ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԱ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆԿՈՒՄԸ 

Լեւոն III-ի (1269-1289թթ.) օրոք բավական բարդ վիճակ ստեղծվեց Կիլիկիայի համար: Մերձավոր Արեւելքի խաչակրաց իշխանությունները մեկը մյուսի հետեւից նվաճվեցին Եգիպտոսի սուլթանության կողմից, իսկ մոնղոլներն այլեւս նախկին ուժը չունեին: Կիլիկիան Եգիպտոսի դեմ պայքարում այլեւս չէր կարող հույս դնել մոնղոլների վրա եւ հայացքն ուղղեց դեպի արեւմուտք:
Լեւոն III-ը խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդրանքով բազմիցս դիմեց Հռոմի պապին, սակայն դրա միակ հետեւանքը եղավ այն, որ Եգիպտոսը ավելի հաճախակի հարձակումներ սկսեց Կիլիկիայի դեմ: Ի վերջո, Եվրոպայից ու մոնղոլներից օգնություն չստանալով, 1285թ. Լեւոն III-ը Եգիպտոսի հետ հաշտություն կնքեց: 
Լեւոն III-ին հաջորդեց որդին` Հեթում II-ը (1289-1305թթ.): Եգիպտոսը 1289-1291թթ. գրավեց վերջին խաչակրաց իշխանությունները եւ արշավանքներ սկսեց Կիլիկիայի դեմ: 1292թ. եգիպտական զորքերը գրավեցին Հռոմկլա բերդաքաղաքը, գերեցին Հայոց կաթողիկոսին: Դրանից հետո կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Սիս: 
1299թ. մոնղոլական Ղազան խանը արշավանք ձեռնարկեց դեպի Սիրիա: Հեթումը միացավ մոնղոլներին եւ հետ գրավեց Եգիպտոսի զավթած տարածքները: 1305թ. Եգիպտոսի մամլուքները արշավեցին Կիլիկիա, բայց ծանր պարտություն կրեցին հայկական բանակից եւ հաշտություն կնքեցին: 1305թ. Հեթումը հրաժարվեց գահից, որը հանձնեց եղբորորդուն` Լեւոն IV-ին (1305-1307թթ.), իսկ ինքը ստանձնեց թագավորահոր տիտղոսը: 
Լեւոն IV-ը եւս օգնություն խնդրեց Եվրոպայից, որի դիմաց Հռոմի պապը պահանջեց, որ Հայոց եկեղեցին ենթարկվի կաթոլիկականին: 1307թ. Սսի եկեղեցական ժողովը թագավորի ճնշման տակ հավանություն տվեց պապի առաջարկներին: Սակայն դա չիրագործվեց, քանի որ ժողովրդի եւ հոգեւորականության մեծ մասը դեմ էին դրան: Երկրում առաջ եկան երկու իրարամերժ խմբավորումներ` ունիթորներ (եկեղեցիների միավորման` Ունիայի կողմնակիցներ) եւ հակաունիթորներ, որով խախտվեց երկրի քաղաքական միասնությունը: Սսի ժողովի հետեւանքով ավելի սրվեցին հարաբերությունները հարեւան մահմեդական պետությունների հետ: 1307թ. Կիլիկիայում գտնվող մոնղոլական զորքի հրամանատար Փիլարղունը Անարզաբա հրավիրեց Լեւոն IV-ին, Հեթում թագավորահորը, 40 իշխանների եւ սպանեց: 
Նոր թագավոր Օշինը (1308-1320թթ.) Ադանայում 1309 եւ 1316թթ. նոր եկեղեցական ժողովներ հրավիրեց, որոնք վերահաստատեցին Սսի ժողովի որոշումները: Դա բողոքների ու ժողովրդական ցույցերի պատճառ դարձավ: Եկեղեցիների միության կողմնակիցները հույս ունեին, որ դրանով կստանան Արեւմուտքի օգնությունը, սակայն պապերը խոստումներից այն կողմ չանցան: Խախտվեց երկրի ներքին միասնությունն ու անդորրը, իսկ հարեւան մահմեդական երկրները ավելի թշնամացան: Այսպիսով, եկեղեցիների միության հարցը ոչ միայն օգուտ չտվեց երկրին, այլեւ ավելի թուլացրեց այն: 
Օշինին հաջորդեց որդին` Լեւոն V-ը (1320-1342թթ.): Նա եւս փորձում էր օգնություն ստանալ Եվրոպայից, որը ավելի սրեց հարաբերությունները հարեւանների հետ: 1320-1323թթ. Կիլիկիայի դեմ արշավեցին Եգիպտոսի եւ նրա դաշնակիցների զորքերը: Թշնամին գրավեց բազմաթիվ քաղաքներ: 1323թ. Կահիրեում բավական ծանր հաշտության պայմանագիր կնքվեց: Կիլիկիան Եգիպտոսին էր վճարելու տարեկան 1.200.000 արծաթ դիրհեմ, Այաս նավահանգստի եկամտի եւ աղի վաճառքից ստացված հասույթների կեսը: 
Այդ պարտությունից ու ծանր պայմանագրից Լեւոնը դասեր չքաղեց եւ շարունակեց դիմել Հռոմի պապին եւ Ֆրանսիայի Ֆրանսիայի թագավորին` խաչակրաց արշավանք կազմակերպելու կոչով: Սակայն 1337թ. Եվրոպայում սկսված Հարյուրամյա պատերազմը անհնար դարձրեց նոր խաչակրաց արշավանքի կազմակերպումը: Լեւոնի վարած անհեռատես քաղաքականությունը հանգեցրեց 1335-1337թթ. նոր պատերազմին ու պարտությանը: 1337թ. չափազանց ծանր պայմաններով կնքվեց հաշտություն: Եգիպտոսին անցան Սեւ լեռներից եւ Ջիհան գետից հարավ-արեւելք ընկած շրջանները եւ Այաս նավահանգիստը: Այդ պայմանագրից հետո Կիլիկիայի թագավորությունը սկսեց հետզհետե թուլանալ: 
Արքունիքում մեծ ազդեցություն ձեռք բերած լատինական տարրերը անբավարար էին համարում Լեւոնի քայլերը եկեղեցիները միավորելու, Արեւմուտքի հետ համագործակցելու հարցում եւ 1342թ. կազմակերպեցին արքայի սպանությունը: Լեւոն V-ի մահով Կիլիկիայում վերացավ Հեթումյան արքայատոհմը, որն իշխեց 1226-1342թթ.: 
Լեւոն V Հեթումյանի սպանությունից հետո 1343թ. լատինական տարրերը գահը հանձնեցին Գվիդոն Լուսինյանին, որը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի թագավոր` ստանալով Կոստանդին II անունը: Նա վարում էր ընդգծված արեւմտամետ քաղաքականությունը: Դրա հետեւանքով թուրքմենները եւ եգիպտական մամլուքները ասպատակեցին երկիրը: Նա փորձեց հայոց եկեղեցին միացնել կաթոլիկականին եւ արքունիքում վերացնել հայոց լեզուն: 1344թ. հայ իշխանները Ադանայում սպանեցին Կոստանդինին եւ 300 խաչակիր ասպետներին: 
Գահ բարձրացավ Հեթումյանների ազգական Կոստանդին III-ը (1345-1362թթ.): Նա վերականգնեց Կիլիկիայի մինչեւ 1337թ. եղած սահմանները: 1361թ. Սսում հրավիրեց նոր եկեղեցական ժողով, որը դատապարտեց եկեղեցիների միության մասին նախորդ ժողովների որոշումները եւ Հռոմի պապերի վարքագիծը: Դրանով վերջնականապես ձախողվեց հայերին կաթոլիկացնելու պապերի փորձերը: 
Կոստանդին III-ին փոխարինեց հորեղբոր որդին` Կոստանդին IV-ը (1363-1373թթ.): Նա փորձեց բարելավել հարաբերությունները Եգիպտոսի հետ եւ դեմ էր Եվրոպայի հետ բանակցություններին: Դրանից դժգոհ լատինամետ տարրերը 1373թ. կազմակերպեցին Կոստանդինի սպանությունը եւ գահին տիրելու հրավիրեցին Կիպրոսում գտնվող Լեւոն Լուսինյանին, որը 1374թ. հասավ Սիս եւ օծվեց թագավոր: Նա օգնության խնդրանքով դիմեց Եվրոպային` խոստանալով հայերի դարձնել կաթոլիկ: 
1375թ. հունվարին եգիպտացիները պաշարեցին Սիսը: Սննդամթերքի եւ ռազմամթերքի սպառվելուց հետո Լեւոն VI-ը ստիպված էր անձնատուր լինել: 1375թ. ապրիլի 16-ին մամլուքները գրավեցին Սիսը, որով կործանվեց Կիլիկիայի հայոց թագավորությունը: 
Լեւոն VI-ը գերեվարվեց, ապա 1382թ. Կաստիլիայի ու Արագոնի թագավորների միջնորդությամբ ազատվեց ու մեկնեց Եվրոպա: Կաստիլիայի թագավորը Լեւոնին հանձնեց Մադրիդ, Անտուխար եւ Վիլլառեալ քաղաքները: Լեւոնը մեկ տասնամյակ շարունակ փորձում էր նոր խաչակրաց արշավանք կազմակերպել եւ ազատագրել Կիլիկիան, բայց նրա ջանքերն ավարտվեցին անարդյունք: Լեւոն Լուսինյանը մահացավ 1393թ. եւ թաղվեց Փարիզի Սեն Դենի արքայական գերեզմանատանը: 
1375թ. Սսի անկումից հետո մոտ կես դար Լեռնային Կիլիկիայում հայերը կարողացան պահպանել ինքնուրույնությունը եւ ոմանք հռչակվում էին թագավոր: Սակայն նեղվելով մամլուքների ու թուրքմենների դեմ մղվող անընդմեջ պատերազմներից, հայ իշխանների մեծ մասը ժամանակի ընթացքում ստիպված էր հեռանալ Եվրոպա: 
Կիլիկիայի թագավորությունը կործանվեց, քանի որ հայտնվել էր մահմեդական թշնամի պետությունների օղակում: Արեւմուտքից կարամանցի թուրքմենները, հյուսիս-արեւելքից թաթարները, հարավ-արեւելքից Եգիպտոսի մամլուքները անընդհատ հարձակվում էին երկրի վրա: Հարավում Միջերկրականի ծովահեններն էին խոչնդոտում Կիլիկիայի առեւտրին ու հաղորդակցությանը: Նման ծանր վիճակում հայտնված երկրին անհրաժեշտ էր ամբողջությամբ համախմբել ներքին ուժերը եւ փորձել լեզու գտնել հարեւանների հետ: Սակայն հայոց թագավորները, սեփական ուժի վրա հենվելու փոխարեն, հույս դրեցին Արեւմուտքի օգնության վրա, որով ավելի գրգռեցին հարեւաններին, իսկ եկեղեցիների միության հարցը առաջ քաշելով` պառակտեցին Կիլիկիայի ներքին ուժերը: Նման պայմաններում հայոց թագավորությունը, բնականաբար, չէր կարող երկար գոյատեւել: 
Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը կորցրեց պետականության վերջին բեկորը եւ դարեր շարունակ մնաց օտար նվաճողների լծի տակ, որը չափազանց բացասական հետեւանքներ ունեցավ նրա տնտեսական, մշակութային եւ քաղաքական զարգացման համար: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets