ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Սահակ Ա Պարթեւ (387 - 428)

ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ (Սուրբ Սահակ, Մեծն Սահակ, Իսահակ Պարթև) (387–439) 
Հայոց կաթողիկոս 387–ից: Հաջորդել է Ասպուրակես Ա Մանազկերտցուն: 

Ծնվել է 348–ի սեպտեմբերի 29–ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, մահացել 439–ի սեպտեմբերի 7–ին Բագրևանդ գավառի Բլուր գյուղում: Ամփոփվել է Տարոն գավառի Աշտիշատ ավանում: 
Ներսես Ա Մեծ Պարթևի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին: Եկեղեցական, քաղաքական և մշակութային գործիչ: Գրիգոր Լուսավորչի տան վերջին կաթողիկոսը: Մոր վախճանվելուց և հոր Հռոմեական կայսրություն ուսման մեկնելուց (350) հետո նրա խնամքը ստանձնել է մորական գծով պապը` Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանը: Հոր կամքով երկար տարիներ ուսանել է Հռոմեական կայսրության քրիստոսաբանական կենտրոն Կեսարիա քաղաքում, ապա նաև Կոստանդնուպոլսում, խորացել հունարենի, նաև փիլիսոփայական ու աստվածաբանական գիտությունների մեջ: Տիրապետել է նաև պարսկերենին, ասորերենին: 
Մոտ 370–ին Սահակ Պարթևը ամուսնացել է, ունեցել է մեկ դուստր` Սահականույշ անունով, որը հետագայում կնության է տրվել Համազասպ Մամիկոնյանին` Վարդան զորավարի հորը: 
Ըստ Մովսես Խորենացու` Սահակը երիտասարդ տարիներին աչքի է ընկել խստակրոն ու ճգնասուն վարքով: Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո իր 6 աշակերտների հետ կրոնավորել է Ս. Էջմիածին վանքում, հոգ է տարել բնակչության հոգևոր և աշխարհիկ կարիքների բավարարմանը, բանավոր թարգմանություններով, մեկնություններով ժողովրդի մեջ տարածել քրիստոնեական վարդապետությունը: 
Ավանդության համաձայն` մինչև Հայոց կաթողիկոս ընտրվելը` մոտ 378–ին, նրան տեսիլք է երևացել, որը լրացվել է հետագայում` մուծվելով Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» մեջ: Տեսիլքում Սահակը գուշակել է Հայոց թագավորության և կաթողիկոսության մոտալուտ կործանումը և պա վերականգնումը: 
Սահակ Ա Պարթևը կաթողիկոս է ընտրվել Հայոց թագավոր Խոսրով IV Արշակունու առաջարկով և նախարարների ու հոգևոր վերնախավի հավանությամբ: Սատարել է Խոսրով IV–ի` Հայաստանի երկու հատվածները միավորելու համար ներդրած ջանքերին: 
Սակայն Պարսից Շապուհ III թագավորը, դժգոհելով առանց իր հրամանի Սահակին կաթողիկոս կարգելու համար, գահընկեց է արել Խոսրով IV–ին` նետելով Անհուշ բերդ, իսկ նրա փոխարեն Հայոց թագավոր է հաստատել վերջինիս եղբորը` Վռամշապուհին: Վռամշապուհը վերականգնել է Սահակ Ա Պարթևի կաթողիկոսական իրավունքները: 390–ին Սահակ Ա Պարթևը մեկնել է Սասանյան Վռամ IV թագավորի (388–399) մոտ` Տիզբոն, և իր փեսա Համազասպ Մամիկոնյանին հաստատել տվել Հայոց սպարապետ, և Հայոց նախարարների գահակարգում Մամիկոնյաններին հաստատել տալով 5–րդ տեղում` վերադարձնել է տվել Կամսարականներից ու Ամատունիներից հարքունիս գրավված տիրույթները: Սահակ Ա Պարթևը նաև Վռամ IV–ի առջև միջնորդել և բարելավել է տվել կալանված Խոսրով IV թագավորի վիճակը: 
Սահակ Ա Պարթևը ըստ ամենայնի զորակից եղավ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն գրերի ստեղծմանը (405): Սահակի և Մաշտոցի ջանքերով Հայաստանում սկզբնավորվեց հայ գիրն ու գրականությունը, հայ ժողովուրդը ձեռք բերեց գոյամաքառման, մշակութային զարգացման զորեղ կռվաններ, ձևավորվեց հայոց լեզվի գրական սկզբնափուլը` դասական հայերենը, աննախընթաց վերելք ապրեց երկրի հոգևոր կյանքը, Հայ առաքելական եկեղեցին ավելի կապվեց հարազատ ժողովրդի հետ և թևակոխեց վերելքի նոր փուլ: Սահակի և Մաշտոցի ջանքերով երկրում ստեղծվեց կրթա–լուսավորական լայն ցանց, Վաղարշապատ մայրաքաղաքում հիմնվեց ուսումնագիտական կենտրոն, որտեղ պատրաստում էին քարոզիչներ և ուսուցիչներ` եկեղեցիների ու դպրոցների համար: Սահակ Ա Պարթևը դասավանդում էր Այրարատի դպրոցներում, ուսումնագիտական կենտրոնում, անձամբ իր վրա էր վերցրել նաև իր թոռների կրթության և դաստիարակության հոգսերը: Գրերի գյուտից անմիջապես հետո` 405–ին, Սահակ Ա Պարթևի կողմից կատարվել է Աստվածաշնչի առձեռն թարգմանությունը` քարոզչական նպատակներով, իսկ հետագայում` մոտ 432–ին, իր աշակերտների հետ ավարտել է լիակատար թարգմանությունը, որը կատարվել է բարձր ճաշակով, խորահմտությամբ` հետագայում ստանալով «թագուհի թարգմանությանց» բնութագիրը: Այն դարձավ դասական հայ գրականության երախայրիքը, դպրոցական առաջին և հարամնա դասագիրքը: 
Սահակ Ա Պարթևի ջանքերով Հայաստանի բյուզանդական բաժնում նույնպես հիմնվել են հայկական դպրոցներ, տարածվել լուսավորությունը: Նա նամակով դիմել է Բյուզանդիայի Թեոդոս ll կայսրին, Մեսրոպ Մաշտոցին և իր թոռանը` Վարդան Մամիկոնյանին, ուղարկել նրա և Ատտիկոս պատրիարքի մոտ, որպեսզի թույլ տրվի լուսավորություն տարածել նաև Հայաստանի այդ բաժնում: Կայսրը հատուկ հրովարտակով ընդառաջել է նրան: Սահակ Ա Պարթևի ջանքերով բյուզանդական հատվածի Հայոց եկեղեցին վերստին ենթարկվել է Էջմիածնի Մայր Աթոռին` կապերը խզելով Կեսարիայի մետրոպոլիտության հետ: 
423–ին Սահակ Ա Պարթևը Վաղարշապատում գումարել է նախարարների ժողով, որտեղ որոշվել է Հայոց թագավորի գահին բազմեցնել Վռամշապուհի որդի Արտաշեսին: Սահակ Ա Պարթևի դիվանագիտական միջամտությամբ պարսից Վռամ V թագավորը հաստատել է ժողովի վճիռը` պատանեհասակ (17–ամյա) Արտաշես թագավորի խնամակալ նշանակելով Սահակ Պարթևին: 
Մեսրոպ Մաշտոցը Սահակ Ա Պարթևի հրամանով քարոզչություն է ծավալել նաև Գուգարքում, Ուտիքում, Բաղասականում և այլուր, ապա գրեր է հորինել նաև վրաց և աղվանից ժողովուրդների համար: Սահակ Ա Պարթևի ջանքերով ձեռնարկվել է օտար աստվածաբան հեղինակների երկերի հայերենի թարգմանության գործը` հայերեն վերածել տալով նաև առաքելական, և տիեզերաժողովների հաստատած կանոնները, կարգավորել է Գրիգոր Ա Լուսավորչին ու Ներսես Ա Մեծին վերագրված կանոնական գրությունները: Անձամբ հեղինակելով 55 կանոններ` նա լուծել է նաև ապահովման խնդիրներ: 
Վերաշինել է տվել Ս. Էջմիածնի, Ս. Գայանեի և Ս. Հռիփսիմեի վանքերը: 428–ին պարսից Վռամ V արքան հայ նախարարների կամակցությամբ գահընկեց է արել Արտաշես թագավորին: Այդ որոշման դեմ ծառանալով` Սահակ Ա Պարթևը պաշտպանել է Հայոց թագավորին, ուստի ինքը ևս գահընկեց է արվել և երեք տարի պահվել Սասանյան արքունիքում, ապա վերադարձել է հայրենիք: Թեև զրկվել է հոգևոր իշխանությունից, սակայն իրավունք է տրվել գլխավորելու եկեղեցու ծիսակարգը, ժամասացությունները, ձեռնադրությունները: Սակայն երկրի դատական իշխանությունը իրականացնում էին Վռամ V–ի դրածո կաթողիկոսները` ազգով ասորի Բրքիշոն և Շմուելը: Սահակ Ա Պարթևի ջանքերով Հայաստանի պարսկական և բյուզանդական բաժիններում ժամերգությունները շարունակվել են կատարվել հայոց լեզվով` մերժելով Սասանյանների կողմից արտոնված ասորերենը: 
Սահակ Ա Պարթևը Վռամ V–ին վավերացնել է տվել հայ նախարարների գահակարգն արտացոլող փաստաթուղթը` Գահնամակը, որն ըստ ձեռք բերված համաձայնության, Հայաստանի պարսիկ մարզպանները չպետք է փոփոխեին: Նա ընդլայնել է քույր եկեղեցիների հետ հոգևոր–եկեղեցական առնչություները, հետևողական պայքար մղել Պարսկաստանի նեստորական եկեղեցու դեմ, որի գլուխն իրեն հայտարարել էր «Պարսկաստանի, Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի կաթողիկոս», և 424–ին բաժանվելով բյուզանդական եկեղեցուց, իրեն անկախ էր հռչակել: 
Սահակ Ա Պարթևի և նրա տոհմի ազդեցությունը թուլացնելու նպատակով պարսից դուռը հարքունիս է գրավել Լուսավորչի տան կալվածները` Սահակ Ա Պարթևի տնօրինության տակ թողնելով փոքր հողատիրույթ Այրարատի Բագրևանդ գավառում, որտեղ նա մեկուսացվել է Վաղարշակերտ (Ալաշկերտ) քաղաքի Ս.Հովհաննես վանքում: Նրան մեծապես հովանավորել է իր երբեմնի աշակերտը` Բագրևանդի եպիսկոպոս Եզնիկ Կողբացին, որին ձեռնադրել էր Սահակ Ա Պարթևը և նրա հորդորով շարադրել իր «Եղծ աղանդոց» երկը: Սահակ Ա Պարթևը բնակության վայր է ընտրել Եզնիկի աթոռանիստը` Բագրևանդի Բլուր գյուղը, որտեղ զբաղվել է թարգմանություններով: Քրիստոնեական մյուս եկեղեցիների հայրերը շարունակել են ճանաչել նրան Հայոց եկեղեցու առաջնորդ, միջեկեղեցական խնդիրները լուծելու համար դիմել են նրան: Եփեսոսի 431–ի տիեզերաժողովին հրավիրվել է ոչ թե պարսից արքունիքի կողմից Հայոց կաթողիկոս ճանաչված Բրքիշոն, այլ Սահակ Ա Պարթևը, որը թեև չի կարողացել մասնակցել ժողովին, բայց հատուկ թղթով հավանություն է տվել ժողովի որոշումներին: 
Եպիսկոպոսական ժողովներում Սահակ Ա Պարթևը հրապարակել է կանոնական որոշումներ, կոնդակներ, խրատներ: Դրանցից պահպանվել են եպիսկոպոսներին, քորեպիսկոպոսներին, քահանաներին ու վանականներին ուղղված խրատները, եկեղեցիների ու վանքերի տնտեսությանը, զանազան նվիրատվությունների բաշխմանն առնչվող կանոնական պատվիրանները, որոնք նա սկսել էր հրապարակել գրերի գյուտից առաջ` հունարենով, այնուհետև` հայերենով: Հայերենի է վերածել «Եկեղեցական գրքերը» (Կորյուն), այսինքն` եկեղեցու ժամասացությունների համար օգտագործվող Ժամագիրքը, Տոնացույցը, Պատարագամատույցը և այլ գործեր` կարգավորելով Հայոց եկեղեցու ծիսարանը: Հմուտ հավատաբան էր, հնչունաբան և փիլիսոփայական, ճարտասանական գործերի մեկնիչ: 
Բյուզանդիայի Թեոդոս II կայսրին, Պրոկղ Կոստանդնուպոլսեցի պատրիարքին, Ատտիկոս Մելիտենացի և Ակակիոս եպիսկոպոսներին ուղղված թղթերում Սահակ Ա Պարթևն ու Մաշտոցը շեշտել են Հայոց եկեղեցու ուղղափառությունն ու հավատարմությունը առաջին երեք տիեզերաժողովների դավանական բանաձևերին: Պրոկղին ուղղված Սահակ Ա Պարթևի պատասխան թուղթն իբրև ուղղափառության ապացույց, Կ. Պոլսի 553–ի ժողովում ընթերցվել է Կյուրեղ Ալեքսանդրացու թղթից հետո: 
Սահակ Ա Պարթևը մեծ ներդրում է ունեցել նաև Հայ հոգևոր երգարվեստի զարգացման, Աղոթամատույցի ազգայնացման մեջ: Նա Մաշտոցի հետ սկիզբ է դրել հայ հոգևոր երգերին: Նրա հեղինակած երգեցիկ քարոզներից պահպանվել են գիշերային ժամի չորս քարոզներ և բազմաթիվ շարականներ, որոնք ամփոփված են Ժամագրքում: Սահակ Ա Պարթևին է վերագրվել նաև հայոց եկեղեցական երաժշտության ութ ձայնի առաջին կարգավորումը: Հին տաղարաններում պահպանվել է նրա մի տաղը: 
Սահակ Ա Պարթևը Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է: Հայոց եկեղեցին նրա հիշատակը տոնում է տարին երկու անգամ, առաջինը` Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիից առաջ` շաբաթ օրը, երկրորդը` Մեսրոպ Մաշտոցի հետ միասին` Հոգեգալստյան 4–րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets