ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Ս. Արիստակես Ա Պարթեւ (325 - 333)

ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ 
(Սուրբ Արիստակես Պարթև) (325–333) 
Հայոց կաթողիկոս 325–ից: Հաջորդել է Գրիգոր Ա Լուսավորչին:

Ծնվել է 264–ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Սպանվել է 333–ին Ծոփքում: Թաղվել է իր հայրենի կալվածքում` Եկեղյաց գավառի Թիլ ավանում: 
Մեզ հասած նրա կենսագրական տվյալները կցկտուր են, հայտնի է, որ Գրիգոր Լուսավորչի և Մարիամի կրտսեր որդին է: Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու հավաստմամբ Տրդատ lll–ը և ժողովուրդը Գրիգոր Լուսավորչի որդիների մասին տեղեկանում են միայն նրա հայրապետության վերջին տարիներին, երբ Գրիգոր Լուսավորիչն առանձնացել էր ճգնարանում: 
Դաստիարակվել և կրթություն է ստացել Կեսարիայում:
Արիստակեսը, որը «Աստվածապաշտության ծառայության համար էր դաստիարակված...» և ուներ իր հետևորդները ավետարանական ծառայության մեջ, երիտասարդ տարիքում հետևելով միայնակյաց Նիկոմաքոսին, ճգնակյաց կյանքով ապրել է անապատում: Հոգևոր կատարելության հասնելու կանոններն ուսանելուց հետո, որպես ճգնավորների խմբի առաջնորդ, բնակություն է հաստատել լեռներում: Իրեն ենթարկել է խստակենցաղ կյանքի և նվիրվել մենակեցությանը: Երբ Տրդատ lll Մեծի պատվիրակները` սպարապետ Արտավազդը, Աշոցքի տեր Տաճատը և արքայի սուրհանդակ Դատը ժամանում են Կեսարիա` Արիստակեսին Հայաստան ուղեկցելու համար, նա սկզբում հրաժարվում է «մինչև քրիստոնյաների բազմության ժողով եղավ, որոնք համոզեցին նրան գնալ»: «Ավելի լավ է քեզ ... Աստծո մշակի գործը, քան մենավոր բնակությունը այդ անապատում» (Ագաթանգեղոս): Տրդատ lll–ի խնդրանքով Գրիգոր Լուսավորիչը Արիստակես Ա Պարթևին օգնական եպիսկոպոսապետ է ձեռնադրել և նրան հանձնել ընթացիկ գործերի կատարումը: Հակոբ Մծբնեցի, Տիզբոնի Հովհաննես, Եդեսիայի Եվթաղ եպիսկոպոսների և Ղևոնդ հայրապետի հետ միասին մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական Ժողովին (325)` «ճշմարիտ խոստովանությամբ և երկուսի գրով»: Ճանապարհին` Կեսարիայում ներկա է գտնվել Ղևոնդ հայրապետի կողմից Գրիգոր Մանուկի (Գրիգոր Նազիանզացի եպիսկոպոսի) մկրտությանը: 
Ըստ ավանդության` Բութանիայի ծովածոցում մի քանի արիոսականներ տեսնելով Արիստակես Ա Պարթևին, որը թուլակազմ և վտիտ անձնավորություն էր, նրան նմանեցնում են ավելի շուտ մշակի, քան հայրապետի և առաջարկում ծովը հերկել, եթե ճշմարիտ հավատ ունի: Արիստակես Ա Պարթևը, առանց վարանելու բռնելով մաճը, ակոս է բացում ծովի մակերեսին և արիոսականներին առաջարկում ցանել, եթե ճշմարիտ հավատ ունեն: 
Նա Հայաստան է բերել Նիկիայի Հավատո հանգանակը և ժողովի 20 կանոնները: Նրա վերադարձից հետո Գրիգոր Ա Լուսավորիչն առանձնացել և ապրել է ճգնակյացի կյանքով: Արիստակես Ա Պարթևն առանց նոր ընտրության և հայրապետական ձեռնադրության «նստաւ յաթոռ կաթողիկոսութեան Հայոց Մեծաց»: 
Հայրապետության տարիներին հիմնականում զբաղվել է քարոզչական աշխատանքով, պայքարել հեթանոսության բոլոր տեսակի դրսևորումների (նախարարների անառակության և անիրավության) և դրանց գործադրողների դեմ: Սպանվել է Ծոփքում հովվական պտույտի ժամանակ, Արքեայոս նախարարի ձեռքով` քաղաքական և կրոնական դրդապատճառներից ելնելով: Դին տեղափոխվել է Եկեղյաց գավառ և թաղվել հայրենի կալվածք Թիլ ավանում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվել է Երզնկայի Ջուխտակ–Հայրապետ վանքը: Մովսես Խորենացին Արիստակես Ա Պարթևին բնորոշել է որպես «հոգևոր սուր»: 
Արիստակես Ա Պարթևը Հայ եկեղեցու տոնելի սրբերից է, հիշատակը նշվում է Գրիգոր Ա Լուսավորչի «որդւոց եւ թոռանց» տոնի հետ` Ս.Ծնընդյան երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, երբ տարեգիրը Չ–Ք է, և Վարդավառի Գ կիրակիին հաջորդող շաբաթ օրը մնացած դեպքերում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets