ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.05.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Ս. Գրիգոր Լուսաւորիչ (302 - 325)

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 
(Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Պարթև) (302–325) 

Հայոց առաջին եպիսկոպոսապետ-կաթողիկոս 302-ից: Հայ եկեղեցու նվիրապետական կառույցի հիմնադիր: Նրա գործունեության շնորհիվ III դ. վերջին և IV դ. սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դառնում է պետական կրոն: 
Ծնվել է մոտավորապես 239-ին: Մահացել է 325-ին Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանեա այրում: Ամփոփվել է նույն անձավում: Վրթանես Ա Պարթևի կաթողիկոսության շրջանում Գրիգոր Ա Լուսավորիչի նշխարները վերաթաղվել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում` Լուսավորչի տոհմական կալվածքում: 
Կրտսեր որդին է պարթև իշխանազուն Անակի և Ոգուհու: Հայոց Խոսրով թագավորի սպանությունից հետո, երբ մահապատժի են ենթարկվել արքայասպան Անակի բոլոր հարազատները, Գրիգորի ստնտու Սոփին և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը: Այստեղ Գրիգորը մկրտվել է քրիստոնյա` Գրիգոր (հունարեն` Արթուն, հսկող) անունով: Քրիստոնեական հիմնավոր կրթություն և դաստիարակություն է ստացել Կեսարիայի Փիրմիլիանոս արքեպիսկոպոսի մոտ: Չափահաս դառնալուց հետո ամուսնացել է Դավիթ Կեսարացու դստեր` Մարիամի հետ: Ունեցել է երկու որդի` Արիստակես (ապագա Հայոց կաթողիկոս` Արիստակես Ա Պարթև) և Վրթանես (ապագա Հայոց կաթողիկոս` Վրթանես Ա Պարթև): Բաժանվել է կնոջից և իրեն ամբողջությամբ նվիրել քրիստոնեական քարոզչության, այդ առաքելությամբ էլ վերադարձել է Հայաստան: Այստեղ մտել է արքունական ծառայության և դարձել Տրդատ III-ի մերձավորներից: 

V դ. հայ պատմագրության համաձայն, երբ 287-ին Տրդատ III թագավորը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան` գրավելու իր հոր գահը, ճանապարհին` Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ չաստվածուհու մեհյանում: Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով II-ին սպանող Անակ իշխանի որդին է: Թե՛ մեկ և թե՛ մյուս «հանցանքների» համար Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորգետնյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար: 
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ: ստ այդ ավանդության` սրանք քրիստոնյա կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից Հռոմից գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն, երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր` հնձանում: 
Այս դեպքը տեղի է ունենում 300-ին: Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում: V դարում տարածված ժողովրդական զրույցն այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ: Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը: Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության հիմնական սկզբունքների մասին ու բժշկում թագավորին: Թագավորը և ամբողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, քրիստոնեությունն էլ հռչակվում է պետական կրոն (301): 
Ս. Գրիգոր Լուսավորչի թելադրանքով նորադարձ արքունիքի առաջին գործն է լինում քանդել և երկրից վերացնել հեթանոսական կրոնի մեհյանները: Այս անշուշտ դյուրին գործ չէր: Հեթանոսությունը բավականին հզոր էր և ամենուր զենքով դիմադրում էր թագավորական զորքին: Եվ մեծ դժվարությամբ միայն Ս.Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատը կարողանում են հաղթել ընդդիմադիրներին ու աստիճանաբար կործանել Տիր չաստծու մեհյանը, որ գտնվում էր Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհին, Անահիտ դիցուհու բագինը Արտաշատում, սպիտակափառ Բարշամինայի մեհյանը Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում, չաստվածների հայր Արամազդի մեհյանը Անի ամրոցում, Անահիտի մեհյանը Եկեղյաց գավառի Երիզա ավանում, Արամազդի դստեր` Նանեի մեհյանը Թիլ ավանում, Արամազդի որդի Միհրի մեհյանը Բագառիճ գյուղում (Դերջան գավառ) և այլն: 
Նորադարձ քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերն ունենար: Ս. Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը` Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու: Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Ս.Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոսապետ: Ղևոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ուղեկցել Ս.Գրիգոր Լուսավորչին և վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում: Հատկանշական է, որ գահակալության արարողությունը կատարվում է ոչ թե Հայաստանի մայրաքաղաք և Ս. Գրիգոր Լուսավորչի աթոռանիստ Վաղարշապատում, այլ հեռավոր Աշտիշատում, ուր գնալու համար նրանք ստիպված էին մեծ շեղում կատարել ճանապարհից: Այս երևույթը բացատրվում է միայն նրանով, որ Աշտիշատում գոյություն ուներ արդեն մի հին եպիսկոպոսական աթոռ: 
Աշտիշատում Ս. Գրիգոր Լուսավորիչը կործանում է Վահագնի, Անահիտի և Աստղիկի մեհյանները: Իննակնյան կոչված վայրում ամփոփում է Հունաց երկրից իր հետ բերած Հովհաննես Մկրտչի և Աթանագինե վկայի մասունքների մի մասը: Մի վկայարան է կառուցում, պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ` սրբերի հիշատակը տոնելու համար: Ս. Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի է կառուցում նաև Աշտիշատում, Ս.Երրորդության անունով սեղան կանգնեցնում, մկրտության ավազան շինում ու մկրտում իրեն ուղեկցող իշխաններին, զորքին ու բազմաթիվ նորադարձների: 
Աշտիշատից Լուսավորիչը Բագրևանդի վրայով ուղևորվում է դեպի Այրարատ: Տրդատն իր արքունիքով ընդառաջ է գնում և Բագավան գյուղաքաղաքում դիմավորում Հայաստանի հովվապետին: Ս. Գրիգոր Լուսավորիչն այստեղ ևս ամփոփում է Հովհաննես Մկրտչի և Աթանագինեի մասունքների մնացյալ մասը և դրանց վրա վկայարան կառուցում ու սեղան հիմնում, Ս. Պատարագ մատուցում և ամսօրյա պահեցողությամբ նախապատրաստելուց հետո մկրտում Տրդատ III-ին, արքունիքի անդամներին և բյուրավոր նորադարձների (302): Պատվիրում է միաժամանակ, որ ամեն տարի Նավասարդի օրը, երբ Բագավանում, որտեղ նախապես տոնվում էր Ամանորի չաստծու` Հյուրընկալ Վանատուրի տոնը, հետայսու տոնեն Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեի հիշատակները: 
Վաղարշապատ վերադարձին Ս.Գրիգոր Լուսավորիչը ձեռնարկում է Հայաստանի Մայր Տաճարի` Կաթողիկե եկեղեցու կառուցումը (303), համաձայն մի տեսիլքի, ըստ որի Աստծո Միածին Որդին իջնում է երկիր և հրեղեն մուրճով հարվածելով գետնին ցույց տալիս այն վայրը, ուր պիտի կառուցվեր Իջման Ս. Սեղանը: 
Հայաստանում քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու, ինչպես նաև Հայ եկեղեցու նվիրապետության կազմակերպման համար Ս.Գրիգոր Լուսավորիչը կարիք ուներ գործակից հոգևորականների: Կեսարիայից վերադարձին նա կարճ ժամանակով կանգ է առնում Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում, որտեղից բազմաթիվ հոգևրականներ է բերում իր հետ Հայաստան: Բնականաբար սրանց մեծ մասը հայեր էին, թեպետև հունական քրիստոնեության ներկայացուցիչներ: Հայաստանում քրիստոնեության տարածման գործում մեծ նպաստ են բերել նաև հույն և ասորի քարոզիչները: Այսպես օրինակ, անվանապես հիշվում են Իրենարքոսը` Սեբաստիայից, Սոփրոնիոսը` Կապադովկիայից, Թովմասը` Սատաղից, Անտոն և Կրոնիդես միայնակյացները` Կեսարիայից, իսկ ասորի քարոզիչներից` Մար Ավգինը, Դանիել Ասորին` Աշտիշատի երկրորդ եպիսկոպոսը, Շաղիտան Կորդվաց աշխարհում, Եպիփանը Աղձնիքում և Ծոփաց աշխարհում, Բասենի եպիսկոպոս Արտիթը (IV դարի երկրորդ կես), անապատականության նշանավոր ներկայացուցիչ Գինտը` Տարոնում, Ս. Հակոբ Մծբնա հայրապետը` Կորդվաց աշխարհում և այլն: 
Անշուշտ Ս. Գրիգոր Լուսավորիչը չէր կարող բավարարվել միայն օտար քարոզիչների գործունեությամբ: Լայնածավալ Հայաստանի կրոնական կարիքները հոգալու համար անհրաժեշտ էին մեծ թվով, հատկապես տեղացի, հոգևորականներ: Այս նպատակի համար Լուսավորիչը, Տրդատ թագավորի օժանդակությամբ, բացում է դպրոցներ (հունարեն և ասորերեն լեզուներով)` կրթելու համար մատաղ սերնդին, այդ թվում նաև քրմերի զավակներին: Ագաթանգեղոսը վկայում է, որ քրմերի զավակները, կրթվելով քրիստոնեական ոգով, կարևոր դեր են խաղացել Հայ եկեղեցու կազմակերպման շրջանում: Պատմիչը հիշում է նրանցից 12-ի անունները, որոնք եղել են Հայաստանի տարբեր նահանգների առաջին եպիսկոպոսներից: 
Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն: Նա նախարարությունների համար ձեռնադրում է եպիսկոպոսներ: Պատմական աղբյուրներում հիշվում են ավելի քան 36 եպիսկոպոսություններ, այդ թվում` Հարքի, Սյունյաց, Բասենի, Մամիկոնյանների, Բագրատունյաց տան, Խոռխորունիների տոհմի, Մոկաց, Արծրունյաց, Ցուրտավի, Կարինի, Դարանաղյաց, Շիրակի, Կորդվաց աշխարհի, Վանանդացիների, Աբեղյան և Գաբեղյան տոհմերի և այլն: Այս եպիսկոպոսները, թվով 36, ենթակա էին Հայոց եպիսկոպոսապետին, որ շուտով ստանում է Հայոց կաթողիկոս անվանումը: Այսպիսով Հայաստանի եկեղեցու նվիրապետական կառուցվածքը կազմավորվում է ինքնուրույն ճանապարհով, ելնելով տեղական պայմաններից և անկախ այն ընթացքից, որ ունեցավ եկեղեցին Հռոմեական կայսրության մեջ, ուր 325-ին Նիկիայի Ա տիեզերական ժողովում հաստատվեց մետրոպոլիտական համակարգը, իսկ 381 թ. Կ. Պոլիսի Բ տիեզերական ժողովում` պատրիարքականը: 
Ս. Գրիգոր Լուսավորիչը հոգ է տարել նաև քրիստոնեությունը հարևան երկրներում տարածելու համար: Այսպես նա Վրաստան է ուղարկել Իրենարքոսին, Լազերի երկիր` Սոփրոնիոսին, Աղվանք` Թովմասին: 
Ս. Գրիգոր Լուսավորիչը, նկատի ունենալով իր անվերջանալի ուղևորությունները Հայաստանի տարբեր շրջաններում քրիստոնեության լույսը տարածելու և հաստատելու համար, ընդառաջելով Տրդատ III-ի առաջարկին, արքունի եպիսկոպոս և իրեն հաջորդ է ձեռնադրում իր կրտսեր որդուն` Արիստակեսին (325-333), որ Լուսավորչի կենդանության օրով իսկ սկսում է վարել Հայոց կաթողիկոսության գործերը: 
IV դարի երկրորդ տասնամյակին Ընդհանրական եկեղեցու ծոցում առաջ է գալիս մի հերետիկոսություն, որ իր ուսուցչի անունով կոչվում է արիոսականություն: Այն մերժում էր Քրիստոսի աստվածությունը և վտանգի տակ դնում ողջ քրիստոնեական վարդապետությունը: Ըստ Արիոսի` Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից և դարերից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ: Նա առաջացել է ո՛չ թե Հոր էությունից, այլ` ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Այս հերետիկոսությունը դատապարտվում է 325-ի Նիկիայում գումարված Ա տիեզերական ժողովում, որին մասնակցել է նաև Արիստակես հայրապետը: 
Ժողովի դավանաբանական բանաձևը, որ ծանոթ է Նիկիական հանգանակ անունով, Արիստակես հայրապետը բերում է Հայաստան և ներկայացնում Ս. Գրիգոր Լուսավորչին: Վերջինիս կարգադրությամբ այն դառնում է Հայ եկեղեցու դավանաբանության հիմքը և մինչև այսօր անխափան օգտագործվում է Հայ եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսը իր հետ Հայաստան է բերում նաև Նիկիայի ժողովում ընդունված վարչական բնույթի կանոնները` թվով 20, որոնք նույնպես ընդունվում են Լուսավորչի կողմից: 
Ս. Գրիգոր Լուսավորիչը մահանում է Նիկիայի Ա տիեզերական ժողովից անմիջապես հետո: 
Իր կյանքի վերջին նա առանձնացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան վրա գտնվող Մանեա այրում, ուր և կնքել է իր մահկանացուն: Տարիներ անց, Վրթանես կաթողիկոսի օրերին (333-341), նրա մարմինը գտնում են հովիվները` անապական վիճակում: Վերաթաղվել է Թորդանում: Հետագայում նրա մասունքները Թորդանից հանվել և սփռվել են ամբողջ քրիստոնյա աշխարհում` դառնալով պաշտամունքի առարկա: Նշխարների մի մասը փոխադրվել է Կ. Պոլիս, իսկ VIII դարի վերջին` Իտալիայի Նեապոլ քաղաքը, որտեղ կառուցվել է Ս. Գրիգոր Հայի եկեղեցին: 2000-ի նոյեմբերի 11-ին Հովհաննես-Պողոս Բ պապը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի Վատիկան կատարած այցելության ժամանակ նրան է հանձնել Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որոնք պահվել են Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավիթում: 
Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Այն հանդիսանում է Հայոց կաթողիկոսական իշխանության հիմնական գրավականը: Այն Սրբալույս մեռոնի օրհնության սրբություններից մեկն է: 
Ս. Գրիգոր Լուսավորիչը սրբացվել է և նրա հիշատակը ավանդական բոլոր եկեղեցիները տոնում են սեպտեմբերի 30-ին: 
Հայ եկեղեցին նրա հիշատակը նշում է տարին 3 անգամ. 
«Մուտն ի վիրապն» - Քառասնորդաց պահքի 5-րդ շաբաթ օրը, 
«Ելն ի վիրապէն» - Հոգեգալստյան տոնին հաջորդող 2-րդ շաբաթ օրը, 
«Գիւտ նշխարաց» - Հոգեգալստյան տոնին հաջորդող 4-րդ շաբաթ օրը: 
Հայ եկեղեցական ավանդությունը Ս. Գրիգորին է վերագրում «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի» և «Յաճախապատում Ճառք» աշխատությունները: 
Կաթողիկոսական գահին Գրիգոր Ա Լուսավորչին հաջորդել է Վրթանես Ա Պարթևը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets