ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.05.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Ս. Յուսիկ Ա Պարթեւ (341 - 347)

ՀՈՒՍԻԿ Ա ՊԱՐԹԵՎ 
(Սուրբ Հուսիկ Ա Պարթև) (341–347) 
Հայոց կաթողիկոս 341–ից: Հաջորդել է Վրթանես Ա Պարթևին: 

Ծնվել է 295–ին: Սպանվել է 347–ին Ծոփքի Բնաբեղ բերդում, ամփոփվել Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում: 
Գրիգոր Ա Լուսավորչի թոռը, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Ըստ Մովսես Խորենացու` Վրթանես Ա կաթողիկոսի մահվանից հետո նրան փոխարինեց իր կրտսեր որդին` Հուսիկը: Ըստ Փավստոս Բուզանդի` Հուսիկն իր եղբոր հետ մեծացել է արքունիքում` Տիրան արքայորդու խնամակալությամբ: Տիրանը իր դստերը (հավանաբար քրոջը) 307–ին կնության է տվել Հուսիկին: Սակայն հետագայում Հուսիկը առիթ է ունենում ափսոսալու ամուսնացած լինելու համար, որովհետև նախ` թագավորը նրան ամուսնացրել էր պատանի հասակում` պարտադրանքով, այնուհետև, ինչպես երազով նրան բացահայտվել էր, իր երկվորյակ զավակները անարժան քրիստոնյաներ էին դառնալու, որոնք «անհաճո պիտի ըլլային Աստուծո»: 
Կաթողիկոս է ձեռնադրվել կնոջ մահից հետո 341–ին: Ըստ Փավստոս Բուզանդի` Տիրանը, սովորության համաձայն, Հուսիկ Ա Պարթևին 13 նշանավոր նախարարների հետ ձեռնադրության համար ուղարկում է Կեսարիա: 
Հուսիկ Ա Պարթևի գլխավոր նպատակը քրիստոնեության ամրապնդումն էր: Տիրանը անփույթ գտնվեց երկրի ներքին քաղաքական կյանքի, մասնավորապես քրիստոնեության պարագայում, ինչն անհրաժեշտ էր աշխարհիկ և հոգևոր իշխանությունների հոգածության, հասարակական կյանքի կայունության և արտաքին վտանգներին դիմակայելու համար: 
Թագավորի թողտվությամբ հայ նախարարներից շատերը հեռանում են քրիստոնեական նկարագրից և վերադառնում հեթանոսական սովորույթներին ու բարքերին: Այդ մասին Փավստոս Բուզանդը գրում է. «Թագավորը և իշխանները մեղքեր էին գործում, զուր տեղն անմեղ արյուն թափում...: Միայն քչերը, որ ծանոթ էին հունական և ասորի գրագիտությանը, հասկանում էին կրոնը», մյուսներն այն ընդունում էին առանց ջերմեռանդ հավատի և «ինչպես երեխաները, որ մանուկ հասակում տարվում են տղայական խաղալիքներով, սրանց պես տհաս մտքերով խարխափում էին պարսավելի գործերի, հեթանոսական սովորությունների մեջ: Իսկ Հայրապետը շարունակ նրանց դիմադրում էր, հանդիմանում, խրատում»: 
Փավստոս Բուզանդը գովեստով է խոսում Հուսիկի մասին, ասելով, որ նա մանկությունից ի վեր իմաստությամբ նմանվել է հայրերին: Պատմիչը նրան նմանեցնում է անուշահոտ ծաղկի, համարում ճշմարտության համար մինչև մահ մարտնչող Հայրապետ և քրիստոնեական հավատքի նվիրյալ: «...Ամբողջությամբ և ամեն բանի մեջ հրեշտակակրոն կենցաղ կը հայտնաբերեր, ամեն ինչ Աստուծո պարգևներուն և շնորհածի համաձայն կը կատարեր: ... Ս. Հոգին խոսքը իբրև սուր կը գործածեր իր մեջքին»: 
Տիրանը ցանկացել է ազատվել եկեղեցու հովանավորությունից, ինչը լուրջ տարաձայնություններ է առաջացրել թագավորի և կաթողիկոսի միջև: Հուսիկ Ա Պարթևն իր գործակիցների հետ մնում է ոչ միայն առանց քաղաքական իշխանության աջակցության, այլև հանդիպում է նրանց ընդդիմությանը: Նա «ոչինչ էր համարում թագավորի սերը կամ նրա ահը», հանդիմանում և կշտամբում էր նրան և քրիստոնեությունից հեռացածներին: Ըստ Մովսես Խորենացու` Հուսիկի հայրապետության տարիներին Հուլիանոս Ուրացող կայսրը, որ պատերազմում էր պարսիկների դեմ, Հայաստան ուղարկեց տախտակի վրա նկարված իր պատկերը «ուրվական և դիվական նմանությամբ, հեթանոսական պաշտամունքի սովորությամբ»: Նա պահանջեց Տիրանից այն դնել Ծոփքի արքունի եկեղեցում և պատվել: 
Հուսիկ Ա Պարթևը նախատել է Տիրան թագավորին հեթանոսության նկատմամբ նրա ցուցաբերած հանդուրժողականության համար` «սիրով և սաստկությամբ» պահանջելով թագավորից հետ կանգնել դիվապաշտական սովորույթից և չպղծել եկեղեցին և իր անձը: Բայց թագավորը չլսեց: Կաթողիկոսը տարեկան մի տոնի օր արգելում է թագավորին մտնել եկեղեցի` «Արժանի չես, ինչո՞ւ ես եկել, ներս մի՛ գա» բառերով: Բացի այդ, արգելել է Հայոց արքային Հուլիանոս Ուրացող կայսեր պատկերը դնել եկեղեցում, ոտքերով այն տրորել է ու ջարդել: Թագավորի հրամանով կաթողիկոսը բրածեծ է արվել և սպանվել Ծոփքի Բնաբեղ բերդում: Նրա աճյունը տեղափոխվել է Թորդան և թաղվել հոր` Վրթանես Ա Պարթևի կողքին: 
Հայ եկեղեցին Հուսիկ Ա Պարթևի հիշատակը տոնում է Ս. Ծննդյան Գ կիրակիին հաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի Գ կիրակիին հաջորդող շաբաթ օրը` Ս. Գրիգոր Լուսավորչի «որդւոց և թոռանց» հիշատակի հետ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets