ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Ա:


Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ 

Հայ ժողովուրդը կազմավորվել եւ հազարամյակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային զարգացումն է ապրել Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում: Նրա արեւելքում գտնվում է Իրանական սարահարթը, արեւմուտքում` Փոքր Ասիա թերակղզին, հյուսիսում` Կովկասյան լեռները, իսկ հարավում` Միջագետքը:
Այն զբաղեցնում է մոտ 350.000 կմ2 տարածք, ունի ծովի մակերեւույթից 1500-1800 մետր միջին բարձրություն եւ ավելի բարձրադիր է, քան հարեւան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»: 
Հյուսիս-արեւմուտքից Հայկական լեռնաշխարհը եզերում են Արեւելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի լեռնաշղթաները: Արեւելքում Հայկական լեռնաշղթան տարածվում է մինչեւ Ուրմիա լճի գոգավորությունը եւ Ղարա Դաղի (Հայկական) լեռները: Արեւմուտքում Հայկական լեռնաշխարհի սահմանը կազմում են Անտիտավրոսի եւ Անտիպոնտոսի լեռները: 
Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնով` արեւելքից արեւմուտք, ձգվում է Հայկական պար լեռնաշղթան, որը լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային եւ հարավային մասերի: Հայկական պարն արեւելքում սկիզբ է առնում Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից, որը լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է եւ ձգվում է մինչեւ Արեւմտյան Եփրատ: Երկրորդ բարձր լեռը Սիփանն է (4434 մ), որը բարձրանում է Վանա լճի հյուսիսային ափին: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ): 
Աշխարհագրական բարձր դիրքի շնորհիվ Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը: Եփրատը եւ Տիգրիսը թափվում են Պարսից ծոցը, Ճորոխը, Հալիսը եւ Գայլը` Սեւ ծովը, Կուրը եւ Արաքսը` Կասպից ծովը, Ջիհունը` Միջերկրական ծովը: Արաքս (Երասխ) գետը սկիզբ է առնում Բյուրակն լեռներից եւ միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով եւ միանալով Կուրին թափվում է Կասպից ծովը: Արաքսն իր վտակներով սնուցում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյան դաշտը: Հայ ժողովուրդը սիրով Արաքսն անվանում է Մայր գետ: 
Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Սեւանա լիճը (Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով) աշխարհի բարձրադիր խոշոր լճերից է, ունի քաղցրահամ ջուր, հայտնի է իշխան, գեղարքունի, կարմրախայտ, սիգ ձկնատեսակներով: Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցումից հետո վերածվել է թերակղզու: Սեւանի մեջ են լցվում 29 գետեր եւ գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը: 
Վանա լիճը (Բզնունյաց ծով) ավելի մեծ է, իսկ նրա աղի ջրերում բազմանում է միայն տառեխ ձուկը: Վանա լիճն ունի չորս կղզի` Աղթամար, Լիմ, Կտուց, Արտեր: Աղթամարը ժամանակին եղել է կաթողիկոսական նստավայր, հայտնի է իր ճարտարապետական կոթողներով, հատկապես Ս.Խաչ եկեղեցով: 
Հայկական լեռնաշխարհի եւ Իրանական սարահարթի միջեւ գտնվում է Կապուտան կամ Ուրմիա լիճը: Այն լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է եւ ունի բազմաթիվ կղզիներ: Նրա չափազանց աղի ջրերում ձկներ չկան: 
Այս երեք խոշոր լճերից բացի Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր` Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու եւ այլն: 
Հայկական լեռնաշխարհում անտառները համեմատաբար քիչ են: Անտառներ կան Արցախում, Սյունիքում, Գուգարքում, Տայքում, Ռշտունիքում: Անտառներում տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին: Հին Հայաստանում տնկվել են նաեւ արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի): 
Հայկական լեռնաշխարհի բուսականությունը հարուստ է եւ բազմազան: Երկրի ցածրադիր վայրերում արհեստական ոռոգման դեպքում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ եւ այլն: Մեծ տարածում ունի պտուղների (ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, բալ, կեռաս եւ այլն) եւ խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար: Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է: 
Բազմազան է նաեւ Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Ընտանի կենդանիներից տարածված են ոչխարը, այծը, կովը, ձին, գոմեշը, իսկ վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնուց ի վեր զարգացած է եղել մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր եւ այլն: 
Հայաստանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է վարչական բազմապիսի բաժանումների: 
Ներքին եւ արտաքին գործոնների ազդեցությամբ հաճախ Հայաստանի տարածքում առաջ են եկել մի քանի թագավորություններ կամ երկրի որոշ հատվածներ հայտնվել են օտարների տիրապետության տակ: Այժմ ընդունված է պատմական Հայաստանի վարչական բաժանման հիմքում դնել VIIդ. նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու կազմած «Աշխարհացույցը»: Ըստ դրա, Հայաստանը բաժանվում է երկու վարչաքաղաքական միավորների` Մեծ Հայք եւ Փոքր Հայք, որոնք իրարից բաժանվում էին Արեւմտյան Եփրատով: Մեծ Հայքն ուներ ավելի քան 300.000 կմ2 տարածք, իսկ Փոքր Հայքը` շուրջ 100.000 կմ2: 
Մեծ Հայքը բաժանված էր 15 նահանգների կամ աշխարհների` Այրարատ, Գուգարք, Սյունիք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Վասպուրական, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք: Դրանք իրենց հերթին բաժանվում էին շուրջ 190 գավառների: Փոքր Հայքն ուներ 5 նահանգ: 
11-րդ դարում հայկական պետականության կենտրոնը տեղափոխվեց Միջերկրական ծովի հյուսիս-արեւելյան ափին գտնվող Կիլիկիա, ուր մինչեւ 14-րդ դարի վերջը պահպանվեց հայոց թագավորությունը: Կիլիկիան զբաղեցնում էր մոտ 40.000 կմ2 տարածք: 
Հայկական լեռնաշխարհի տարածքում հայ ժողովուրդը մեծամասնություն է կազմել մինչեւ 1915թ. Մեծ եղեռնը, որի հետեւանքով մեր հայրենիքի մեծագույն մասը հայաթափվեց, իսկ թուրքերը փորձում են հայության բնօրրանը դարձնել սեփական հայրենիքի մի մասը: 
Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք նահանգների մի մասը եւ ունի 29.800 կմ2 տարածք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 10.000 կմ2 տարածք եւ ընդգրկում է Արցախ, Ուտիք եւ Սյունիք նահանգների մի մասը: Փաստորեն, այսօր հայկական պետականության հովանու ներքո է ավելի քան 400.000 կմ2 զբաղեցնող մեր հայրենիքի միայն 10%-ը:

ՏԵՍ ՆԱԵՎ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets