ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.05.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Տիգրան Պետրոսյան

1963թ. Երևանի Օպերայի և բալետի թատրոնին մերձ հրապարակում հայ հասարակությունը մեծ հանդիսավորությամբ նշեց Տիգրան Պետրոսյանի շախմատային թագադրությունը: Հետո այդ նույն հրապարակը տարիներ անց ազգային վերածննդի բազմաթիվ դրսևորումների ականատեսը եղավ ու այսօր կոչվում է Ազատության… 1963-ին և դրան հաջորդած տարիներին Հայաստանում և Սփյուռքում ծնված շատուշատ հայ երեխաների տրվեց Տիգրան անունը: Մինչ այդ էլ երեխաներին սիրում էին անվանակոչել Տիգրան Մեծի անունով, սակայն այս դեպքում շատերը դա անում էին` ի պատիվ հայ մեծանուն շախմատիստի: Եթե մեր մոլորակում իսպառ վերանան մինչև այժմ ապրած ու ներկայիս շախմատիստների խաղացած պարտիաների գրառումները, շախմատին նվիրված գրքերն ու դրանց մեկնաբանությունները, ապա միայն Տիգրան Պետրոսյանի խաղացած պարտիաները ներկայացնելով` հնարավոր կլինի վերականգնել այդ հիրավի զարմանահրաշ խաղի բոլոր մանրամասներն ու նրբերանգները: Վստահ կարելի է ասել, որ 20-րդ դարում ստեղծագործած ամենահայտնի հայ գործիչներից մեկը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է:
Ապարանում Արագած լեռան հարևանությամբ կանգնեցված նրա արձանը շատ հաջողված է. Տիգրանի հայացքն արքայավայել է, տեսքն` անպարտելի: Տիգրան Պետրոսյանի կյանքը կարծես մի լեգենդ լինի, վայրէջքների ու վերելքների մի ուղի, որի առանձին դրվագներ, ցավոք, քիչ են լուսաբանվել: Նախ` նշենք, որ իրականում Տիգրան Պետրոսյանը ծնվել է Ապարանի Մուլքի գյուղում` չնայած նա իր կենսագրության մեջ գրում է, որ ծնվել է 1929-ին` Թիֆլիսում: Տեղեկատվական գրեթե բոլոր աղբյուրներում հենց այդ քաղաքն է հիշատակվում որպես նրա ծննդավայր: 2005թ. հոկտեմբերի համարում ռուսագիր «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը տպագրել է Լեոնիդ Ներսիսյանի «Ապարանը կդառնա շախմատային Մեքքա» հոդվածը, որտեղ վերը նշված տեղեկությունը հաստատվում է: Փաստենք նաև, որ Հայաստանում Տիգրան Պետրոսյանին նվիրված առանձին հրապարակումներում նշվում է, որ նրա նախնիները մշեցիներ են: Տիգրանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Թբիլիսիում: 1946-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1949-ին մեկընդմիշտ հաստատվել է Մոսկվայում: Տիգրան Պետրոսյանի կյանքի ու գործունեության շատ մանրամասներ զետեղված են մեր «Վարք Տիգրան Պետրոսյանի» գրքում (Երևան, 2010): Տիգրան Պետրոսյանի կյանքի առաջին երկու տասնամյակները չափազանց տխուր և հուզական են եղել: Ծնողներին կորցրած Տիգրանը յոթերորդ դասարանում թողել է դպրոցը: Դեռ 14 տարեկանից ստիպված է եղել աշխատել` որպես կինոմեխանիկի օգնական, օգնել մորաքրոջը, վաղ առավոտից ավլել Շոթա Ռուսթավելու պողոտայի այն հատվածը, որը գտնվում էր Օպերային թատրոնի դիմաց, հերթ կանգնել կերոսինի համար, և այլն: Սակայն ճակատագիրն այլ ուղի էր նշել նրա համար: 16 տարեկանում Տիգրանը նվաճում է Վրաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը…: Տիգրան Պետրոսյանի կենսագրության այդ և դրան հաջորդած էջերում կան շատ հետաքրքիր մանրամասներ: Յոթերորդ դասարանում սովորելիս Տիգրան Պետրոսյանի դասղեկը հրավիրում է ծնողական ժողով, որին պետք է մասնակցեին նաև աշակերտները: 1942 թվականն էր. պատերազմում զոհված կամ ռազմի դաշտում գտնվող հայրերի փոխարեն` մայրերն էին գալիսգ Անսահման տխուր ծնողական ժողով: Երբ արդեն ծնողները եկել էին, դասղեկը հայտարարել է. «Աշակերտները թող նստեն աջ կողմում, իսկ ծնողները` ձախ»: Երբ բոլորը գրավել են իրենց տեղերը, հանկարծ նկատել են, որ Տիգրանը կանգնած է ծնողների ու աշակերտների մեջտեղում: «Չգիտեմ, թե որտե՞ղ պիտի նստեմ»… Հետագայում այդ տղային աշխարհի շատուշատ երկրներում ճանաչեցին: Շատերը նրա միջոցով ճանաչեցին մեր երկիրը: Երբ 1963-ին, հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին, Տիգրան Պետրոսյանը հռչակվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն, հայերի ուրախությանը չափ ու սահման չկար: Միխայիլ Բոտվիննիկը հրեա էր, կինը` Գայանեն` հայուհի: Տիգրան Պետրոսյանը հայ էր, կինը` Ռոնան, հրեուհի: Հենց այդ 1963-ին էլ ծնվեց հանճարեղ մի անեկդոտ: Հայը հանդիպում է իր հրեա ընկերոջը. «Տեսա՞ր,- ասում է հայը,- մեր Տիգրանը ջարդուփշուր արեց ձեր Միխայիլին»: «Ամենևին էլ այդպես չէ,- պատասխանում է հրեան: - Այդ մեր փեսա Տիգրանը ջարդուփշուր արեց ձեր փեսա Բոտվիննիկին»: Ի դեպ, նշենք, որ նույն Բոտվիննիկը չի մասնակցել Տիգրան Պետրոսյանի` աշխարհի չեմպիոն դառնալու առիթով կազմակերպված խնջույքին, քանի որ խիստ վրդովված էր: Պատճառներից մեկը, թերևս, այն էր, որ 1963 թ. խաղատախտակի մոտ` իր դիմաց նստած Տիգրանն ընդամենը 10-րդ դասարանի կրթություն ուներ, իսկ ինքն այն ժամանակ տեխնիկական գիտությունների դոկտոր էր: Տիգրան Պետրոսյանը մեծ սեր է ունեցել երաժշտության նկատմամբ: Ամեն անգամ արտասահմանից վերադառնալիս` իր հետ բազմաթիվ ձայնասկավառակներ է բերել: Ի դեպ, հիանալի ձայն է ունեցել և նույնիսկ ցանկացել է օպերային երգիչ դառնալ: Շատ է սիրել նաև հայկական երգեր: Սիրել է երգել «Այ վարդը», «Քարավանը» և այլն: Հատկանշական է, որ աշխարհաշուրջ ճամփորդությունների ժամանակ նրան ջերմորեն դիմավորել են տեղի հայերը: Գրոսմայստեր Պաուլ Կերեսը, ով շատ հաճախ ուղեկցել է Տիգրանին, նկատել է, որ նա ամենուրեք մարդկանց հետ խոսում է առանց թարգմանչի: Երբ նույնը նկատել է Կյուրասաո փոքրիկ կղզում, որտեղ պետք է տեղի ունենար շախմատային մեծ մարտ, չի համբերել և հարցրել է. «Տիգրան, որտե՞ղ ես սովորել այդքան շատ լեզուներ»: «Ի՞նչ լեզուներ: Ես գիտեմ իմ մայրենին և մեկ էլ այն, որով խոսում եմ քեզ հետ: Պաուլ, նրանք հողմահար իմ հայրենակիցներն են, ցրված աշխարհով մեկ»: Տիգրան Պետրոսյանին բանաստեղծություններ են նվիրել շատ հայտնի հայ բանաստեղծներ, իսկ Մարտիրոս Սարյանը և Հրաչյա Ռուխկյանը վրձնել են նրա դիմանկարը: Տիգրան Պետրոսյանը վախճանվել է Մոսկվայում` 1984թ. օգոստոսի 13-ին, 55 տարեկանում: Նրա հուղարկավորությանը Հայաստանից ոչ մի պետական բարձր պաշտոնյա չի մասնակցել: Թե ինչո՞ւ նրա աճյունը չտեղափոխվեց Երևան և չամփոփվեց Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում, հիրավի մի մեծ հարցական է, որը, կարծում եմ, օրերից մի օր կբացահայտվի: Մոսկվայի հայկական գերեզմանատանը 1987-ի սեպտեմբերի 29-ին Տիգրան Պետրոսյանի շիրմին դրվեց Հայաստանի Աղավնաձոր գյուղի սև գրանիտից պատրաստված մահարձանը: Շքեղ չէ այդ մահարձանը, և անծանոթ մեկի մտքով չի էլ անցնի, որ այդտեղ հանգչում է 20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկի և հայրենասերի սիրտը: Շիրմաքարի մեծությունը և գտնվելու վայրը երբեք տվյալ անձի գնահատանքի չափորոշիչներ չեն: Չափանիշը Շեքսպիրի` բոլոր ժամանակների համար ասված խոսքերն են. «Երբ խելքն ու բախտը մենամարտում են, և առաջինը համարձակորեն գործի է դնում բոլոր ճիգերը, դիպվածն անզոր է նրան սասանել»: 

ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ 

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets