ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Ս. Վրթանես Ա Պարթեւ (333 - 341)

ՎՐԹԱՆԵՍ Ա ՊԱՐԹԵՎ
(Ս. Վրթանես) (333–341) 
Հայոց կաթողիկոս 333–ից: Հաջորդել է Արիստակես Ա Պարթևին: 

Ծն. մոտ 262–ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, մահացել 341–ին Վաղարշապատում: Ամփոփվել է Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` իր հոր և Տրդատ III թագավորի շիրիմների մոտ: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ինը Սրբոց Ս. Փրկիչ վանքը: 
Գրիգոր Ա Լուսավորչի և Մարիամի որդին: Հայրապետ է հռչակվել 71 տարեկան հասակում: Մինչև հոգևորական դառնալը եղել է զինվորական: Ըստ Հայսմավուրքի` քահանա է ձեռնադրվել Կեսարիայում: Կեսարիայից Վաղարշապատ է եկել իր եղբոր` Արիստակեսի հետ միասին 310–ին Հայոց թագավոր Տրդատ III հրավերով և մինչև 324–ը մնացել է արքունիքում` վարելով արքունական գործեր: Ունենալով պետական գործեր վարելու փորձառնություն` նախաձեռնություն է ցուցաբերել պետական և դիվանագիտական խնդիրների բնագավառներում: 
324–ին ձեռնադրվել է եպիսկոպոս, և դարձել եկեղեցական գործերում Գրիգոր Ա Լուսավորչի և եղբոր` Արիստակես Ա Պարթևի օգնականը: Արիստակես Ա Պարթևի սպանությունից հետո` 333–ին, ժառանգել է կաթողիկոսական գահը: Սպարապետ Վաչե Մամիկոնյանի հետ եղել է կենտրոնաձիգ իշխանության հենարանը: Տրդատ III մահից հետո Վրթանես Ա Պարթև հայրապետի մոտ հրավիրվում է խորհրդակցություն` «վասն աշխարհի խաղաղութեան»: Որոշվում է դիմել Հռոմի Կոստանդիանոս l Մեծ կայսրին, որպեսզի նա օգնի պահպանելու Հայոց թագավորությունը: Վրթանես Ա Պարթևը նամակով դիմել է կայսրին` խնդրելով Հայաստանում թագավոր նշանակել Տրդատ III–ի որդի Խոսրովին: Կայսրը մեծ զորքով Հայաստան է ուղարկել իր պալատի կառավարիչ զորավար Անտիոքսին, որն էլ թագավորական գահին է նստեցրել Խոսրով III Կոտակին: 
Լինելով քրիստոնեական կրոնի «ընտրեալ հովիւ քաջ», Վրթանես Ա Պարթևի օրոք, ինչպես Փավստոս Բուզանդն է նշում, քրիստոնեական կյանքը Հայաստանում առաջընթաց էր ապրում, «աճեցին ու բազմացան... աստվածային պաշտամունքը, աստվածահաճո բարի վարքը... ծաղկում էին իրավունքն ու արդարությունը»: Վրթանես Ա Պարթևը շրջում էր երկրում, եկեղեցիներում պատարագ մատուցում, տոնվում էին առաքյալների, սուրբ վկաների հիշատակները: 
Վրթանես Ա Պարթևը պայքարել է հեթանոսության մնացուկների դեմ և ամրապնդել քրիստոնեությունը: Աթոռակալման սկզբում դավադրություն է կազմակերպվել նրա դեմ: Սիմ լեռան 2000 հեթանոսներ Խոսրով III Կոտակի կնոջ հրահրմամբ, որն իր անբարո վարքի համար արժանացել էր կաթողիկոսի կշտամբանքին, Աշտիշատում պատարագ մատուցելու ժամանակ փորձել են սպանել նրան, բայց, ըստ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու, նրանք «անըմբռնելի ձեռամբ կապեալ» չեն կարողացել իրականացնել իրենց ծրագիրը: Դրանից հետո կաթողիկոսը տեղափոխվել է Եկեղյաց գավառի Թիլ ավան: 
Մասնակցել է պետական գործերին: Աջակցել է Հայոց թագավոր Խոսրով III Կոտակին` Շապուհ II–ի 337–ի արշավանքի ժամանակ իրեն դավաճանած Դատաբեն Բզնունու և Աղձնիքի Բակուր բդեշխի դեմ կազմակերպած պայքարում և պարսիկների դեմ մղված Առեստի ճակատամարտում: 
Խոսրով III Կոտակի օրոք իրար դեմ էին պայքարում Մանավազյան և Որդունի նախարարական ընտանիքները: Վրթանես Ա Պարթևի հրահանգով Աղբիանոս եպիսկոպոսն ուղարկվում է հաշտեցնելու նրանց: Սակայն նրանք հայհոյանքներով հետ են ուղարկում եպիսկոպոսին: Սպարապետ Վաչե Մամիկոնյանը բնաջնջում է նախարարական այդ տները: Մանավազյանների տիրույթները Մանազկերտ կենտրոնով տրվում են Աղբիանոսին, իսկ Որդունիների կալվածքները Որդու կենտրոնով` Բասենի եպիսկոպոսական թեմին: 
Խոսրով III Կոտակի մահից (338) հետո Վրթանես Ա Պարթևը երկրի իշխանությունն առժամանակ հանձնել է Արշավիր Կամսարականին, իսկ ինքը թագաժառանգ Տիրանի հետ ուղևորվել է Կ. Պոլիս, որտեղ և նրան հռչակել են Հայոց թագավոր: 
Առաջացած տարիքում ունեցել է երկվորյակ որդիներ` Գրիգորիս և Հուսիկ անուններով: Գրիգորիսը Վրթանեսի կաթողիկոսության առաջին տարում կարգվել է Վրաց և Աղվանից կողմերի կաթողիկոս, իսկ Հուսիկը ժառանգել է կաթողիկոսական աթոռը: 
Վրթանես Ա Պարթևը թղթակցել է Մծբինի Հակոբ եպիսկոպոսի հետ: Նա Հակոբից ստացել է նրա ճառերը, որոնք դրանից առաջ եպիսկոպոսը խոստացել էր Արիստակեսին: 
Վրթանես Ա Պարթևը Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից է: Հայ եկեղեցին Վրթանես Ա Պարթևի հիշատակը տոնում է Գրիգոր Ա Լուսավորչի «սրբոց որդւոց եւ թոռանց» հետ Սուրբ Ծնունդի 3–րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի 2–րդ կիրակիին հաջորդող շաբաթը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets