ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Հովսեփ Ա Հողոցմեցի (440 - 452)

ՀՈՎՍԵՓ Ա ՀՈՂՈՑՄԵՑԻ 
(Հովսեփ Հողոցիմցի, Սուրբ Հովսեփ Վայոցձորցի) (440–452) 
Հայոց կաթողիկոս 440–ից: Հաջորդել է Սահակ Ա Պարթևին: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Սյունիքի Վայոց ձոր գավառի Հողոցիմք գյուղում: Նահատակվել է Պարսից Ապար աշխարհում 452–ի հուլիսի 25–ին: 
Աշակերտել և համագործակցել է Մեսրոպ Մաշտոցին: Նախապես նշանակվել է Այրարատ «աշխարհի» եպիսկոպոս, իսկ 439–ից` Հայոց կաթողիկոսի տեղապահ: Կաթողիկոս է ընտրվել Հայոց մարզպան Վասակ Սյունու և Հայոց հազարապետ Վահան Ամատունու աջակցությամբ: 
Հովսեփ Ա Հողոցմեցին 444–ի օգոստոսի 7–ին Բագրևանդ գավառի Շահապիվան ավանում գումարել է ժողով, որին մասնակցել են 40 եպիսկոպոս (այլ վկայությամբ` 20), բազմաթիվ նախարարներ, կուսակալներ, զանազան պաշտոնյաներ, այդ թվում` մարզպան Վասակ Սյունին, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Արշավիր Կամսարականը, Մանաճիհր Ռշտունին, Զիք Դիմաքսյանը և ուրիշներ: Ժողովն ընդունել է 20 կանոնադիր որոշում, որոնցում խստորեն դատապարտվել են մծղնեական աղանդի հետևորդները: Ժողովը դատապարտել է եկեղեցական դասի այն սպասավորներին, որոնք տառապել են զանազան մոլություններով, կաշառքով ձեռնադրել հոգևորականներ, օրհնել մերձավորների ամուսնությունը և այլն: Դատապարտվել են կնաթողությունը, այրաթողությունը, կախարդությունը, դյութությունը, հարցուկներին դիմելը, անվայելուչ լացն ու կոծը և այլն: 
Հովսեփ Ա Հողոցմեցին 449–ին Արտաշատում հրավիրել է աշխարհիկ և հոգևոր մեծամեծների ժողով, որը միաձայն մերժել է պարսից Սասանյան արքա Հազկերտ II–ի հրովարտակը, որը հայ, վրաց և աղվանից կառավարիչներին պարտադրել է ուրանալ քրիստոնեությունը և դավանել զրադաշտական կրոնը: 450–ի ապրիլին Հովսեփ Ա Հողոցմեցին օրհնանքներով ու հորդորներով ճանապարհել է Տիզբոնի դատաստանին կանչված հայ երևելի նախարարներին և բարձրագույն պաշտոնյաներին: Տիզբոնում մահվան և աքսորի սպառնալիքի ներքո հայտնված հայոց կառավարիչները վճռել են առերես ուրացության գնով «զերծանել յորոգայթէն», վերադառնալ և գլխավորել պայքարը պարսկական վտանգի դեմ: Հովսեփ Ա Հողոցմեցին իր հավատարիմ հոգևորականների համագործակցությամբ ժողովրդին հորդորել է զինված պայքար մղել Հայաստան ներխուժած պարսկական հսկիչ զորախմբերի և մոգերի դեմ: Համաժողովրդական այդ պայքարը գլխավորել է Ղևոնդ Երեց Վանանդեցին, որը դեռևս Սահակ Ա Պարթևի աթոռակալման տարիներին նշանակվել էր կաթողիկոսի տեղապահը Բագրևանդ գավառում: Նրա առաջնորդությամբ ժողովուրդը Բագրևանդի Անգղ ավանում ջախջախել է մոգերին ուղեկցող պարսկական զորախմբին, որը փորձել է քանդել տեղի եկեղեցին և այն վերածել մեհյանի: 
Հովսեփ Ա Հողոցմեցին 450–451–ների ձմռանը հրամայել է հոգևորականներին ցրվել երկրով մեկ և ժողովրդին հանել զինված պայքարի թշնամու դեմ: 451–ի մայիսի 26–ին Ավարայրի ճակատամարտից առաջ Հովսեփ Ա Հողոցմեցին մատուցել է Ս. Պատարագ, իր ճառերով ու աղոթքներով խրախուսել մարտական դիրքեր գրաված հայ զորականներին ու զինվորներին: Ավարայրի մարտադաշտից ուշ երեկոյան հայկական զորախմբերի` դեպի երկրի լեռներն ու բերդերը քաշվելուց հետո Հովսեփ Ա Հողոցմեցին և Ղևոնդ Վանանդեցին Բակ զորավարի գլխավորած 1000 զինվորի հետ ապաստանել են Արտազի բերդերից մեկում: Պարսկական զորքերը պաշարել և գրավել են բերդը: Բակ զորավարը 700 մարտիկի ուժերով ճեղքել է թշնամու պաշարման շղթան և հեռացել լեռները: Բերդում մնացած 213 մարտիկը սրատվել են: Հովսեփ Ա Հողոցմեցին և Ղևոնդ Վանանդեցին գերեվարվել են, որոնց փորձել են օգտագործել ըմբոստ հայերին խաղաղեցնելու համար: Հայոց նոր մարզպան Ատրորմիզդ Արշակունին 452–ին ձերբակալել է ապստամբության պարագլուխներին (37 նախարարի և 8 հոգևորականի), որոնք ուղարկվել են Տիզբոնի դատաստանին: 
454–ին հայ հոգևորականները Հովսեփ Ա Հողոցմեցու գլխավորությամբ աքսորվել են Խորասան և բանտարկվել Նյուշապուհ բերդում, որտեղ և գլխատվել են հուլիսի 25–ին, կիրակի օրը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets