ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովհաննես Բ Գաբեղենցի (557 - 574)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Բ ԳԱԲԵՂԵՆՑԻ 
(Գաբեղենացի, Գաբեղյան) (557–574) 
Հայոց կաթողիկոս 557–ից: Հաջորդել է Ներսես Բ Բագրևանդցուն: 

Ծն. թ. անհտ., գ. Սյունձեղուն (Անձեղվան), Այրարատի Գաբեղյանք գավառ: Մահացել է 574–ին Կոստանդնուպոլսում, որտեղ էլ հուղարկավորվել է: 
Նրա օրոք, մոտ 564–ին Սյունիքի Վահան իշխանը դուրս է եկել Հայաստանի մարզպանի հպատակությունից և ենթարկվել Ատրպատականի մարզպանին: Սյունյաց և Արցախի եկեղեցիները դուրս են եկել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգից, որի հետևանքով այս երկրամասերում ուժեղացել է նեստորականների ազդեցությունը:
Հովհաննես Բ Գաբեղենցին Թղթով դիմել է Սյունիքի Վրթանես եպիսկոպոսին և Վահան իշխանին` զգուշացնելով նեստորականության և մյուս հերձվածների սպառնալիքից: Նա Մատթեոս երեցին ուղարկել է Սյունիք` հորդորելու հավատարիմ մնալ Հայոց եկեղեցու դավանությանը, պայքար տանել նեստորականության և քաղկեդոնականության դեմ: 
570–ականների սկզբներին Սասանյան արքունիքը ջանացել է Աղվանից եկեղեցին հանել Հայոց եկեղեցու ենթակայությունից, ուստի Հովհաննես Բ Գաբեղենցին հատուկ թղթով Աղվանից կաթողիկոս Աբասին և յոթ եպիսկոպոսների զգուշացրել է նեստորականների և քաղկեդոնականների վտանգից, հորդորել հավատարիմ մնալ հայ և աղվանից եկեղեցիների դավանական միությանը: Հայոց կաթողիկոսի թուղթը դրական ազդեցություն է ունեցել: Հովհաննես Բ Գաբեղենցու օրոք Երուսաղեմի 500 հայ կրոնավորների հունաց պատրիարքը հարկադրել է դավանել քաղկեդոնականություն: Կրոնավորները դիմել են Հովհաննես Բ Գաբեղենցուն, խնդրել օգնել իրենց: Վերջինս պատասխան թղթով հորդորել է չհնազանդվել պատրիարքին և հարկ եղած դեպքում հեռանալ Երուսաղեմից: 
571–ին Հայաստանում ծագած ապստամբության ժամանակ Հովհաննես Բ Գաբեղենցին գործնական քայլերի է դիմել հայ–բյուզանդական դաշինք կայացնելու համար և մեկնել Կ. Պոլիս: Հուստինոս ll կայսրը ժողով է գումարել, որտեղ Հովհաննես Բ Գաբեղենցին ընդունել է նրա և պատրիարքի կողմից առաջարկված երկու եկեղեցիների դավանական միության պահանջը և հաղորդվել կայսեր և պատրիարքի հետ: Հայոց կաթողիկոսի պատվին Ս. Սոֆիա տաճարի Ավագ դուռը կոչվել է «Դուռն Հայոց»: Բայց դավանական միության այդ փորձը մերժվել է հայ հոգևորականների կողմից: Կայսեր հրամանով Հովհաննես Բ Գաբեղենցին պահվել է կայսրության մայրաքաղաքում: Հայերի նկատմամբ բյուզանդական իշխանությունների խտրական վերաբերմունքի պայմաններում ելնելով հայաստանցի հոգևորականների կողմից իր նկատմամբ հնչեցրած մեղադրանքից ու սպառնալիքներից` Հովհաննես Բ Գաբեղենցին դադարել է կապեր ունենալ հույների հետ և 572–ին Կ. Պոլսում հիմնել է հայադավանների կրոնական համայնք: 
Հեղինակ է «Ի յայտնութիւն Քրիստոսի» քարոզի, որտեղ լուսաբանել է Հիսուսի աստվածային և մարդկային բնությունների անքակտելի միությունը: Հովհաննես Բ Գաբեղենցու հրամանով հունարենից հայերեն է թարգմանվել «Գիրք էակաց» աշխատությունը, ինչպես նաև Եվտիքես Կոստանդնուպոլսեցի պատրիարքի (553–565, 577–582) «Յաղագս զանազանութեան բնութեան և առանձնաւորութեան» երկասիրությունը, որը պաշտպանում է Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողովում ընդունած դավանանքը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets