ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.05.2013

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ


Քահանայապետություն հայոց, Եպիսկոպոսապետություն հայոց, Կաթողիկոսություն հայոց Մեծաց, Հայրապետություն հայոց, Ընդհանրական հայրապետություն հայոց, Հայրապետություն ամենայն հայոց, Հայոց կաթողիկոսություն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը: 

Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց (301) հետո՝ 303-ին, Վաղարշապատում, երբ կառուցվել է կաթողիկոսանիստ Ս. Էջմիածնի Մայր տաճարը, և ինքն էլ դարձել է Հայոց առաջին հայրապետը: Կաթողիկոս. աթոռի հաստատումով գահակալող կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ են անցել Մեծ ու Փոքր Հայքերի բոլոր հայ քրիստոնյա համայնքները: Նրան «ի հոգևորս» ենթարկվել են նաև Վրաց ու Աղվանից եկեղեցիները, սակայն VIIդ. սկզբին Վրաց եկեղեցին 
բաժանվել է Հայ եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն, մինչդեռ Աղվանից եկեղեցին հայացել ու հետագայում իր գոյությունը շարունակել է որպես Գանձասարի կաթողիկոսություն (մինչև 1813-ը, որից հետո կոչվել է մետրոպոլիտություն, իսկ նրա թեմերն անցել են Ս. Էջմիածնի ենթակայության ներքո): Կաթողիկոսություն ամենայ հայոց անվանումը տարածում է ստացել XV դարից, երբ Հայաստանում և նրանից դուրս տարբեր ժամանակներում կազմավորված նվիրապետական աթոռները և հակաթոռ կաթողիկոսությունները, ինչպես նաև հայ գաղթավայրերի եկեղեցական բազմաթիվ թեմեր աստիճանաբար ճանաչել են նրա գերագահությունը: Հոգևոր-եկեղեցական գործերից զատ ամենայ հայոց կաթողիկոսությունը մասնակցել է ազգային, մշակութային, իրավական, տնտեսական, հաճախ նաև՝ քաղական կյանքին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իր վրա վերցրել ազգի գոյատևման կարևոր առաքելությունը: 
Աթոռի գոյության առաջին շրջանը համընկել է Հայոց Արշակունյաց հարստության գահակալության վերջին տասնամյակների հետ: 
Այդ շրջանում ամենայ հայոց կաթողիկոսությունը իր հիմնական գործունեությունը կենտրոնացրել է քրիստոնեական քարոզչության, եկեղեցական կազմակերպության ամրապնդման, թեմերի ստեղծման, ինչպես նաև կրթության, լուսավորության և բարեգործական աշխատանքների վրա: Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի գահակալության տարիները (353–373) նշանավորվել են բարեգործական հաստատությունների հիմնադրմամբ: Ամենայ հայոց կաթողիկոսի անմիջական հովանավորությամբ հիմնվել են խնամակալական հաստատություններ՝ հիվանդանոցներ, ծերանոցներ, բորոտանոցներ, իջևանատներ, դպրոցներ, ընդարձակվել են եկեղեցական տիրույթները: Այդ ժամանակ էլ մեծացել է ամենայ հայոց կաթողիկոսության հասարակական և քաղաքական դերը. նա միջամտել է արքունի պետական գործերին, մասնակցել երկրի ներքին ու արտաքին քաղական կյանքին: 
387-ին Հայաստանի մասնատումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, ապա 391-ին բյուզանդական հատվածում Հայոց թագավորության վերացումը, իսկ պարսկական մասում պետության անկախության դեմ ուղղված սպառնալիքը նոր խնդիրներ են առաջադրել, և ամենայ հայոց կաթողիկոսությունը իր ջանքերն ուղղել է հայ ժողովրդին եկեղեցու շուրջ համախմբելու, ժողովըրդի ու եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու, արտաքին ազդեցություններից զերծ պահելու գործին: Քաղաքական նման պայմաններում ամենայ հայոց կաթողիկոսությունը պետական իշխանության աջակցությամբ եռանդուն քայլերի է դիմել, որոնց մեծագույն արդյունքը եղավ հայ գրերի գյուտը և հայերեն գրականության ստեղծումը: Ազգային-քաղաքական ծանր պայմաններում, ամենայ հայոց կաթողիկոսության ջանքերով և պետության հովանավորությամբ, գրերի գյուտից անմիջապես հետո կերտվել է հայ մշակույթի Ոսկեդարը: Կյանքի են կոչվել ուսումնագիտական և մշակութային մի շարք ձեռնարկումներ, բացվել հայալեզու ուսուցմամբ դպրոցներ, դրվել է հայատառ ազգային դպրության հիմքը, թարգմանվել Աստվածաշունչը և անտիկ ու քրիստոնեական գրականության բազմաթիվ երկեր: Vդ. 2-րդ քառորդից, երկրի քաղաքական վիճակի վատթարացման պայմաններում, Հայոց կաթողիկոսությունը Սահակ Ա Պարթևի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել հայկական պետականությունը պահպանելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար: Հայաստանի պարսկական մասում Հայոց Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո ամենայ հայոց կաթողիկոսությունը հանձն է առել ազգային գերագույն իշխանությունն իրականացնելու առաքելությունը, պետականության բացակայության պայմաններում դարձել հայ 
նախարարություններին միավորող կենտրոն, ազգային հավաքականությունը ներկայացնող կառույց: Պարսկական տիրապետության ներքո ամենայ հայոց կաթողիկոսությունը կարողացել է պահպանել երկրի ներքին ինքնուրույնությունը և քրիստոնեական հավատքը լավագույնս օգտագործել՝ ուծացում թույլ չտալու համար: Ամենայ հայոց կաթողիկոսությունը գլխավորել է Vդ. ազգային-ազատագրական զինված պայքարը պարսկական տիրապետության դեմ՝ հանձինս Հովսեփ Ա Հողոցմեցի, Գյուտ Ա Արահեզացի և Հովհաննես Ա Մանդակունի հայրապետների: 
Ամենայ հայոց կաթողիկոսությունը գլխավորել է Հայ եկեղեցու պայքարը դավանաբանական վեճերի ընթացքում՝ անմասն չմնալով նաև Ընդհանրական եկեղեցու գլխավոր հիմնահարցերը լուծելու աշխատանքներից: Գրիգոր Ա Լուսավորչի որդին՝ Արիստակես Ա Պարթևը, մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325) և իր ստորագրությունը դրել ժողովի որոշումների տակ: 
Ամենայ հայոց կաթողիկոսությունը ընդունել է նաև Կ. Պոլսի Բ (381) և Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովների դավանական որոշումները: Ավելի ուշ ամենայ հայոց կաթողիկոսությունը պայքար է մղել նաև Ընդհանրական եկեղեցին պառակտող հերետիկոսական վարդապետությունների՝ եվտիքականության և նեստորականության դեմ: 
Հետագայում ամենայ հայոց կաթողիկոսությունը մերժել է Քաղկեդոնի ժողովի (451) որոշումները՝ Հայ եկեղեցին զերծ պահելով նորամուտ վարդապետություններից, սատար է կանգնել հայ ժողովրդի անկախությանն ու հոգևոր-եկեղեցական ինքնուրույնությանը: Հայ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը, պաշտամունքը անաղարտ և ուղղափառ հիմքերի վրա պահելու, դրանք կանոնակարգելու և եկեղեցու դիրքորոշումը հստակեցնելու համար գումարել է եկեղեցական ժողովներ (Աշտիշատի եկեղեցական ժողովներ, Շահապիվանի եկեղեցական ժողով 444, Դվինի եկեղեցական ժողովներ, Մանազկերտի եկեղեցական ժողով 726 ևն): Այդ ժողովներում ընդունվել են նաև բազմաթիվ կանոններ ներքին աղանդավորական շարժումների (մծղնեություն, պավլիկյաններ, թոնդրակեցիներ և այլն) դեմ: 
Քաղկեդոնի ժողովի որոշումները մերժելուց հետո ամենայ հայոց կաթողիկոսությունը իր հեղինակությամբ ու գործունեությամբ ղեկավար դիրք է ձեռք բերել Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ, որոնք կարևորել են Հայոց կաթողիկոսության կարծիքը դավանական վճիռներ կայացնելիս, հաճախ էլ պաշտպանություն գտել նրա հովանու ներքո: 
Պատմական պայմանների թելադրանքով ամենայ հայոց կաթողիկոսության աթոռանիստը հաճախ տեղափոխվել է երկրի մի 
վայրից մյուսը: Վաղարշապատից հետո աթոռը հաստատվել է Դվինում (484–931), Աղթամարում (931–944), Արգինայում (944–992), Անիում (992–1065): Բագրատունյաց թագավորության անկումից (1045) հետո, Կիլիկիայում հայկական իշխանությունների առաջացման ու հզորացման պայմաններում, կաթողիկոսական աթոռը նույնպես տեղափոխվել է Կիլիկիա: Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը 1066-ին աթոռանիստ է դարձրել Կիլիկիայի սահմաններին մոտ գըտնըվող Ծամնդավը: Ավելի ուշ աթոռանիստը փոխադրվել է Շուղրի (Քեսունի գավառում) Սև լեռան Կարմիր վանք (1105–16), ապա՝ Գրիգոր Գ Պահլավունու օրոք՝ Ծովք (1116–49), այնուհետև, դարձյալ Գրիգոր Գ Պահլավունու օրոք՝ Հռոմկլա (1149–1292), Գրիգոր Է Անավարզեցու օրոք՝ Սիս (1293–1441): Կիլիկյան հայկական պետության ժամանակաշրջանում (XIII–XIVդդ.), նաև դրանից վաղ (XI–XIIդդ.), ամենայ հայոց կաթողիկոսությանը գործունեությունը դրսևորվել է հոգևոր, կրթական, մշակութային, ինչպես նաև քաղաքական-միջպետական, դավանական-միջեկեղեցական կյանքի ոլորտներում: Այդ շրջանը նշանավորվել է հայ-հույն և հայ-կաթոլիկ միջեկեղեցական հարաբերություններով, ծիսադավանական խնդիրների շուրջ ընթացող երկարատև վեճերով ու բանակցություններով: Սկզբում Հույն եկեղեցին, ապա՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին փորձել են ամենայ հայոց կաթողիկոսությունը ենթարկել մի դեպքում Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը, մյուս դեպքում՝ Հռոմի պապին: Թեև որոշ դեպքերում ամենայ հայոց կաթողիկոսության գահակալներից ոմանք երբեմն նահանջել են Հայ եկեղեցու ծիսադավանական ավանդույթներից՝ հուսալով, թե այդպիսով կկարողանան շահել Բյուզանդիայի կամ կաթոլիկ Եվրոպայի քաղաքական համակրանքն ու աջակցությունը, սակայն ամենայ հայոց կաթողիկոսությունը կարողացել է այդ դժվարին պայքարում անաղարտ պահել իր դավանությունը և Հայ եկեղեցու ամբողջական անկախությունը: 
Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո ծանր ժամանակաշրջան է սկսվել ամենայ հայոց կաթողիկոսության համար: Եկեղեցական և աշխարհիկ շրջաններում ավելի է ամրապնդվել կաթողիկոսական աթոռը մայր հայրենիք տեղափոխելու գաղափարը: 1441-ի Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Մայր աթոռը վերահաստատել է Ս. Էջմիածնում, որտեղ և գտնվում է առ այսօր: 
Աթոռի տեղափոխությանը հաջորդած երկու դարերում, թուրքմենական ցեղերի ասպատակությունների, Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության հետևանքով, Հայոց կաթողիկոսությունը ծանր կացության է մատնվել և միայն XVII դարից սկսած մտել է տնտեսական, նյութական, կրոնական, մշակութային, համեմատաբար բնականոն հունի մեջ: Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների ջանքերով ամենայ հայոց կաթողիկոսությունը զգալի առաջընթաց է ապրել, վերականգնվել է Մայր աթոռի տնտեսությունը, վանական-միաբանական կյանքը. հիմք է ստեղծվել ազգային-եկեղեցական, մշակութային ու կրթական արդյունավետ գործունեության համար: Հիմնվել են մի շարք դպրոցներ և վարդապետարաններ Սյունիքում, Էջմիածնում, Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում, Բաղեշի Ամրդոլու վանքում, Նոր Ջուղայում և այլուր: 
XVII–XIXդդ. ամենայ հայոց կաթողիկոսությունը դարձել է հայ ազատագրրական շարժումների ղեկավար մարմինը: Նրա հովանավորությամբ մշակվել ու զարգացել են հայռուսական և հայ-եվրոպական հարաբերությունները: 
XIXդ. վերջին – XXդ. սկզբին կաթողիկոսությունն օժանդակել և նպաստել է Արևմտյան Հայաստանի ֆիդայական և ազգային-ազատագրական շարժումներին, Հայկական հարցի լուծման քաղաքական ձեռնարկումներին: Այդ շրջանում նաև կազմակերպել, հովանավորել ու ղեկավարել է ազգային-հասարակական, քաղաքական., կրոնաեկեղեցական, գիտամշակութային, ուսումնակրթական բազմաթիվ ձեռնարկումներ ու հաստատություններ Հայաստանում և հայ գաղթավայրերում: Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին օգնել է բազմահազար աղետյալների ու գաղթականների, 
միևնույն ժամանակ մեծ գործունեություն ծավալել աշխարհասփյուռ հայության ազգապահպանման և դաստիարակության ասպարեզում: 
1918-ի մայիսին, Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, ամենայ հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում: 
1920-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումով չափազանց ծանր պայմաններ են ստեղծվել ամենայ հայոց կաթողիկոսության համար: Ստալինյան հակաեկեղեցական հալածանքների շրջանում Մայր աթոռն ամփոփվել է միայն Ս. Էջմիածնի վանքի պատերի մեջ, կտրվել է կապը Հայ եկեղեցու թեմերից, նվիրապետական աթոռներից և հավատացյալներից: Իշխանությունը հաշվեհարդար է տեսել հոգևորականների հետ, փակել, ավերել հարյուրավոր եկեղեցիներ, խլել եկեղեցական կալվածքներն ու ունեցվածքի մեծ մասը: Մայր աթոռն անշքացել է, Ս. Էջմիածնի միաբանական կյանքը՝ դադարել, և ամենայ հայոց կաթողիկոսության վրա կախվել է վերանալու սպառնալիքը: 1938-ին Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի՝ 
կասկածելի հանգամանքներում վախճանից հետո, մինչև 1945-ը, կաթողիկոսական գահը մնացել է թափուր: 
Դրությունը մի փոքր բարելավվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պատերազմի ժամանակ ամենայ հայոց կաթողիկոսությունը իր սուղ միջոցներից, ինչպես նաև սփյուռքահայության օժանդակությամբ օգնել է ռազմաճակատին: Փոխվել 
է վարչակարգի վերաբերմունքը ամենայ հայոց կաթողիկոսության և Հայ եկեղեցու նկատմամբ սկսվել է իրավունքների մասնակի վերականգնումը: Սակայն կաթողիկոսությունը շարունակել է մնալ սոսկ հանդուրժվածի վիճակում: 
Ամենայ հայոց կաթողիկոսության վերազարթոնքը սկսվել է Գևորգ Զ Չորեքչյան (1945–54) կաթողիկոսի օրոք, իսկ ավելի նպաստավոր պայմաններում շարունակվել Վազգեն Ա Պալճյան (1955–94) կաթողիկոսի երկարատև աթոռակալության շրջանում, երբ զարգացել են միջեկեղեցական հարաբերությունները, խորացել արտասահմանյան թեմերի հետ կապերը, վերաբացվել կամ վերանորոգվել են հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ: Հայկական պետականության վերականգնումից (1991-ի սեպտ. 21) հետո 
ամենայ հայոց կաթողիկոսության առջև բացվել են գործունեության նոր և ավելի լայն հնարավորություններ: Եկեղեցական, միաբանական, թեմական, հոգևոր-մշակութային կյանքն աշխուժացել է Գարեգին Ա Սարգիսյան (1995–99) կաթողիկոսի օրոք: ՀՀ-ում վերափոխվել է թեմական կառուցվածքը, կառուցվել ու վերաբացվել են նոր եկեղեցիներ ու վանքեր: Մայր աթոռում հիմնվել է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը, վերանորոգվել է Գևորգյան ճեմարանի շենքը և հանձնվել Ս. Էջմիածնին, բարելավվել են հոգևոր ճեմարանի ուսումնական պայմանները: Մայր աթոռում ստեղծված Մամլո դիվանը, «Խորան լուսոյ» ստուդիան, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը սկսել են համակարգված քարոզչական և տեղեկատվական աշխատանք կատարել: Մայր աթոռի ծավալած գործունեության մի կարևոր ուղղությունն է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության նախապատրաստությունը, որի ընդգրկուն 
ծրագրի իրականացումն սկսվել է ավելի վաղ. «Հայ եկեղեցու գանձերը» ցուցահանդեսի բացում արտասահմանյան երկրներում, գիտաժողովների անցկացում, գրքերի հրատարակում, ուխտագնացություններ, Երևանում Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցում և այլն: 
Գարեգին Բ Ներսիսյանն իր գահակալման սկզբից ձեռնամուխ է եղել Մայր աթոռի հոգևոր կրթարանների վերաաշխուժացմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, նորերի կառուցմանը: Նրա նախաձեռնությամբ պետությունը որպես սեփականություն Մայր աթոռին է վերադարձրել 150 վանք ու եկեղեցի, հողային տարածքներ և շենքեր: 
Ներկայումս ամենայ հայոց կաթողիկոսության «ի հոգևորս» ենթակայության ներքո են գտնվում Հայ եկեղեցու երեք մասնավոր նվիրապետական աթոռները՝ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (կենտրոնը՝ Անթիլիաս, Լիբանան), Երուսաղեմի հայոց պատրիարքություն (Իսրայել) և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն (Ստամբուլ, Թուրքիա): Հայաստանում և սփյուռքում ամենայ հայոց կաթողիկոսության անմիջական հոգևոր վարչական իրավասությանն է ենթակա մոտ 40 առաջնորդություն (թեմեր, հայրապետական պատվիրակություններ, հովվություններ, շրջաններ), հինգ վանահայրություն (Ս. Հռիփսիմեի, Ս. Գայանեի, Ս. Շողակաթի, Ս. Գեղարդի, Խոր վիրապի): Ամենայ հայոց կաթողիկոսությունը ունի Հայ եկեղեցու ներկայացուցիչներ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ: 
Ամենայ հայոց կաթողիկոսության ենթակա են Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը, հոգևոր ճեմարանը, «Էջմիածին» ամսագրի խմբագրությունը, Մայր տաճարի պաշտոնեությունը (Մայր տաճարի լուսարարապետ, ավագ լուսարար, Մայր տաճարի Մկրտարանի տեսուչ, Մկրտարանի ծիսակատար քահանաներ, խոստովանահայրեր, Դպրաց դաս, քառաձայն երգչախումբ), Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Ամենայ հայոց կաթողիկոսությունը ունի դիվանատուն, Միջեկեղեցական հարաբերությունների բաժին, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն, Տնտեսաֆինանսական վերստուգիչ մարմին և այլն: 

Հայոց կաթողիկոսներ 
Հայոց ավանդական 10 հայրապետներ


  1. ս. Թադեոս առաքյալ – 43–66, 
  2. ս. Բարդուղիմեոս առաքյալ – 66–68, 
  3. Զաքարիա – 68–72, 
  4. Զեմենդոս –72–76, 
  5. Ատրներսեհ – 77–92, 
  6. Մուշե – 93–123, 
  7. Շահեն – 124–150, 
  8. Շավարշ – 151–171, 
  9. Ղևոնդիոս –172–190, 
  10. Մեհրուժան – 240–270: 
Ամենայն հայոց կաթողիկոսներ 

  1. ս. Գրիգոր Ա Լուսավորիչ (Պարթև) – 302–325, 
  2. ս. Արիստակես Ա Պարթև – 325–333, 
  3. ս. Վրթանես Ա Պարթև – 333–341, 
  4. ս. Հուսիկ Ա Պարթև – 341–347, 
  5. Փառեն Ա Աշտիշատցի – 348–352, 
  6. ս. Ներսես Ա Մեծ (Պարթև) – 353–373, 
  7. Շահակ Ա Մանազկերտցի – 373–377, 
  8. Զավեն Ա Մանազկերտցի – 377–381, 
  9. Ասպուրակես Ա Մանազկերտցի – 381–386, 
  10. ս. Սահակ Ա Պարթև – 387–439, 
  11. ս. Հովսեփ Ա Հողոցմեցի (Վայոցձորցի) – 440–452, 
  12. Մելիտե Ա Մանազկերտցի – 452–456, 
  13. Մովսես Ա Մանազկերտցի –456–461, 
  14. ս. Գյուտ Ա Արահեզացի (Ոթմսեցի) –461–478, 
  15. ս. Հովհաննես Ա Մանդակունի – 478–490, 
  16. Բաբկեն Ա Ոթմսեցի – 490–516, 
  17. Սամվել Ա Արծկեցի – 516–526, 
  18. Մուշե Ա Այլաբերցի – 526–534, 
  19. Սահակ Բ Ուղկեցի – 534–539, 
  20. Քրիստափոր Ա Տիրառիջցի – 539–545, 
  21. Ղևոնդ Ա Եռաստեցի – 545–548, 
  22. Ներսես Բ Բագրեվանդցի – 548–557, 
  23. Հովհաննես Բ Գաբեղենցի (Գաբեղյան) – 557–574, 
  24. Մովսես Բ Եղիվարդեցի – 574–604, 
  25. Աբրահամ Ա Աղբաթանեցի – 607–613, 
  26. Կոմիտաս Ա Աղցեցի – 613–628, 
  27. Քրիստափոր Բ Ապահունի (Ապահունեցի) –628–630, 
  28. Եզր Ա Փառաժնակերտցի – 630–641, 
  29. Ներսես Գ Տայեցի (Իշխանցի, Շինող) – 641–661, 
  30. Անաստաս Ա Ակոռեցի – 661–667, 
  31. Իսրայել Ա Ոթմըսեցի – 667–677, 
  32. Սահակ Գ Ձորոփորեցի – 677–703, 
  33. Եղիա Ա Արճիշեցի – 703–717, 
  34. ս. Հովհաննես Գ Օձնեցի – 717–728, 
  35. Դավիթ Ա Արամոնեցի – 728–741, 
  36. Տրդատ Ա Ոթմսեցի – 741–764, 
  37. Տրդատ Բ Դասնավորեցի – 764–767, 
  38. Սիոն Ա Բավոնեցի –767–775, 
  39. Եսայի Ա Եղիպատրուշեցի – 775–788, 
  40. Ստեփանոս Ա Դվնեցի – 788–790, 
  41. Հակոբ Ա Դվնեցի – 790–791, 
  42. Սողոմոն Ա Գառնեցի – 791–792, 
  43. Գևորգ Ա Բյուրականցի – 792–795, 
  44. Հովսեփ Բ Փարպեցի – 795–806, 
  45. Դավիթ Բ Կակաղեցի – 806–833, 
  46. Հովհաննես Դ Ովայեցի – 833–855, 
  47. Զաքարիա Ա Ձագեցի – 855–876, 
  48. Գևորգ Բ Գառնեցի – 877–897, 
  49. Մաշտոց Ա Եղիվարդեցի – 897–898, 
  50. Հովհաննես Ե Դրասխանակերտցի – 898–929, 
  51. Ստեփանոս Բ Ռշտունի (Ռշտունեցի) – 929–930, 
  52. Թեոդորոս Ա Ռշտունի (Ռշտունեցի) – 930–941, 
  53. Եղիշե Ա Ռըշտունի (Ռշտունեցի) – 941–946, 
  54. Անանիա Ա Մոկացի – 946–968, 
  55. Վահան Ա Սյունեցի (Սյունի) – 968–969, 
  56. Ստեփանոս Գ Սևանցի – 969–972, 
  57. Խաչիկ Ա Արշարունի (Արշարունեցի) – 973–992, 
  58. Սարգիս Ա Սևանցի – 992–1019, 
  59. Պետրոս Ա Գետադարձ –1019–58, 
  60. Խաչիկ Բ Անեցի – 1058–65, 
  61. Գրիգոր Բ Վկայասեր – 1066–1105, 
  62. Բարսեղ Ա Անեցի – 1105–1113, 
  63. Գրիգոր Գ Պահլավունի – 1113–66, 
  64. ս. Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) – 1166–73, 
  65. Գրիգոր Դ Տղա – 1173–93, 
  66. Գրիգոր Ե Քարավեժ – 1193–94, 
  67. Գրիգոր Զ Ապիրատ – 1194–1203, 
  68. Հովհաննես Զ Սսեցի – 1203–21, 
  69. Կոստանդին Ա Բարձրբերդցի –1221–67, 
  70. Հակոբ Ա Կլայեցի – 1268–86, 
  71. Կոստանդին Բ Կատուկեցի – 1286–89, 
  72. Ստեփանոս Դ Հռոմկլայեցի – 1290–93, 
  73. Գրիգոր Է Անավարզեցի– 1293–1307, 
  74. Կոստանդին Գ Կեսարացի – 1307–1322, 
  75. Կոստանդին Դ Լամբրոնացի – 1323–26, 
  76. Հակոբ Բ Անավարզեցի (Կլայեցի) – 1327–41 և 1355–1359, 
  77. Մխիթար Ա Գռներցի – 1341–55, 
  78. Մեսրոպ Ա Արտազեցի – 1359–72, 
  79. Կոստանդին Ե Սսեցի –1372–74, 
  80. Պողոս Ա Սսեցի – 1374–82, 
  81. Թեոդորոս Բ Կիլիկեցի – 1382–92, 
  82. Կարապետ Ա Կեղեցի – 1392–1404, 
  83. Հակոբ Գ Սսեցի – 1404–11, 
  84. Գրիգոր Ը Խանձողատ – 1411–18, 
  85. Պողոս Բ Գառնեցի – 1418–30, 
  86. Կոստանդին Զ Վահկացի – 1430–39, 
  87. Գրիգոր Թ Մուսաբեկյանց – 1439–41, 
  88. Կիրակոս Ա Վիրապեցի– 1441–43, 
  89. Գրիգոր Ժ Ջալալբեկյանց – 1443–65, 
  90. Արիստակես Բ Աթոռակալ – 1465–69, 
  91. Սարգիս Բ Աջատար – 1469–74, 
  92. Հովհաննես Է Աջակիր –1474–84, 
  93. Սարգիս Գ Մյուսայլ – 1484–1515, 
  94. Զաքարիա Բ Վաղարշապատցի – 1515–20, 
  95. Սարգիս Դ Վրաստանցի – 1520–36, 
  96. Գրիգոր ԺԱ Բյուզանդացի – 1536–45, 
  97. Ստեփանոս Ե Սալմաստեցի –1545–67, 
  98. Միքայել Ա Սեբաստացի – 1567–76, 
  99. Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի– 1576–90, 
  100. Դավիթ Դ Վաղարշապատցի – 1590–1629, 
  101. Մովսես Գ Տաթևացի – 1629–32, 
  102. Փիլիպոս Ա Աղբակեցի – 1632–55, 
  103. Հակոբ Դ Ջուղայեցի –1655–80, 
  104. Եղիազար Ա Այնթապցի – 1681–91, 
  105. Նահապետ Ա Եդեսացի – 1691–1705, 
  106. Աղեքսանդր Ա Ջուղայեցի – 1706–14, 
  107. Աստվածատուր Ա Համադանցի – 1715–25, 
  108. Կարապետ Բ Ուլնեցի – 1726–1729, 
  109. Աբրահամ Բ Խոշաբեցի – 1730–34, 
  110. Աբրահամ Գ Կրետացի – 1734–37, 
  111. Ղազար Ա Ջահկեցի –1737–51, 
  112. Մինաս Ա Ակնեցի – 1751–53, 
  113. Աղեքսանդր Բ Բյուզանդացի – 1753–55, 
  114. Հակոբ Ե Շամախեցի –1759–63, 
  115. Սիմեոն Ա Երևանցի – 1763–80, 
  116. Ղուկաս Ա Կարնեցի – 1780–99, 
  117. Դավիթ Ե Էնեգեթցի (Ղորղանյան) – 1801–07, 
  118. Դանիել Ա Սուրմառեցի – 1807–08, 
  119. Եփրեմ Ա Ձորագեղցի – 1809–30, 
  120. Հովհաննես Ը Կարբեցի – 1831–42, 
  121. Ներսես Ե Աշտարակեցի – 1843–57, 
  122. Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան) – 1858–65, 
  123. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան) – 1866–82, 
  124. Մակար Ա Թեղուտցի – 1885–91, 
  125. Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) – 1892–1907, 
  126. Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան) – 1908–10, 
  127. Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի) – 1911–30, 
  128. Խորեն Ա Մուրադբեկյան (Տփղիսեցի) – 1932–38, 
  129. Գևորգ Զ Չորեքչյան (Նորնախիջևանցի) – 1945–54, 
  130. Վազգեն Ա Պալճյան (Բուխարեստցի) – 1955–94, 
  131. Գարեգին Ա Սարգիսյան – 1995–99, 
  132. Գարեգին Բ Ներսիսյան (1999-ից):

Աղբյուր` Ք.Հ, հանրագիտարան 

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets