ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.06.2013

ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉԸ՝ Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլին
XIII դարի 2-րդ կես
Ծննդյան և մահվան
թվականներն անհայտ են:
Դիմանկարը` Հրաչյա Ռուխկյանի
(1980-ական թթ.)
XIII դարի 2-րդ կեսի մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինը 
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն 
ներկայացուցիչն է: Որպես բազմաշնորհ անհատականություն՝ բացառիկ տեղ ունի միջնադարյան արվեստի պատմության մեջ՝ Արևելքի և Արևմուտքի լավագույն գեղանկարիչների կողքին:
Թորոս Ռոսլինն ստեղծագործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը, աշակերտել նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված մատյաններ, որոնցից 1256 թ-ի «Զեյթունի Ավետարանը» և 1268 թ-ի «Մալաթիայի Ավետարանը» պահվում են Մատենադարանում, 1262 թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»՝ Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահում, մնացած երեքը և 1266 թ-ի Մաշտոցը՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանում: Ռոսլինին են վերագրվում նաև 3 անստորագիր ավետարանների (Վասակ իշխանի, Հեթում Ա-ի և 1250/51 թ-ի Ավետարանի) մանրանկարները: Ավետարանները բացվում են շքեղ խորաններով, որտեղ, բացի XII դարի և XIII դարի սկզբի կիլիկյան մանրանկարչության դպրոցի մոտիվներից, առկա են նաև նոր երևույթներ:
Ռոսլինի ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է և՜ XI դարի Անիի, և՜ XII դարի կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը: Նա հայ գրքարվեստը հարստացրել է բազմաթիվ թեմաներով, վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը:
«Հոգեգալուստ»

(նույն ավետարանից)
Թորոս Ռոսլին.
Լևոն արքայազնի և 
Կեռան
արքայադստեր
պատկերը 
(Ավետարան, 1262 թ.)
Պահպանվել է Լևոն Գ թագավորի 2 դիմանկար. մեկը՝ պատանեկան տարիքում, մյուսը՝ տիկնոջ՝ Կեռանի հետ: Թորոս Ռոսլինը, թեև հաճախ, սակայն միշտ նորովի է անդրադարձել ավետարանական նույն պատմությանը: Խորապես իմանալով անտիկ արվեստը, հատկապես քանդակագործությունը, իր գործերում օգտագործել է դասական երկերի գեղարվեստական արտահայտչամիջոցներ: Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և ճոխ. մասնավորապես «Զեյթունի Ավետարանում» կան ոչ միայն առանձին զարդագրեր, այլև մարդագիր «Ե»-ն միավորվում է լուսանցանկարի հետ և, մի ամբողջություն կազմելով, ներկայացնում «Ավետումը»: Զարդագրերի այս ձևը նորություն էր հայ գրքարվեստում: 
Թորոս Ռոսլինին հովանավորել և ձեռագրեր են պատվիրել Կիլիկիայի Հեթում Ա և Լևոն Գ թագավորները, Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը և ուրիշներ: Ռոսլինի ձեռագրերում պահպանվել են 200-ից ավելի պատկերներ, որոնք բացառիկ արժեք ունեն XIII դարի գեղարվեստական ժառանգության մեջ:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets