ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.03.2012

Մոսկվայի պայմանագիր. ռուս-թուրքական այսպես կոչված «խայտառակ» գործարքի մասին

  2012թ. Մարտի 16-ին լրացավ 1921-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրի 91 ամյակը: Հիշեցնենք որ այս և նրա տրամաբանական շարունակությունը հանդիսացած Կարսի պայմանագրով Թուրքիային անցան Կարսի նահանգը և Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի հովանավորությանը: 
   Փորձելով գնահատական տալ Մոսկվայի պայմանագրին ըստ էության վավերական չէ:
Սակայն դա հազիվ թե մխիթարանք է մեզ համար և լուրջ կռվան: Պիտի հասկանանք, որ ապրում ենք Realpolitik աշխարհում, որտեղ միջազգային իրավունքը ընդամենը խաղալիք է ուժեղների ձեռքին, որոնք ինչպես ցանկանում, այնպես էլ այն պտտեցնում են ու ինչքան էլ Հայաստանը բողոքի ու արդարություն պահանջի, ոչ Ռուսաստանը ոչ էլ առավել ևս Թուրքիան չեն պատրաստվում որևէ բան փոխել: Միջազգային հարաբերություններում միայն մի ճանապարհ կա որևէ բան փոխելու.ուժեղ լինել: 


Ստորև ներկայացնում ենք Մոսկվայի պայմանագրի ամբողջական տեքստը. 

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
(16 մարտի, 1921թ.) 

Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև,
Մոսկվա, 16 մարտի, 1921թ. 
 Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, բաժանելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները1, նշելով իրենց միջև գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաև այն իրողությունը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, և ամբողջովին խանդավառված միմյանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ և երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության և եղբայրության պայմանագիր և դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին՝
 Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության Կառավարությունը՝
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար և Համառուսաստանյան Կենտրոնական
Գործադիր Կոմիտեի անդամ Գեորգի Չիչերինին և Համառուսաստանյան Կենտրոնական
Գործադիր Կոմիտեի անդամ Ջելալ-Էդդին Կորկմասովին, և
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժողովրդական կոմիսար, նույն Ժողովում
Կաստամոնիից դեպուտատ Յուսուֆ Քեմալ բեյին, թուրքական Ազգային մեծ ժողովի՝
Լուսավորության Ժողովրդական Կոմիսար, նույն Ժողովում Սինոպից դեպուտատ դոկտոր
Ռիզա Նուր բեյին և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիազոր դեսպան, Անգորայի կողմից
Ազգային մեծ ժողովի անդամ Ալի Ֆուադ փաշային,
որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ և օրինական ձևի և համաձայնվեցին ներքոհիշյալի շուրջը՝ 

Հոդված 1.
     Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք2: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որևէ միջազգային ակտ:
 Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանայն դեպուտատների Պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին:
   Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը (սահմանագծի մանրամասն նկարագրությունը և դրան վերաբերող հարցերը պարզաբանված են 1(A) և 1(B) հավելվածներում և երկու պայմանավորվող տերությունների կողմից ստորագրված առդրվող քարտեզի վրա): 

Հոդված 2.
    Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթում նավահանգստի ու քաղաքի սույն Պայմանագրի առաջին հոդվածում նշված սահմանագծից դեպի հյուսիս ընկած և Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տերիտորիայի սյուվերենությունը, պայմանով, որ
   1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կօգտվի տեղական լայն ինքնավարությամբ, որը յուրաքանչյուր համայնքին կապահովի կուլտուրական և կրոնական իրավունքներով, և բնակչությունը հնարավորություն կունենա սահմանելու իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք:
   2) Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստի վրայով Թուրքիա կամ այնտեղից ուղարկվող ամեն տեսակ ապրանքների անմաքս, ազատ տրանզիտի իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ, ապրանքների վրա չի դրվի ոչ մի տեսակի տուրք: Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստից օգտվելու իրավունք և դրա համար նրանից չեն գանձվի հատուկ տուրքեր: 

Հոդված 3.
  Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին (C) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության3:
   Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող արևելքում Արաքսի հնահունի և Արևմուտքում Դաղնա (3829) – Վելի-դաղ (4121) – Բագարզիք (6587) – Քյոմուրլու-դաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու-դաղ (6930) սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում: 

Հոդված 4.
  Երկու Պայմանավորվող կողմերը հավաստելով Արևելքի ժողովուրդների ազգային ու ազատագրական շարժման և նոր հասարակարգի համար Ռուսաստանի աշխատավորության մղած պայքարի միջև եղած փոխադարձ շփումը, անվերհապահորեն ճանաչում են այդ ժողովուրդների ազատության և անկախության իրավունքը, ինչպես նաև իրենց ցանկությունների համեմատ կառավարման ձևի ընտրության իրավունքը: 

Հոդված 5.
    Նեղուցների բացումը4 և բոլոր ժողովուրդների առևտրանավերի անցման ազատությունն ապահովելու համար, երկու Պայմանավորվող կողմերը համաձայնվում են Սև ծովի և նեղուցների միջազգային ստատուսի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների պատգամավորների ապագա Կոնֆերանսին, պայմանով, որ նրա ընդունած որոշումնեը չեն վնասի Թուրքիայի լիակատար սուվերենությանը, ինչպես նաև Թուրքիայի և նրա մայրաքաղաք Կ.Պոլսի անվտանգությունը: 

Հոդված 6.
    Պայմանավորվող երկու կողմերն ընդունում են, որ ցայժմ երկու երկրների միջև կնքված բոլոր պայմանագրերը չեն համապատասխանում փոխադարձ շահերին: Ուստի նրանք համաձայնվում են այդ պայմանագրերը համարել վերացված և ուժը կորած: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը հայտարարում է, մասնավորապես, որ ինքը Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուրքիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից: 

Հոդված 7.
 Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը, կապիտուլյացիաների ռեժիմը համարելով անհամատեղելի յուրաքանչյուր երկրի ազգային ազատ զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լրիվ իրագործման հետ, գտնում է, որ կորցրել են իրենց ուժը և վերացվել են այդ ռեժիմին որևէ առնչություն ունեցող բոլոր գործողություններն ու իրավունքները: 

Հոդված 8.
    Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի5 առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ: Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և Քաղաքացիական անմիջական կառավարման ներքո: 

Հոդված 9.
     Երկու երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ երկաթուղային, հեռագրային և հաղորդակցության այլ միջոցները պահպանելու և որքան հնարավոր է արագ զարգացնելու, ինչպես նաև առանց որևէ խափանումների երկու երկրների միջև մարդկանց ու ապրանքների ազատ փոխադրումն ապահովելու նպատակով ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները: Սակայն ընդունվում է, որ ինչպես ճանապարհորդների, նույնպես և ապրանքների փոխադրության, մուտքի և ելքի նկատմամբ լիովին կկիրառվեն յուրաքանչյուր երկրում այդ մասին սահմանված կանոնները: 

Հոդված 10.
    Մյուս կողմի տերիտորիայում գտնվող Պայմանավորվող երկու կողմերի քաղաքացիների վրա կտարածվեն այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այն երկրի օրենքներից, որտեղ նրանք գտնվում են, ի բացառյալ ազգային պաշտպանության հետ կապված պարտականությունները, որոնցից նրանք կազատվեն: Երկու կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին և գործունակությանը վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշեն հատուկ համաձայնությամբ: 

Հոդված 11.
 Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տերիտորիայում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստ սկզբունքը: Սույն հոդվածը չի կիրառվում Ռուսաստանին դաշնակից Սովետական Հանրապետությունների քաղաքացիների իրավունքների և Թուրքիայի դաշնակից մուսուլմանական պետությունների քաղաքացիների նկատմամբ: 

Հոդված 12.
  Մինչև 1918 թվականը Ռուսաստանի կազմի մեջ մտնող այն տերիտորիաների բոլոր բնակիչները, որպիսիք սույն Պայմանագրի հիման վրա Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական կառավարությունն այսօր ընդունում է որպես Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տերիտորիաներ, ունեն իրենց ունեցվածքը կամ դրա արժեքն իրենց հետ վերցնելով Թուրքիայից ազատ հեռանալու իրավունքը: Նույնպիսի իրավունք տարածվում է նաև Բաթումի տերիտորիայի բնակիչների վրա, տերիտորիա, որի սյուվերենությունը սույն Պայմանագրով Թուրքիան զիջում է Վրաստանին: 

Հոդված 13.
   Սույն Պայմանագրի ստորագրման օրից հաշված Եվրոպական Ռուսաստանի և Կովկասի համար եռամսյա և Ասիական Ռուսաստանի համար վեցամսյա ժամկետում Ռուսաստանը պարտավորվում է իր հաշվին հայրենիք վերադարձնել մինչև Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը Ռուսաստանում գտնվող բոլոր՝ զինվորական և քաղաքացիական գերի թուրքերին:
Թուրքիան նույն պարտավորությունն ստանձնում է դեռևս Թուրքիայում գտնվող ռուս զինվորական և քաղաքացիական գերիների վերաբերմամբ:
Այս հայրենադարձության մանրամասնությունները կսահմանվեն հատուկ կոնվենցիայով, որը պետք է մշակվի սույն Պայմանագրի ստորագրումից հետո: 

Հոդված 14.
   Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են ամենամոտիկ ժամանակներում կնքել հյուպատոսային կոնվենցիա, ինչպես նաև բոլոր տնտեսական, ֆինանսական և երկու երկրների միջև սույն Պայմանագրի ներածականում նշված բարեկամական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորող համաձայնագիրը: 

Հոդված 15.
   Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի6, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց: 

Հոդված 16.
    Սույն Պայմանագիրն ենթակա է վավերացման: Վավերագրերի փոխանակումը կկայանա Կարսում որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում:
Սույն Պայմանագիրը, ի բաց առյալ 13-րդ հոդվածը, ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից:
Ի վավերացումն շարադրվածի վերոհիշյալ լիազորներն ստորագրեցին սույն պայմանագիրը և կնքեցին այն իրենց կնիքներով:
   Կազմված է երկու օրինակով Մոսկվայում տասնվեցին մարտի հազար ինը հարյուր քսանմեկ (հազար երեք հարյուր երեսունյոթ) թվականին: 
Գեորգի Չիչերին
Յուսուֆ Քեմալ
Ջելալ Կորկմասով
Դ-Ր Ռիզա Նուր
Ալի Ֆուադ 
——————————————-
Պայմանագիրը վավերացված է ՀԿԴԿ-ի կողմից 1921 թ. հուլիսի 20-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից՝ 1921 թ. հուլիսի 31-ին7:
Վավերագրերի փոխանակումը տեղի է ունեցել Կարսում 1921 թ. սեպտեմբերի 22-ին:
——————————————- 
Պայմանագիրը ըստ` 
Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության և արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923թթ.»,
«Հայաստան» հրտ., Երևան, 1972, էջ 499: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets