ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ներսես Գ Տայեցի (Իշխանեցի) (641 - 661)

ՆԵՐՍԵՍ Գ ՏԱՅԵՑԻ 
(Ներսես Իշխանեցի, Շինող) (641–661) 
Հայոց կաթողիկոս 641–ից: Հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցուն: 

Ծնվել է 580–590–ականներին Տայքի Իշխան գյուղում, մահացել 661–ին, Զվարթնոցում: Ամփոփվել է Զվարթնոցի տաճարի հյուսիսային կողմում` իր կենդանության օրոք կառուցված դամբարանում: 
Թերևս սերելով իշխանական ընտանիքից` հնարավորություն է ունեցել կրթվելու Հունաստանում, տիրապետելու հունարենին, իրազեկ դառնալու հունական դպրությանն ու մշակույթին: Զինվորական ծառայությունը հունաց բանակում, սերտ շփումը նրանց քաղաքակրթության հետ պետք է իրենց դրոշմը թողնեին Ներսես Գ Տայեցու եկեղեցաքաղաքական համոզումների վրա: Հունական մշակույթի և գիտության նկատմամբ համակրանքն այնքան ակներև էր այդ շրջանում, որ նա նույնիսկ հակվում է Քաղկեդոնի ժողովի կողմը: Սակայն այս տրամադրությունները զգալիորեն նվազեցին, երբ վերադարձավ Հայաստան և ձեռնադրվեց Տայքի եպիսկոպոս: Շուտով նա հռչակվում է որպես «այր առաքինի վարուք, պահաւք եւ աղաւթիւք»: Նրա վարչական կարողությունները և այս արժանիքները հաշվի առնելով, հայոց ավագանու, մասնավորաբար սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ 641–ին ընտրվում է կաթողիկոս: 
Պարսից տիրապետության վերացումից և արաբական կողմի զորացումից հետո արտահայտելով հայոց ավագանու քաղաքական կողմնորոշումը` Ներսես Գ Տայեցին ողջախոհ է համարում դիմել Բյուզանդիայի Կոստաս (Կոստանդին) ll կայսրին` Վարազտիրոց Բագրատունուն նշանակելու Հայաստանի կառավարիչ` նախապես նրանից ստանալով հավատարմության խոստում: Սակայն Վարազտիրոցի մահից հետո, ոչ առանց Ներսես Գ Տայեցու շրջահայաց թելադրանքի, կայսրը կառավարիչ է նշանակում Վարազտիրոցի որդուն` Սմբատին, իսկ Հայաստանի սպարապետ` Թեոդորոս Ռշտունուն: 
Հայ–բյուզանդական քաղաքական հարաբերությունների մասնակի կարգավորումը բարենպաստ պայմաններ ստեղծեց եկեղեցական բարեկարգությունների իրականացման համար: Այդ նպատակին էր միտված 645–ի Դվինում գումարված ժողովը: Ներսես Գ Տայեցու նախաձեռնությամբ և առաջարկով ժողովն ընդունեց ու վավերացրեց 12 կանոն: Սրանցից առաջին չորսը խոսում է եպիսկոպոսների իրավունքների և պարտավորությունների մասին: Այստեղ վերստին օրինակարգվում է այն վաղնջական կարգը, որի համաձայն յուրաքանչյուր եպիսկոպոսի իրավասությունը տարածվում է բացառապես իր վիճակի վրա: Իսկ ուր չկա եպիսկոպոս, այնտեղի գործերը կարող են վարել մերձակա վիճակի եպիսկոպոսները կաթողիկոսի գիտությամբ և հրամանով: Հինգերորդ կանոնը, կարևորելով եկեղեցու սպասավորներ պատրաստելու գործը, եպիսկոպոսին իրավունք է վերապահում պատժել նրան, ով ծուլանալով «զլոյս եւ զպաշտաւն եկեղեցւոյն խափանեաց է եւ զմանկունս ուխտին ի դպրոց ոչ տացէ»: Յոթերորդ կանոնը կարգադրում է տղամարդուն կամ կնոջը 7 տարի սպասել մինչև ամուսնու վերադարձը գերությունից: Իսկ եթե ժամանակից շուտ ամուսնանա, պարտավոր է բաժանվել երկրորդ ամուսնուց և միանալ գերությունից վերադարձած առաջին ամուսնուն: Վերջին չորս կանոնները պատվիրում են իշխաններին և ազատներին չբռնանալ եկեղեցականների վրա, հարգել նրանց իրավունքը: 
Սակայն այս կանոններով չեն սահմանափակվում եկեղեցական բարեկարգության ուղղությամբ Ներսես Գ Տայեցու գործադրած ճիգերը: Նրա անվան հետ է կապված շարականների կանոնակարգումը: Վարդավառի տոնի կապակցությամբ մ անգամ ներկա գտնվելով Բագավանի եկեղեցում` նա ականատես է լինում, թե ինչպես անտեղյակության հետևանքով հարցի շարականը չի կրկնվում: Ծիսական երգի ստեղծման և կատարման մեջ իշխող քաոսը վերացնելու նպատակով նա 645–ի Դվինի ժողովի անունից կարգադրում է այն ժամանակաշրջանի Հայաստանի տարբեր գավառներում կատարվող շարականներից ընտրել լավագույնները և «զայն միայն ուսանել»: Դրանից հետո Բարսեղ Ճոնի ջանքերով ընտրված շարականները (Ճոնընտիր) պարտադիր դարձան Հայաստանի բոլոր եկեղեցիների համար: Ըստ այսմ Ներսես Գ Տայեցին կարգադրել է, որ բոլոր եկեղեցիներում արարողությունը կատարվի Ճոնընտիր շարականներով: 
Դվինի երկրորդ ժողովը, որ տեղի ունեցավ 648–ին, էապես տարբերվում էր առաջինից: Նրա շարժառիթը և նպատակը պայմանավորված էր հայ–բյուզանդական եկեղեցաքաղաքական հարաբերությունների ընթացքով: Ներսես Գ Տայեցու և Թեոդորոս Ռշտունի սպարապետի նախաձեռնությամբ գումարված այս ժողովը պատասխանն էր Կոստաս II կայսեր հրովարտակի, որով դավանափոխության կոչ էր արվում: Սակայն, ինչպես նկատում է իրադարձությունների ականատես պատմիչը, հայերը, գիտակցելով դրա կործանարար հետևանքները, «չառին յանձն փոխել զճշմարիտ վարդապետութիւն սրբոյն Գրիգորի ըստ Քաղկեդոնի դաւանութեան»: Այս պատճառով կաթողիկոսների ու նախարարների վճռով շարադրված «ճշմարիտ եւ ուղղադաւան» նամակում ասվում է, թե պարսից Կավատ և Խոսրով արքաների օրոք հալածանքներ չեն եղել հավատի համար: Այնուհետև Հայ եկեղեցու` Արևելքում ունեցած հեղինակությունը շեշտելու նպատակով նամակում վկայակոչվում է Խոսրով արքայի վճիռը. «Ամենայն քրիստոնեայք, որ ընդ իմով իշխանութեամբ են, հաւատ զՀայոց կալցեն»: Ելնելով հայ–բյուզանդական եկեղեցական հարաբերություններում պատշաճը պահանջելու անհրաժեշտությունից` Ներսես Գ Տայեցին ողջախոհ է նկատում ժողովական այդ նամակը չուղարկել կայսրին: Ռազմաքաղաքական նոր պայմաններում Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին հավատարիմ նախարարների հետ, խորշելով բյուզանդական արքունիքի նենգ դիվանագիտությունից, հակվում է արաբների կողմը, մինչդեռ հանձին Ներսես Գ կաթողիկոսի, Հայ եկեղեցին նպատակահարմար է համարում շարունակել հարաբերությունները բյուզանդական կողմի հետ: 
Տեսնելով հայ նախարարների վճռական դիրքորոշումը` Կոստաս ll կայսրը մեծ զորաբանակի գլուխ անցած 652–ին ներխուժում է Հայաստան, գործադրում բազում բռնություններ: Ահագնացող ավերն ու հալածանքը կանխելու նպատակով Ներսես Գ Տայեցին, Մուշեղ Մամիկոնյան սպարապետը, մի շարք նախարարներ, դիմելով կայսրին, իրենց անվերապահ հնազանդությունն են հայտնում նրան: Ի հաստատումն ադ հնազանդության Ներսես Գ Տայեցին, Մուշեղ սպարապետը և «ամէն եպիսկոպոսունք եւ որ կամաւ եւ որ ակամայ» մասնակցում են կայսեր կարգադրությամբ Դվինի Ս. Գրիգոր տաճարում կայացած հունական պատարագին: Սակայն քաղաքական դժվարին կացության թելադրանքով կատարված այս քայլը ոչ այնքան դավանական նահանջ էր, որքան միջեկեղեցական հարաբերությունների պահպանմանը ծառայող շրջահայաց մոտեցում, որ արդարացվում է երկուստեք ընդունված միակամյա տեսությամբ: Զանց առնելով բնության խնդիրը` դավանական ընդհանուր եզրեր ունեցող այս տեսությունը որոշ ապահովություն էր երաշխավորում հայոց համար: Կաթողիկոսի որդեգրած դիրքորոշումը պայմանավորված էր ոչ միայն ռազմաքաղաքական իրավիճակով, այլև արդյունք էր իր վաղնջական համոզումների: 652–ին, երբ բյուզանդացիները նահանջում են և Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օգնությամբ ազատագրում է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խուսափելով արաբամետ նախարարների հետ ընդհարումից, մեկնում է Կ. Պոլիս` հույս փայփայելով պաշտպանություն գտնել կայսեր մոտ: Սակայն նրա հույսերն ի դերև ելան: Նույն թվականի վերջին նա վերադառնում է Հայաստան ու մինչև Թեոդորոս Ռշտունու մահը և արաբական ճնշման մեղմացումը (658), չհեռանալով կաթողիկոսական առաջնորդությունից, մեկուսանում է իր հայրենի Իշխան գյուղում: 
Ներսես Գ Տայեցին Վաղարշապատ է վերադառնում է 659–ին: Օգտվելով ստեղծված խաղաղ իրավիճակից` նա կյանքի է կոչում շինարարական մի լայն ծրագիր (այստեղից էլ նրան տրված «Շինող» պատվանունը): Բազմաշխատ հայրապետն ավարտին է հասցնում իր կաթողիկոսության սկզբնական շրջանում ձեռնարկած Ս. Գրիգոր կաթողիկեի, այն է` Զվարթնոց տաճարի շինարարությունը, որի ճարտարապետական արժանիքների մասին բարձր գովասանքով են խոսում Սեբեոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, Կիրակոս Գանձակեցին: Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ նա է կառուցել նաև այն եկեղեցին, որ գտնվում է «ի վերայ վիրապի սրբոյն Գրիգորի»: 
660–ի դեկտեմբերի 30–ին Վարագա լեռան Խաչի լուսեղեն երևման կապակցությամբ Ներսես Գ Տայեցին հաստատում է Վարագա Ս. Խաչի տոնը: Խաչափայտի մասունքի գյուտի վայրում նա կառուցում է Ս. Նշան եկեղեցին: 
Ռազմաքաղաքական վայրիվերումներով աչքի ընկնող այդ ժամանակաշրջանում Ներսես Գ Տայեցին կարողանում է դիվանագիտական լայնախոհությամբ, ի գին պարագաների թելադրանքով կատարած ոչ էական զիջողությունների, ոչ միայն պահպանել Հայ եկեղեցին, այլև եկեղեցական շինարարության և բարեկարգության մարզում իրականացնել ընդգրկուն ծրագրեր: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets