ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.06.2013

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

Հայոց հինգհազարամյա պատմության գաղտնարաններում հայոց զինական ակունքների մասին փաստող բազում գանձեր կան. վկան՝ մեր մագաղաթյա մատյանները:
Գանձեր, որոնք դեռևս մարդկության պատմության արշալույսին են հավաստել հայոց անպարտելի ոգու մասին, հավաստել հայկյան երեքթևյան հատու նետով, և ի տես եւ ի լուր աշխարհի` պարզվել որպես վահան ու սուր, ավետել՝ մենք եղել ենք, կանք, կլինենք, քանզի հայոց ոգին զինական ակունքներում է:
Իսկ զինական ոգին հզոր է, ուժեղ, անպարտելի:
Այդ ոգեղեն գանձերի կրողն ես դու, զինվո՛ր:
Հայոց բազմադարյա պատմության ամենատարբեր ժամանակահատվածներում քանիցս կորսվել ու վերականգնվել է հայոց պետականությունը: Մեր ազգային-ազատագրական պայքարի մարտադաշտում, այդ ճակատագրական պահերին է ծնվել իր ազգի ու իր ժամանակի ոգու կրող հայրենիքի զինվորը: Ու մեր գոյության իրավունքը նվաճվել է նաև զենքերի դատավոր շառաչով:
Գոյաբանության ակունքներում իր սկիզբն է ավետել հայ ռազմիկը, զորականը, ու իր գոյությամբ է նաև հավաստել հայոց հավերժությունը: Իսկ հավերժության-գոյության բանալու՝ պայքարելու ու հաղթելու գաղափարը, երիցս հաստատել է մարտադաշտում, արյամբ, սրով:
Եվ այսօր մենք՝ մեր նախնյաց մարտական ոգին ժառանգած սերունդներս, քաջ գիտենք հայոց զինվորի բազկի զորությունը, գիտենք մեր պատմության քառուղիներով անցած նրա քաջաց, գիտենք ու հպարտ ենք դրա համար:
Մեր ակունքներում հաղթական զինվոր-հայկազունները սերունդներ են պարգևել աշխարհին, որ դառնան զորապետ ու զորավար:
Ու պատմությունը չի մոռացել նրան. վկան՝ մեր քարակերտ հուշարձանները:
Այդ զորական-ռազմիկի մարտական ոգու կրողն ես դու, հայկազուն-զինվոր:
Հայոց նոր պետականության կերտման ճանապարհին է ծնվել երկրապահը, ազատամարտիկը: Նա ծնվել, հասակ է առել ու առնականացել հայոց հոգևոր ժառանգությամբ ու վճռորոշ պահին ելել է մարտի՝ հանուն անկախության, հանուն հայոց պետականության վերականգնման, անվարան որդեգրվել այդ սուրբ ու նվիրական գաղափարի իրագործմանը, դարձել երկրապահ-զինվոր, մեր նորօրյա բանակի զինվոր:
Ու Վազգեն Սպարապետի ոգեղեն կոչով ու կանչով Հայոց բանակին զինվորագրված բազմահազար զավակները դարձել են հզոր բռունցք, նվիրյալների փաղանգ՝ դնելով անկախացած Հայաստանի անվտանգության խորհրդանիշ հայոց բանակի հիմնաքարը:
Հայոց պատմության անցած հազարամյակների վերջին քսան տարիների ոգորումների հայելի հայկական բանակի զորական ուժի շնորհիվ կրկին հառնել է Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
Ու այսօր հայոց նորօրյա պետականությունը կրում է Հայոց բանակի շունչը:
Օրեցօր հզորացող բանակը մեր ակունքներից ուժ առնելու առհավատչյան է, մեր պատմության գաղտնարանները թափանցելու վկայությունը, մեր հավերժության-գոյության բանալին: Այն երիցս հաստատվել է նաև Հայաստան-Արցախ ճանապարհին, հաստատվել Ղարաբաղյան մարտադաշտում, արյամբ, սրով, այսօր արդեն՝ հաղթանակած խաղաղությամբ:
Մեր հզոր բանակի կրողն ես դու, նորօրյա զինվոր:
Իսկ օրեցօր հզորացող բանակը քո անպարտելիության գրավականն է, Հայոց անպարտելիության առհավատչյան, Հայոց հավերժության վկայությունը:
Հայոց ակունքներից սկիզբ առնող քո ճանապարհը թող ձգվի երկար, ամեն անգամ ու երիցս փաստի՝ մենք եղել ենք, կանք ու կլինենք:
Քանզի Հայոց հավերժի կրողն ես դու, Հայրենիքի՛ զինվոր:
ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
♦♦♦
Վեց երկա՜ր դարերու Հայաստանի նուաճումը սոսկ տարածքի գրաւում չեղաւ. այդ նուաճումը ծնունդ տուաւ նաեւ բարոյահոգեբանական այլ նուաճումի մը՝ հայ ժողովուրդի կարեւոր մասը դարձաւ ստրկամիտ, պարպուեցաւ իր ազգային պարունակէն ու գիտակցութենէն եւ իր մէջ մարեցաւ պայքարի ոգին։
Հայը սկսաւ «եոլա երթալ» իրեն վիճակուած այդ անարգանքին, հալածանքին եւ նուաստացման. ասոնց զուգահեռ, սկսաւ բնական համարել այն, որ յետայսու պիտի ապրի անհայրենիք, պիտի ապրի ստրուկ, պիտի ապրի գլուխը կախ ու նուաստացած։ Հայուն վիճակուած էր միայն յիշուիլ պատմութեան գիրքերու էջերուն մէջ։ Մեռած էր մեր մէջ ամէն բան, որ ազգային էր եւ արիական. մեռած էր հայու եւ մարտունակութիւնն ու ազատատենչութիւնը:
Սակայն նաեւ կային քիչ թիւով այլախոհ այրեր, ինչպէս Իսրայէլ Օրի, Մինաս վարդապետ, Խաչատուր Աբովեան եւ այլք, որոնք յամառօրէն կը փորձէին մէկ կողմէ միջազգային բեմահարթակին վրայ ծանօթացման եւ ճանաչումի քարոզչութիւն տանիլ ի նպաստ Հայ Դատի, միւս կողմէ հայ ժողովուրդի մէջ փորձել վերակենդանացնել պայքարի ոգին, մարտունակութիւնն ու ազատատենչութիւնը` վերականգնելու համար ազատ ու անկախ Հայաստանը։
Ասոնց վրայ հետագային պիտի աւելնային Մկրտիչ Փորթուկալեանները, Փարամազները, Անդրանիկները, Նժդեհները, Նիկոլ Դումանները եւ շա՜տ ու շատ ուրիշներ, որոնք ժողովուրդը պիտի արթնցնէին իր խոր քոնէն եւ պիտի անցնէին գործնական քայլերու՝ յանուն Հայաստանի ազատագրութեան սուրբ գործին:
Եւ … ի՜նչ հրաշք, ցեղասպանութեան եւ տեղահանութեան տակաւին շարունակուող իրավիճակի ընթացքին, ահա մայիսեան փառահեղ օր մը հայ ժողովուրդը իր կողքին ունենալով հայ զինուորներն ու սպայական փաղանքը եւ ընդառաջելով անզուգական Արամի կոչին, ոչ միայն չդատարկեց Երեւանը, այլ կերտեց իր յաղթանակներու ամէնէն պանծալին, երբ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերուն պարտութեան մատնեց թուրքը` մեր դարաւոր թշնամին, եւ ազատութեան ու անկախութեան դրօշը` եռագոյնը ծածանեց հայրենիքի սրտին՝ Երեւանի երկնակամարին տակ:
Անուրանալի էր, եւ է միշտ հայ զինուորին ու սպային ներդրումը Հայաստանի անկախացման գործընթացին մէջ։ Անոնք` հայ զինուորն ու սպան, մէկ խօսքով՝ ՀԱՅ ԲԱՆԱԿ-ը դարձեալ փաստեցին, որ միշտ պատրաստ են եւ անսակարկ իրենց ամէնէն թանկը` կեանքը նուիրել հայրենիքի ազատութեան սիրոյն։ Հայկական բանակը այդ վկայեց նաեւ Արցախեան ազատամարտին, երբ իրենց գիտելիքներն ու կեանքը գումարուած իրենց քաջութեան հետ, ի սպաս դրին հայութեան սկսած գոյամարտին՝ ապա զայն վերածելով ազատամարտի եւ ազատագրութեան։
Կը խոնարհինք հայկական բանակի նուիրումի ոգիին հանդէպ։
Պատիւ պետականութեան հիմքն հանդիսացող հայոց բանակին։
Յարգանք ձեզ, սիրելի՛ եւ յարգելի՛ հայ բանակայիններ։
Ապրին յաւերժ հին ու նոր նահատակները։
Ապրի ազատատենչ հայութիւնը։
Ապրի ազատ անկախ Հայաստանը։

ԿԻՐՕ ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ
Լիբանանի ՀՅԴ «Շուշի» կոմիտէի քարտուղար
Պէյրութ, 29 մայիս 2013

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets