ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Լ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ՀԵԹՈՒՄՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ: ՀԵԹՈՒՄ I 

Լեւոն II-ի մահից հետո Կիլիկիայում գահակալական պայքար սկսվեց: Լեւոնը որդի չուներ եւ 1217թ. գահաժառանգ նշանակեց կրտսեր դստերը` Զաբելին, որի խնամակալ դարձավ Լամբրոնի տեր Կոստանդին Գունդստաբլը: Կիլիկիայի գահի համար պայքարում էին հարեւան խաչակրաց իշխանությունները: 1222թ. Կոստանդին Գունդստաբլը հրավիրեց խոշոր իշխանների եւ բարձրաստիճան հոգեւորականների ժողով: Որոշվեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Միակնանու որդու` Ֆիլիպի հետ: Դրանով դաշնակցային հարաբերություններ կհաստատվեին Անտիոքի հետ, իսկ հետագայում հնարավոր կդառնար Կիլիկիային միավորել Անտիոքը: Ֆիլիպը պարտավորվեց հետեւել հայկական սովորույթներին, հավատարիմ մնալ հայ եկեղեցու ծեսերին, պահպանել հայ իշխանների իրավունքները: 
Սակայն շուտով Ֆիլիպը փորձեց հայ իշխաններին հեռացնել պաշտոններից եւ նրանց փոխարինել խաչակիրներով, իսկ արքունի գանձերը ուղարկեց Անտիոք: Հայ իշխանները 1224թ. գահազրկեցին Ֆիլիպին եւ բանտարկեցին: 
Իշխանների խորհուրդը երկրի պայլ կարգեց Կոստանդինին: Այսպիսով, նա դարձավ ոչ միայն Զաբելի, այլեւ ամբողջ թագավորության խնամակալ եւ փաստական կառավարիչ: Թագավորական գահը մոտ երկու տարի մնաց թափուր: 1226թ. նոր իշխանաժողով հրավիրվեց: Իշխանները համաձայնեցին Զաբելին ամուսնացնել Կոստանդինի որդու` Հեթումի հետ եւ վերջինիս հռչակել Հայոց թագավոր: 
1226թ. Հեթում I-ը Տարսոն քաղաքում հանդիսավոր պայմաններում հռչակվեց Կիլիկիայի հայոց թագավոր (1226-1269թթ.) եւ հիմք դրեց Հեթումյան արքայատոհմին: Վերջ գտավ Ռուբինյանների եւ Հեթումյանների դարավոր պայքարը, քանի որ Հեթումի ու Զաբելի ամուսնությամբ այդ իշխանական տները միավորվեցին: Հեթում I-ը բարձր պաշտոնները հանձնեց հարազատներին: Կոստանդինը նշանակվեց թագավորահայր եւ ավագ պարոն, եղբայրներից Սմբատը դարձավ գունդստաբլ, Լեւոնը` մարաջախտ եւ իշխանաց իշխան, Օշինը` պայլ, Բարսեղը` Դրազարկի վանահայր եւ Սսի արքեպիսկոպոս: Նա փորձեց սիրաշահել նաեւ մյուս խոշոր իշխաններին: Այսպիսով, վերջ տրվեց հայ իշխանական տների երկպառակություններին եւ լատինասերների աշխուժացմանը: Կիլիկիայում սկսվեց համեմատաբար երկարատեւ խաղաղության շրջան, որը նպաստավոր պայմաններ ստեղծեց երկրի տնտեսական ու մշակութային վերելքի համար: 
Հեթում I-ի օրոք Մերձավոր Արեւելք ներխուժեցին մոնղոլական ցեղերը: Գրաված երկրները կողոպտելով ու ավերակների վերածելով, մոնղոլները հասան Փ. Ասիա, ուր ընդհարվեցին Իկոնիայի սուլթանության հետ: Կիլիկիայի առջեւ խնդիր էր դրված օգնել սելջուկներին կամ համագործակցել մոնղոլների հետ: Հեթումը խոհեմություն ունեցավ մերժելու Իկոնիայի սուլթանի օգնության խնդրանքը եւ բանակցություններ սկսեց մոնղոլների հետ: 1243թ. Կոստանդին թագավորահոր գլխավորությամբ պատվիրակություն մեկնեց մոնղոլ զորավար Բաչուի մոտ: Խաչենի իշխան Հասան-Ջալալի միջնորդությամբ դաշինք կնքվեց: Բաչուի պահանջով Հեթումը պետք է անձամբ մեկներ մոնղոլների մեծ խանի մոտ եւ կնքեր վերջնական պայմանագիր: 1246թ. Սմբատ Գունդստաբլը մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Կարակորում եւ համաձայնեցրեց Հայոց արքայի այցելության պայմանները: Հեթումի այցելությունը հետաձգվեց, քանի որ Կիլիկիան պատերազմում էր Իկոնիայի հետ, մոնղոլների մոտ գահակալական կռիվներ էին, իսկ 1252թ. մահացավ Զաբել թագուհին: 
1254թ. գարնանը Հեթում I-ը մեկնեց Հայաստան, տեսակցեց նշանավոր հայ իշխանների հետ, ապա մեկնեց Կարակորում: Այստեղ հայոց արքան եւ մոնղոլների տիրակալ Մանգու խանը դաշինք կնքեցին: Կողմերը պարտավոր էին իրար օգնել պատերազմների ժամանակ, առանց Հայոց թագավորի համաձայնության մոնղոլական զորքերն ու պաշտոնյաները չէին մտնելու Կիլիկիա: Այն տարածքները, որ նախկինում Կիլիկիային էին պատկանել, իսկ հետո գրավել էին ուրիշները, ապա` մոնղոլները, վերադարձվելու էին Կիլիկիային: Մոնղոլները թեթեւացնելու էին բուն Հայաստանից գանձվող հարկերը, հայկական եկեղեցիները ազատվում էին տուրքերից: Այդ պայմանագիրը ապահովում էր Կիլիկիայի ինքնուրույն գոյությունը, զերծ էր պահում մոնղոլական ներխուժումից, հայ առեւտրականները հնարավորություն էին ստանում ազատորեն առեւտուր անել մոնղոլական հսկայածավալ կայսրության տարածքում: 
1256թ. Հեթումը վերադարձավ Սիս եւ ստանձնեց երկրի կառավարումը: Հայկական բանակը մի շարք հաջող արշավանքներ կազմակերպեց Իկոնիայի եւ թուրքմենների դեմ, մասնակցեց մոնղոլների արշավանքին դեպի Ասորիք ու Պաղեստին: Այդ ամենի շնորհիվ Կիլիկիային միացվեցին Մարաշը, Այնթապը, Հալեպի ու Կապադովկիայի մի շարք գավառներ: Սակայն մոնղոլներին այդպես էլ չհաջողվեց գրավել ամբողջ Ասորիքը, քանի որ Եգիպտոսի սուլթանությունը կասեցրեց նրանց առաջընթացը: 
1265թ. մոնղոլների մոտ սկսվեց գահակալական պայքար: Օգտվելով դրանից, եգիպտացիները արշավեցին Կիլիկիա: Հեթումը մեկնեց մոնղոլներից օգնություն խնդրելու, իսկ բանակի հրամանատարությունը հանձնեց որդիներին` Լեւոնին ու Թորոսին: 1266թ. Մառիի ճակատամարտում եգիպտական 30.000-ոց բանակը հաղթեց հայկական 15.000-ոց բանակին: Արքայորդիներից Թորոսը զոհվեց, իսկ Լեւոնը գերվեց: Թշնամին ասպատակեց երկիրը, գրավեց ու կողոպտեց Սիսը: Հայերի պարտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 50 իշխաններից միայն 12-ը զորք ուղարկեցին թշնամու դեմ: Հեթում I-ը մինչեւ 1268թ. երկիրն ամբողջությամբ մաքրեց թշնամիներից: Հաշտություն կնքելու եւ Լեւոնին ազատելու համար Հեթումը Եգիպտոսին զիջեց մի քանի բերդեր: 1268թ. Եգիպտոսի հետ հաշտություն կնքվեց: 
1269թ. Հեթում I-ը Տարսոն հրավիրեց հայ իշխաններին, հրաժարվեց գահից եւ թագադրեց որդուն` Լեւոն III-ին, իսկ ինքը մտավ վանք, ուր եւ մահացավ 1270թ.: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets