ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԺԶ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԸ 6-ՐԴ ԴԱՐՈՒՄ 

VIդ. Հայաստանը շարունակում էր բաժանված մնալ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ: Երկու տերություններում էլ փորձում էին սահմանափակել հայ նախարարների ու եկեղեցու իրավունքները, վերացնել Հայաստանի ներքին ինքնավարությունը, դավանափոխ անել հայերին: 
Հայաստանի արեւմտյան` Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվող տարածքները կառավարվում էին տարբեր ձեւերով: Փոքր Հայքը, որը ավելի շուտ էր կորցրել անկախությունը եւ միացվել կայսրությանը, բաժանված էր Առաջին ու Երկրորդ Հայք նահանգների, որոնք կառավարվում էին ինչպես Բյուզանդիայի մյուս սովորական նահանգները: 
Հայաստանի հարավարեւմտյան շրջանները, որոնք հիմնականում ընդգրկում էին Մեծ Հայքի Ծոփք նահանգի տարածքը, Բյուզանդիային էին միացվել IVդ. երկրորդ կեսին եւ ունեին լայն ինքնավարություն: Դրանք բաժանված էին հինգ իշխանությունների` Մեծ Ծոփք, Շահունյաց Ծոփք, Հանձիտ, Հաշտյանք, Բալահովիտ, որոնք կոչվում էին սատրապություններ: Սատրապները հագնվում էին թագավորների նման, հարկ չէին տալիս կայսրին եւ պարտավոր էին սահմանի իրենց հատվածը պահպանել սեփական ուժերով: Սատրապները սկզբում իշխում էին ժառանգաբար, իսկ Vդ. կարգը փոխվեց եւ նրանց նշանակում էր կայսրը` ցմահ: 
Հայաստանի հյուսիսարեւմտյան շրջանները Բյուզանդիային էին միացվել 387թ. բաժանումից հետո: Այդ տարածքը կոչվում էր Ներքին Հայք: Չնայած այստեղ նշանակվում էր բյուզանդական կառավարիչ (հիմնականում ազգությամբ հայ), սակայն հայ նախարարները լիովին պահպանել էին ներքին ինքնուրույնությունը: 
Հուստինիանոս I կայսրը (527-565թթ.) որոշել էր վերականգնել Հռոմեական կայսրության նախկին տարածքն ու հզորությունը, ձգտում էր վերացնել ինքնուրույն միավորները եւ միատեսակ կառավարում մտցնել կայսրության բոլոր շրջաններում: Արեւմտյան Հայաստանի ինքնուրույնությունը վերացնելու նպատակով կայսրն իրականացրեց մի շարք ռեֆորմներ: 529թ. օրենքով հայ նախարարներին արգելվեց պահել ռազմական խոշոր ուժեր եւ թույլատրվում էր ունենալ միայն նետաձիգ գնդեր: Դրանով մեծ հարված էր հասցվում հայ նախարարների ռազմական հզորությանը: Միաժամանակ, Բյուզանդիային ենթակա բոլոր հայկական հողերը (Փոքր, Ներքին, Սատրապական Հայքերը) միացվում են մեկ վարչական միավորի մեջ` բյուզանդացի մագիստրոսի կամ ստրատեգոսի գլխավորությամբ, որի ձեռքում էր կենտրոնացվում Հայաստանի ռազմական ու վարչական ամբողջ իշխանությունը: Հայ իշխանների նախկին իրավունքները փաստորեն էականորեն կրճատվեցին: Մագիստրոսի նստավայր դարձավ Թեոդոսուպոլիսը (Կարին): 
536թ. Հուստինիանոսի նոր հրովարտակով արեւմտյան Հայաստանը բաժանվում է չորս նահանգների` Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ Հայքերի: Առաջին Հայքի մեջ մտան նախկին Ներքին Հայքը եւ սեւծովյան որոշ քաղաքներ: Երկրորդ Հայքը կազմվեց նախկին Առաջին Հայքից եւ սեւծովյան որոշ շրջաններից: Երրորդ Հայքը զբաղեցնում էր նախկին Երկրորդ Հայքի տարածքը: Չորրորդ Հայքի մեջ ընդգրկվեց նախկին Սատրապական Հայքը: 
Հուստինիանոսը հրովարտակով նախարարների դուստրերին նույնպես իրավունք վերապահեց հավասար սկզբունքներով ժառանգություն ստանալ իրենց հայրերից: Նախկինում նախարարի բոլոր տիրույթները եւ ամբողջ հարստությունը ժառանգում էր ավագ որդին, որի շնորհիվ նախարարական կալվածքները չէին մասնատվում, իսկ նախարարը պահպանում էր տնտեսական, ռազմական, քաղաքական հզորությունը եւ ներքին ինքնիշխանությունը: Այժմ տիրույթները բաժանվելու էին նախարարի որդիների ու դուստրերի միջեւ: Հետզհետե խոշոր նախարարներին փոխարինելու էին մանր ազնվականները, որոնք ի վիճակի չէին լինի հակադարձել Բյուզանդիային եւ պահպանել Հայաստանի ներքին ինքնուրույնությունը: 
Հուստինիանոսի այս վերափոխումները առաջացրին հայ նախարարական տների դժգոհությունը: 
539թ. Առաջին Հայքում հզոր ապստամբություն բռնկվեց, որը մեծ դժվարությամբ ճնշվեց: 548թ. հայ իշխանները մահափորձ կազմակերպեցին Հուստինիանոսի դեմ, որը ձախողվեց: Չնայած կազմակերպիչները ձերբակալվեցին, սակայն հաշվի առնելով նախարարների դժգոհությունը, կայսրը ստիպված էր ներում շնորհել դավադիրներին: 
Հուստինիանոսի վերափոխումների հետեւանքով Հայաստանը կորցրեց նախկին ինքնավար կարգավիճակը, իսկ նախարարությունները հետզհետե թուլացան, եւ մեծ չափեր ընդունեց հայերի տեղաշարժը դեպի արեւմուտք: 
Պարսկաստանի գերիշխանության տակ գտնվող Արեւելյան (Մարզպանական) Հայաստանը որոշ ժամանակ շարունակում էր օգտվել Vդ. ազատագրական պատերազմների արդյունքում ձեռք բերած ինքնավարությունից: Պարսից արքունիքը սիրաշահում էր հայերին, քանի որ հայ նախարարները ամուր հենարան էին հանդիսանում Բյուզանդիայի ոտնձգությունների դեմ: Նույնիսկ բյուզանդական մասի հայ նախարարները կայսրերից դժգոհ լինելու դեպքում դիմում էին պարսից տերության օժանդակությանը: VIդ. առաջին կեսին տեղի ունեցած պարսկա-բյուզանդական բախումների ժամանակ Մարզպանական Հայաստանի նախարարները դուրս էին բերում 30.000-ոց հեծելազոր, որը հաջողությամբ հարձակողական գործողություններ էր ծավալում Արեւմտյան Հայաստանում` ստանալով նաեւ տեղի հայ բնակչության աջակցությունը: Դա էր այն գլխավոր պատճառներից մեկը, որ գրեթե միշտ հաղթանակը Պարսկաստանի կողմն էր: 
Այդ ինքնուրույն կարգավիճակը խաթարվում է VIդ. երկրորդ կեսին: Խոսրով Անուշիրվան արքայի օրոք (531-578թթ.) Պարսկաստանը մեծ հզորության հասավ, նույնիսկ Բյուզանդիային ստիպեց որոշակի հարկ վճարել: Պարսից արքունիքը կրկին հայացքն ուղղում է Հայաստանի ներքին ինքնավարությունը վերացնելու եւ զրադաշտականություն տարածելու խնդիրների վրա: Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը (564-571թթ.) սկսում է ոտնահարել հայ նախարարների եւ հոգեւորականների իրավունքները, բարձրացնում է հարկերը, կրոնական հալածանքներ է սկսում, փորձում է զրադաշտական մեհյան կառուցել մայրաքաղաք Դվինում: Այդ ամենը հանգեցրին նոր ապստամբության: Այն ղեկավարեց Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, որի եղբորը` Մանվելին սպանել էր մարզպան Սուրենը: 
Հայերը համաձայնության եկան նաեւ Բյուզանդիայի հետ: Կայսրը խոստացավ աջակցել ապստամբներին, իսկ անհաջողության դեպքում ապաստան տալ նրանց: Այսպիսով` բյուզանդացիները փորձում էին հայերի օգնությամբ պայքարել հակառակորդ պարսիկների դեմ եւ դուրս գալ այն ստորացված վիճակից, որի մեջ հայտնվել էին վերջին պարսկա-բյուզանդական պատերազմից հետո: 
Մարզպանը, տեսնելով հայերի նախապատրաստությունները, մեկնեց Տիզբոն եւ արքային զեկուցեց այդ մասին: Խոսրով I-ը Սուրենին տրամադրեց 15.000-ոց բանակ եւ պատվիրեց ամենայն խստությամբ ճնշել հայերի ելույթները: Այդ ընթացքում Վարդան Մամիկոնյանը հավաքել էր 20.000-ոց բանակ: 571թ. փետրվարին հայկական զորքերը հարձակվում են Դվինի վրա, պարտության մատնում պարսկական զորաբանակին եւ սպանում մարզպանին: 
Շուտով, պարսկական նոր բանակ է ներխուժում Հայաստան: Խաղամախյա դաշտում հայկական բանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կրկին ջախջախում է թշնամուն եւ վտարում երկրից: Այս հաղթանակից հետո հայերին են միանում վրացիները, աղվանները, աբխազները, որոնք հրաժարվում են պարսից գերիշխանությունից եւ ընդունում են Բյուզանդիայինը: Հայաստան է մտնում բյուզանդական բանակը: Այսպիսով` հայկական ապստամբությունը վերաճում է պարսկա-բյուզանդական պատերազմի, որը փոփոխակի հաջողություններով շարունակվում է երկու տասնամյակ: Այս անգամ հայ նախարարները աջակցում էին Բյուզանդիային: 
Պատերազմն ավարտվեց 591թ.` Բյուզանդիայի հաղթանակով: Կնքված հաշտության պայմանագրով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ: Այս անգամ Բյուզանդիային անցան ավելի շատ տարածքներ` Տուրուբերանը եւ Այրարատի մեծ մասը: 
Այս պատերազմի ժամանակ հայերի համակրանքը եւ աջակցությունը Բյուզանդիայի կողմն էր, սակայն պատերազմի ավարտից հետո Մորիկ կայսրը որոշեց թուլացնել հայերի ռազմական ուժը: Կայսրը ոչ միայն իրեն ենթակա հայ նախարարներին ու նրանց ռազմական ուժերն էր ուղարկում կայսրության ծայրամասերը, այլեւ նույնը խորհուրդ էր տալիս անել պարսից արքային: Փաստորեն, հայկական զինված ուժերը տարբեր ճակատներում պատերազմների ուղարկելով եւ դրանք նվազեցնելով` փորձ էր արվում թուլացնել երկու տերությունների միջեւ հայտնված Հայաստանի դիմադրողականությունը: 
Դա էր պատճառը, որ VIIդ. սկզբներին վերսկսված պարսկա-բյուզանդական պատերազմների ժամանակ հայերը կրկին սկսեցին աջակցել պարսիկներին: Երկու տերությունների միջեւ պայքարը շարունակվեց մինչեւ արաբների հանդես գալը, սակայն Հայաստանում տարածքային փոփոխություններ այլեւս տեղի չունեցան:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets