ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.05.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Ներսես Ա Պարթեւ (353 - 373)

 ՆԵՐՍԵՍ Ա ՊԱՐԹԵՎ 
(Ս. Ներսես Մեծ) (353–373) 
Հայոց կաթողիկոս 353–ից: Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցուն: 

Ծնվել է մոտ 329–ին, ծն. վայրը անհտ., մահացել է 373–ին Եկեղյաց գավառի Խախ ավանում: Ամփոփվել է նույն գավառի Թիլ ավանում: 
Գրիգոր Ա Լուսավորչի տոհմից, Հուսիկ Ա Պարթևի թոռը, նրա Աթանագինե որդու և Տիրան արքայի քույր Բամբիշի որդին: Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել և դաստիարակվել է Կեսարիայում: Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդի` Վարդանի դստեր` Սահանդուխտի հետ: 
Վերջինս 348–ի սեպտեմբերի 29–ին ծնել է Սահակ որդուն (հետագայում Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթև): 
350–ին Ներսես Պարթևը վերադարձել է Մեծ Հայք և Արշակ ll–ի արքունիքում գլխավորել սենեկապետության գործակալությունը: 351–ին Արշակ ll արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է Կոստանդնուպոլիս ուղևորվող հայկական պատվիրակությանը, կարգավորել հայ–հռոմեական լարված հակասությունները, կնքել բարեկամության նոր պայմանագիր, որն ամրապնդվել է Արշակ ll–ի և հռոմեացի իշխան Աբլաբիոսի դուստր Օլիմպիայի ամուսնությամբ: Հռոմեացի պատմագիր Ամմիանոս Մարկելինոսի վկայությամբ` Օլիմպիային, ինչպես նաև Հռոմում պատանդության մեջ գտնվող Արշակի Տրդատ եղբոր որդի Գնելին և Արտաշես եղբոր որդի Տիրիթին Հռոմից Մեծ Հայք է ուղեկցել Ներսես Պարթևը: 
Հաշվի առնելով Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի հեղինակությունը` 353–ին Արշակ ll–ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է եպիսկոպոս, ապա 26 մեծամեծ նախարարների, 13 եպիսկոպոսի և 4000–անոց հեծելագնդի ուղեկցությամբ մեկնել է Կեսարիա, որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց կաթողիկոս: 
Օգտվելով 350–ականներին հաստատված միջազգային խաղաղ և նպաստավոր պայմաններից` Ներսես Ա Պարթևը և Արշակ ll–ը ջանացել են կենսագործել համազգային նշանակություն ունեցող մի շարք բարեփոխություններ: Այդ նպատակով Տարոն գավառի Աշտիշատ ավանում Ներսես Ա Պարթևի նախագահությամբ 354–ին գումարվել է հոգևոր և աշխարհիկ երևելիների օրենսդիր ժողով, որը քննել և ընդունել է մի շարք կանոնադիր որոշումներ: Այսպես, անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց համար հիմնվել են խնամատար հիմնարկներ և հիվանդանոցներ, գյուղերում և քաղաքներում բացվել են որբանոցներ, ծերանոցներ և աղքատանոցներ, որոնց նյութական ծախսերը դրվել են շրջակա շահութաբեր գյուղերի և ավանների վրա: Դրանց կենսագործման հսկողությունն ու տեսչությունը Ներսես Ա Պարթևը հանձնարարել է կարնեցի ձեռներեց սարկավագ (հետագայում` եպիսկոպոս) Խադին: 
Վանականների համար սահմանվել են որոշակի բնակատեղեր` եղբայրանոցներ, իսկ եպիսկոպոսների համար` եպիսկոպոսանիստ կենտրոններ: Որոշվել է թագավորների, երևելի նախարարների, զորավարների, ինչպես նաև նրանց գերդաստանների հանգուցյալների շիրիմներն ամփոփել վանքերում: Սույն որոշման կենսագործման հսկողությունն ու տեսչությունը Ներսես Ա Պարթևը հանձնարարել է հոգևորականներ Գինդ Սլկունուն, Եպիփան Հույնին, Շաղիտա և Եփրեմ Ասորիներին: Ժողովը որոշել է Հայաստանի բոլոր գավառներում հիմնել դպրոցներ, հոգալ մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: Ժողովն անդրադարձել է նաև ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման հարցերին, որոշվել է արգելել մերձավոր արյունակիցների ամուսնությունը (մինչեւ 7–րդ պորտը), դատապարտվել և խիստ պատիժներ են սահմանվել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ: Արգելվել է հանգուցյալների վրա անվայելուչ լացն ու կոծը: Ժողովն իշխող դասակարգին պատվիրել է գթալ գերիներին ու ծառաներին, չծանրացնել աշխատավորներից գանձվող հարկերն ու տուրքերը, իսկ ծառաներին հորդորել է հնազանդ լինել տերերին: 
Ներսես Ա Պարթևը և Արշակ ll–ը ներքին և արտաքին քաղաքականության վարման հարցերում ունեցել են ներհակ դիրքորոշում, որի հետևանքով 350–ականների վերջերին նրանց հարաբերությունները լարվել են: Ներսես Ա Պարթևը բացահայտորեն ընդդիմացել է Արշակ ll–ին, համակրել և պաշտպանել Արշակունյաց Մեծ սեպուհ Գնելին, որը Հռոմի թելադրանքով և որոշ կենտրոնազանց նախարարների սատարմամբ ծրագրել էր զավթել Մեծ Հայքի գահը: 359–ին Գնելի դավադրական սպանությունից, ապա արքունի դաստակերտ Արշակավանի կործանումից հետո Արշակ ll–ը պատժել է ընդդիմադիրների պարագլուխներին, իսկ Ներսես Ա Պարթևին մեկուսացրել Աշտիշատում: Հեղինակավոր եպիսկոպոսներ Գևորգ Գառնեցու, Տաճատ Աղձնեցու և Սիմեոն Անձևացու ձեռքով, առանց Կեսարիայի միջամտության, Հայոց կաթողիկոս է օծվել Աղբիանոսյան տոհմի ներկայացուցիչ Շահակ Ա Մանազկերտցին: 
Պարսկա–հռոմեական պատերազմում 363–ին Հուլիանոս կայսեր զոհվելուց և նրան հաջորդած ապաշնորհ Հովիանոս կայսեր կնքած «Ամոթալի պայմանագրից» հետո, երբ Մեծ Հայքը զրկվել է Հռոմի ռազմական օգնությունից և հայտնվել պարսկական զորքերի հարձակման ներքո, Արշակ ll–ը խնդրել է Ներսես Ա Պարթևին վերստին ստանձնել Հայոց կաթողիկոսի պարտականությունները` հուսալով նրա հեղինակավոր միջամտությամբ վերահաստատել հայ–հռոմեական բարեկամության և փոխօգնության պայմանագիրը: Ներսես Ա Պարթևը, իր պարտականությունները հանձնարարելով կարնեցի Խադ եպիսկոպոսին, գլխավորել է Հռոմ մեկնող հայկական պատվիրակությունը: Արիանոսյան աղանդավորներին հովանավորող Հռոմի նոր կայսր Վալենտիանոսը (Վաղես) Ներսես Ա Պարթևին կալանավորել և աքսորել է Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը: 
Պապ Արշակունու օրոք (369–374) Ներսես Ա Պարթևը ազատվել է աքսորից և վերադարձել հայրենիք: 371–ին պարսական զորքերի դեմ Ձիրավի ճակատամարտում Ներսես Ա Պարթևն օրհնել է հայ զորականների զենքերն ու զրահները, իր աղոթքներով ու հորդորներով խրախուսել հայ մարտիկներին, Պապ արքայի հետ Նպատ լեռան գագաթից դիտել ճակատամարտի ընթացքը: 
Շուտով Ներսես Ա Պարթևը դժգոհել է նաև Պապի վարած ներքին և արտաքին քաղաքականությունից, որը սահմանափակել է Հայաստանում տրածում ստացած միաբանությունները, կուսանոցները և վանական այլ հաստատություններ, բռնագրավել է եկեղեցու ուռճացած հողատիրությունների որոշ մասը և դրանք շնորհել ռազմական ծառայություն կրող մանր ազնվականներին, կրճատվել է եկեղեցու օգտին գանձվող հարկերի չափը, ջանացել է հզորացնել հայկական զորաբանակը և Մեծ Հայքից դուրս հանել հռոմեական զորամասը: Ներսես Ա Պարթևը հովանավորել և պաշտպանել է Հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հռոմեամետ քաղաքականությունը, Պապի հանդեպ տածել բացահայտ թշնամանք: 
Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373–ի հուլիսի 25–ին, Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում: Մահվան պահին նրան շրջապատել են Փավստոս եպիսկոպոսը, Տրդատ Եկեղեցականը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, Հայր Մարդպետը, իշխաններ Բակուր Վրացը, Բագրատ Բագրատունին, Հայկակ Հայկազնը, Համամ Մելիգինացին և ուրիշներ: Ներսես Ա Պարթևին թաղել են արքայական շքեղությամբ Պապ արքայի, մեծամեծ նախարարների և եկեղեցական դասի ուղեկցությամբ Թիլ ավանում, իր պապի` Արիստակես Ա Պարթևի և տիկնոջ` վաղամեռիկ Սահանդուխտ Մամիկոնյանի շիրիմների կողքին: 
Ներսես Ա Պարթևը Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է: Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets