ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԶ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՎԱՃՈՒՄԸ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 

Զաքարյանները չկարողացան միավորել ամբողջ Հայաստանը: Հարավային գավառները մնացին Եգիպտոսի Եգիպտոսի Այուբյան սուլթանության, իսկ արեւմտյան շրջանները` Իկոնիայի սուլթանության տիրապետության տակ: Երկրի քաղաքական ու տնտեսական մասնատվածությունը հայ ժողովրդին թույլ չտվեց համախմբել ուժերը եւ պայքարել օտար զավթիչների դեմ: Այդ վիճակում էր Հայաստանը, երբ սկսվեցին մոնղոլների ավերիչ արշավանքները: 
Մոնղոլական վաչկատուն, ռազմատենչ ցեղերը բնակվում էին Սիբիրի եւ Չինաստանի միջեւ ընկած տափաստաններում: Նրանց միավորեց ցեղապետերից Չինգիզ խանը, որը 1206թ. Օնոն գետի մոտ տեղի ունեցած մոնղոլ ցեղապետերի մեծ ժողովում` ղուռուլթայում հռչակվեց համամոնղոլական խաքան` մեծ խան: Դրանով մոնղոլական միացյալ պետության հիմքը դրվեց, որը ստեղծման օրից վարեց նվաճողական քաղաքականություն: 
1220-1222թթ. մոնղոլների 20.000-ոց բանակը ներխուժեց Անդրկովկաս: Հայ-վրացական բանակը վրաց թագավոր Գեորգի Լաշայի եւ աթաբեկ Իվանե Զաքարյանի գլխավորությամբ մի քանի անգամ դուրս եկավ թշնամու դեմ, բայց պարտվեց: 
1225-1230թթ. Անդրկովկասը ենթարկվեց Խորեզմի թագաժառանգ Ջալալեդդինի ավերիչ արշավանքներին: Վերջինիս հետապնդող մոնղոլական զորքերը 1231-1232թթ. ներխուժեցին Հայաստան եւ նոր ավերածություներ գործեցին: Սակայն այս անգամ եւս նրանք չհաստատվեցին երկրում եւ հարուստ ավարով հեռացան: Այդ արշավանքները ծանր վնասներ հասցրին երկրին: 
1235թ. մոնղոլական ղուռուլթայը որոշեց գրավել Մերձավոր Արեւելքը եւ Ռուսաստանը: Բաթու խանը շարժվեց Ռուսաստան, իսկ Չարմաղանը 30.000 բանակով 1236թ. ներխուժեց Անդրկովկաս: Այս անգամ զորքին հետեւում էին ընտանիքներն ու անասունների հոտերը: Երկիրն առանց այդ էլ թուլացել էր մոնղոլների առաջին արշավանքների եւ Ջալալեդդինի ավերածությունների հետեւանքով, ավելի էր խորացել ֆեոդալական մասնատվածությունը, իսկ Գեորգի Լաշայի եւ Իվանե Զաքարյանի մահից հետո հայ-վրացական պետությունը կորցրել էր նախկին ուժը: Հայ իշխանները ստիպված հնազանդություն հայտնեցին մոնղոլներին եւ պահպանեցին տիրույթները: 1236թ. մոնղոլները գրավեցին եւ ավերեցին Անին ու Կարսը: Այսպիսով, հյուսիս-արեւելյան Հայաստանը ընկավ մոնղոլական լծի տակ: 
1242թ. մոնղոլները սկսեցին Հայաստանի արեւմտյան շրջանների նվաճումը: 1243թ. Չմանկատուկ գյուղաքաղաքի մոտ մոնղոլները ջախջախեցին Իկոնիայի սուլթանի բանակին, ապա գրավեցին Երզնկան ու Կեսարիան: 1245թ. մոնղոլները շարժվեցին հարավ եւ գրավեցին Տուրուբերանը, Վասպուրականը, Աղձնիքը, Հյուսիսային Միջագետքը: 
Այսպիսով, 1236-1245թթ. ընթացքում մոնղոլները վերջնականապես գրավեցին ամբողջ Հայաստանը: 
Նվաճած երկրներում մոնղոլներն իրականացնում էին զանգվածային կոտորածներ ու գերեվարություններ, ամայացնում էին քաղաքներն ու գյուղերը: Ավարառությունն ու կողոպուտը նրանց եկամտի հիմնական աղբյուրն էր դարձել: Նրանց պետք էին ընդարձակ ամայի տարածություններ` իրենց անասուններին արածեցնելու համար: Հայ իշխանները պահպանեցին կալվածքներն ու իրավունքները, բայց պարտավոր էին մասնակցել մոնղոլների արշավանքներին: Զաքարյանները պարտավոր էին 30.000 զինվոր տրամադրել մոնղոլներին, որոնք նվաճված երկրների զորամասերն օգտագործում էին ճակատամարտի առաջին գծում: Դրա հետեւանքով հայկական բանակը մեծ զոհեր էր տալիս: Նվաճողները չափազանց ծանր հարկապահանջությամբ նեղում էին բնակչությանը, իսկ իշխաններից հափշտակում էին այն ամենը ինչ իրենց դուրը գալիս էր: Այդ պատճառով լուրջ դժգոհություններ առաջացան Հայաստանում ու Վրաստանում: 
1249թ. Թիֆլիսում վրաց Դավիթ թագավորի գլխավորությամբ հայ եւ վրացի իշխանները գաղտնի համաձայնության եկան ապստամբելու կեղեքիչների դեմ: Մոնղոլները, տեղեկանալով այդ մասին, ձերբակալեցին վրաց թագավորին եւ գրեթե բոլոր հայ ու վրացի իշխաններին: Նրանց տանջանքների ենթարկեցին եւ մեծ փրկագնով բաց թողեցին: Միաժամանակ մոնղոլներն ասպատակեցին այդ իշխանների տիրույթները եւ կոտորեցին բնակչությանը, որպեսզի նրանք երկար ժամանակ ի վիճակի չլինեն ընդվզել: 
1254թ. Հայաստանում անցկացվեց նոր աշխարհագիր, որի նպատակն էր սահմանել հարկատվության ու զինապարտության նոր կարգ: Վարչաքաղաքական իրավունքները Հայաստանում կենտրոնացվեցին մոնղոլների ձեռքում: Դրանից հետո հարկերն ավելի ծանրացան, որի հետեւանքով Հայաստանը տնտեսությունը սկսեց քայքայվել: 
Մոնղոլների ծանր հարկային քաղաքականությունը եւ կամայականությունները հայերին եւ վրացիներին մղեցին ապստամբության: 1259-1261թթ. վրաց Դավիթ VII թագավորի գլխավորությամբ զենք վերցրին հայ եւ վրացի իշխանները: Նրանք ամրացան լեռնային շրջաններում եւ հարձակումներ սկսեցին մոնղոլական զորքերի վրա: Սակայն 1261թ. ապստամբությունը ճնշվեց, մահապատժի ենթարկվեցին մի շարք հայ իշխաններ: Պարտության պատճառն այն էր, որ ապստամբությունը համաժողովրդական բնույթ չստացավ, իսկ հայ բնակչության մի ստվար մասը բռնել էր պայքարի պասսիվ ուղին` արտագաղթը: 
Մոնղոլական տիրապետության շրջանում արհեստագործությունը, գյուղատնտեսությունը, ներքին առեւտուրը անկում ապրեցին, նախկին ծաղկուն քաղաքները ամայացան կամ վերածվեցին գյուղերի: Հայերի համար ավելի վատթար պայմաններ ստեղծվեցին, երբ մոնղոլներն ընդունեցին մահմեդականություն եւ սկսեցին նաեւ կրոնական հալածանքներ: Այդ ամենի հետեւանքով երկրում առաջացել էր անկայուն վիճակ, իսկ քոչվոր ցեղերի անընդմեջ տեղաշարժերն ու հարկային ծանր լուծը կործանարար հետեւանքներ ունեցան Հայաստանի համար: Մոնղոլական տիրապետությունը կասեցրեց Հայաստանի տնտեսական ու մշակութային առաջընթացը, պատճառ դարձավ զանգվածային արտագաղթի, բազմաթիվ քաղաքներ դադարեցին գոյություն ունենալուց:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets