ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.2013

ԱՐՅԱՄԲ ԵՎ ՊՈՂՊԱՏՈՎ

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
1918 մայիս 28

Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս՝ պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում հույսերի հսկան:

Պահերը հապճեպ խուսափում էին,
Հրանոթները՝ ոռնում մահերգանք,
Լեռների վրա թափով անմեկին
Կռիվն էր շիկնում, կռիվն էր անկանգ:

Եվ քարե մարդիկ, քարե սրտերով,
Քարե սրտերով ու կամքով քարե,
Հայոց լեռներում կռանում էին
Կյանքի ու մահվան երգը մետաղե...

Աշխարհանցում էր անծիր քաոսում,
Տարերքն էր փրթում անդունդ ու գագաթ,
Ընդերքից ժայթքած լավա էր հոսուն,
Դարեր կուտակված հրաբուխ համակ...

Բախումը լավի ու վատի զարզանդ
Անտեղիտալի վերջին գուպարում.
Ժողովուրդ ու հող ձուլված անվկանդ
Հաղթական թափով էին վարարում...

Արարում էին ապրելու կորով,
Նվաճում էին ուժ ու իրավունք.
Արյան, պողպատի, քարի շաղախով
Կյանքն էր կարկառվում բարձունքից բարձունք:

Կռիվն էր շիկնում, կռիվն էր անկանգ,
Մետաղե մի երգ հայոց լեռներում.
—Մե՛րն է հաղթանակ, մե՛րն է հաղթանակ...
Հզոր Մասիսն էր ահեղ գոռերգում:

Շառագունվել էր ո~ղջ հորիզոնը,
Արեվը ամպից դժվար էր ջոկվում.
Բայց լույսն էր կոխում հայ երկնի զոնը,
Հայոց աշխարհին նարոտ էր կապում:

Մեր ոթած արյան կարմիրը շատ էր
Ու փողփողում էր նարոտը գունեղ.
Մեր սուրբ նարոտի կարմիրը շատ է,
Մեր նվիրումի արյունը սրբեղ:

Մեր կոփած երկնի կապույտը շատ էր,
Ու փողփողում էր նարոտը գունեղ.
Մեր սուրբ նարոտի կապույտը շատ է,
Մեր խորունկ հոգու երկինքը բյուրեղ:

Մեր հուր երկունքի ծիրանին շատ էր,
Ու փողփողում էր նարոտը գունեղ.
Մեր սուրբ նարոտի նարնջին շատ է,
Մեր հավերժության ծիրանին շքեղ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets