ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԺԵ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 481-484 ԹԹ. 

Հաջորդ խոշոր հակապարսկական ապստամբությունը բռնկվեց Ավարայրից 30 տարի անց, երբ Պարսից արքունիքը կրկին փորձեց վերադառնալ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու եւ հայերին կրոնափոխելու նախկին քաղաքականությանը: Պերոզ արքան դարձյալ մեծացրեց Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակեց հայ տոհմիկ ավագանու իրավունքները, սկսեց բարձր պաշտոններից հեռացնել նշանավոր նախարարներին եւ դրանք տալ պարսիկներին հլու եւ դավանափոխ եղած նախարարներին: Դրանով թշնամություն էր առաջանում հայ իշխանական տների միջեւ եւ խրախուսվում էր կրոնափոխ լինելը: Երկրում առաջացած լուրջ դժգոհությունները ի վերջո հանգեցրին նոր ազատագրական պատերազմի: 
Ապստամբության անմիջական առիթ դարձավ Վրաստանում սկսված հակապարսկական ելույթը: Վրաց թագավոր Վախթանգը սպանել էր դավանափոխ եղած Վազգեն բդեշխին եւ հրաժարվել էր ճանաչել պարսկական գերիշխանությունը: Հայաստանում գտնվող պարսկական զորքերը եւ հայկական հեծելազորը հրաման ստացան ճնշելու վրացիների ելույթը: Շիրակի Անի ամրոցի մոտ հայ նախարարները գաղտնի խորհրդակցություն հրավիրեցին եւ որոշեցին, որ պահը հարմար է պարսկական ատելի լուծը թոթափելու համար: Այդ մասին տեղեկանալով, Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպը եւ մյուս պարսիկ պաշտոնյաները փախան Ատրպատական: 
Նախարարները մարզպան ընտրեցին Սահակ Բագրատունուն, իսկ սպարապետ` Վահան Մամիկոնյանին: Վերջինս Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի եղբոր որդին էր, երկար ժամանակ պատանդ էր եղել Տիզբոնում: Նա իր խելքի, համարձակության ու առաքինությունների շնորհիվ բոլորի կողմից հարգված գործիչ էր եւ դարձավ այս ազատագրական պատերազմի ղեկավարն ու իսկական հերոսը: Ապստամբների կենտրոնը դարձավ մայրաքաղաք Դվինը: 
Ատրպատականում եղած զորքերով Ատրվշնասպը անմիջապես ներխուժեց Հայաստան, որպեսզի արագորեն ճնշի շարժումը եւ թույլ չտա ծավալվելու: 481թ. Մասիսի լանջերին գտնվող Ակոռի գյուղի մոտ սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը գլխովին ջախջախեց մի քանի անգամ գերակշիռ թշնամուն, իսկ Ատրվշնասպը սպանվեց: 
Ակոռիի հաղթանակը չափազանց բարձրացրեց ազատագրական ուժերի հեղինակությունը եւ նորանոր նախարարներ միացան պայքարին: 
482թ. գարնանը հայկական բանակը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ (Ավարայրից ոչ հեռու) փայլուն հաղթանակ տարավ երկիր ներխուժած պարսիկների դեմ: Այստեղ փայլեց սպարապետի զորավարական տաղանդը 
Շուտով հայերից օգնություն խնդրեցին վրացիները: Բախտակից ժողովրդին աջակցելու համար Վրաստան մեկնեց հայկական բանակը Վահան Մամիկոնյանի եւ Սահակ Բագրատունու գլխավորությամբ: Այնտեղ պարզվեց, որ վրացական բանակը չափազանց փոքրաթիվ է, իսկ նրանց օգնության գալ խոստացած հոները դրժել էին խոստումը: Չնայած պարսկական բանակը շատ ավելի մեծ էր, սակայն որոշվեց ճակատամարտ տալ: 
482թ. Թիֆլիսից ոչ հեռու, Կուր գետի մոտ, Ճարմանայի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը պարտվեց, զոհվեցին Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը եւ այլ նշանավոր նախարարներ: Պարտության պատճառը ոչ միայն թշնամու գերակշռությունն էր, այլեւ որոշ հայ եւ վրացի նախարարների դավաճանությունը: Վահան Մամիկոնյանը զորքի մնացորդներով վերադարձավ հայրենիք եւ շարունակեց պայքարը զավթիչների դեմ, չնայած նախարարների մեծ մասը հակված էր դադարեցնելու պայքարը: 
483թ. պարսկական բանակը հանկարծակի ներխուժեց Հայաստան եւ պաշարեց Դվինը: Վահան Մամիկոնյանը իր փոքրաթիվ ուժերով ճեղքեց թշնամական օղակը եւ քաշվեց Տայք, որտեղից անընդմեջ հարձակումներ էր գործում թշնամու մեծաթիվ զորքերի դեմ: Նրա հեղինակությունը այնքան մեծ էր, որ պարսիկները խուճապահար փախչում էին, երբ իրենց առջեւ հայտնվում էր Հայոց սպարապետը, թեկուզեւ մի քանի անգամ ավելի փոքրաթիվ զորքերով: Պարսիկների դեմ սկսվեց նաեւ գյուղացիական պարտիզանական պայքար: Պարսից արքունիքի համար հետզհետե պարզ էր դառնում, որ հայերին զենքի ուժով չեն կարող հաղթել, իսկ Հայաստանում իրենց քաղաքականությունը լիովին ձախողվել է: 
484թ. հեփթաղների դեմ պատերազմում Պերոզը պարտվեց եւ սպանվեց: Սասանյան նոր արքա Վաղարշը Հայաստանից դուրս բերեց պարսկական զորքերը եւ հաշտության առաջարկով Վահան Մամիկոնյանի մոտ ուղարկեց պատվիրակություն` Նիխոր զորավարի գլխավորությամբ: Բանակցությունները տեղի ունեցան սահմանագլխին` Հեր գավառի Նվարսակ գյուղում: Պարսկական կողմը առանց բացառության ընդունեց Վահան Մամիկոնյանի բոլոր պահանջները: 
484թ. Նվարսակում ստորագրված հայ-պարսկական հաշտության պայմանագրով Սասանյան արքունիքը վերստին հաստատեց եւ նույնիսկ ընդլայնեց Մարզպանական Հայաստանի քաղաքական ինքնավարությունը, հայ նախարարների ավանդական իրավունքները, պարտավորվեց չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ եւ հավատուրաց մարդկանց, թույլ չտալ կամայականություններ, հարգել հայոց դավանանքի ազատությունը: Վահան Մամիկոնյանը ճանաչվեց սպարապետ: Վերջինս իր հերթին օժանդակ զորամաս տրամադրեց պարսից արքա Վաղարշին, որպեսզի նա ամրապնդի իր գահը: 485թ. Վահան Մամիկոնյանը անձամբ մեկնեց Տիզբոն, եւ Վաղարշը նրան տվեց նաեւ Հայոց մարզպանի պաշտոնը, որը նա վարեց 20 տարի: Այսպիսով` 481-484թթ. ազատագրական պայքարի շնորհիվ Հայաստանը ավելի ընդլայնեց ինքնավարությունը, իսկ պարսիկները երկար ժամանակով հրաժարվեցին կրոնափոխության հարկադրանքից:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets