ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ասպուրակես Ա Մանազկերտցի (381 - 386)

ԱՍՊՈՒՐԱԿԵՍ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ 
(381–386) 
Հայոց կաթողիկոս 381–ից: Հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցուն: 

Ծն. թ. անհտ., մահացել է 386–ին: Աճյունն ամփոփվել է հայրենի Մանազկերտ քաղաքում: 
Համաձայն Մովսես Խորենացու` գահակալել է հինգ տարի: Աղբիանոսյան տոհմից է, որն այդպես է կոչվում Ս. Գրիգոր Լուսավորչի օրերում գործունեություն ծավալած նշանավոր Աղբիանոս եպիսկոպոսի անունով: Ս. Վրթանես Ա կաթողիկոսի օրոք Աղբիանոսի հովվությանն է հանձնվել Մանազկերտ քաղաքն իր գավառով, որի տերերը` Մանավազյանները, անհաշտ պայքար մղելով Որդունների հետ, ավերի էին մատնում ոչ միայն իրենց տարածքները:
Նրանք ոչնչացվել են Խոսրով III թագավորի (330–338) հրամանով: Աղբիանոսի տան անդամները այնուհետև կոչվել են «Մանազկերտցի»: 
Ասպուրակես Ա Մանազկերտցի կաթողիկոսը երրորդն է Աղբիանոսյան տնից հաջորդաբար գահակալած Շահակ Ա (Հուսիկ Բ), Զավեն Ա կաթողիկոսներից հետո: Աղբիանոսյան տունը գահակալեց Ս. Ներսես Ա Մեծի (353–373) մահվանից հետո, երբ Պապ թագավորի կամքով հայրապետական գահին եկավ Շահակ Ա–ն (Հուսիկ Բ): 
Ասպուրակես Ա Մանազկերտցու հայրապետության կարճատև շրջանի մասին առանձին մանրամասներ չեն պահպանվել: Իբրև ընդհանուր բնորոշում հարկ է անդրադառնալ, որ Աղբիանոսյան հիշյալ երեք հայրապետների գահակալության ընդհանուր 13 տարիները նախօրյակն էին Հռոմի և Պարսկաստանի միջև Հայաստանի առաջին բաժանման (387): Այդ տարիներին Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական բուռն դեպքեր, որոնց մեջ եկեղեցու և հայրապետների անմիջական մասնակցությունը չի երևում: Շահակ Ա Մանազկերտցու օրոք 374–ին հռոմեացիների կողմից Պապ թագավորի սպանությունից հետո իշխանության է գալիս Վարազդատ Արշակունին, որը 378–ին հալածվելով պարսկական գերությունից վերադարձած Մանուել Մամիկոնյանի կողմից` փախչում է: Մանուել սպարապետը, գահին բերելով Պապի անչափահաս որդիներ Արշակին և Վաղարշակին, ինքը դառնում է նրանց խնամատարը և յոթ տարի խաղաղության մեջ պահում Հայաստանը: Ասպուրակես Ա Մանազկերտցու գահակալության տարիները համընկնում են այդ խաղաղ շրջանին: Մանուել Մամիկոնյանի մահվանից հետո` 385–ին, հայ նախարարների խնդրանքով պարսից արքունիքը Հայաստան է ուղարկում Խոսրով IV Արշակունուն, իսկ շուտով` 387–ին, Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև: 
Ասպուրակես Ա Մանազկերտցու մասին Փավստոս Բուզանդը ասում է, որ «Աստվածապաշտ, արդար մարդ» էր, մեկ այլ տեղ` «Աստծուց ու մարդկանցից երկնչող, չէր կարողանում մեկին հանդիմանական խոսք ասել, այլ ինքը լուռ էր մնում, համեստ, զգաստ ու պարկեշտ, պահեցողությամբ և աղոթքներով: Բայց զգեստի վերաբերմամբ Զավենի մուծած կարգով էր վարվում. հագնում էր զարդարուն, ժապավինված զգեստներ»: Պատմիչի խոսքը վերաբերում է այն իրողությանը, որ նախորդ` Զավեն Ա Մանազկերտցու շրջանում անտեսվել էր եկեղեցական սքեմը. «Այլևս չէին հագնում պճղնավորներ, ինչպես ի բնե սովորություն էր, այլ սկսեցին խոտոր կտորներ գործածել մինչև ծնկները»: Փաստորեն, եկեղեցականները հանդուրժում էին ընդունված աշխարհիկ հագուստը, ինչը այդպես չէր Ներսես Մեծի ժամանակ: Հակառակ սրան և այլ դժվարությունների եկեղեցական կյանքը մարած չէր: lV դարի երկրորդ կեսին Փավստոս Բուզանդը նշում է նշանավոր եկեղեցականների, ովքեր գործում էին նաև Ասպուրակես Ա Մանազկերտցու հայրապետության շրջանում: Այդ շարքում են Ներսես Մեծի ժամանակակից Դրան եպիսկոպոս Փավստոսը և նրա եղբայր Առոստոմը` ճգնակյաց ուսուցանող, ովքեր «ազգաւ հոռոմ էին» (որ հույն է նշանակում): Նշանավոր էր Զորթ եպիսկոպոսը, ով մեկն է այն 12–ից, որ խորհրդակից էին Ներսես Մեծին, Բասենի Արտիթ եպիսկոպոսը, Տայքի Կիրակոս, Վանանդի Զորթվաղ, անվանի քաջ և առաքինի Ահարոն եպիսկոպոսը, Տիրիկ և Մովսես եպիսկոպոսները` Բասեն գավառում: Գովաբանությամբ է հիշվում Գինդ վարդապետը` վանքերի և միայնակյաց անապատականների գլխավորը, որը եղել էր Դանիել Ասորու աշակերտը և ուներ նույնքան արդյունավոր վարդապետ աշակերտներ, որոնց մեջ են Մուշեղը և Տրդատը` Տարոնում: 
Ասպուրակես Ա Մանազկերտցի կաթողիկոսի շրջանում` 381–ին, Կ.Պոլսում տեղի ունեցավ Երկրորդ տիեզերական ժողովը, որի որոշումներն ու կանոնները ընդունվել են Հայոց եկեղեցու կողմից: Ասպուրակես Ա Մանազկերտցին չի աջակցել ու գործակցել Հայաստանի արևմտյան մասում թագավորող Արշակ III–ին, որը վայելում էր հռոմեացիների բարեկամությունը. նա Հայաստանի այդ մասում չի նշանակել հոգևոր առաջնորդ, որով կաթողիկոսական աթոռը պահպանել է իր համահայկական նշանակությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets