ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԲ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲԱՆԱԿԸ 

Կիլիկիայի պետական կառավարման համակարգի ձեւավորման վրա իրենց ազդեցությունն էին թողել հայկական, բյուզանդական, եվրոպական օրենքները, բարքերն ու սովորույթները: Գտնվելով Արեւելքի ու Արեւմուտքի քաղաքակրթությունների խաչաձեւման կենտրոնում, Կիլիկիայում ձեւավորվեցին քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային յուրատեսակ հարաբերություններ:
Պետության գլուխ կանգնած էր թագավորը: Նա էր պատերազմ հայտարարում, դաշինք կնքում, օրենքներ հրապարակում, դրամ հատում, կառուցում քաղաքներ ու ամրոցներ: Թագավորից վասալական կախման մեջ էին բերդատեր պարոնները, որոնց թիվը անցնում էր 50-ից: Հայրենատեր բերդատեր պարոնները իրենց ամրոցներին տիրում էին ժառանգաբար, իսկ նրանց կալվածքը կոչվում էր հայրենիք: Ոչ հայրենատեր բերդատեր պարոնները կալվածքը ստանում էին թագավորից` ծառայության դիմաց: Նման պարգեւական տիրույթները թագավորի համաձայնությամբ անցնում էին հորից որդուն, սակայն ցանկացած ժամանակ թագավորը կարող էր այդ կալվածքը հետ վերցնել: Հայրենատեր պարոնի կալվածքը թագավորը կարող էր խլել միայն ծանր հանցանքի դեպքում, այն էլ արքունի դիվանի որոշմամբ: Բերդատեր պարոնները պարտավոր էին պատերազմի ժամանակ զորք տրամադրել թագավորին, հարկ վճարել արքունիքին, մասնակցել արքունի դիվանի նիստերին, վարել որեւէ պաշտոն: 
Մանր ազնվականները կոչվում էին ձիավորներ եւ ենթակա էին թագավորին կամ որեւէ բերդատեր պարոնի, որից կալվածք էին ստանում: Վասալներին Կիլիկիայում կոչում էին լիճ, իսկ նրանց ծառայությունը սենյորի հանդեպ` լճություն: 
Գյուղացիների մեծ մասը ճորտացված էին եւ կոչվում էին պարիկոս: Գյուղացիների մի մասը շարունակում էր անձնապես ազատ մնալ եւ միայն հարկ էր տալիս ֆեոդալին: Արհեստավորները եւ առեւտրականները անձնապես ազատ էին, բայց զրկված էին քաղաքական իրավունքներից ու համարվում էին անազատներ: 
Երկրի կառավարումն իրականացնում էր արքունիքը, ուր կազմավորվեցին մի շարք գործակալություններ եւ Արքունի կամ Վերին ատյանը: Վերջինս թագավորի խորհրդատու մարմինն էր: Արքունի ատյանի անդամները բերդատեր պարոններն էին, իսկ նիստերը նախագահում էր թագավորը: Այն քննարկում էր երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները: 
Կային բազմաթիվ գործակալություններ, որոնք ղեկավարում էին երկրի կյանքի տարբեր բնագավառներ: Բոլոր պաշտոնները նշանակովի էին եւ ժառանգական չէին: 

1. Խնամակալության գործակալությունը կամ պայլությունը ղեկավարում էր պայլը: Նա թագավորի առաջին խորհրդականն էր, թագաժառանգի կամ անչափահաս թագավորի խնամակալը: Պայլի պաշտոնը տրվում էր ամենաազդեցիկ իշխաններից որեւէ մեկին: 

2. Սպարապետը կոչվում էր գունդստաբլ, իսկ հեծելազորի հրամանատարը` սպասալար: Համբարակային կամ ինտենդանտություն գործակալությունը ղեկավարում էր մարաջախտը: Նրա խնդիրն էր ռազմական հանդերձանքով եւ պարենով ապահովել բանակին: 

3. Թագադիրը թագադրության ժամանակ թագ էր դնում թագավորի գլխին, արքունի հանդեսների արարողապետն էր, հետեւում էր արքունիքում սահմանված կարգի պահպանմանը: 

4. Ջանցլերը (ատենադպիր) իրականացնում էր արքունի գրագրությունը, կատարում դեսպանական հանձնարարություններ: Այդ պաշտոնը հիմնականում տրվում էր Սսի արքեպիսկոպոսին: 

5. Սեղանապետությունը գլխավորում էր սենեսկալը: Նա էր տնօրինում արքունի եկամուտներն ու ծախսերը, հոգում երկրի տնտեսական կյանքի մասին, հսկում թագավորական տանը: Սենեսկալին էր ենթարկվում արքունի հանդերձապետը կամ սենեկապետը, որը կոչվում էր ջամբռլայ: Վերջինս պահպանում էր թագավորի զգեստները, դրոշը, գանձը, կազմակերպում էր հանդեսներ: 

6. Երկրի ֆինանսները կարգավորում էր մաքսապետություն գործակալությունը, որը ղեկավարում էր պոռոքսիմոսը: 

Կիլիկիայում գործում էին երեք կարգի դատարաններ: Արքունի դատարանը կոչվում էր Վերին կամ Մեծ դարպաս: Այն գործում էր Արքունի ատյանին կից եւ քննարկվում էր խոշոր իշխանների միջեւ եղած վեճերը, պետական ծանր հանցագործությունները: Երկրորդ աստիճանի դատարանը Սսի արքեպիսկոպոսական ատյանն էր, ուր քննում էին հոգեւորականներին վերաբերող հարցերը, այլադավանների միջեւ ծագած վեճերը: Այն ղեկավարում էր Սսի արքեպիսկոպոսը: Երրորդ կարգի դատարանները Ստորին կամ Փոքր ատյաններն էին, որոնք նաեւ կոչվում էին բուրջես: Դրանք քննում էին հասարակ քաղաքացիների միջեւ ծագած վեճերն ու հանցանքները: Դատավորները կոչվում էին դիվանբաշի, ատենակալները` դիվնցիք: 
Կիլիկիայի հայկական թագավորությունն ուներ բավական կազմակերպված եւ մարտունակ բանակ, որի թիվը պատերազմների ժամանակ հաճախ հասնում էր 100.000-ի: Հայկական բանակը շատ բաներ ընդօրինակել էր խաչակիրներից: Ազնվականները հրապարակային քննություն էին տալիս ձիավորի` ասպետի կոչման արժանանալու համար: Հայ զինվորները հագնվում էին խաչակիրների նման: Սահմանվեց ռազմական ուսուցում, զինվորական համազգեստ ու աստիճան: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets