ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.12.2012

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ

Պերճ Պռոշյանի ստեղծագործությունը հայ դասական ռեալիստական արձակի մնայուն արժեքներից է: Իր վեպերում հայ գյուղը նա ներկայացրել է 
ամբողջական պատկերով՝ սոցիալական տեղաշարժերով, 
բարքերի աղավաղմամբ և ավանդական կենսափիլիսոփայությամբ:

Պերճ Պռոշյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հովհաննես Տեր-Առաքելյան) սովորել է Աշտարակի ծխական և Երևանի արքունական դպրոցներում, 1856թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1 տարի ուսանել Թիֆլիսի արքունական գիմնազիայում: 1857թ-ին վերադարձել է ծննդավայր, նշանակվել ծխական դպրոցի տեսուչ, վարել գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը: 1859թ-ից աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ:
Պռոշյանը Թիֆլիսում մասնակցել է նաև հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը (1863թ-ին գրել և բեմադրել է «Աղասի» ողբերգությունը, խաղացել Աղասու դերը), Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում` օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը, 1876–81թթ-ին աշխատակցել է «Փորձ» ամսագրին, որտեղ էլ հատվածաբար տպագրվել են նրա վեպերից մի քանիսը: Մինչև 1879թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: 1879–81թթ-ին եղել է Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ շրջանում աշխարհաբարի է վերածել Մատթեոսի Ավետարանը, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:

ՌԱԴԻՈ ԹԱՏՐՈՆ « ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ»
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՑ


Պատանի Պռոշյանի վրա մեծ տպավորություն է թողել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որն էլ կանխորոշել է ապագա գրողի ստեղծագործական ուղին: Նա ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» (1860թ.) վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» (1863–64թթ.) աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:
Վիպասանի երկրորդ՝ «Կռվածաղիկ» (1876թ.) վեպում նահապետական գյուղն այլևս ներփակ համայնք չէ, այլ ներքին ու արտաքին հակասություններից տրոհված ցավալի իրողություն: 
Պռոշյանի ստեղծագործության բարձրակետը «Հացի խնդիր» (1879թ.) վեպն է, որտեղ գրողը ներկայացնում է 2 անհաշտ ուժերի հակամարտությունը. բախվում են կեցության 2 ձևեր՝ բարոյական 2 նկարագրով: Նրանցից մեկի ներկայացուցիչ Խեչանենց Խեչանը ձգտում է պահպանել նահապետական համայնքի գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ Միկիտան Սաքոն, կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված, անողոք վայրենությամբ քանդում է նրա հիմքերը: Միկիտան Սաքոն ու նրա նմաններն ապրում են «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» սկզբունքով, որովհետև «հացի խնդիր ա»: Պռոշյանը խորությամբ ու անողոքությամբ է բացահայտել վերջիններիս գործելակերպի քստմնելիությունն ու վայրենացող բարոյազրկությունը:
«Ցեցեր» (1889թ.), «Բղդե» (1890թ.), «Հունոն» (1901թ.) վեպերում, «Գյուղական խանութպան», «Հինգերորդ գինագիժը», «Բուլի-Բուլի», «Վարդի յուղը մահադեղ» և այլ պատմվածքներում Պռոշյանը շարունակել է գյուղի թեման: 
Ազգային-հայրենասիրական թեմայով գրած «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերում հեղինակը ներկայացրել է XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ իրականության ողբեգական պատկերը պարսկական ու թուրքական տիրապետության պայմաններում, փորձել է ընդհանրացնել XIX դարի ազգային-ազատագրական շարժման գլխավոր նպատակը և առաջադրել է որոշակի ծրագիր` հայ ժողովրդի փրկության ելքը համարելով ինքնակրթությունն ու զինված ինքնապաշտպանությունը:
Գրական-պատմական ուշագրավ էջերից են Պռոշյանի հուշագրությունները և հայ թատրոնին, դպրոցին ու մանկավարժությանը վերաբերող հոդվածները: 
Պռոշյանը թարգմանել է Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Օստրովսկու, Չառլզ Դիկկենսի և այլ գրողների գործերից:
Պռոշյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1985թ., Հայֆիլմ) գեղարվեստական կինոնկարը:
Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ, ԼՂՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ՝ ՀՀ Կոտայքի մարզում: 1948թ-ից Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը:

«Նրա (Պռոշյանի) երկերում ամենուրեք արտահայտվել է ափսոսանքի զգացում դեպի անցնող կյանքը, մի ջերմ համակրանք դեպի անցած մարդկանց հիշատակը, մի սենտիմենտալ կարեկցանք դեպի քայքայվող նահապետական գյուղը»:
Սերգեյ Սարինյան
գրականագետ

«Պռոշյանի ստեղծագործությունը հատկանշվում է գեղարվեստական տեսահորիզոնի ընդարձակությամբ. գյուղական կյանքը նա դիտում էր բազմաճյուղ և տարաբնույթ կապերի մեջ՝ միացնելով սրան ժողովրդական սովորույթի, վարքի ու բարքի ընդարձակ ու գունագեղ նկարագրությունները»:
Կառլեն Դանիելյան 
գրականագետ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets