ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.06.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Գրիգոր Տաթևացի

Սուրբ Գրիգոր Տաթևացին (Հովհաննես Ոսկեբերան, Գրիգոր Աստվածաբան) (1346-1409), Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ:
Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: 
Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ:
Դասախոսել է Մեծոփավանքի և Սաղմոսավանքի դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: 
Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:


Տաթևացին գրել է նաև մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները: Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով, որը եղել է քարոզխոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը:
Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները: Ըստ նրա՝ միապետը կամ իշխանը իրավունք չունի և չի կարող լուծել համաժողովրդական նշանակության հարցեր՝ առանց ժողովրդի մեծամասնության ընդհանուր համաձայնության:
Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ: Պահպանվել է 1297թ-ին գրված մի Ավետարան, որը 1378թ-ին նկարազարդել է Տաթևացին: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets