ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.05.2013

ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

Հայրենիքն այն է, որ չեն որոնում։Հայրենիքն այն է, որ գտնված է
Ի սկզբանե, ի ծնե և միշտ,
Ուրեմն նաև նա չի էլ կորչում։
Պ. Սևակ

Առաքել Գևորգի Մելոյան… կամ ինչպես թշնամիներն են կոչել՝ Սարսափ Առաքել։ Այս քաջ հայորդին ծնվել է Մշո Բուլանխ գյուղում՝ 1872 թվականին։ Տակավին երիտասարդ՝ զինվորագրվել է ֆիդայական պայքարին։ Ախլաթցի հայդուկապետ Ճարտարի խմբում գործել է ընդդեմ թուրք և քուրդ բռնակալների։
…1890 թվական։ Խաթավինա լեռան ստորոտում թշնամին հանկարծակի շրջապատում է ֆիդայիներին։ Արյունալի կռվին մասնակցում են Առաքելը, Մուշեղը, Առյուծ Ավագը և Բալաբեխ Կարապետը։ Նրանց հաջողվում է պատռել շղթան և ամրանալ Մանազկերտի շրջանում՝ մի ավերակ ջրաղացում։ Թուրք և քուրդ ելուզակների բոլոր ջանքերը՝ գրավել ջրաղացը, ապարդյուն են անցնում։ Մութն ընկնելուն պես դուրս են գալիս ջրաղացից և հաղթական մարտից հետո բարձրանում Նեմրութ լեռը։ Այդ կռվի երգն այսօր էլ են երգում՝ «Առաքել, Մուշեղ սարերից իջան…»։
Ճարտարի և Թորգոմի խմբերը 1908 թվականին միանում են մշեցի Սմբատ զորավարին։ Բոլոր կռիվներում առաջինների մեջ էր Սարսափ Առաքելը։ Այդ նրանք էին, որ սկսած 1889-ից մինչև 1918 թիվը անզիջում կենաց և մահու կռիվ էին մղում։ Նրանք էին, որ Կարսից հասան Գյումրի, Ղարաքիլիսա, Ապարան, Սևան, Էջմիածին, Երևան և մտան Սարդարապատ։ Սարսափ Առաքելը այդ հաղթական կռվից հետո դեռ շատ մարտերի է մասնակցում։ Քաջարի մարտիկն ընկնում է դավադիր գնդակից Արևելյան Հայաստանում, սակայն ոչինչ անհետ չի կորչում։ Այսօր էլ Սարդարապատի բարձունքում ղողանջող զանգերը կարծես պատարագ են հնչեցնում քաջ ռազմիկի հիշատակին։ Նա հերոսական մասնակցություն է ունենում նաև Սարդարապատի ճակատամարտին։ Թանգարան այցելողները կարող են տեսնել Սարսափ Առաքելի և նրա զինակից ընկերների խմբակային լուսանկարը։
Առաքելի որդին՝ Նազարեթ Գևորգյանը, ընդամենը երկու ամսական էր, երբ զոհվում է հայրը։ Նրան բախտ չի վիճակվում մեծանալ և դաստիարակվել հերոս հոր խրատների ներքո, բայց հոր և նրա մարտական ընկերների հին լուսանկարը, որ մի օր Անուշ մայրը առաջին անգամ ցույց տվեց Նազարեթին, հավերժ դաջվում է նրա հոգում և դառնում է նրա կյանքի մշտական ուղեկիցն ու հայրենասիրական ոգորումների աղբյուրը։ 1943 թվականին, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, նա զորակոչվում է խորհրդային բանակ և մեկնում ռազմաճակատ։ Մարշալ Կոնևի դիվիզիայում անհաշտ մարտեր մղելով՝ Բեսարաբիայից հասնում է Բեռլին՝ իր կուրծքը զարդարելով բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։ 1945 թվականին հաղթանակած վերադառնում է տուն։
Այո՛, Նազարեթ Գևորգյանի երակներում հոսում էր իր նախնիների ֆիդայական արյունը։ Եվ նա ապացուցեց ժողովրդական հին խոսքի ճշմարտացիությունը՝ արյունը ջուր չի դառնում։ Նազարեթ Գևորգյանը դարձավ ութ զավակների հայր, որոնք նրան պարգևեցին 17 թոռ։ Պատահական չէ, որ նրա ժառանգներից շատերն այսօր ընտրել են հայրենիքի արտաքին և ներքին թշնամուց պաշտպանելու անձնվեր գործը։
Այո՛, ինչպես իրավամբ նշում է պատմաբան Լ. Խուրշուդյանը, հայրենիքին համահավասար փոխարժեքներ գոյություն չունեն։ Այդ պատճառով էլ ժողովրդի ոչ մի սերունդ իրավունք չունի չլսելու իր արյան կանչը, իր նախնիների սուրբ պատգամը։
ՍԻԼՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՂԲՅՈՒՐ       ՀԱՅ   ԶԻՆՎՈՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets