ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կոմիտաս Ա Աղցեցի (615 - 628)

ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՑԵՑԻ 
(Շինող) (615–628) 
Հայոց կաթողիկոս 615–ից: Հաջորդել է Աբրահամ Ա Աղբաթանեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Արագածոտն գավառի Աղցք գյուղում: Վախճանվել է 628–ին Դվինում, ամփոփվել Վաղարշապատի Ս.Հռիփսիմե եկեղեցու ներսում: 
Եղել է Տարոնի Մամիկոնեից եպիսկոպոսը: Կոմիտաս Ա Աղցեցին ժամանակի հայտնի աստվածաբաններից և դավանաբաններից է: Կարևոր դեր է խաղացել պարսից տերության սահմաններում և Արևելքի եկեղեցիների շրջանում Հայ եկեղեցու դիրքերի ամրապնդման և հեղինակության բարձրացման գործում: 
Պարսից արքա Խոսրով ll Ափարվեզը (Փարվեզ) իր տերության ներսում քրիստոնյաների դավանական վեճերին վերջ տալու նպատակով հրամայում է Արևելքի և Ասորեստանի եպիսկոպոսներին գալ արքունիք և քննել, թե քրիստոնյաների որ դավանությունն է ճշմարիտ: 615–ին հրավիրում է Պարսից կամ Տիզբոնի ժողովը, որի ընթացքի, ընդունած որոշումների և պարսից արքայի դիրքորոշման վրա մեծ ազդեցություն են գործել պարսից թագուհի, ուղղափառ ասորուհի Շիրինը, արքունի ուղղափառ դուրուսպետ (բժշկապետ) Գաբրիել Շիգգարացին և Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունին: Հայաստանից Պարսից ժողովին մասնակցել են Մամիկոնեից Կոմիտաս եպիսկոպոսը, որը վերադարձել է որպես կաթողիկոս և Ամատունյաց Մատթեոս եպիսկոպոսը: Ենթադրվում է, որ Կոմիտասը, որպես հայ եպիսկոպոսության ավագ, արդեն ընտրված էր հայ եպիսկոպոսների ու իշխանների կողմից, իսկ պարսից արքունիքում ստացել է Խոսրով ll–ի հաստատումը: Նա Պարսից ժողովին ներկայանում է արդեն որպես Հայոց կաթողիկոս: Ժողովին Կոմիտաս Ա Աղցեցին ներկայացրել է «Հավատո գիրքը» կամ «Դավանության թուղթը», որտեղ հականե հանվանե թվարկվում և նզովվում են բոլոր հերձվածողները: Հայոց հետ միանում են Շիրին թագուհին և բժշկապետը: 
Երկար վիճաբանությունից հետո ընդունվել է միայն Նիկիայի (325), Կ.Պոլսի (381) և Եփեսոսի (431) ժողովների տիեզերական հեղինակությունը, մերժվել է Քաղկեդոնի ժողովը, ինչպես նաև նեստորականությունը: Հայ եկեղեցու դավանանքը պարսից տերության սահմաններում պաշտոնապես ճանաչվել է միակ ուղղափառ քրիստոնեական դավանությունը: Դա բարձրացրել է Հայոց կաթողիկոսի և Հայ եկեղեցու հեղինակությունը: Պարսից ժողովից հետո, ըստ Սամուել Անեցու, «Ասորեստանի» երկու ուղղափառ եպիսկոպոսներ Մար–Մարութան և Պետրոսը գալիս են Դվին` Կոմիտաս Ա Աղցեցուն գիր ներկայացնելու և իրենց համաձայնությունը հայտնելու հայոց հավատին: 
Կոմիտաս Ա Աղցեցին եռանդուն մասնակցություն է ունեցել ժամանակի դավանաբանական վեճերին, պաշտպանել Հայ եկեղեցու դավանական սկզբունքները քաղկեդոնականների, նեստորականների, սևերիոսյանների ոտնձգություններից: Կոմիտաս Ա Աղցեցու օրոք և նրա անմիջական ղեկավարությամբ է կազմվել «Արմատ հաւատոյ» («Հաւատարմատ») դավանաբանական ժողովածուն, որն այժմ հայտնի է «Կնիք հաւատոյ» անվամբ: Ժողովածուն կազմել և խմբագրել է ժամանակի նշանավոր աստվածաբան և դավանաբան Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն ընդդեմ Քաղկեդոնի ժողովի» հակաքաղկեդոնական, հականեստորական երկի նմանությամբ, և նպատակն էր պաշտպանել Հայ եկեղեցու ուղղափառությունը, ամրապնդել նրա դիրքերը Vl դ. վերջին Vll դ. սկզբներին սրված դավանական պայքարում: Կոմիտաս Ա Աղցեցու օրոք են հավաքվել կրոնադավանական բնույթի մեկ այլ ժողովածուի` «Գիրք թղթոցի» նյութերը: «Գիրք թղթոցում» զետեղվել է նաև Կոմիտաս Ա Աղցեցու բանավեճը` «Զրոյցք»–ը, Կ. Պոլսի պատրիարքի հետ, որտեղ շոշափվում են դավանաբանական, վարդապետական, ծիսական հարցեր: Հայոց կաթողիկոսը հարցուպատասխանի ձևով պաշտպանում է Հայ եկեղեցու դավանական սկզբունքները, հիմնավորում նրա ուղղափառությունը: 
Սեբեոսի «Պատմության» մեջ պահպանվել է Կոմիտաս Ա Աղցեցու թղթակցությունը Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Մոդեստոս երեցի հետ, որտեղ նշվում է, որ հայերն իբրև ուխտավորներ կրկին սկսել են հաստատվել Երուսաղեմում և կարևոր դիրքի հասել: Երուսաղեմի քրիստոնյաները Հայոց կաթողիկոսի պաշտպանությանն են դիմում` ցանկանալով, որ նա «աչքը Երուսաղեմի վրա քաղցր պահի», նրանից օգնություն խնդրում` Չարչարանաց տեղերի վրա եկեղեցի կառուցելու և Երուսաղեմի աղքատների համար: 
Կոմիտաս Ա Աղցեցին նաև բանաստեղծ–երաժիշտ է, հայ շարականերգության նշանավոր ներկայացուցիչներից: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Էջմիածնի Ս. Հռիփսիմեի վանքի օծման կապակցությամբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականն է, որը գրված է այբբենական ակրոստիքոսի սկզբունքով: Այն վիպաքնարական բնույթի լայնածավալ ներբող է (36 քառատող տուն) և չափանմուշ է եղել հետագա շարականագիրների համար: Այդուհետ այբբենական ծայրակապով գրված շարականները ստացել են «Անձինք» անվանումը: 
Կոմիտաս Ա Աղցեցին ծավալել է շինարարական և հոգևոր–մշակութային բուռն գրծունեություն, ինչի համար ստացել է Շինող մականունը: Կաթողիկոսանիստ Դվինում կառուցել է Հայրապետանոցի նոր շենքը, ավարտին է հասցրել դեռևս 608–ին սկսված Դվինի Կաթողիկե (Ս. Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցու վերակառուցումը, որի փակակալ (ավագ լուսարարապետ) է նշանակվել Հովհան Մայրավանեցին: Վերջինս կաթողիկոսի բացակայության ժամանակ ստանձնել է նաև կաթողիկոսական տեղապահությունը: Կոմիտաս Ա Աղցեցին, ըստ Սեբեոսի, նորոգել է Վաղարշապատի Ս.Կաթողիկե եկեղեցին (Էջմիածնի Մայր Տաճար), մասնավորապես` փայտե ծածկը փոխարինելով քարով: Քանդել է տվել Գրիգոր Լուսավորչի հիմնած Ս. Հռիփսիմեի վկայարանը` «ցած և մթին» լինելու պատճառով, և տեղում սրբատաշ տուֆից կառուցել Ս. Հռիփսիմե եկեղեցին, որն իր ճարտարապետության բյուրեղյա հստակության և կատարյալ հորինվածքով այդ տիպի կառույցների լավագույն օրինակն է: Կոմիտաս Ա Աղցեցին թողել է շինարարական երկու արձանագրություն, որոնցից Ավագ խորանին փորագրվածում իրեն անվանել է եկեղեցու «շինող»: Հայ ճարտարապետության մեջ վաղ միջնադարում շինող բառը կիրառվել է ճարտարապետ իմաստով, հետևաբար` Կոմիտաս Ա Աղցեցին եղել է Ս.Հռիփսիմե եկեղեցու ոչ միայն կառուցողը, այլև ճարտարապետը: 
Կոմիտաս Ա Աղցեցին հոգ է տարել հոգևոր–կրթական կենտրոնների` Սյունյաց, Արշարունյաց, Դվինի կաթողիկոսարանի, Էջմիածնի վանքի, Մայրավանքի դպրոցների, Շիրակի դպրեվանքի (Շիրակի Կարմիր վանք) զարգացմանը: 
Ամփոփվել է Ս. Հռիփսիմեի դամբարանի առջև, եկեղեցու ներսում (տապանաքարը հետագա նորոգումների ժամանակ ծածկվել է սալահատակի տակ): 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets