ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Անաստաս Ա Ակոռեցի (661 - 667)

ԱՆԱՍՏԱՍ Ա ԱԿՈՌԵՑԻ 
(661–667) 
Հայոց կաթողիկոս 661–ից: Հաջորդել է Ներսես Գ Տայեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Այրարատ նահանգի Մասյացոտն գավառի Ակոռի գյուղում: Մահացել է 667–ին Ակոռի գյուղում, ամփոփվել իր կառուցած Ս. Հակոբ եկեղեցու բակում: 
Թեպետ կաթողիկոս է դարձել Ներսես Գ Տայեցու մահից հետո, սակայն մինչ այդ եղել է Ներսես Գ կաթողիկոսի օգնականը և երկար ժամանակ նրա բացակայության միջոցներին` հենց ինքն է վարել կաթողիկոսարանի գործերը: Անաստաս ԱԱկոռեցու հայրապետության տևողությունը մեր բոլոր մատենագիրները միակերպ համարում են 6 տարի: Սակայն նրա կաթողիկոսության սկզբի և վերջի թվականները տարբեր աղբյուրներում տրված են որոշ տարբերություններով, որով այս հարցը կարոտ է ճշգրտման: Այսօր ամենաընդունվածը Մ. Օրմանյանի կազմած ժամանակագրությունն է, որի համաձայն Անաստաս Ա Ակոռեցու կաթողիկոսության տարիները 661–667–ներն են: Այս տարիների ճշգրտմանը կարող է նպաստել այն, որ Անաստաս Ա Ակոռեցու հանձնարարությամբ Մեծն Անանիա Շիրակացին գրել է իր կոթողային երկը` «հրաշազան» Քննիկոնը, որի մեջ եղել է Տոմարը և հատկապես հայկական օրացույցը` անշարժացված կաթողիկոսի պատվերով: Միևնույն ժամանակ հայտնի է նաև, որ Տրապիզոնում բազմամյա ուսումնառությունն ավարտելուց հետո Անանիա Շիրակացին Հայաստան է վերադարձել 666–ին, որի մասին հենց ինքն է վկայում շատ հավաստի տվյալներով: Այսինքն` Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը Անանիային իր տոմարական (գուցե և այլ) պատվերը պիտի կարողանար տալ 666–ից ոչ շուտ: Այս կապակցությամբ կարևոր է նաև, որ 665–ը եղել է ծռազատկի տարի, երբ մեկ շաբաթով տարբերվել են Հայ և արևմտյան եկեղեցիների զատիկները: Սա, բնականաբար, առիթ կարող էր լինել տոմարական բարեփոխում ձեռնարկելու: Ամեն պարագայի, եթե ըստ այս տվյալի Անաստաս Ա Ակոռեցու կաթողիկոսության տարիները փոփոխվեն, ապա դրանք կարող են միայն թվապես մեծանալ: 
Անաստաս Ա Ակոռեցու կաթողիկոսական գործունեության մասին շատ բան հայտնի չէ: Նրա գահակալման տարիները զուգադիպել են համեմատաբար խաղաղ ժամանակի: Երեք հիմնական գործ կարելի է նշել կարճատև գահակալած այս հայրապետի արածներից: Առաջինը, որ նա արել է նախքան կաթողիկոս դառնալը, ոչ իբրև հայրապետ, Ներսես Գ կաթողիկոսի տևական բացակայությունների ընթացքում կաթողիկոսարանի գործերը վարելն է: Եթե հատկապես, ի նկատի ունենանք, որ Ներսես Գ կաթողիկոսի բացակայությունները եղել են հարկադրական` թելադրված քաղաքական հանգամանքներով, ապա հասկանալի պիտի լինի, որ հարկադրաբար բացակայող կաթողիկոսի գործերը վերջինիս փոխարեն վարելը պիտի կապված լիներ լուրջ բարդությունների հետ: 
Ինչպես իրեն նախորդած կաթողիկոսները, Անաստաս Ա Ակոռեցին ևս իր կաթողիկոսությունը նշանավորել է ժամանակի չափանիշներով մի շքեղ եկեղեցի կառուցելով իր ծննդավայրում: Մասիսի հյուսիսային լանջին` Ակոռի գյուղի մոտ, նրա կառուցած Ս. Հակոբ եկեղեցին կանգուն է եղել մինչև 1840–ի ավերիչ երկրաշարժը: 
Անաստաս Ա Ակոռեցու ձեռնարկումներից թերևս ամենանշանակալին պիտի համարենք Քննիկոնի ստեղծումը: Թեպետև Անանիա Շիրակացու այս երկը իր նախնական ամբողջական տեսքով մեզ չի հասել, այդուհանդերձ դրա մասին այսօր մատչելի տեղեկությունները բավարար են Քննիկոնի նախնական բնույթի, ծավալի, բովանդակության մասին պատկերացում կազմելու համար: Անաստաս Ա Ակոռեցու պատվերով ստեղծված այս երկն այնքան նշանակալի է եղել, որ հետագայի հեղինակներն այն որակել են «մեծն» և «հրաշազան» և նկարագրել դրա բովանդակությունը: Այսօր մեր ունեցած տեղեկությունների հիման վրա վերականգնելով Անանիայի այս երկի նախնական պատկերը, տեսնում ենք, որ այն եղել է իր ժամանակի բարձրագույն ուսման ամբողջ համակարգն ընդգրկող ձեռնարկ. դրա մեջ ներկայացված են եղել եռյակ և քառյակ գիտությունները և ի վերջո տոմարը: Այսինքն, սա հայ իրականության մեջ հայտնի առաջին ամբողջական դասագիրքն է եղել բարձրագույն ուսման լրիվ ծրագրով: Բնական է, որ եթե կաթողիկոսն է պատվիրել այս կարգի կոթողային ձեռնարկը, ապա լուրջ հիմքեր կան մտածելու, որ նա ունեցած լինի նաև այդ ձեռնարկը կիրառելու ծրագիրը: Եվ ամենայն հավանականությամբ հենց դրա հետ պիտի կապված լիներ եպիսկոպոսական ժողովով դա հաստատելու կաթողիկոսի ցանկությունը, որն անկատար է մնում վերջինիս վախճանվելու պատճառով: Նկատենք, որ տոմարը «հաստատելու» համար եպիսկոպոսական ժողով գումարելու անհրաժեշտություն չպիտի լիներ: Հայտնի է, որ Հովհաննես Սարկավագը օրացուցային մի քանի բարեփոխումներ է արել, և դրանք բոլորն էլ կյանք են մտել առանց եպիսկոպոսական ժողովի հաստատման: Իսկ վարդապետարանի ուսումնական նոր ամբողջական ծրագրով դասագիրքը կարող էր կարիք ունենալ բարձրագույն հեղինակավոր ժողովի հաստատման–վավերացման: Ի դեպ, Անաստաս Ա Ակոռեցուց շուրջ երեք դար անց այդ դասագիրքը կաթողիկոսարանի դիվանում գտնում և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի մասնակցությամբ իր բուն նպատակին է ծառայեցնում Գրիգոր Մագիստրոսը: Այս ամենի հիման վրա կարելի է եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը մտադիր է եղել նոր ուսումնական ամբողջական ծրագիր ներդնել Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգում, սակայն նրա մահը անհնար է դարձնում դասագրքի հաստատումը: Իր այս ձեռնարկումով Անաստաս Ա Ակոռեցին իրավամբ կարող է դիտվել մեծ տեսլականով, լայնախոհ լուսավոր գործիչ: Եվ այս պատկերի հետ համահունչ են Մովսես Կաղանկատվացու հույժ դրվատական տողերը նրա հասցեին` «Աղաւնին սուրբ, սիւնն եկեղեցւոյ, մեծ Հայրապետն Հայոց` Անաստաս»: 
Անաստաս հայրապետի օրոք եղել է նաև մի նշանակալի դեպք` մահմեդական Սուրհանի դարձը քրիստոնեություն: Սուրհանը, որ ազգությամբ պարսիկ էր և արքայական զարմից, զինվորական ծառայություն էր կատարում Հայաստանում տեղակայված արաբական զորամասում: Թեպետ ծնվել և դաստիարակվել էր որպես մահմեդական, նա ինքնակամ է գալիս քրիստոնեության, դիմում Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանին և վերջինիս կնքահայրությամբ ու Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսի ձեռամբ մկրտվում և ստանում է Դավիթ անունը: 30 տարիներ խաղաղ ապրելով իբրև բարեպաշտ քրիստոնյա` նա կյանքն ավարտում է նահատակությամբ` հանուն քրիստոնեական հավատքի: Հայ եկեղեցին նրան Դավիթ Դվնեցի անվամբ դասել է սրբերի շարքը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets