլիերա և նրանց միջև գտնվող միջլեռնային իջվածքը` Երկայնակի հովիտը: Հարավում և արևելքում են Պատագոնիայի և Հրո Երկիր հարթավայրերը, հյուսիսում՝ Ատակամա անապատը: Անդերի առանձին գագաթներ ունեն ավելի քան 6000 մ բարձրություն (առավելագույնը՝ 6880 մ՝ Օխոս դել Սալադո լեռ) և ծածկված են սառցադաշտերով: Չիլին գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը: Ընդերքում կան մոլիբդենի, պղնձի, ծծմբի, երկաթի, մանգանի, նավթի, գազի, ածխի պաշարներ: 
Հյուսիսից հարավ մեծ ձգվածության պատճառով կլիման բազմազան է. հյուսիսում արևադարձային է, անապատային, միջինում՝ չոր մերձարևադարձային, հարավում՝ ծովային: Գետերը կարճ են, ոչ ջրառատ. առավել նշանավոր են Լոան, Ուասկոն, Լիմարին, Բիո Բիոն: Կան բազմաթիվ լճեր: Արտահայտված է լանդշաֆտի վերընթաց գոտիականությունը: Կենդանիներից կան ագուարաչայ աղվես, վագրակատու, ջրասամույր, ճահճակուղբ, ուղտայծ և այլն: Շատ են թռչունները: 

Չիլիի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիների բազմաթիվ ցեղեր (այմարաներ, չանգոներ և այլք): XV դարում ինկերը հյուսիսում բնակվող ցեղերին տարհանել են դեպի հարավ, իսկ XVI դարի 30-ական թվականներին ներխուժել են իսպանական նվաճողները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1818 թ-ի փետրվարի 12-ին: 

1970թ-ին Չիլիում իշխանության եկավ սոցիալիստ Սալվադոր Ալիենդեն, և երկիրը որդեգրեց զարգացման սոցիալիստական ուղին: Սակայն, դա 1973 թ-ին ընդատվեց գեներալ Ավգուստո Պինոչետի արյունալի խռովությամբ, որին զոհ գնացին հարյուրավոր քաղաքացիներ, և ինքնասպան եղավ նախագահ Ալիենդեն: Պինոչետի վարչակարգի գոյության 17 տարվա ընթացքում տնտեսության մեջ իրականացվեցին արմատական փոփոխություններ, առաջնությունը տրվեց շուկայական հարաբերություններին: 1988թ-ին Չիլիում վերականգնվեցին ժողովրդավարական կարգերը, և ներկայիս Չիլին զարգացող ժողովրդավարական երկիր է: 

Բնակչության 90%-ը չիլիացիներ են, բնակվում են նաև հնդկացիական ցեղեր: 

Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Կոնսեպսիոնը, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Ռանկագուան, Չիլյան, Տալկաուանոն, Տեմուկոն: 

Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է (պղնձի, մոլիբդենի, բորակի արդյունահանությամբ առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում, վերջինս հայտնի է չիլիական բորակ անունով): Զարգացած են արդյունաբերության տեքստիլ, սննդի, մեքենաշինական, նավթամշակման, քիմիական ճյուղերը: 

Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի 8%-ը: Պարենային նշանակության մշակաբույսերն են ցորենը, վարսակը, գարին, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը: Զարգացած են պտղաբուծությունն ու խաղողագործությունը: 

Չիլիում պահպանվել են հնդկացիական հնագույն ամրոցներ, զանազան պատկերներով և երկրաչափական նախշերով ձևավոր խեցեղեն իրեր, մետաղե զարդեր: Այդ արվեստի ավանդույթները մասամբ պահպանվել են Չիլիի ժողովրդական ստեղծագործության մեջ: 

Հանրահայտ են չիլիացի բանաստեղծներ Լազար Ռուբեն Դարիոն, Գաբրիելա Միստրալը, Պաբլո Ներուդան և ուրիշներ: 

Հայերը Չիլիում 

Չիլիում հայ համայնքը ձևավորվել է 1930-ական թթ-ին՝ հիմնականում Սանտյագոյում: Հայերն աշխատել են գլխավորապես արդյունաբերության, առևտրի ու շերամապահության ոլորտներում, ունեցել են գուլպայի գործարան, ատաղձագործարան, քիմիական արտադրություն և բազմաթիվ վաճառատներ: 

1939թ-ին Նորայր քահանա Տեր-Խորենյանի նախաձեռնությամբ հիմնվել է համայնքի համայնքային մարմինը (ատենապետ` Անդրանիկ Պալոյան, պատվո նախագահ` Թագվոր Պատրճյան): 

1950-ական թվականներին համայնքը համալրվել է Թուրքիայից, Պաղեստինից, ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից եկած հայերով: 1959 թ-ին ստեղծվել է Հայ թատերասիրաց միությունը (ռեժիսոր` Մ. Ժերինյան), գործել է գրադարան, հայկական երգչախումբ (ղեկավար՝ Կ. Լոթիկյան): 

Ներկայիս 1500-ի հասնող հայերի մեջ գերակշռում են արաբախոս հայերը, ովքեր, Սանտյագոյից բացի, ապրում են նաև Օսոռնո, Սան Բեռնարդո, Պուենտե Ալտս և այլ քաղաքներում: 

Ազգային կյանքը ղեկավարում է հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը, Սանտյագոյում` Հայի տունը` կիրակնօրյա դպրոցով: Հայի տան սենյակներից մեկն էլ վերածել են Սուրբ Աստվածածին մատուռի: 

Չիլիում հայտնի հայերից են պատմաբան Ռիկարդո Կույումջյան Բերգմալին, նրա եղբայրը` Էռնանը (ծովային ուժերի դերծովակալ), Էնրիկե Մելքոնյանը, Լուսիա Ավետիքյանը և ուրիշներ: Չիլիի գեղարվեստի ակադեմիայի անդամ է արգենտինահայ երգահան Ալիսա Թերզյանը: 

Комментариев нет:

Отправить комментарий