ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.06.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Գրիգոր Խանջյան

Գրիգոր Խանջյան (29 Նոյեմբեր 1926թ. - 19 Ապրիլ 2000թ.), անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
Գրիգոր Խանջյանը 1945թ-ին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը, 1951թ-ին՝ Գեղարվեստական ինստիտուտը: Նա հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում. ստեղծել է թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հողի աշխատավորին, գյուղի կյանքին ու կենցաղին («Սևանի ձկնորսները», 1956թ., «Մթնշաղ», 1962թ., «Արևածաղիկներ», 1970թ., «Հացը լեռներում», 1972թ., և այլն): Նրա գրաֆիկական շարքերին («Իտալական տպավորություններ», 1965-1966 թթ., «Իսպանիա», 1970թ., «Հիշողություններ Մեքսիկայից», 1976թ., և այլն)
բնորոշ են լույսի ու ստվերի հակադրությունը, գունային շեշտերի և ուրվագծի արտահայտչականությունը: Նկարչի բնանկարները երբեմն մոնումենտալ են, երբեմն՝ համակված քնարական տրամադրությամբ («Արա լեռը», 1961թ., «Գառնի», 1962թ., «Ձկնորսական նավակը», 1965թ. և այլն): «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից» (1967թ.), «Հայաստան» (1971թ.), «Եվ այս ամենը մեր օրերում» (1972-73թթ.) նկարաշարերում Խանջյանը ժողովրդի պատմության իրադարձությունների հակադրություններից հասել է ժամանակակից ընդհանրացումների:


Խանջյանի արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» և «Սասունցիների պարը» պոեմների, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նկարազարդումները հագեցած են դրամատիկ տրամադրություններով, արտահայտիչ ու պլաստիկ գծանկարներով:
Հայ ժողովրդի պատմության թեման արտացոլվել է «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» (երկուսն էլ՝ 1980-1981թթ.) գոբելենների համար Խանջյանի ստեղծած նախապատկերներում: Նկարչի էսքիզով է ստեղծվել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի «Վերածնունդ» (1987թ.) վարագույր-գոբելենը: 
«Վարդանանք» գոբելենում, որի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է, Խանջյանը պատկերել է նաև հայ ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներին՝ Անդրանիկին, Կոմիտասին, Դանիել Վարուժանին, Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին և ուրիշների՝ ընդգծելով հայոց պատմության շարունակականության ու միասնականության գաղափարը: 
Խանջյանի արվեստում առանձնանում են նատյուրմորտները («Նատյուրմորտ. անթառամներ», 1962թ., «Նատյուրմորտ դաղդղանով», 1967թ., «Հայկական նատյուրմորտ», 1967թ., և այլն):
Նկարիչը մասնակցել է Մոսկվայի համամիութենական (1957թ., ոսկե մեդալ), Բրյուսելի միջազգային (1958թ., բրոնզե մեդալ) և այլ ցուցահանդեսների:
Խանջյանը 1973թ-ից` ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական, 1991թ-ից ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ էր, 1990թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets