ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.05.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Արշիլ Գորկի

Արշիլ Գորկին արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Գեղարվեստական ձևամտածողությամբ արևմտյան 
ժամանակակից արվեստից սերող նրա ստեղծագործությունն 
ամբողջովին ներթափանցված է հայկական ոգով: 

Արշիլ Գորկին (իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) 1925թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 
1915թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց:
Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ: 
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944թ.), «Հոգեվարք» (1947թ.), «Արորը և երգը» (1947թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1938թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets