ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Դավիթ Ա Արամոնեցի (728 - 741)

ԴԱՎԻԹ Ա ԱՐԱՄՈՆԵՑԻ 
(728–741) 
Հայոց կաթողիկոս 728–ից: Հաջորդել է Հովհաննես Գ Օձնեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Կոտայք գավառի Արամոնք գյուղում, մահացել 741–ին Արամոնքում: 
Դավիթ Ա Արամոնեցին Կոտայքի Արամոնք գյուղից է, որը եղել է Տրդատ lll Մեծի կողմից Գրիգոր Լուսավորչին շնորհված կալվածքներից մեկը: Այս մասին հիշում է Հովհաննես Դրասխանակերտցին` ինքը տեսած լինելով կալվածագիրը, հավանաբար Դվինի կաթողիկոսարանի դիվանում, որտեղ ծառայում էր նախքան կաթողիկոս ընտրվելը: 
Դավիթ Ա Արամոնեցու գահակալության առաջին 13 տարիները համընկնում են Հայաստանում արաբական տիրապետության առաջին տասնամյակներին: Արաբական իշխանությունն ավելի ու ավելի էր ամրապնդվում` հարկահանության համակարգով, ռազմական ու վարչական կարգերով: 724–ին Հերթ ոստիկանի անցկացրած աշխարհագրից հետո հարկերն աճեցին, վճարում էին ոչ թե երդիկահարկ, այլ` գլխահարկ: Հայկական զինական ուժերն այս շրջանում Հայոց իշխան Աշոտ Բագրատունու գլխավորությամբ մասնակցեցին արաբների արշավանքին խազարների դեմ, ովքեր ավարառուական ասպատակներով հյուսիս–արևելքից ներխուժում էին Արմինիա երկրամասի տարածքները: Գնահատվելով Մրվան ոստիկանի կողմից` Աշոտ իշխանը այցելեց նաև Հիշամ խալիֆին (724–744) և ստացավ հայկական հեծելազորին վճարվող գումարը նախորդ երեք տարվա համար` տարեկան 100 հազար դիրհեմ: Այս շրջանում Գրիգոր և Դավիթ Մամիկոնյանները Մրվան ոստիկանի կողմից աքսորվեցին Եմեն: 
Արաբական տիրապետության ամրապնդման հետ Հայաստանում հաստատվում էր արաբ բնակչություն: Հատկապես Դվինը, որ նստավայրն էր ոստիկանի, դառնում էր արաբական ստվար բնակչություն ունեցող քաղաք, ուր շատ էին, բնականաբար, արաբ զինվորներն ու պաշտոնյաները: Այս է, թերևս, պատճառը, որ Դավիթ Ա Արամոնեցին հաստատվում և մինչև կյանքի վերջն ապրում է ծննդավայր Արամոնքում: Համաձայն Հովհաննես Դրասխանակերտցու` «նեղվում էր հեթանոս բնակիչների կողմից. նրան նեղեցին նաև բազում այլ չարիքներ»: Արամոնքում Դավիթ Ա Արամոնեցին կառուցում է եկեղեցի և հարակից շինություններ: 
Արաբական խալիֆաթում քրիստոնեությունը թույլատրված էր, սակայն քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքը հանդուրժողական չէր: Այս ժամանակ փնտրվում էր մահմեդականությունը թողած և կրկին քրիստոնեություն ընդունած Դավիթ Գողթնեցի իշխանը: Մանուկ` 4 տարեկան հասակում, 705–ի աղետից հետո, երբ հայ նախարարները այրվելով սպանվեցին Նախիջևանի և Խրամի եկեղեցիներում, Վահանը` Գողթնի Խոսրով իշխանի որդին, գերեվարվել էր և հավատափոխ եղել: Չափահաս դառնալով` նա տեղափոխվում է Հայաստան և վերադառնում քրիստոնեական հավատքին: Հետապնդվելով արաբական իշխանության կողմից` նա հինգ տարի դեգերում է տեղից տեղ, մնում միայնակ և առանց միջոցների: Օգնության համար դիմում է Դավիթ Ա Արամոնեցուն և Աշոտ Բագրատունի իշխանին, բայց վերջիններս օգնել չեն կարողանում: Համաձայն վարքի` կաթողիկոսը նրան հանձնարարել էր գնալ անապատ տեղեր, որ ուրիշներին վնաս չլինի: Սա ժամանակ էր ոչ միայն արաբական զենքի հաղթանակների, այլև` իսլամի տարածման: Այս առումով Վահան Գողթնեցու հավատարմությունը քրիստոնեությանը, երբ հույս չկար փրկվելու, 5 տարվա թափառումները, կրած նեղությունները արդեն նրա կենդանի նահատակի լուսապսակն են հյուսում: Ի վերջո, Վահանը Ռուծափ (Սերգիոպոլիս) քաղաքում դիմում է խալիֆին` փորձելով բացատրել, որ մահմեդական լինելուց առաջ քրիստոնյա լինելով, ինքը իսլամը չէ որ թողել է, այլ քրիստոնեությանն է վերադարձել, որով իր վրա չպիտի տարածվեր իսլամը թողնելու համար պատիժը: Հիշամ խալիֆը երկար համոզում է Վահան Գողթնեցուն, խոստումներ տալիս, ի վերջո, սպառնում, սակայն անօգուտ, Վահան իշխանը հրաժարվում է թողնել քրիստոնեությունը: Ութ օր բանտում ոտքերը կոճղերի մեջ ձգած մնալուց հետո, կրկին չհրաժարվելով իր հավատքից, խալիֆի հրամանով գլխատվում է 737–ին` Ավագ երեքշաբթի օրը: Տեղի քրիստոնյաները թողնում են նրան օտարների համար նախատեսված գերեզմանոցում, իսկ տեղի Ասորի եկեղեցու առաջնորդը վկայարան է կառուցում նրա գերեզմանին: 
Հայ եկեղեցուն մեծ ավանդ ու ժառանգություն բերած Ստեփանոս Սյունեցին ժամանակի նշանավոր հոգևորականներից է: Հեղինակ է մեկնություննեի, թարգմանությունների, շարականների: Կ. Պոլսում եղած ժամանակ Գերմանոս պատրիարքը (715–730) նրան գիր է հանձնում` Դավիթ Ա Արամոնեցուն փոխանցելու համար: Գիրը դավանական բնույթի է` Քաղկեդոնի ժողովն ընդունելու առաջարկով: Կաթողիկոսի հանձնարարությամբ պատասխան թուղթը, հանուն Հայ եկեղեցու, գրել է ինքը` Ստեփանոս Սյունեցին` պաշտպանելով Քրիստոսի մեկ բնության դավանությունը, որով մերժել է միության առաջարկը: Երկու թղթերն էլ պահպանվել են «Գիրք թղթոցում»: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets