ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.07.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ազատ Վշտունի

Ազատ Վշտունի (Կարապետ Սեթի Մամիկոնյան), (հուլիսի 17, 1894 - մարտ 26, 1958), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Բանաստեղծի գրական անունը՝ Ազատ Վշտունի, 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է Ազատ Վշտունի գրական անունը։ Ի դեպ՝ Ազատ Վշտունի անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ Կարապետ Մամիկոնյանը բողոքի մի նամակ է տպագրել տալիս «Մշակ» օրաթերթի 1916-ի մարտի 4-ի համարում։
Բացի այդ, բանաստեղծը ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուներով։ 1921-ին Ազատ Վշտունին մեկնում է Իրան և Իրաք։ Վերադառնալուց հետո «Խորհրդային Հայաստան» թերթում նա հրատարակում է մի քանի բանաստեղծություններ, որոնք իբր թարգմանել է արաբ բանաստեղծ Սեիդ Էլ Նուրից։ Սակայն շուտով Ազատ Վշտունին հայտնում է, որ աշխարհում Սեիդ էլ Նուր անունով ոչ մի բանաստեղծ էլ չկա, որ դա հենց ինքն է՝ Ազատ Վշտունին։
Ազատ Վշտունին ծնվել է 1894-ի հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-1911-ին սովորել էԿոնստանտինոպոլսի կենտրոնական վարժարանում։ 1911-ին մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914-ին մեկնել է Թիֆլիս։ 1918-1919-ին աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է Փարոս տպագիր հանդեսը։ 1919-1920-ին եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921-ն մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924), «Մուրճ-մանգաղ» թերթը (Հյուսիսային Կովկաս, Դոնի Ռոստով, 1926-1927), «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը (Երևան, 1930), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-1934) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ Սովետական Հայաստանի գրողների ասոցացիայի նախագահը, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի ներկայացուցիչը Մոսկվայում (1925), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ (1929)։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է 1958-ի մարտի 26-ին Երևանում։

Վշտունու հեղինակությամբ հրատարակված գրքերը
  • Սրտիս լարերեն, Բաքու, 1915, 30 էջ։
  • Կամավորի հուշատետրից, Բաքու, 1915, 28 էջ։
  • Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1918, 76 էջ։
  • Հուզանք ու զանգ, Ալեք-պոլ, 1923, 47 էջ։
  • Neo orientana (զարթնող Արևելքի երգեր), Երևան, Պետհրատ, 1923, 48 էջ։
  • Սալամնամե, Թիֆլիս, 1924, 39 էջ։
  • Արևելքը հուր է հիմա, Երևան, Պետհրատ, 1927, 116 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1929, 172 էջ։
  • Խոսում է ռադիո-Ալժիրը, Երևան, Պետհրատ, 1931, 38 էջ։
  • Երկեր, Երևան, Պետհրատ, 1935, 265 էջ։
  • Ռամ Ռոյ, Երևան, Պետհրատ, 1936, 19 էջ։
  • Լուսադեմին, Երևան, Պետհրատ, 1939, 58 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1941, 280 էջ։
  • Նոր սերունդը, Երևան, Հայպետհրատ, 1941, 29 էջ։
  • Վիլլի Վոլֆ, Երևան, Հայպետհրատ, 1941, 28 էջ։
  • Երբ կայծակը փայլատակում է, Երևան, Հայպետհրատ, 1942, 31 էջ։
  • Մանկական ռազմախաղ, Երևան, Հայպետհրատ, 1942, 4 էջ։
  • Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1944, 51 էջ։
  • Մանկիկն ու կատվիկը, Երևան, Հայպետհրատ, 1944, 8 էջ։
  • Սեր և ատելություն, Երևան, Հայպետհրատ, 1946, 63 էջ։
  • Երկերի ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1947, 464 էջ։
  • Մանկության օրեր, Երևան, Հայպետհրատ, 1953, 16 էջ։
  • Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 224 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1956, 367 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1960, 264 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1961, 286 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1971, 250 էջ։
  • Գիրք մանուկների համար, Երևան, «Հայաստան», 1972, 47 էջ։
  • Երբ կայծակը փայլատակում է (վիպերգ), Հալեպ, տպարան «Անի», գրքում տպագրման թվականը նշված չէ, 30 էջ։

Աղբյուր
(1981) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 541-542։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets