ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.05.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Մուսա լեռ


Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա Լեռը, գտնվում է Թուրքիայի (ներկայիս Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:
Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել, որոնք ավելի են ստվարացել Տիգրան Մեծի կողմից Անտիոքի գրավումից (մ.թ.ա. 83թ.) հետո: Իսկ 4-րդ դարի հռոմեացի մատենագիր Ամիանոս Մարկելլիանոսի վկայությամբ, Իսոսի (այժմ` Իսկենդերուն) ծոցը այդ ժամանակ արդեն կոչվում էր «Հայոց ծոց»:
Բագրատունիների թագավորության անկումից (1045թ.) և սելջուկ-թուրքերի կողմից Հայաստանի նվաճումից հետո ավելի է մեծանում հայերի զանգվածային արտագաղթը դեպի Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններ, այդ թվում` Լեռնային Կիլիկիա և Անտիոք: Տեղի հայ բնակչությունը ավելի է ստվարանում հատկապես Կիլիկիայի հայկական թագավորության (1080-1375թթ.) շրջաններում:
1516թ. օսմանյան թուրքերի կողմից Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:
Հայկական Կիլիկիայի այս երբեմնի բեկորը, թեև կտրված էր օսմանյան կայսրության հայաշատ կենտրոններից, սակայն դիմացել էր դարերի դաժան փորձություններին, սրբությամբ պահպանել իր մայրենի լեզուն` բարբառը, նախնիների հավատը, ապրելակերպն ու ավանդույթները:


Սակայն օսմանյան կայսրությունում կյանքի, պատվի և ունեցվածքի նկատմամբ տևականորեն թագավորող անապահովությունը այս խաղաղ և աշխատավոր ժողովրդին ստիպում էր ապավինելու նաև զենքին:
Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895թ., 1909թ.) ետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին և ավարի մոլուցքով տառապող բաշիբոզուկների ոհմակին, երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:
Դրությունն ավելի սրվեց 1915թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:
1915թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:
Երիտթուրքերի կողմից կազմակերպված համատարած սպանդի պայմաններում հայերը այնուամենայնիվ երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ: Հերոսական պայքարի շնորհիվ Վանում, Շատախում, Մուշում, Մուսա լեռան վրա, Շապին Գարահիսարում, Ուրֆայում տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին թուրքական յաթաղանից:
Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:
Թուրքական կառավարության կողմից վաղօրոք մշակված աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:
Չհավատալով թուրքերի խոստումներին ու իմանալով գաղթի ճամփան բռնած հայերի ճակատագիրը` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:
Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:
Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:
Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:
Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:
Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:
Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների կողմից ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:
Անտիոքի ծովախորշում ֆրանսիական հածանավի հայտնվելը, և թուրքական զորանոցների ու դիրքերի գնդակոծումը չէր կարող տագնապի չմատնել թուրք հրամանատարությանը: Ահա թե ինչու սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան ետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:
Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:
Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):
Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:
Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:
Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):
Մուսալեռցիների հաղթանակը հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության ու ժողովրդի միասնության ցայտուն դրսևորում էր:
Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:
1939թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղերի անուններ կրող վեց թաղամասեր: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ: Այսօր Այնջարը համարվում է Լիբանանի ամեանագեղեցիկ անկյուններից մեկը: Ավանում գործում են մի քանի ազգային, կրոնական, բարեգործական, մշակութային և մարզական կազմակերպություններ, երեք դպրոց, որոնց գործունեությունը նպաստում է գաղթօջախի ազգային ոգու պահպանմանը:
1946-1947թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում` մասնակից դառնալով մայր հայրենիքի վերաշինման վեհ գործին:
Էջմիածնի շրջանի «Գինեվետ» ավանը 1972թ. վերանվանվեց «Մուսալեռ», իսկ 1976թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:
Անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:
Կոթողի հեղինակները` ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյանը ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:
Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets