ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Սուլուխի կռիվը


1907 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ Սուլուխի կռիվը: Այս կռիվը դարձավ վերջինը Գևորգ Չաուշի և կարապի երգ ֆիդայական շարժման համար: Իրականում Սուլուխի կռիվը պատահական դիպված չէր և ոչ էլ դեպքերի դժբախտ զուգադիպություն: Այդ կռիվը հենց այդ արդյունքով տրամաբանական ավարտն էր այն գործընթացների, որոնք սկսվել էին 1904 թվականի Սասնա ապստամբության ճնշումից հետո: Հետագայում, եթե ժամանակ լինի, մի փոքր կանդրադառնամ այդ գործընթացներին:

Դեռևս 1906 թվականի ամառվանից Սասունում գտնվող Ռուբեն Տեր-Մինասյանն ամեն գնով ձգտում էր Գևորգին գոնե ժամանակավորապես հեռացնել Սասունից:
Սակայն չպետք է կարծել, թե Ռուբենի այդ ձգտումներն ինքնանպատակ էին:
Ամենևին ոչ, Գևորգի գոնե ժամանակավոր հեռացումը օբյեկտիվ անհրաժեշտություն էր, բայց այդ մասին հիմա չեմ ցանկանում մանրամասն գրել:
Ամեն դեպքում, բազմաթիվ անհաջող փորձերից հետո, 1907 թվականի գարնանը Ռուբենին հաջողվում է համոզել Գևորգին մեկնել Արևելյան Հայաստան: Մայիսի 28-ին Գևորգը և Ռուբենը վերջին անգամ պիտի հանդիպեին Դերեկ (Աշտիշատ) գյուղում: Գևորգը Դերեկ պիտի գնար Մառնիկի անտառից Սուլուխի վրայով, իսկ Ռուբենը` Ցրոնքից և դարձյալ Սուլուխի վրայով: Սակայն, մայիսի 26-ին 5 հայդուկների ուղեկցությամբ Սուլուխ գալով, Ռուբենն այստեղ հայտնաբերում է նաև Գևորգին, որը ոչ միայն չէր մեկնել Դերեկ, այլև չէր պատրաստվում դա անել ոչ այդ օրը, ոչ էլ հաջորդ օրը: Դա հայդուկային չգրված օրենքների կոպիտ խախտում էր. հայդուկն իրավունք չուներ մեկ օրից ավել մնալ նույն վայրում, իսկ Գևորգը Սուլուխում էր մայիսի 25-ից: Գևորգի մեկ այլ սխալ էր այն, որ նա նույնիսկ ժամապահներ չէր նշանակել:
Մայիսի 27-ի առավոտյան հայդուկները գտնվում էին սուլուխցի Մեսրոպի տանը, երբ ներս է մտնում սփրթնած տանտերն ու հայտնում, որ Մուշից զորք է գալիս: Եվ իսկապես, Սուլուխից դեպի Մուշ ընկած Խոփերու դաշտի շարունակությունը ամբողջովին սևացել էր 3000-նոց թուրքական բանակից:



Իր տեղանքով Սուլուխը շատ անհարմար էր պաշտպանվելու համար. մի կողմից Խոփերու դաշտն էր, որտեղից գալիս էր թուրքական զորքի հիմնական մասը, մյուս կողմերից Արածանի և Մեղրագետ գետերը: Ձիերի պակասի պատճառով կռվից խուսափելն անհնար էր: Թուրքական 3000-նոց կանոնավոր զորքին միացել էր նաև մոտ 5000 ընդհանուր թվաքանակով քրդական խուժանը: Հայկական կողմից կռվին մասնակցում էին 17 հայդուկներ և Սուլուխի մարտական ջոկատն ու զինված գյուղացիներ` ընդհանուր շուրջ 80 հոգի 2400 (այլ տվյալներով 8000) փամփուշտներով: Այս պայմաններում Գևորգն ընտրում է մարտի համար առավել օպտիմալ դիրքեր, որի շնորհիվ փոքրաթիվ այս ջոկատը կարողանում է դիմադրել մինչև ուշ երեկո: Ինչպես հետագայում հիշում է Ռուբեն Տեր-Մինասյանը, դիրքերը «իրարու հետ կը կազմեն եռանկյուն մը. գլուխը գյուղեն դուրս ինկած խարապա (ավերակ) մըն էր, որը դաշտի մեջ ըլլալով գյուղի ծայրին, միայն 50 քայլ հեռու էր խճուղիեն, մյուս դիրքը ձախ ինկած մոտ 70 քայլ հեռավորությամբ Քյուչյուքի տան տանիքն էր, որը կիշխեր դաշտի կողմեն եկողներու վրա, իսկ երրորդը առաջին խարապայի դրքեն դեպի աջ ինկնող կիսաշեն եկեղեցիին պատերն էին, որ կիշխեր խճուղիի վրա և կապահովեր կամուրջի մեր դիրքին թիկունքը»:

Գևորգը Գալեի, Տիգրանի, Ալիջանի Տիգրանի, սուլուխցի Մոսիկի, Մեսրոպի և Քյուչուկի հրամանատարությամբ գործող մի տասյնակ կռվողների հետ զբաղեցնում է տանիքի դիրքը:
Ռուբենին Սեյդոյի, ալիզռնանցի Մուքոյի, ցրոնքցի Էլոյի և Մխիկի, ինչխես նաև սուլուխցի Սամոյի գլխավորությամբ գործող 6-7 հոգիանոց խմբի հետ բաժին է ընկնում գյուղից դուրս գտնվող «խարապան»:
Երրորդ` եկեղեցու դիրքը գրավում է շենիկցի Ղազարը` մշեցի Ռուբենի, Գփրոյի և մեկ տասնյակ կռվողների հետ:
Այս ամենից բացի, Գևորգը Սաղոյին, Հակոյին, քուրդ Հասանոյին մի քանի այլ կռվողների հետ ուղարկում է հսկելու Սուլուխի կամուրջը: Մեկ այլ խումբ մնում է գյուղում որպես պահեստազոր:
Սուկուխի կռվի առաջին փուլը սկսվել է թուրքական 500 հոգանոց ջոկատի գրոհով: Թողնելով, որ ասկյարները մոտենան մինչև 150 քայլ հեռավորության վրա` հայդուկները 8 անց 20 րոպեին կրակ են բացում, որից հետո թշնամին նահանջում է մինչև 1000 քայլ հեռավորության վրա` թողնելով վիրավորներին և սպանվածներին:
Մոտ 8 անց 20-ին սկսվում է մարտի երկրորդ փուլը: Այս անգամ թուրքերը գրոհում են երեք ուղղությամբ և ցրված: Թվական գերազանցության շնորհիվ, թուրքերն ընդհուպ մոտենում են հայդուկների դիրքերին: Ռուբենի վկայությամբ թշնամին մոտենում է մինչև 5-20 քայլ: Մյուս կողմից թուրքերը հաջողացնում են մտնել գյուղի թիկունքում գտնվող գերեզմանոց, որտեղից էլ լցվում են գյուղ` Գևորգի դիրքից շուրջ 100 քայլ հեռավորության վրա: Մարտի սկսվելուց մոտ 20 րոպե հետո քունքից մահացու վիրավորվում է Գևորգի թիկնապահ Գալեն: Վերջինիս Գևորգի հրամանով իջեցնում են տանիքից: Դրանից մոտ տաս րոպե անց վիրավորվում է նաև ինքը` Գևորգը, որից հետո նա իջնում է տանիքից և պառկում տանը՝ կիսամեռ Գալեի կողքին: Կես ժամ անց թուրքերը գրավում են Գևորգի դիրքը, իսկ տանիքի կռվողները նահանջում են` գրավելով հարևան տների տանիքները:
Գևորգի դիրքի կորստով, Ռուբենը և մյուս կռվողները հայտնվում են շրջափակման վտանգի առջև, և Ռուբենը, չնայած, որ իր դիմաց ուներ 50 քայլ հեռավորության վրա գտնվող թշնամին, ուղղակի ստիպված է լինում երեք հոգու (Էլո, Գբրո, Տիգրան) ուղարկել Գևորգի դիրք: Բարեբախտաբար այդ երեքին, մյուսների հետ հաջողվում է հետ վերցնել Քյուչուկի տանիքը: Թշնամու այս հարձակումն էլ է հաջողվում հետ մղել: Հայդուկներն իրենց հսկողության տակ են վերցնում գրեթե ամբողջ գյուղը: Այսպես ավարտվում է կռվի երկրորդ փուլը:Կեսօրին մոտ սկսվում է կռվի երրորդ փուլը: Թշնամին նոր համալրումներ է ստանում և մարտը սկսվում է նախկինից էլ ավելի բուռն. բազմաթիվ հայդուկներ են վիրավորվում: Ծանր կռիվ է ծավալվում Սուլուխի կամրջի մոտ, որտեղ ամենաօրհասական պահին Դերեկ և Ավրան գյուղերից տեղ է հասնում մի ջոկատ` Ավրանա Արամի և Քեռի Ղազարի գլխավորությամբ, ովքեր լսելով հրաձգության ձայներ` օգնության էին շտապել: Այս ջոկատը գյուղի կամրջի մոտ անշարժացնում է թուրքական բանակը, ինչն էապես թեթևացնում է Սուլուխում կռվողների վիճակը: Շուտով սպանվում է նաև թշնամու հրամանատարը` Քյոսա Բինբաշին, ինչը խուճապ է առաջացնում թուրքերի մոտ և նրանք մի փոքր նահանջում են, բայց շուտով կռիվը վերսկսվում է նոր ուժով և բուն Սուլուխում հետզհետե սկսվում են փողոցային մարտերը, որոնք շարունակվում են մինչև ուշ երեկո: Այդ ընթացքում թշնամին Մուշից բերում է նաև թնդանոթ: Երեկոյան մոտ թուրքերը վերջնականապես գրավում են գյուղը, իսկ հայդուկները նահանջելով սեղմվում են Արածանիի ափին: Քանի որ արդեն մութ էր, հայդուկները կարող էին մթության քողի տակ հեռանալ գյուղից: Նախքան հեռանալը, Ռուբենը, ով Գևորգի վիրավորվելուց հետո ստանձնել էր ղեկավարությունը, հրամայում է ինչ գնով էլ լինի գրավել Գևորգի դիրքը և այնտեղից դուրս հանել Գևորգին և Գալեին: Հայդուկները մի քանի կողմից հարձակվում են Քյուչուկի տան վրա և այնտեղից վերցնում Գալեի մարմինը և վիրավոր Գևորգին: Ռուբենն այնտեղ է թողնում Ալիջանի Տիգրանին հինգ հոգու հետ, որպեսզի գոնե կես ժամ այդ դիքրը պահեն և մյուսներին նահանջելու հնարավորություն տան:
Մյուս կողմից, թշնամին ենթադրել էր, որ հայդուկները պիտի նահանջեին գերեզմանոցի ուղղությամբ և սկսել էր կենտրոնանալ այնտեղ: Դա տրամաբանական էր, քանի որ մյուս ուղղություններով նահանջի ճանապարհը փակել էին գարնանը հորդառատ դարձած Արածանին և Մեղրագետը: Հայդուկներն ուղղակի ստիպված էին նահանջել գետի հոսանքով: Լուռ շարքերով անցնելով թուրքական զորքի միջով` հայդուկները դուրս են գալիս գետի ափ, որտեղ Գալեի մարմինը նետում են գետը և շարժվում են Մեղրագետի ու Արածանու միացման վայրը: Այստեղ Գևորգին թողնելով եղեգնուտում մի քանի սուլուխցիների հսկողության տակ, հայդուկները զբաղվում են մոտակա գյուղերում գետն անցնելու հարմարանքներ փնտրելով, բայց ապարդյուն: Հետո վերադառնալով եղեգնուտ` Գևորգին այնտեղ այլևս չեն կարողանում գտնել և ցրվում են` գետերը առանձին առաձին փոքր խմբերով անցնելու մտադրությամբ:
Գևորգին մահամերձ վիճակում և միայնակ գտնում է քուրդ Զեյնալ բեկը հաջորդ առավոտյան: Նա Գևորգին ջուր է բերում խմելու, որից հետո էլ նա մահանում է այդ քուրդի ձեռքերին: Զեյնալ բեկի հեռանալուց հետո այստեղ է հայտնվում թուրքական մի ջոկատ: Այդ ջոկատը Գևորգի սպանվելու մասին հայտնում է Մուշ, որտեղից դիակառք են ուղարկում: Գևորգի մարմինը դիակառքով տեղափոխում են Մուշ: Մուշից մահվան թափորին ընդառաջ է դուրս գալիս զինվորական նվագախումբը և մի վաշտ: Այդ նույն նվագախումբը և վաշտը դրա նախորդ օրը մասնակցել էին Քյոսա Բինբաշու թաղման արարողությանը: Գևորգի մարմիը նվագախմբի և զինվորական պատվաշարի ուղեկցությամբ մտցնում են քաղաք, որտեղ բնակչությունը 3 օր շարունակ հրաժեշտ էր տալիս իր Գևորգին: 3-րդ օրը, Գևորգին զինվորական պատիվներով և Շոպենի երաժշտության հնչյունների տակ թաղում են Սաչկի դուրանի Կողու թաղի գերեզմանատանը: Այսպիսի աննախադեպ հարգալից վերաբերմունքը թուրքական իշխանության կողմից /թուրքերը սովորաբար անարգում էին իրենց ձեռքն ընկած հայդուկների մարմինները/ մի բացատրություն միայն ուներ. թուրքերը ամենայն լրջությամբ վախենում էին, որ Գևորգը կարող է հարություն առնել:
Եվ վերջում չոր թվեր կռվի արդյունքներից:Ընդհանուր առմամբ կռվին մասնակցել են շուրջ 80 հայեր, շուրջ 3000 թուրքական կանոնավոր զորք և շուրջ 5000 քրդական խուժան: 17 հայդուկներից սպանվում են Գևորգը, Գալեն և Հակոն Կռվող գյուղացիներից սպանվում են 18 հոգի, անզեն ժողովրդից` 23-ը: Վիրավորվում են 11 հայդուկներ: Թշնամուց զոհվում են հրամանատար Քյոսա Բինբաշին, 2 հարյուրապետ, 5 տասնապետ և մոտ 120 զինվոր:










Հ.Գ.



Սուլուխի կռվից հետո շատերը, մասնավորապես Մախլուտոն, հաշվի առնելով Ռուբեն-Գևորգ հակասությունները և այն, որ Գևորգի մարմնի հետմահու լուսանկարների վրա Գևորգի թիկունքի վերքը ավելի մեծ էր եղել, քան կրծքի վերքը, մեղադրեցին Ռուբենին Գևորգի սպանության մեջ: Իրականում այդպիսի վերք ստացվել էր մոտ տարածությունից և դիմացից կատարված կրակոցից, իսկ Ռուբենը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող Գևորգին սպանել, քանի որ բավականին հեռու էր, բացի այդ գտնվում էր Գևորգի դիրքից ավելի առաջ: Ավելին, հնարավորություն ունենալու դեպքում էլ, Ռուբենն առնվազն ինքնասպան պիտի լիներ, քանի որ Գևորգի դիրքի կորուստը նրան սպառնում էր շրջափակմամբ և անխուսափելի մահով:
Հ.Գ.Գևորգ Չաուշի կեղծանունը Սարհատ էր: Դա երևի պատահական չէր, քանի որ այդ սերնդի կնքահայրը Րաֆֆին էր իր վեպերով:
ՏԵՍ ՆԱԵՎ ԱՌՆՉՎՈՂ ՆՅՈՒԹԵՐ









Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets