ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Եզր Ա Փառաժնակերտցի (630 - 641)

ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑԻ 
(630–641) 
Հայոց կաթողիկոս 630–ից: Հաջորդել է Քրիստափոր Բ Ապահունուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Այրարատ նահանգի Նիգ գավառի Փառաժնակերտ գյուղում: Մահացել է 641–ին Դվինում և ամփոփվել տեղի հայրապետական հանգստարանում: 
Եղել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի եղբոր աներորդին և վայելել Կոմիտասի հատուկ հովանավորությունը: Ըստ Սեբեոսի` բնավորությամբ եղել է խոնարհ և հեզ: Սկզբում նշանակվել է Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու փակակալ: Լինելով Հայոց իշխան Վարազտիրոց Բագրատունու թեկնածուն` կաթողիկոսական գահին է բազմել առանց վիճակավոր եպիսկոպոս լինելու: Ըստ Մ. Օրմանյանի` նրա կաթողիկոսական շրջանը տևել է 630–641–ներին: 
Եզր Ա Փառաժնակերտցու կաթողիկոսական աթոռ բարձրանալը համընկավ Հայաստանի տարածքով խաչափայտի գերեդարձին, որը պարսից Բորան թագուհին ուղարկեց Բյուզանդիայի Հերակլ կայսրին: 
Եզր Ա Փառաժնակերտցու օրոք բյուզանդացիների և արաբների նվաճողական սպառնալիքները ծանրացրել էին Հայաստանի քաղաքական կացությանը: Օգտվելով այդ իրավիճակից` Բյուզանդիայի Հերակլ կայսրը հանդես եկավ բյուզանդական և հայկական եկեղեցիների դավանանքների միասնության առաջարկով (որը քաղկեդոնականության և եվտիքեսականության մի խառնուրդ է և որը մշակել և Կ. Պոլսի 626–ի ժողովի ժամանակ անցկացրել էր Սարգիս պատրիարքը): Հայոց իշխան Մժեժ Գնունու միջոցով կայսրը Եզր Ա Փառաժնակերտցուն կանչել է Կարին: 4 հայ եպիսկոպոսների (Տիրատուր Արտազեցու, Քրիստափոր Դարունյանցի, Մարտիրոս Գողթնեցու և Եպիփան Մամիկոնյանցի) և 3 վարդապետների (Վարդան Բագառիճի, Թովմաս Արշարունու, Թեոդորոս Քռթենավորի) ուղեկցությամբ Եզր Ա Փառաժնակերտցին գնացել է Կարին: 633–ին Կարինում (Թեոդոսուպոլիս), որը բյուզանդական կայսեր բանակատեղին էր, հանդիպել է Հերակլ կայսրին և բանակցել Քաղկեդոնի ժողովի և երկու բնության հարցի բացատրության շուրջ: Բանակցությունների ժամանակ քննարկվել է Լևոնի տոմարի խնդիրը և հայկական պատվիրակությունը Հերակլից խնդրել է «ձեռնարկ հաւատ նամակի»: 
Արաբական ներխուժման վտանգի դեմ Բյուզանդիայից օգնություն ընկալելու հույսով և հակառակ Հերակլ կայսեր նկրտումներին` Մեծ Հայքի բյուզանդական մասում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու մտադրությանը, առերես ընդունել է կայսեր առաջարկած հավատո գիրը` Հայոց եկեղեցին դավանաբանորեն միացնել կայսերական պաշտոնական քաղկեդոնական եկեղեցուն: Կայսրը կամենում էր ապահովել ոչ միայն կայսրության դավանաբանական միասնությունը, այլև նրա պետական անվտանգությունը: 
Հայկական պատգամավորության անունից կաթողիկոսը ստորագրել է համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ, եվտիքեսական և քաղկեդոնական դավանությունների մի ինչ–որ խառնուրդ, որը նախատեսում էր երկկողմանի զիջումներ: Մինչ այդ, ըստ Սեբեոսի, Եզր Ա Փառաժնակերտցին Հերակլ կայսրից խնդրել է ուղարկել «Գիր հաւատոյ խոստովանութեան» դավանագիրը, որտեղ նզովվում էին բոլոր աղանդավորները, այդ թվում` Նեստորը, բայց երեք տիեզերական ժողովների կողքին հիշատակված էր նաև 451–ի Քաղկեդոնի ժողովը: Ժամանակի նշանավոր աստվածաբան Մաթուսաղա Սյունեցի պիսկոպոսը և ուրիշ գիտուններ, քննելով Հերակլի ուղարկած թուղթը, հանգել են այն եզրակացության, թե այն իր հիմնական կետերով ուղղափառ է և ընդունելի, միայն թե Քաղկեդոնի ժողովը նզովված չէ: Ինչպես Սեբեոսն է ասում` «նզովեալ զՆեստոր և զամենայն հերձուածողս, բայց ոչ էր նզովեալ զամենայն հերձուածողս բաց ի ժողովոյն Քաղկեդոնի»: Եզր Ա Փառաժնակերտցու հանձնարարականով Մաթուսաղան գրել է կայսրին ուղղած դավանաբանական թուղթ, որը նրան հանձնվել է Կարինում: Այստեղ կայսրը և Կ. Պոլսի պատրիարքը Եզր Ա Փառաժնակերտցուն են ներկայացրել միակամական («մի կամք և մի գործողութիւն») բովանդակությամբ դավանագիր, որտեղ թեպետ չէր հիշվում Քաղկեդոնի ժողովը և բացարձակ մի բնություն չէր քարոզվում, սակայն ուսուցանում էր մի կամք, մի ներգործություն, որով և անուղղակիորեն ջատագովում էր մի բնության վարդապետությունը: Հայկական եկեղեցու պատգամավորությունը ստորագրել է Հերակլ կայսեր առաջարկած հավատո խոստովանության գիրը, որը եղել է ոչ թե քաղկեդոնական, այլ միակամական: Այդ առթիվ Կարինի եկեղեցում կայսեր և կաթողիկոսի ներկայությամբ կատարվել է հանդիսավոր եկեղեցական արարողություն և հայկական պատգամավորությունը հույն հոգևորականների հետ Հաղորդություն է վերցրել: Կարինի մայր եկեղեցուն կից հիմնվել է Միաբան Ս. Աստվածածին եկեղեցին: Իբրև գոհունակության նշան Հերակլը Եզր Ա Փառաժնակերտցուն է նվիրել Կողբ ավանը: Համաձայն ոչ քաղկեդոնական դավանագրի` ստորագրումը որևէ հետևանք չի ունեցել Հայ եկեղեցու համար: 
Կարին գնալու Հերակլ կայսեր հրամանը մերժողները` Գարդմանի եպիսկոպոս Ստեփանոսը և Սյունյաց եպիսկոպոս Մաթուսաղան, որոնք ժամանակի հայտնի հայ աստվածաբաններից էին, Եզր Ա Փառաժնակերտցու վերադարձից հետո, հակառակ Հովհան Մայրագոմեցու ջանքերի, որը նշում էր, որ Հերակլի հետ Հաղորդություն վերցնելով խախտվել է եկեղեցու ավանդությունը, պաշտպան են կանգնել նրան: Կաթողիկոսը Կարինից վերադարձել է «մեծաշքով» և «մեծապարգեւ փառօք»: Հայաստանում հոգևորականությունը նրան դիմավորել է ոչ թշնամաբար, և Կարինի ժողովից հետո ևս ութ տարի` մինչև իր կյանքի վերջը, Եզր Ա Փառաժնակերտցին շարունակել է մնալ կաթողիկոսական աթոռին` առաջնորդվելով Հայ եկեղեցու սկըզբունքներով: 
Պատմիչները (Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Տարոնեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան), բացառությամբ Սեբեոսի, խստագույնս դատապարտել են Եզր Ա Փառաժնակերտցու արարքը, հանիրավի մեղադրել նրան քաղկեդոնականություն ընդունելու մեջ: Նրան և հայ պատվիրակության մյուս անդամներին անվանել են տգետներ, կայսրից խաբված դավաճաններ, Հայ եկեղեցու սրբությունները ոտնահարողներ: Նույնիսկ կաթողիկոսի անվան սկզբնատառը գրվել է գլխիվայր: Սակայն ժամանակակիցների ընկալմամբ Եզր Ա Փառաժնակերտցու քայլը, ընդհակառակը, զերծ է պահել Հայ եկեղեցին և Հայաստանը շատ ծանր հետևանքներից: Ժամանակակիցներից միակ բացահայտ ընդդիմացողը Vll դ. նշանավոր դավանաբան և աստվածաբան Հովհան Մայրավանեցին էր (Մայրագոմեցի): Եզր Ա Փառաժնակերտցուն անարգելու համար նա արտաքսվել է Դվինից: Դեպքերի ականատես Սեբեոս պատմիչը կաթողիկոսի քայլը չի դատապարտել` բարձր գնահատելով նրա մարդկային արժանիքները: 
Վերադարձից հետո նա զբաղվել է շինարարական և բարենորոգչական գործերով: Նա վերակառուցել է Էջմիածնի Կաթողիկեն, Ս. Հռիփսիմե ու Ս. Գայանե եկեղեցիները: Ս. Գայանե եկեղեցուն կից կառուցել է բնակելի շինություն քահանայական դասի համար: Նա փոփոխություն է մտցրել ծիսակարգի մեջ և Առավոտյան ժամերգությունից առանձնացրել է Արևագալի ժամերգությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets