ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԺԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՕՐՈՔ 

Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք եւ իրավական ձեւակերպում ստացավ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին բնորոշ կառավարման համակարգը, սեփականության ձեւերը, տարբեր խավերի միջեւ եղած փոխհարաբերությունները: 
Նվիրապետական կամ հիերարխիկ «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն տերը` Հայոց արքան:
Նրա իրավունքն էր քաղաքներ ու ամրոցներ հիմնելը, պատերազմ հայտարարելը, հաշտություն կնքելը, նա էր բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Երկրի համար մեծ կարեւորություն ունեցող հարցերը լուծելու համար արքան հրավիրում էր բարձրաստիճան նախարարների ու հոգեւորականների հավաք` աշխարհաժողով: 
Թագավորին հաջորդում էին սահմանապահ չորս «աշխարհների»` Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի եւ Գուգարքի բդեշխները: Նրանց խնդիրն էր սեփական ուժերով պաշտպանել երկրի սահմանները մանր հարձակումներից, իսկ հզոր ուժերին կասեցնել մինչեւ արքունի բանակի հասնելը: 
Նվիրապետական հաջորդ աստիճանին կանգնած էին «աշխարհատեր» եւ գավառատեր նախարարները, ինչպես նաեւ բարձրաստիճան հոգեւորականները: Նախարարներն իրենց տիրույթները կառավարում էին անսահմանափակ իրավունքներով: Նրանց կախումը արքայից արտահայտվում էր սահմանված չափի հարկ ու զորք տրամադրելով: 
Նախարարներին ժառանգաբար պատկանող հողը կոչվում էր «Հայրենիք» կամ «Հայրենական»: Այն հանդիսանում էր անտրոհելի տոհմական սեփականություն եւ ժառանգաբար հորից անցնում էր ավագ որդուն: Նախարարական տան կրտսեր անդամները` սեպուհները, ենթարկվում էին տոհմի նահապետին: Այդպիսով նախարարական տոհմերի տիրույթները մնում էին ամբողջական եւ ապահովում էին նրանց տնտեսական ու ռազմական կենսունակությունը: 
Նախարարները նաեւ արքունիքում վարում էին որեւէ պաշտոն, որի համար թագավորից որպես վարձատրություն ստանում էին հողատարածք: Նման տիրույթները կոչվում էին «Պարգեւական» եւ տրվում էին այնքան ժամանակով, քանի դեռ նախարարը վարում էր պաշտոնը: Հետզհետե արքունի գործակալություններն ու պաշտոնները դառնում էին որեւէ նախարարական տոհմի ժառանգական սեփականությունը եւ այդ պաշտոնների հետ կապված հողերն էլ կամաց-կամաց վերածվում էին հայրենական տիրույթների: 
Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր սերունդը` «ոստանիկները» եւ «սեպուհները», որոնք իրենց անմիջական տերերից` թագավորից կամ նախարարներից, ստանում էին «պարգեւական» տիրույթներ` զինվորական եւ վարչական ծառայություններ կատարելու պայմանադրությամբ: 
Նախարարները ժառանգաբար արքունիքում զբաղեցնում էին իրենց հատկացված «գահերը» կամ «բարձերը», որոնց աստիճանները կամ տեղերը, ըստ նրանց ռազմական եւ տնտեսական հզորության, վավերացվում էին «Գահնամակ» կոչվող հատուկ արքունի հրովարտակով: Բդեշխները ավելի բարձր էին, քան մյուս նախարարները եւ «Գահնամակում» նրանց չէին հաշվառում: 
Հայոց արքան երկիրը կառավարում էր արքունի գործակալությունների միջոցով: Գործակալական պաշտոնները վարում էին նախարարները, հիմնականում` ժառանգաբար, սերնդե սերունդ փոխանցելով իրենց հմտությունները: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարեւոր դերակատարություն ունեին հետեւյալ գործակալությունները. 
1. Հազարապետություն գործակալությունը ղեկավարում էր երկրի տնտեսական կյանքը` հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, շինարարական աշխատանքները եւ այլն: Հազարապետի պաշտոնը տարբեր ժամանակներում վարել են Գնունի եւ Ամատունի տոհմերի ներկայացուցիչները: 
2. Մեծ դատավարություն գործակալությունը ղեկավարել է դատական ատյանները, ընդունել հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետեւել դրանց կենսագործմանը, մեծ դատավորը այդ գործերում համարվել թագավորի առաջին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը Հայոց քրմապետի, իսկ 301թ.-ից` Հայոց կաթողիկոսի մենաշնորհն էր: 
3. Սպարապետություն գործակալությունը ղեկավարում էր երկրի ռազմական ուժերը: Սպարապետը հայկական բանակի հրամանատարն էր: Այս գործակալությունը ժառանգաբար վարում էին Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչները: 
4. Թագադիր ասպետություն գործակալությունը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման, արքունի արարողությունների, օտարերկրյա դեսպանների ընդունելության գործը: Թագադիր ասպետի պաշտոնը ժառանգաբար վարում էին Բագրատունիները, որոնց նաեւ կոչում էին «Ասպետունի»: 
5. Մաղխազություն գործակալությունը գլխավորում էր արքունի պահակազորը եւ թիկնազորը, հոգում թագավորի եւ նրա ընտանիքի պաշտպանությունը: Մաղխազի պաշտոնը ժառանգաբար վարում էին Խորխոռունիները, որի համար էլ այդ տոհմի անդամները հաճախ կոչվում էին «Մաղխազունի»: 
6. Մարդպետություն գործակալությունը հսկում էր թագավորի ապարանքը, կանանոցը, բերդերն ու ամրոցները, ղեկավարում արքունի տնտեսությունը, կալվածները, եկամուտներն ու գանձերը: Մարդպետն էր զբաղվում արքայազունների դաստիարակությանբ, թագավորի առաջին խորհրդականն էր եւ մեծարվում էր «Հայր» պատվանունով: Նա գլխավորում «մարդպետական» կամ «սեպհական» կոչվող հեծելագունդը, որը կազմվում էր նախարարների ավագ որդիներից: 
7. Սենեկապետություն գործակալությունը ղեկավարում էր պետական գրագրությունները: Սենեկապետը համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետը եւ կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնը վարում էին հավատարիմ, գրագետ եւ օտար լեզուների տիրապետող ազնվականները: 
Գոյություն ունեին նաեւ բազմաթիվ մանր գործակալություններ ու արքունի պաշտոններ: 
Արշակունյաց Հայաստանում զինված ուժերը համալրվում էին արքունի եւ նախարարական զորամիավորումներով: Հայկական հեծելազորը` այրուձին, ըստ մեզ հասած «Զորանամակ» կոչվող արքունի հրովարտակի կազմված էր 124.000 մարտիկներից: Արքունի հեծելագունդը կազմված էր 40.000 հեծյալից, իսկ 86 նախարարություններ տրամադրում էին 84.000 հեծյալ: 
«Զորանամակով» սահմանված էր յուրաքանչյուր նախարարի հեծելազորի թիվը, որը ըստ նրա հզորության հասնում էր 50-ից մինչեւ մի քանի հազար զինվորի: Յուրաքանչյուր զորամաս մարտադաշտ էր դուրս գալիս իր նախարարի հրամանատարությամբ ու նրա դրոշի ներքո: Զինված ուժերի կորիզը կազմող այրուձին համալրվում էր գերազանցապես ազնվականներով, որոնք վաղ հասակից հմտանում էին ձիավարության եւ զինավարժության մեջ: 
Պատերազմի ժամանակ խիստ անհրաժեշտության դեպքում գյուղացիներից հավաքագրում էին հետեւակ զորամասեր, որոնք կոչվում էին «աշխարազոր»: Դրանց մարտունակությունը անհամեմատ ցածր էր: Նրանք եւս մարտի էին գնում իրենց նախարարի հրամանատարությամբ: Արշակունիների թագավորության անկումից հետո պետական կարգը լուրջ փոփոխությունների չենթարկվեց: Հայոց բանակը շարունակում էր միասնական միավոր համարվել եւ գտնվում էր Հայոց սպարապետի հրամանատարության տակ, խոշոր գործակալությունները շարունակեցին գործել` ապահովելով երկրի կյանքի կանոնավոր գործունեությունը, որոշ գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական մանր գործակալությունները դադարեցին գործելուց:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets