ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Հովհաննես Գ 0ձնեցի (717 - 728)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Գ ՕՁՆԵՑԻ(Սուրբ Հովհաննես Օձնեցի, Հովհան Իմաստասեր) (717–728) 
Հայոց կաթողիկոս 717–ից: Հաջորդել է Եղիա Ա Արճիշեցուն: 

Ծնվել է մոտավորապես 656–ին Գուգարքի Տաշիրք գավառի Օձուն գյուղում: Մահացել է 728–ի ապրիլի 17-ին Տաշիրքի Արդվի գյուղում, ամփոփվել տեղի եկեղեցու բակում: 
Ըստ Հայսմավուրքի` «Էր ի գաւառէն Տաշրոյ, ի գեղջէն Օձուն, ի տանէ քաջաց եւ առաքինեաց» (ահկի ժ, ապրիլի ԺԷ): Ուսանել է գիտությամբ հռչակված Թեոդորոս Քռթենավորի մոտ, սովորել «ի նմանէ ըստ հաճոյ կարգին զամենայն գիրս Աստուածաշունչ Հին եւ Նոր մատենից, որովք ընդարձակեալ սրտիւ աճէր խստամբեր վարուք եւ հանճարով Գրոց»: 
Սկզբնաղբյուրները, հիրավի, բարձր գնահատանքով են խոսում Հովհաննես Օձնեցու ստացած աստվածաբանական, փիլիսոփայական, ճարտասանական և քերականական հիմնավոր կրթության վերաբերյալ: Այս արժանիքներն իրավունք են վերապահել արդեն ժամանակակիցներին նրան պատվելու Իմաստասեր որակումով: Ենթադրվում է, թե նա իբրև վարդապետ ուղեկցել է Եղիա Ա Արճիշեցի կաթողիկոսին Աղվանից Ներսես–Բակուր կաթողիկոսին պատժելու նպատակով Աղվանք ուղևորվելիս: Կաթողիկոս է ձեռնադրվել 717–ին: 
Հովհաննես Գ Օձնեցու հայրապետության տարիները նշանավորվում են քաղաքական, եկեղեցական և հասարակական կարևոր իրադարձություններով: Հակառակ Հայոց հայրապետներին իր կողմը գրավելու ուղղությամբ հունաց, մասնավորաբար Լևոն lll Իսավրացի կայսեր գործադրած ճիգերի` Հովհաննես Գ Օձնեցին ցուցաբերում է քաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու բացառիկ իրատեսություն: Շրջահայաց իմաստությամբ հակվելով Արաական խալիֆայության կողմը` Հովհաննես Գ Օձնեցի հայրապետը 719–ին այցելում է Դամասկոս և ներկայանում Օմար ամիրապետին, նրանից խնդրում չհալածել հայերին իրենց հավատքի համար, Հայ եկեղեցին ազատել հարկերից, և իր հերթին, ի պատասխան, ազգի անունից հնազանդություն է հայտնում ամիրապետին: Հավանություն տալով կաթողիկոսի այս խոհուն կեցվածքին` ամիրապետը իսկույն հրամայում է «գրել գիր ըստ խնդրոյ նորա եւ կնքեաց մատանեաւ իւրով, եւ ետ նմա պարգեւս բազումս, եւ գումարեաց զաւրս բազում ընդ նմա, եւ առաքեաց մեծաւ պատուով յաշխարհս Հայոց»: Կաթողիկոսին ուղեկցող արաբական զորաբանակը երկրից վտարում է բյուզանդացիներին: Հարկ է ենթադրել, որ շնորհիվ իր իմաստուն քաղաքականության և վայելած հեղինակության` Հովհաննես Գ Օձնեցուն հաջողվել է շահել արաբների բարեհաճությունը և արտոնություն ստանալ հայրենիք բերելու 703–705–ների հակաարաբական ապստամբության ժամանակ Հայաստանից հեռացած հայ նախարարներին, վերականգնել նրանց իրավասությունները, ինչպես նաև կազմակերպել գերեվարված նախարարների ներումն ու վերադարձը հայրենիք: 
Նույնքան նշանակալից է Հովհաննես Գ Օձնեցու ներդրումը եկեղեցական բարեփոխումների բնագավառում: Այստեղ ևս փայլում է նրա կազմակերպչական ունակությունն ու հմտությունը: Նրա նախաձեռնությամբ Դվինում 719–720–ներին գումարված ժողովն ընդունում է 32 կանոններ, որոնք վերաբերում են եկեղեցու ներքին կյանքին, արարողակարգին, հերձվածների և աղանդավորական գաղափարաբանության դեմ պայքարին: Ժողովում Հովհաննես Գ Օձնեցին կարդաց իր նշանավոր «Ատենաբանութիւնը», որ ծրագրային կարևորություն պետք է ունենար ինչպես իր, այնպես էլ հետագա ժամանակների համար: Այստեղ կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում տիրող անմխիթար վիճակի, օտարափառ և օտարացնող հոսանքների ներթափանցման հետևանքով առաքելավանդ բարքերի և սովորույթների խաթարման առթիվ: Սակայն առավել ցավալին այն է, որ անկարգությունը շատացել էր ոչ միայն ժողովրդի, աշխարհականների, այլև հոգևորականների, եկեղեցու առաջնորդների մեջ: Տագնապի այս նույն ահազանգը լսելի է նաև Հովհաննես Գ Օձնեցու ժառանգության մեջ ուրույն տեղ զբաղեցնող «Ի գիտութիւն պատուիրանացն Տեառն, զոր սուրբ հարքն եդին» ճառում: Այստեղ ևս հեղինակն իր դժգոհությունն ու մտահոգությունն է հայտնում ազգային եկեղեցու կարգ ու սարքի, բարեպաշտական մի շարք սովորույթների անտեսման, օտար բարքերի որդեգրման կապակցությամբ (պահքի խախտում, ամուսնական հարաբերություններ ազգականների միջև և այլն): Հովհաննես Գ Օձնեցին զգուշացնում է զերծ մնալ այն հոռի սովորույթներից, որ բերում է դավանակցության դիմակով քողարկված ասորական Հակոբիկ եկեղեցին: Նա կոչ է անում հավատարիմ մնալ հայրերի ավանդած դավանական, բարեպաշտական սկզբունքներին, քանզի դրանք ոչ թե մարդկային քմայքի, այլ աստվածային ներգործման ծնունդ են: Ուստի ժամանակը, կյանքի զանազան պարագաները չեն կարող նենգափոխել այդ աստվածադիր սկզբունքները: 
Հայ–ասորական եկեղեցական հարաբերությունների կարգավորման համար 726–ին Մանազկերտում գումարվեց եկեղեցական ժողով: Հովհաննես Գ Օձնեցու և ասորիների Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ գումարված այդ ժողովի նպատակն էր հասնել երկու եկեղեցիների դավանական միությանը` համակամ ուժերով պայքարելու քաղկեդոնականության և նեստորականության դեմ: Իր սահմանումներով Մանազկերտի ժողովը կարևոր հանգրվան դարձավ Հայ եկեղեցու դավանական նկարագրի ազգայնացման մեջ: 
Փոքր չէ Հովհաննես Գ Օձնեցու բերած նպաստը երևութականների հերձվածի և պավլիկյան աղանդի դեմ Հայ եկեղեցու մղած պայքարին: Այդ պայքարին առավել կազմակերպված բնույթ տալու նպատակով Հովհաննես Գ Օձնեցին գրում է «Ընդդէմ երեւութականաց» ճառը, որտեղ կյուրեղյան քրիստոսաբանության լույսի ներքո մերկացնում է երևութականների հերձվածողական թյուր ըմբռնումները և շեշտում Քրիստոսի աստվածմարդկային մեկ բնության և մեկ դեմքի իրականությունը: 
Իբրև եկեղեցու վիճակով մտահոգ հովվապետ` Հովհաննես Գ Օձնեցին իր հզոր գրիչը շարժեց նաև պավլիկյան աղանդի հետևորդների եկեղեցամերժ գաղափարախոսության, դրա անքակտելի մասը կազմող պատկերամարտության դեմ: Մի կողմից տարրորոշելով հույն իրականության մեջ պատկերապաշտական ծայրահեղ ձևերը Հայ եկեղեցու որդեգրած պատկերահարգությունից և, այսու, մյուս կողմից մերժելով պավլիկյանների` պատկերահարգությունը նյութապաշտություն որակող պընդումը, Օձնեցին աստվածաբանորեն հաստատագրում է Հայ եկեղեցու դիրքորոշումը պատկերների և Ս.Խաչի նկատմամբ: Այդ դիրքորոշումը նրա գործուն մասնակցությամբ իր ծիսաիրավական դրսևորումը գտել էր տակավին Դվինի ժողովի ՀԷ, ԻԸ կանոններում, որոնցում, օրինակարգվում է Ս. Խաչի պաշտամունքը, այն օրհնելու և օծելու կարգը: 
Եկեղեցական, հասարակական կյանքում նկատվող անհարթությունները վերացնելու, կենցաղը հոգևոր ճիշտ հունի վրա դնելու նպատակով գումարված եկեղեցաժողովների սահմանումները դարձան այն կարևոր խթանը, ինչը պետք է մեծապես նպաստեր Հովհաննես Գ Օձնեցու գլուխգործոցի` «Կանոնագիրք Հայոց»–ի խմբագրման աշխատանքներին: Այն կազմված է իբրև «Լուսաշող ճանապարհ առ Աստուած` հնազանդութիւն ընդհանուր հաւատացելոց Քրիստոսի», որպեսզի հայորդիները առաջնորդվեն առաքելավանդ պատվիրաններով և զերծ մնան աղանդավորական, հերձվածողական զանազան հոսանքներից: Հովհաննես Գ Օձնեցու խմբագրած այս մատյանը հայելացումն է հոգևոր փորձառությամբ բյուրեղացած եկեղեցական իրավունքի դարավոր ձեռքբերումների, որոնցում շարադրված են եկեղեցու հայրերի, տարբեր եկեղեցաժողովների որոշումները և սահմանումները: Սակայն կազմողի նպատակը չի եղել կանոնական միավորների սոսկական մեկտեղումը: Հետևողական որոշակի վերաբերմունքով ու սկզբունքով Հովհաննես Գ Օձնեցին կանոնախմբերից յուրաքանչյուրին կցել է դրանց հորինման, ժամանակի և շարժառիթի մասին խոսող նախաբան, ինչպես նաև` նյութերի համառոտ գլխակարգություն: Հովհաննես Գ Օձնեցին առաջնորդվում է ոչ թե ժամանակագրական հերթակայության, այլ Հայ եկեղեցու ազգային, հոգևոր շահերին առավելագույնս համապատասխանող միավորների ընտրության սկզբունքով: 
Հայ եկեղեցու բարեկարգությանն ու դավանական անձեռնմխելիությանը նախանձախնդիր Հովհաննես Գ Օձնեցի հայրապետը բնականաբար չէր կարող անտարբեր գտնվել եկեղեցու ամենօրյա ծիսական կյանքի անտրոհելի տարրը կազմող պաշտոներգության հանդեպ: Նրանից առաջ ինչպես շարականների, այնպես էլ դրանց կիրառության մեջ բացակայում էր միօրինակությունը: Հայաստանի տարբեր վայրերում նույն տոնը հաճախ կատարվում էր տարբեր հոգևոր երգերով, ինչը կարող էր սողանցք թողնել քաղկենդոնական կամ աղանդավորական զանազան գաղափարների ներթափանցման համար: Այս վտանգը բացառելու նպատակով Հովհաննես Գ Օձնեցին և Ստեփանոս Սյունեցին կանոնակարգում են ժամերգությունը` միակերպության բերելով սուրբ–գրային երկերը, աղոթքներն ու քարոզները: Օգտվելով հայրախոսական աստվածաբանության ընտանի տիպական մեկնաբանության հնուց անտի կենցաղավարող սկզբունքից` Հովհաննես Գ Օձնեցին բացատրում է դրանք: Տվյալ նյութին են նվիրված նրա անունով հայտնի «Յաղագս կարգաց եկեղեցւոյ», «Վասն մեծի աւուր միաշաբաթին», «Սակս գիշերային ժամու», «Յովհանու ընթերցուածոց մեկնութենէ», «Ի խորհուրդ նոր կիւրակէին» երկերը, որոնց մեջ հինկտակարանային իրողությունները խորհրդաբանորեն կապվում են Նոր Կտակարանի համաբնույթ փաստերի հետ: Կարևորելով այս կարգի աշխատությունների բերած նպաստը հավատացյալի հոգևոր, իմացական զարգացմանը` Հովհաննես Գ Օձնեցին պատվիրում է Գրիգորիս Արշարունյաց քորեպիսկոպոսին գրելու Պահոց շրջանում կատարվող ընթերցումների մեկնությունը: 
Հովհան Մանդակունուց հետո Հովհաննես Գ Օձնեցին նորովի կարգավորել ու խմբագրել է «Շարակնոց» ծիսամատյանը, ինչպես նաև մասնավոր ուշադրություն դարձրել ժամերգությունների վրա, կանոնավորել դրանց կարգերը, բացատրել դրանց խորհուրդն ու իմաստը: Սրանից զատ` նա հարստացրել է այդ ծիսամատյանը նորանոր հոգևոր երգերով: Հովհաննես Գ Օձնեցուն են ընծայվում չորս ավագ տոների երգեցողությունների մեծ մասը (Դավիթ Մարգարեի և Հակոբ առաքյալի, Պողոս և Պետրոս առաքյալների, Որոտման Որդիների, Ստեփանոս Նախավկայի կանոնները), ինչպես նաև` Ս.Հռիփսիմեին և Ս. Գայանեին ձոնված ներբողները: 
Ծիսական խոսքի, պաշտոներգության կարգավորումից և բացատրությունից զատ` Օձնեցին մեկնաբանել է եկեղեցական ճարտարապետության ծիսական գործառույթի մաս կազմող զանազան պարագաների խորհրդական նշանակությունը («Հիմնարկէք եկեղեցւոյ», «Օրհնութիւն նորաշէն եկեղեցւոյ»): Ս. Դիոնիսիոս Արիսպագացու ասվածաբանական–խորհրդաբանական համակարգից սերվող այս բացատրությունների նպատակն է (ի հեճուկս պավլիկյան եկեղեցամերժ մտայնության) շեշտել եկեղեցու վերերկրային կարևորությունը: Ժամանակի հրամայականով շարադրված` հիշյալ երկերն իրենց բովանդակությամբ մի շարք ընդհանուր եզրեր ունեն Հովհան Մայրագոմեցու և Ստեփանոս Սյունեցու համաբնույթ երկերի հետ և ներկայացնում են դարաշրջանի եկեղեցաբանական միտքը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets