ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.07.2012

ՆԱՀԱՏԱԿ ՖԻՏԱՅՈՒ ՆԱՄԱԿԸ

Յակոբ Փափազեան «Գարուն», 1989, թիվ 1
1982թ. օգոստոսին, երբ գիտական գործուղման մեջ էի Բուլղարիայում, ուսումնասիրելու համար «Կիրիլ և Մեֆոդի» ժողովրդական գրադարանի արխիվներում պահվող և Հայաստանի 16—19-րդ դդ. սոցիալ-տնտեսական ու քաղաքական պատմության վերաբերյալ հարուստ տեղեկություններ պարունակող օսմանյան պաշտոնական վավերագրերը (տե՛ս «Պատմաբանասիրական հանդես», 1984թ. N 3), Սոֆիայի «Երևան» մշակութային կազմակերպության տանը մի հայրենակից ինձ հանձնեց դպրոցական տետրի քայքայված մի թերթիկ։ Այն պարունակում էր հայատառ թուրքերենով գրված վեց էջանոց մի նամակի վերջին երկու էջերը։ Նա չէր հիշում, թե ինչպես է այդ թերթիկը հայտնվել իր մոտ և ոչինչ չգիտեր նամակի սկզբի երկու կորած թերթերի մասին։ Իմ թախանձանքները` որոնելու և գտնելու դրանք, ոչ մի արդյունք չտվին։
Թերթիկի առաջին իսկ ընթերցումից պարզվեց, որ այն հայ ֆիդայական շարժման փառաբանված դեմքերից մեկի` Պետրոս Սերեմջյանի (Պետո) 1895թ. հուլիսի 5-ին Թիֆլիսից իր ծնողներին գրած նամակի վերջին մասն է, որտեղ սրտառուչ խոսք է ասված այն մասին, թե ինչպես Հայրենիքի հանդեպ սրբազան սերն ու անձնուրաց նվիրումը նրան մղել են հարելու ֆիդայական շարժմանը։ Վերին աստիճանի գրագետ և գեղեցիկ լեզվով շարադրված նամակի այս թանկարժեք մասունքից պարզվում է, որ Բուլղարիայի Ֆիլիպե (Պլովդիվ) քաղաքում բնակվող թրքախոս հայ ընտանիքի անդրանիկ զավակ Պետրոսը, առանց ծնողներին տեղյակ պահելու, հեռացել է տնից և մեկնել Թիֆլիս, միանալու Ավետյաց երկիր մեկնող ֆիդայական խմբերին։
Ահա նամակի թարգմանությունը (ընդգծված բառերը հայերեն են գրված).
«… Մնաք բարով… հանցանքս ներեցեք… որդիական պարտականություններիս մեկն անգամ չկատարեցի… ձեր հոգեհատոր որդին ապերախտ գտնվեց… որպես անդրանիկ զավակ, ծերության հասակում ձեզ օգնելու և մխիթարելու փոխարեն, այսպես վարվեցի… զրկեցեք ինձ անդրանիկության իրավունքից… Ո՜հ, գիտեմ, թե որքան բարձր և նուրբ զգացմունքներով է լի ձեր սիրտը։ Չեմ հավատում, որ ձեր մայրական գորովագութ սրտից ինձ կվանեք և կանիծեք, քավ լիցի, չեմ հավատում։ Ձեր ցուցաբերած հազարավոր մայրական գորովանքն ու սերը մինչև վերջին շունչը կպահպանվի իմ սրտում… աշխարհում կարելի՞ է միթե ձեզ մոռանալ։ Աներկբա համոզված եմ, որ անսահմանորեն սիրում եմ ձեզ։ Սակայն ամեն ինչս զոհաբերեցի Հայրենիքիս սրբազան սիրուն… հեռացա ձեր մայրական գրկից… ապագաս ոչնչացրի… ազգիս և հայրենիքիս հանդեպ սրբազան պարտքս հատուցելու համար, բոլոր աշխարհիկ վայելքներս տառապանքով և կյանքս մահով փոխարինեցի։
Հեռու գտնվելով ձեզանից, վերջին անգամ լինելով խնդրում եմ, ներեցեք, շարունակեք բարի աչքով նայել։ Ձեզ անսահմանորեն սիրելուս մի կասկածեք, մի զրկեք ինձ ձեր օրհնությունից, աղոթեցեք ինձ համար… Ձեր օրհնության շնորհիվ սիրելի Հայրենիքիս արժանավոր մի ֆիդայի կդառնամ։ Թիֆլիս 5 հուլիս 95
Համբուրելով ձեր ձեռքը, խնդրում եմ ընդունեք արտասուքով գրված այս նամակս ու հարգանքներս։
Ձեր որդի՝ Պետրոս»։

Մեզ հայտնի է, որ Պետրոս Սերեմջյանը ընդգրկված է եղել անվանի հայդուկ Նիկոլ Դումանի խմբում, նրա կազմում մասնակցել մարտական գործողություններին։ Հայտնի է նաև, որ Նիկոլ Դումանի խումբը 1897թ. հուլիսին, քրդական մազրիկ ցեղի ցեղապետ, օսմանյան համիդիե պատժիչ ուժերի հրամանատար Շարաֆ-բեկի դեմ կազմակերպված Խանասորի վրիժառու արշավանքին մասնակցած ամենամարտական ջոկատներից էր։ Պահպանվել է խմբի լուսանկարը, որից և հանված է Պետրոս Սերեմջյանի տպագրվող նկարը։ Այս դեպքերից հետո, վերադառնալով իր ծննդավայրը, նա որոշ ժամանակ որպես սպա ծառայել է բուլղարական բանակում։ Սակայն ժողովրդի ազատության համար բռնակալության դեմ մարտնչող հայդուկի մարտական խառնվածքը կրկին նրան մղում է դեպի հեղափոխական պայքարի հորձանուտը։
Դա այնպիսի ժամանակ էր, երբ կրկին մեծ ծավալ էր ստացել հայդուկային շարժումը։ Ազատագրված Բուլղարիայից զինավառ խմբերը, անցնելով պետական սահմանը, մուտք էին գործում, դեռևս օսմանյան լծի տակ հեծող Մակեդոնիայի կամ Արևելյան Ռումելիի տարածքը, տոն տալով ժողովրդական ըմբոստ ելույթներին։ Սերտ համագործակցություն էր ստեղծվել վտարանդիության մեջ գտնվող մակեդոնական և հայ հեղափոխական կուսակցությունների միջև, որոնց ենթարկվող հայդուկային ջոկատները համատեղ պայքարի ելած` ուս ուսի կռվում էին օսմանյան բռնակալության դեմ։
Պետրոս Սերեմջյանը այդ մարտական խմբերի առաջին շարքերում էր։ Հանդուգն գործողություններից մեկում, բուլղարացի ընկերների հետ ընկնելով թուրքերի ձեռքը, մահապատժի ենթարկվեց։ Ժնևում հրատարակվող Հ. Յ. Դաշնակցության օրգան «Դրոշակ» պարբերականի 1901թ. 9-րդ համարում տպագրվեց հակիրճ մի տեղեկագրություն. «Ադրիանապոլսում դեկտեմբերի 9-ին, հրապարակավ կախաղան հանվեցին մեր երկու թանկագին ընկերները՝ Պետրոս Սերեմջյան և Օննիկ Թորոսյան։ Նրանց հետ միաժամանակ կախաղան բարձրացան իրենց զինակից երկու բուլղար ընկերները` Սվիատոսլավ Մերջանով և Հաճի–Խրիստո Իլիև»։
Ազատության անվեհեր մարտիկի հերոսական նահատակության լուրը ոգեշնչեց ֆիդայական բազում երգերի հեղինակ, ալեքսանդրապոլցի գուսան Միջազին՝ նոր երգով հավերժացնելու նրա պայծառ հիշատակը։

Վերքերով լի ջանֆիդա եմ,
Թափառական, տուն չունեմ,
Յարիս փոխան զենք եմ գրկել
Մի տեղ հանգիստ քան չունեմ։

Արնոտ երկրիս սուգ շիվանը
Ինձ դուրս կանչեց փակ կյանքից,
Տանջված հայրենիքիս սերը
Չը վախեցուց վտանգից։

Մակեդոնիա իմ եղբայրս
Իմ խաչովս պսակվեց,
Եղբայրական սիրո զենքով
Գազան սուլթան խորտակվեց։

Կախաղանից երբ որ քամին
Ինձ տարուբերեց ճոճալեն,
Հիշեք Պետրոս Սերեմջյանին
Թուրքից վրեժ գոռալեն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets