ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սերո Խանզադյան

Սերո Խանզադյան (Նոյեմբերի 20, 1916 - Հունիսի 26, 1998), հայ գրող։

Ավարտել է (1934) Գորիսի մանկավարժական տեխնիկումը, զբաղվել է (1934—41) ուսուցչությամբ: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941—45):
Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թ.-ին, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938 թ,-ին գրել է X դ. Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940 թ.-ին): 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին: Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը: Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1—2, 1954—55) վեպը: Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով: Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը: Այնուհետև լույս են տեսել Խանզադյանի «Լալ Համագը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները:
Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը: Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը: XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը: Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների: Վեպի առանցքային հարցերից մեկն էլ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն է:
Խանզադյան պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը: Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964), «Քաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1969), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) գործերի հերոսները: Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները: Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում: Երկրորդը հոդի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է: Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդաշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին: Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է: Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը: Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը: Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուս, կողմնորոշումը:
Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը: Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների: Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով: «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները:
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է (1977):

Գրականություն Ս. Խանզադյանի և նրա ստեղծագործության մասին
Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Սերո Խանզադյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։

Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets