ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԺԷ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. ՀովհաննիսյանՀայոց Պատմություն

ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

620-ական թվականներին արաբական ցեղերը միավորվեցին նոր կրոնի` իսլամի (մահմեդականության) շուրջ, ստեղծեցին Արաբական խալիֆայությունը, որը կարճ ժամանակամիջոցում դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը: Արաբները փայլուն հաղթանակներ տարան Բյուզանդիայի դեմ եւ գրավեցին Միջագետքը, Ասորիքը, Եգիպտոսը: Արաբները կործանեցին Սասանյան Պարսկաստանը (652թ.), իսկ պարսիկներին պարտադրեցին հրաժարվել զրադաշտականությունից եւ ընդունել մահմեդականություն: Կարճ ժամանակում արաբները նվաճեցին Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիան, իսկ արեւելքում հասան Միջին Ասիա եւ Հնդկաստան: Նվաճած գրեթե բոլոր երկրներին պարտադրվեց ընդունել մահմեդականություն: 

640թ. արաբները Աղձնիքի վրայով առաջին անգամ մտան Հայաստան, հասան Արարատյան դաշտ եւ գրավեցին Դվինը, ուր կոտորեցին 12.000 մարդ, իսկ 35.000-ին գերեվարեցին: Այդ արշավանքից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին համախմբեց երկրի ուժերը, ամրացրեց բերդերն ու ամրոցները, իսկ Բյուզանդիայի կայսրը օժանդակ զորք ուղարկեց Հայաստան: 642թ. արաբները Ատրպատականի վրայով երկրորդ անգամ արշավեցին Հայաստան: Նրանք մտան Կոգովիտ, ուր Թեոդորոս Ռշտունին նրանց լուրջ հարված հասցրեց: Հայերը դիմադրություն ցույց տվեցին նաեւ այլ վայրերում: Այս շրջանում Հայաստանը կրկին միավորվել էր, իսկ Թեոդորոս Ռշտունին բյուզանդական կայսրի կողմից նշանակվել էր Հայոց իշխան` երկրի կառավարիչ: Արաբները Հայաստան արշավեցին նաեւ 650թ.: Այս անգամ եւս հայերը դիմադրեցին: Թեոդորոս Ռշտունին Արծափ ամրոցի մոտ ջախջախեց 3.000-ոց արաբական զորամասը: Այդ հաղթանակը զգալի բարձրացրեց Ռշտունու հեղինակությունը եւ բանակի մարտական ոգին: Այդ արշավանքների ժամանակ Հայաստանում գտնվող բյուզանդական զորքերը արաբներին դիմադրություն ցույց տալու փորձեր գրեթե չարեցին եւ մնում էին դիտորդի դերում: 

Արաբական կրկնվող արշավանքները եւ նոր քաղաքական իրադրությունը Թեոդորոս Ռշտունուն ստիպեցին մտածել նոր ռազմավարություն որդեգրելու մասին: Արաբներն օրեցօր հզորանում էին, իսկ Բյուզանդիան իրական օգնություն ցույց չէր տալիս, միաժամանակ փորձում էր հայերին քաղկեդոնականություն պարտադրել: Նման պայմաններում 652թ. Ռշտունին Ասորիքի արաբական կառավարիչ Մուավիայի հետ Դամասկոսում կնքեց հայ-արաբական պայմանագիր: Ըստ դրա Հայաստանը ճանաչում էր խալիֆայության գերիշխանությունը, պահպանում էր ներքին ինքնուրույնությունը, հայերը երեք տարով ազատվում էին հարկերից, որից հետո պետք է վճարեին այնքան, որքան կամենային, Հայաստանը ունենալու էր 15.000-ոց հեծելազոր, որի ծախսերը հոգալու էր խալիֆայությունը, օտար տերությունների հարձակումների դեպքում խալիֆայությունը օգնելու էր հայերին: 

Փաստորեն, ձեւականորեն ընդունելով խալիֆայության գերիշխանությունը, Հայաստանը պահպանեց ներքին ինքնուրույնությունը եւ առժամանակ խուսափեց արաբական ասպատակություններից: 

Տեղեկանալով այդ մասին, բյուզանդական կայսրը 652թ. 100.000-ոց զորքով արշավեց Հայաստան, մեծ ավերածություններ կատարեց: Սակայն կայսրի հեռանալուց հետո Թեոդորոս Ռշտունին, որն ապաստանել էր Աղթամար կղզում, 7.000-ոց օժանդակ ուժեր ստացավ արաբներից եւ բյուզանդացիներին դուրս վռնդեց երկրից: Դրանից հետո Ռշտունին Մուավիայի կողմից նշանակվեց նաեւ Վիրքի եւ Աղվանքի կառավարիչ: Չնայած բյուզանդական եւ արաբական զորքերը հետագայում եւս մի քանի արշավանքներ կազմակերպեցին դեպի Հայաստան, սակայն երկրի առաջընթացին ու ներքին ինքնավարությանը լուրջ հարված հասցնել չկարողացան: Հայաստանի կիսանկախ վիճակը պահպանվեց մինչեւ VIIդ. վերջը: Դա նպաստեց երկրի տնտեսական ու մշակութային վերելքին: 

Արաբները Հայաստանը եւ Անդրկովկասը վերջնականապես նվաճեցին միայն 700թ.: Այս երկրամասերից ստեղծեցին վարչական մեկ միավոր` Արմինիա (Հայաստան) անունով, որի վարչական կենտրոնը մինչեւ 789թ. Դվինն էր, այնուհետեւ` Պարտավը: Երկիրը ղեկավարում էր խալիֆի նշանակած էմիրը, որին հայկական աղբյուրները կոչում են ոստիկան: Պահպանվեցին Հայոց իշխանի եւ սպարապետի պաշտոնները, որոնց եւս նշանակում էր խալիֆը: 

Արաբական իշխանությունները Հայաստանում ամրապնդվելու եւ ամուր հենարան ունենալու համար իրականացնում էին արաբական եւ մահմեդական ցեղերի զանգվածային վերաբնակեցում, որի հետեւանքով բազմաթիվ կարեւոր հանգույցներում ստեղծվեցին փոքր էմիրություններ կամ ամիրայություններ: Սրանք գտնվում էին արտոնյալ պայմաններում եւ հենարան էին հանդիսանում արաբական տիրապետության համար: Արաբները իրականացնում էին նաեւ հայ զինական ուժի եւ նախարարների բնաջնջման քաղաքականություն: 705թ. Նախիջեւանի արաբ զորահրամանատարը խաբեությամբ իր մոտ կանչեց 1200 հայ նախարարների եւ փակելով Նախիջեւանի եւ Խրամ ավանի եկեղեցիներում այրեց: Սակայն հայ նախարարներին վերջնականապես ոչնչացնելու կամ թուլացնելու քաղաքականությունը ի վերջո ձախողվեց: 

Արաբները ստիպված էին ճանաչել հայ նախարարների ժառանգական հողատիրության իրավունքը, որը խոշոր զիջում էր, քանի որ արաբների գրաված երկրներում ոչ մահմեդականները զրկված էին այդ իրավունքից: Դա արվեց, քանի որ 652թ. հայ-արաբական պայմանագրով Հայաստանը սեփական կամքով էր ընդունել արաբների գերիշխանությունը: Արաբական օրենքներով, եթե երկիրը զենքի ուժով չէր գրավվել, այլ առանց պատերազմի էր ընդունել իրենց իշխանությունը, ապա կարող էր պահպանել սեփական կրոնը, իսկ տեղական իշխանները` իրենց կալվածքները: Իհարկե, արաբները բազմիցս փորձեցին խախտել հայ իշխանների իրավունքները, սակայն նրանք ամեն անգամ զենքի ուժով պահպանում էին իրենց իրավունքներն ու հայրենի հավատը: 

Արաբների հարկային քաղաքականությունը հատկապես խստացավ 725թ. Հերթ ոստիկանի անցկացրած աշխարհագրից հետո: Գլխավոր հարկատեսակներն էին գլխահարկը (ջիզիե) եւ հողահարկը (խարաջ), կային նաեւ բազմաթիվ այլ հարկեր: Երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական անապահով ու անկայուն վիճակը հանգեցրեց նաեւ արտագաղթի: Արաբական տիրապետության հաստատումը տնտեսական եւ քաղաքական բացասական հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets