ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սահակ Գ Ձորափորեցի (677 - 703)

ՍԱՀԱԿ Գ ՁՈՐՈՓՈՐՑԻ 
(Ձորափորեցի, Ձորոփորցի) (677–703) 
Հայոց կաթողիկոս 677–ից: Հաջորդել է Իսրայել Ա Ոթմսեցուն: 

Ծն. թ. անհտ., Գուգարք նահանգի Ձորոփոր գավառ, գ. Արքունաշեն: Մահացել է 703–ին Միջագետքի Խառան քաղաքում: 
Աշակերտել է Թեոդորոս Քռթենավոր եպիսկոպոսին: Եղել է Ուտիքի Ռոտպարսյան գավառի եպիսկոպոս: 677–ին ընտրվել է Հայոց կաթողիկոս: Իր հայրապետության ժամանակ ստեղծված ծանր տարիներին իրեն դրսևորել է որպես Հայոց եկեղեցու դավանական ինքնուրույնության, առաքելականության նախանձախնդիր, վերականգնել է Աղվանից եկեղեցու հետ երկար ժամանակ ընդհատված նվիրապետական առնչությունները: Սահակ Գ Ձորոփորեցու օրոք նրան և Աղվանից Եղիազար կաթողիկոսին է դիմել հոների խաքանը, խնդրել, որպեսզի իր երկիր քարոզչության մեկնած Արցախի Մեծ Կուենք գավառի եպիսկոպոս Իսրայելը մնա իրենց մոտ իբրև հոգևոր առաջնորդ: 
Սահակ Գ Ձորոփորեցու օրոք Բյուզանդիայի Հուստինիանոս ll կայսրը ջանացել է գրավել Հայաստանը և միավորել երկու երկրների եկեղեցիներն ու ժողովուրդներին` արաբների դեմ համադաշն պայքարելու համար: Կայսրը 687–ին, ապա 689–ին արշավել է Հայաստան և իր մոտ է հրավիրել Սահակ Գ Ձորոփորեցուն և նշանավոր նախարարների ու եպիսկոպոսների, որոնց Կ. Պոլսում պատանդ է պահել և հարկադրել ընդունել քաղկեդոնականություն: Սակայն, վերադառնալով հայրենիք` նրանք նզովել են երկաբնակությունը: 698–ին Տիբերիոս կայսրը զորք է ուղարկել Հայաստան, փորձել հայերին պարտադրել քաղկեդոնականություն, սակայն հաջողություն չի ունեցել, իսկ բյուզանդական զորքը պարտվել ու նահանջել է: Նեստորականության դեմ ուղղած իր երկարաբան գրվածքում Սահակ Գ Ձորոփորեցին հիմնավորել է Հայոց եկեղեցու դավանությունը: 701–ին արաբական զորքն արշավել է Հայաստան, կողոպտել կաթողիկոսանիստ Դվինը, սրատել բնակչությանը: Ապա արաբ զորապետը մեծ ավարով վերադարձել է Օմայանների մայրաքաղաք Դամասկոս` հետը տանելով շղթայակապ Սահակ Գ Ձորոփորեցուն և Հայոց իշխան Սմբատ Բագրատունուն: Զորապետի այդ քայլը հարուցել է հայերի դժգոհությունը, որոնք 702–ին ապստամբել և սպանել են արաբ ոստիկանին, որի հետևանքով խալիֆի հրամանով պատժարշավ է ձեռնարկվել դեպի Հայաստան: Այն կանխելու համար Սահակ Գ Ձորոփորեցին մեկնել է Խառան քաղաք` արաբ զորապետի մոտ: Բայց հազիվ էր նա ժամանել Խառան, երբ հիվանդացել ու վախճանվել է: Մահվանից առաջ նա գրել է զորապետին ուղղված նամակ, որտեղ նախարարների, ժողովրդի անունից խնդրել է ձեռնպահ մնալ Հայաստան արշավելուց` խոստանալով հնազանդություն քրիստոնեական հավատը պահպանելու պայմանով: Խառան ժամանած արաբ զորապետը, ընթերցելով նամակը, խոստացել է կասեցնել արշավանքը, կատարել նաև հանգուցյալ կաթողիկոսի մյուս ցանկությունները: Երեք տարի Հայաստանը վայելել է խաղաղություն: 
Սահակ Գ Ձորոփորեցու անունով պահպանվել են 15 կանոններ, որտեղ շոշափվում են ծիսական, բարոյական և այլ խնդիրներ: Նրա հեղինակած Շողակաթի, Նավակատիքի և Խաչվերացի ութ օրերի, Վարագա Ս.Խաչի, Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները` մոտ 60 երգ, որոնք նոր լիցք են հաղորդել Հայոց եկեղեցու հոգևոր երգեցողությանը: Դրանք օժտված են բանաստեղծական շնչով, լեզվական ու ոճական առավելություններով, մեղեդիական կատարելությամբ: Նրա շարականների զգալի մասը (հատկապես «Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լե՛ր, Սուրբ Եկեղեցի», «Ի Ս. Խաչն» և այլն) հետագա ստեղծագործողների համար ծառայել են որպես ուսանելի օրինակներ:

1 комментарий:

  1. Արքունաշեն գյուղը որտեղ է գտնվում հայեր ջան,ինչ որ մեկը գիտի?

    ОтветитьУдалить

Blogger Widgets