ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԱ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԸ 

Աշոտ Երկաթին հաջորդեց եղբայրը` Աբասը (928-953թթ.): Այս շրջանում երկիրն արդեն թեւակոխել էր խաղաղության ու բարգավաճման շրջան: Նա արքունիքը Երազգավորսից (Շիրակավան) տեղափոխեց Կարս: Նոր մայրաքաղաքը կառուցապատվեց, աճեց եւ դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը: Կենտրոնաձիգ իշխանության կողմնակից էր նաեւ Հայոց եկեղեցին: Այդ փաստը հաշվի առնելով, Աբասը կաթողիկոսի նստավայրը տեղափոխեց Բագրատունիների քաղաքական ու տնտեսական կենտրոն: 948թ. Անանիա Մոկացի կաթողիկոսը Աղթամարից տեղափոխվեց Կարս: Աբասի ջանքերով վերջ տրվեց կովկասյան լեռնականների հարձակումներին Վրաստանի ու Աղվանքի վրա, որոնք գտնվում էին Բագրատունիների քաղաքական ազդեցության ոլորտում: 
Աբասին հաջորդեց որդին` Աշոտ III Ողորմածը (953-977թթ.): Նա երկրի ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց: Հայոց բանակը վերջ տվեց կովկասյան լեռնականների ասպատակություններին: Մեծ ծավալներ ընդունեցին շինարարական աշխատանքները: Կառուցվեցին վանքեր, հիվանդանոցներ, դպրոցներ: Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում կառուցել տվեց Սանահինի (957թ.) ու Հաղպատի (967թ.) վանքերը, որոնք դարձան միջնադարյան Հայաստանի մշակութային խոշոր կենտրոններ: Աշոտ III-ը առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում աղքատներին ու անդամալույծներին, նրանց համար բացում էր հիվանդանոցներ ու բարեգործական հաստատություններ, որի համար ստացավ Ողորմած մականունը: 
Աշոտ III-ը 961թ. մայրաքաղաքը տեղափոխեց Անի: Այն ուներ անառիկ դիրք, առեւտրական բանուկ ճանապարհների վրա էր եւ կարճ ժամանակում դարձավ ժամանակի ամենագեղեցիկ ամենամեծ քաղաքներից մեկը: 963-964թթ. կառուցվեց քաղաքն ամբողջությամբ ընդգրկող պարիսպների առաջին շարքը: Բագրատունիները միջոցներ չէին խնայում համահայկական մայրաքաղաքը շքեղացնելու համար: Այնտեղ կառուցված պալատները, հյուրանոցները, եկեղեցիները հանդիսացան հայկական ճարտարապետության գլուխգործոցները: Անին դարձավ միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքը: 
Երկրի հզորացման հետ միաժամանակ տեղի էր ունենում ավատատիրությանը բնորոշ մասնատվածության գործընթաց, եւ առաջանում էին նոր թագավորություններ: Դրանցից առաջինը, ինչպես գիտենք, առաջացավ 908թ. Վասպուրականում: Մայրաքաղաքը տեղափոխելուց հետո Կարսի կառավարիչ նշանակվեց արքայի եղբայրը` սպարապետ Մուշեղը: 962թ. նա հռչակվեց Վանանդի թագավոր: Աշոտ III-ը ճանաչեց Վանանդի (Կարսի) թագավորությունը` պայմանով, որ Մուշեղն ընդունի Հայոց շահնշահի գերիշխանությունը: 973թ. Սյունիքում թագավոր հռչակվեց տեղի Սմբատ իշխանը, որը նույնպես ճանաչեց Աշոտ III-ի գերագահությունը: 
974թ. Բյուզանդիայի Հովհաննես Չմշկիկ կայսրը արշավանք կազմակերպեց դեպի արեւելք եւ մտավ Հայաստան: Աշոտ III-ը 80.000-ոց բանակով շարժվեց նրան ընդառաջ: Կայսրը խոհեմաբար հաշտություն առաջարկեց, օժանդակ զորամաս խնդրեց Հայոց թագավորից ու հեռացավ: 
Աշոտ III-ին հաջորդեց որդին` Սմբատ II-ը (977-990թթ.): Ավելի մեծ թափով շարունակվեց երկրի բարգավաճումն ու շինարարական աշխատանքները: Կառուցվեցին եկեղեցիներ, պալատներ, դպրոցներ, բերդեր, կամուրջներ: 
Սակայն սկսեցին հաճախակի դառնալ նաեւ միջֆեոդալական ընդհարումներն ու արտաքին հարձակումները: 
978թ. Տաշիր-Ձորագետում (Լոռի) Սմբատ II-ի գերագահությունը ճանաչելու պայմանով թագավոր հռչակվեց եղբայրը` Գուրգենը, որը մինչ այդ տեղի կառավարիչն էր: 
987թ. Դվինի ամիրան հանկարծակի հարձակվեց Շիրակի վրա եւ սկզբում որոշ հաջողություններ ունեցավ: Սակայն Սմբատ II-ը ջախջախեց թշնամուն, իսկ Դվինը միացրեց իր թագավորությանը: 987-988թթ. Ատրպատականի Ապլհաճ էմիրը ասպատակեց Վասպուրականը, Նախիջեւանը, Արարատյան դաշտը: Սմբատ II-ը միայն մեծ փրկագնով կարողացավ երկիրն ազատել թշնամու ավերածություններից: 
Մայրաքաղաք Անին այս շրջանում չորս անգամ մեծացել էր: 989թ. Սմբատ II-ը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ շարքը: 
Սմբատ II-ին փոխարինեց եղբայրը` Գագիկ I-ը (990-1020թթ.), որը փորձեց քաղաքականապես միավորել երկիրը: Նրա կառավարման շրջանում Բագրատունիների թագավորությունը հասավ հզորության գագաթնակետին: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում զինված ուժերի մեծացմանը: Հայոց բանակի թիվը հասցվեց 100.000-ի: Սպարապետ դարձավ տաղանդավոր զորավար Վահրամ Պահլավունին: Հզոր բանակի ստեղծումը հնարավորություն տվեց ընդարձակել Անիի թագավորության սահմանները, սանձահարել կենտրոնախույս ուժերին, հաջողությամբ երկիրը պաշտպանել արտաքին ներխուժումներից: Գագիկը իր պետությանը միացրեց Վայոց ձորի իշխանությունը, Արցախի մեծ մասը, Վասպուրականից խլեց Կոգովիտ եւ Ծաղկոտն գավառները: Նա կրում էր Շահնշահ հայոց տիտղոսը, նրան էին ենթարկվում Հայաստանի մյուս թագավորները: Վերջիններս առանց շահնշահի թույլտվության չէին կարող գահակալել կամ ինքնուրույն հարաբերություններ ունենալ այլ պետությունների հետ: Գագիկը միջամտում էր նաեւ Հայոց կաթողիկոսների ընտրությանը: 
998թ. Ատրպատականի էմիր Մամլանը հարձակվեց Հայաստանի վրա: Հայ-վրացական միացյալ զորքերը Վահրամ Պահլավունու գլխավորությամբ Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտ ջախջախեցին թշնամուն եւ վտարեցին երկրից: Դա արաբների վերջին ոտնձգությունն էր մեր երկրի դեմ: 
Սանձահարվեց նաեւ Գանձակի էմիր Փադլունը, որը ոտնձգություններ էր կատարում Լոռու թագավորության դեմ: Փադլունը ստիպված էր ճանաչել Գագիկ I-ի գերիշխանությունը եւ հարկ վճարել: 1001թ. Լոռու թագավոր Դավիթ Անհողինը հրաժարվեց ճանաչել Գագիկ I-ի գերիշխանությունը: Գագիկի զորքերը գրավեցին Գուգարքը, գահընկեց արեցին նրան: Դրանից հետո Դավիթ Անհողինը զղջաց, ներում խնդրեց Գագիկից, ճանաչեց նրա գերագահությունը եւ ետ ստացավ իր թագավորությունը: 
Շարունակվում էր Անի մայրաքաղաքի կառուցապատումը գեղեցիկ շինություններով: Կատրամիդե թագուհու պատվերով 1001թ. նշանավոր ճարտարապետ Տրդատը կառուցեց Անիի Կաթողիկե եկեղեցին: Այդ ժամանակ կործանվել էր Զվարթնոցի նշանավոր տաճարը եւ Գագիկի պատվերով Տրդատը կառուցեց կառուցեց Անիի Զվարթնոցատիպ Ս. Գրիգոր (Գագկաշեն) տաճարը : 
Գագիկ I-ի գործունեության ու միջոցառումների շնորհիվ Հայաստանը հզորացավ, հայկական գրեթե բոլոր տարածքները միավորվեցին Բագրատունիների կենտրոնական թագավորության գերիշխանության ներքո:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets