ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.2013

«Մարդ կոչվելու արժանին կարող է միայն հայ լինել»


«Մարդ կոչվելու արժանին կարող է միայն հայ լինել»: 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

-Թույլ տվեք շնորհակալությամբ սկսել մեր զրույցը... Շնորհակալ եմ Ձեր ծնողներին, որ մեր ազգին նման ՀԱՅ են պարգևել:
-Շնորհակալ եմ գնահատականի համար: Կաշխատեմ հետագայում էլ նույն կերպ մնալ ու հուսախաբ չանել:
-Ի՞նչ է խրատել կամ պատգամել Նախշքարյանն իր զավակներին:
-Լինել մաքուր ազնիվ նվիրված: Ինչպես ասում է ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒՆ. «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես
աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ»:
-Դժվա՞ր է ՀԱՅ լինել «հայերի» մեջ:

-Պատասխանեմ նժդեհավարի. «Մարդ կոչվելու արժանին կարող է միայն հայ լինել»:
-Առհասարակ, ի՞նչ է հայրենասիրությունը` վեհ գաղափար, թե «շոշափելի» զգացողություն:
-Կոնկրետ ինձ համար հայրենասիրությունը ապրելակերպ է ես այլ ձև չեմ էլ պատկերացնում:
-Մի՞թե այն կարելի է սովորել, թե ի ծնե տրվում է կամ չի տրվում մարդուն:
-Կաթի հետ պիտի մտնի, որ հոգու հետ դուրս գա:
-Ե՞րբ և ինչի՞ց ծնվեց «Նախշքարյան բլոգ» ստեղծելու անհրաժեշտությունը:
-Սա ավելի խոր արմատ ունի` տարիներ շարունակ սերունդ փչացնող կառավարությունների հայրենասիրության պակասի պատճառով ծնվեց: Այն, ինչ չարեցին նրանք որոշեցի անեմ ես: Ու ասեմ, որ կարծես թե հաջողել եմ` մեկ տարի համացանցում մոտ 80 երկրներից այցելուներ, մոտ 300 000 կարդացող, սա նշանակում է, որ ոգու սով է, գաղափարի պայքար, կարոտի զգացում, վերադարձի պատրաստակամություն դեպի արմատներ:
-Ո՞րն է Ձեր կարոտի գույնը:
-Կապու՜յտը...
-Ես չեմ կարող չզարմանալ,
Չզարմանալ զարմանալի մարդկանց վրա,
Որ կարող են առհասարակ չզարմանալ....
Համո Սահյան

Իսկ դուք զարմանո՞ւմ եք դեռ:

-Ես զարմանում եմ, որ զարմանում են չէ՞ որ 5000-ամյա պատմություն ունեցողը ինչերի միջով ասես որ չի անցել հետաքրքիր է, թե այդքանից հետո էլ ինչի՞ վրա պիտի զարմանան:
-Հայ գրականության պատմության մեջ, ո՞ր գրողի հետ եք երբևէ «Վիճել» և ո՞ր հարցի շուրջ:
-Հետաքրքիր հարց էր ու վստահ եմ որ ակնկալում եք փիլիսոփայական պատասխան:
Գրողները որպես կանոն միշտ ճիշտ են լինում այլ բան է որ պատմությունը հետո պիտի սկսի քարկոծել:
Հավասարաչափ սիրում եմ բոլոր հայ գրողներին: Ապրել եմ որոշների ստեղծագործություններով ու վիճել եմ միայն այն դեպքում, երբ ունեցել եմ իմ հոգեկանի հետ խնդիր` նկատի ունեմ ներսի և դրսի աշխարհների բախումը:
- Ի վերջո, ո՞րն է այդ բախումը:
-Երբ գրողը իր ժամանակի մեջ ապրել է մի վիճակ որը հիմա, կարծես թե, բոլորիս համար անհասանելի է:
Ես կարծում եմ, որ հիմա արդեն գրողներից էլ են թանգարանային նմուշներ մնացել:
Սոցիալական ծանր վիճակը նաև այդտեղ է չոքել ու սպառնում է ոչնչացում:
Հիմա կարծես թե կարդացողներն էլ են քչացել:
Իմ աշխարհների բախումը առաջացել է երկուսի միաձուլումից:
Ես «վիճում» եմ, երբ հասկանում եմ, որ ժամանակին նրանք ապրեցին հոգեկան կատարյալ վիճակ, իսկ մենք այսօր այդ վիճակին նայում ենք իբրև` Պլատոնական վերացական դրություն:
-«Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» Եղիշե Չարենց…  ո՞րն է ինքնաճանաչման լույսը-ուղին:
-Ինքնաճանաչման համար կարծես թե նախ ինքնահաստատում է պետք: Այդ լույսը մշտապես պիտի զենքի ճիշտ գործածությունը լինի: Մենք շատ ենք խեղճանում ու կոտրվում: Ուզում եմ Մեծն Հայրիկից մեջբերել. «Ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մէկ-մէկ զենք տարեք, զէնք առեք և դարձեալ զէնք: Ժողովորդ, ամենէն առաջ քո ազատութեան յոյսը քո վրայ դիր. քո խելքին և բազկին ոյժ տուր, մարդ ինքնիրմէն պէտք է աշխատի, որ փրկուի»: Սա է` լույսը, ճշմարտությունը, պարտադիր սկզբունքը: Մենք դեռ մեր զարկի վերջին փամփուշտը չենք պարպել: Մենք դեռ ասելիք ունենք: Մենք Էրգիր ունենք վիշապի որջում:
Շահան Նաթալին ասել է. «Ով որ ոչինչ ունի կորսնցնելիք ոչինչ ունի վախնալիք»: Մեզ չէր խանգարի մի քիչ էլ Հայ լինեինք: Գժվել կարելի է, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթներով պորտապար են գովերգում, պարսկաարաբաթուրքական կլկլոցներն են տարածում, ապրում են ու ապրեցնում: Իսկ կողք - կողքի մեր ազգային ոգին է փթում: Տերերը կորցրել են իրենց գլուխները` օրվա մեջ օրապահիկի որսի մասին մտածելով:
-Ձեր խոհերում կա՞ կիսատ-չասված:
-Ես սովորաբար ասում եմ այն, ինչ զգում եմ, չեմ տարակուսում, աշխատում եմ ամեն ինչ հասցնել` թե մտածումի, թե գործածումի մեջ:
-Ձեզ հարազա՞տ է լռության մեղեդին, թե աշխույժ երգը:
-Ես աշխույժությունը առավել եմ գնահատում` առանց այն էլ բավականաչափ լռել ենք: Առանց այն էլ ենքա՜ն կիսատ կա որ պիտի հասցնենք...
-Բլոգում «Մի երգի պատմության» մեջ, ո՞րն է Ձեր հոգու երգը:
-Հայրենիքի սերն ու կարոտը, հարգանքը մեծի ու գեղեցիկի նկատմամբ, շատ սիրում եմ ազգայինը ընդհանրապես: Կապ չունի թեման գեղջկական է, թե հայդուկային: Բլոգում ինչ տեսնում ու կարդում եք ամեն մեկն էլ իմ ներսից է ծնվում: Այն, ինչ ես զգում եմ անմիջապես փոխանցում եմ բոլորին ու ամենքին:
-Հայի երգը ի՞նչ գույնով կպատկերեիք, ո՞րն է խորհուրդը:
-Ճիշտ է տխուր գույնով եմ պատկերացնում` չնայած այնտեղ երբեմն հերոսական պայծառություն էլ կա: Երբ լսում ես, օրինակ, «Սուլուխի կռիվը» երգը` և տխուր է, և պանծալի: Իսկ գույնը` հերոսական, չնայած որ տխուր վերջաբան են ունեցել: Հայոց ներկապնակի բոլոր գույներն էլ, կա այս երգում, բայց մի տեսակ ավելի մշուշոտ է: Գունավորելով այն կվնասեմ երգը: Դրա համար չեմ գունավորի:
-Կոչ որը կցանկանայիք այս պահին հնչեցնել... խնդրեմ:
-Կոչ եմ անում միանգամից մի քանի բան: Նախ, որ լավ սովորեն, սիրեն հայրենիքը, ապրեն հայերեն, ունենան պատվախնդրության զգացում, չկոտրվեն, կարողանան ճիշտ գնահատել` թե անցյալը, թե ներկան, որ հեշտությամբ կերտեն ապագան: Հիմնականում լինում են, հիմա ինչպես շատերի մոտ ենք հանդիպում, կեղծ հայրենասերների: Գիտեն թե մի երկու բան, որ լսեցին այստեղից-այնտեղից ու վերարտադրեցին իրենց պատկերացրածով, ուրեմն իրենցից ավելի հայ չկա, հայրենասեր չկա, հեռանում են օտար երկրներ մի եկեղեցի կառուցում ու եռագույն ծածանում ու բարձր գոռում, որ իրենցից լավ հայրենասեր չկա: Հայրենիքին ոչինչ չեն տալիս բայց պահանջում են: Կոչ եմ անում հայի այդ տեսակին` Հռոմի պապից առավել կաթոլիկ չլինել: Ինչպես Նժդեհն է ասում Հայրենիքն ամենամեծ սրբությունն է որը ցավոք զոհեր է պահանջում:
-Անչափ զգացված եմ, որ պատիվ ունեցա Ձեզ հետ հարցազրույց վարելու.... շնորհակալ եմ այս ՀԱՅԱՇՈՒՆՉԸ տարածելու համար:
-Ես էլ եմ ուրախ որ պատիվ ունեցա պատիվ ունենալու: 

Հ. Գ. «Հարցազրույց»ի հյուրն էր, թերևս ինձ համար, մեր օրերի իրական ՀԱՅԸ` ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԸ…. Թող ՁԵՐ հայապահպան գործը միմիայն աճի ու տարածվի` ընդգրկելով համայն հայությանը:
Զրուցեց՝ Բանաստեղծուհի ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

3 комментария:

  1. Հարգելի Արա Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն իմ անունից, այլ ընթերցող և ոչ ընթերցող հայ ժողովրդի փոխարեն:Շփվելով Ձեր հայրենասեր տեսակի հետ լցվում եմ վարդագույն լավատեսությամբ և համոզվում, որ չարժե երեկ ավելի հուսատու լինել քան այսօր, վաղվա մեր ապագան կախված է ներկայից: Եթե մարդ դառնում է նվազ խոստումնալից կամ հուսահատ, նրա մտքի ու սրտի սնունդը նյութապաշտականն է, ահա ինչու մտերմաբար, անարվեստ էջերով իմ ցանկությունն եմ հայտնում, Ձեր վաղվա օրը թող էլ ավելի գեղեցիկ լինի:

    ОтветитьУдалить
  2. փառք ու պատիվ Ձեզ, դուք հայապահպանման գործում ավելի մեծ դեր եք կատարում, քան մի քանի նախարարություներ

    ОтветитьУдалить
  3. Անի Մելքոնյան
    Իսկական հայի և լավ մարդու շատ անկեղծ հարցազրույց:
    Եվս մեկ անգամ շնորհակալություն Արա Նախշքարյանին,որ համատարած բարոյալքման ու ապազգայնացման այս պայմաններում կարողանում է ազգանվեր գործ անել:

    ОтветитьУдалить

Blogger Widgets