ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Հովհաննես Ա Մանդակունի (478 - 490)

Աստվածաշունչ ունեցող, բայց չկարդացող մարդը նման է անլույս ճրագի, կույր աչքի, ցամաք աղբյուրի, չորացած ծառի, որոնք անուն ունեն միայն, բայց ոչ օգտակարություն:
Հովհաննես Մանդակունի

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա ՄԱՆԴԱԿՈՒՆԻ 
(Սուրբ Հովհան Մանդակունի) (478–490)
Հայոց կաթողիկոս 478–ից: Հաջորդել է Գյուտ Ա Արահեզացուն: 

Ծնվել է մոտ 403–ին Տուրուբերանի Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում: Մահացել է 490–ին, ամփոփվել Շիրակի Բեռնուս գյուղի գերեզմանոցում: 
Սերում է Մանդակունի նախարարական տոհմից: Աշակերտել է Սահակ–Մաշտոցյան դպրոցում, բարձրագույն կրթությունը շարունակել Հունաստանում, օժտվել հունարեն լեզվի և ժամանակի գրականության խոր իմացությամբ: Հայոց կաթողիկոսի աթոռին հաջորդել է Գյուտ Ա Արահեզացուն` Հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հորդորանքով: 
Պարսից Սասանյանների դեմ բորբոքված Վահանանց ազատագրական պատերազմի տարիներին (481–484) Հովհաննես Ա Մանդակունին եղել է հայրենասեր ուժերի եռանդուն կողմնակիցն ու ոգեշնչողը: Հաջորդ տարիներին նշանավորվել է շինարարական աշխատանքներով: Պատմագիր Ղազար Փարպեցու վերակացությամբ նորոգել է Վաղարշապատի Ս. Կաթողիկեն: 485–ին Հայոց մարզպանի պաշտոնում Վահան Մամիկոնյանի ճանաչման առթիվ Հովհաննես Ա Մանդակունին հայրապետական աթոռը տեղափոխել է Դվին, որի նորահիմն Ս. Կաթողիկե եկեղեցում մեծ հանդիսավորությամբ նշել է այդ տոնական իրադարձությունը, արտասանել իր ատենաբանությունը: 
Հովհաննես Ա Մանդակունին նշանավորվել է նաև եկեղեցական կանոնների և ծեսերի մշակմամբ, ժամագրքի և «Մաշտոց» ծիսական ժողովածուի կարգավորմամբ ու հարստացմամբ: Հովհաննես Ա Մանդակունուն են վերագրվում գիշերային ժամերգության «Զքէն գոհանամք» աղոթքը և նշանավոր «Զարթուցեալքս» քարոզը, Ճաշու երրորդ, վեցերորդ, իններորդ ժամերի ժամերգությունների Մեծի պահոց մեծ քարոզն ու աղոթքը, երեկոյան ժամերգության հոգեզմայլ «Լոյս զուարթ» օրհներգությունը: Ծիսարանի կանոններից Հովհաննես Ա Մանդակունուն վերագրվում են մկրտության կարգը, սարկավագի, քահանայի և եպիսկոպոսի ձեռնադրությունների կարգը, եկեղեցու հիմնարկեքն ու օրհնությունը, ժամհարի, խաչի, ավազանի, գրքի, սկիհի, մաղզմայի օրհնությունները, խաղողօրհնեքի, պսակի և ապաշխարության կանոնները, թաղման կարգը: Հովհաննես Ա Մանդակունին կարգավորել է նաև եկեղեցական տոներն ու պահքերը: Հովհաննես Ա Մանդակունին դատապարտել է և խիստ պատժամիջոցներով արգելել անուս և անարժան մարդկանց ձեռնադրությունը: 
Հովհաննես Ա Մանդակունուն է վերագրվում Հռիփսիմյանց նահատակությանը նվիրված շարականը: Նրա անունով պահպանվել և հրատարակվել են 28 խրատական ու վարդապետական ճառեր: 
Հունարենից թարգմանել է Գրիգոր Նազիանզացու Պատարագամատույցը, նորկտակարանյան պարականոն գրքեր (Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված Գ թուղթը, «Հանգիստ սրբոյն Յովհաննու առաքելոյ»): Հովհաննես Ա Մանդակունին իրավամբ արժանացել է ժամանակակիցների մեծարանքներին, ճանաչվել մեծագործ հայրապետ, ազգային և եկեղեցական բարերար: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets