ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԺԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 450-451 ԹԹ. 

Չնայած հայկական թագավորությունը 428թ. վերացվեց եւ երկիրը վերածվեց Սասանյան Պարսկաստանի առանձին մարզպանության, այնուամենայնիվ Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը: Հայ նախարարները եւ հոգեւորականները լիովին պահպանեցին ավանդական իրավունքներն ու արտոնությունները, հայ նախարարների ձեռքում էին գրեթե բոլոր պաշտոնները, Հայոց սպարապետն էր առաջնորդում հայկական բանակը: Սասանյաններին տրվում էին միայն այն հարկերը, որոնք գանձվում էին Արշակունի թագավորների օգտին: 443թ. պարսից արքա Հազկերտ II-ը Հայաստանի կառավարիչ` մարզպան նշանակեց Վասակ Սյունուն (443-451թթ.): Այսպիսով` պարսից արքայից արքայի գերիշխանության տակ Հայաստանը փաստացիորեն պահպանել էր ներքին ինքնուրույնությունը: 
Սակայն Հայաստանի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը պայմանավորված էր նրանով, որ երկիրը նոր էր կորցրել թագավորության կարգավիճակը, իսկ պարսկա-բյուզանդական հարաբերությունները բավական սրված էին: Պարսից արքունիքը հարմար առիթի էր սպասում, որպեսզի իրագործի Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու եւ այն սովորական նահանգի վերածելու քաղաքականություն: 
441թ. Հազկերտը Բյուզանդիային պարտության մատնեց եւ ստիպեց հաշտության պայմանագիր ստորագրել, որով կայսրը չէր աջակցելու հայերին: Ապա հայկական հեծելազորը ուղարկվեց Միջին Ասիա` քուշանների դեմ պատերազմելու, եւ երկար ժամանակ արգելափակվեց այնտեղ: 447թ. Հազկերտը լայն լիազորություններով Հայաստան ուղարկեց Դենշապուհ անունով մի պաշտոնյայի, որը «աշխարհագիր» (մարդահամար ու եկամուտների հաշվառում) անցկացրեց ու ավելացրեց հարկերի չափը: Նա սահմանափակեց հոգեւորականների իրավունքները, քայլեր ձեռնարկեց պառակտելու հայ նախարարների միասնությունը, որոշ նախարարների զրկեց ժառանգական պաշտոններից ու արտոնություններից: 
Նախապատրաստական քայլերից հետո Հազկերտը 449թ. հատուկ հրովարտակով հայ, վրացի եւ աղվան նախարարներից պահանջեց ուրանալ քրիստոնեությունը եւ ընդունել զրադաշտականություն: Արտաշատում հրավիրվեց աշխարհաժողով, ուր հայ նախարարներն ու հոգեւորականները մերժեցին պարսից արքունիքի պահանջները: 
Նշանավոր հայ, վրացի եւ աղվան նախարարները մարզպան Վասակ Սյունու եւ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կանչվեցին պարսից մայրաքաղաք Տիզբոն` բացատրություններ տալու: Այնտեղ հաշվեհարդարից խուսափելու համար նախարարները ստիպված էին առերես ընդունել զրադաշտականություն: 
Մինչեւ նախարարների վերադարձը հայրենիք, հոգեւորականները լայնածավալ աշխատանքներ էին ծավալել, եւ հայ ժողովուրդը տարերայնորեն ոտքի էր կանգնում դիմագրավելու կրոնափոխության վտանգը: Երբ պարսիկ մոգերը Բագրեւանդ գավառի Անգղ ավանում փորձեցին մեհյանի վերածել եկեղեցին, բորբոքված բնակչությունը Ղեւոնդ Երեցի գլխավորությամբ հարձակվեցին մոգերի վրա եւ հալածեցին: Իսկ հարեւան Զարեհավանում ժողովուրդը սպանեց մոգերին: 
Համաժողովրդական վճռականությունը ոգեւորեց նաեւ այն նախարարներին, որոնք մինչ այդ տատանվում էին պարսկական հզոր տերության դեմ ապստամբելու հարցում: Վասակ Սյունու եւ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական բանակը պարսկական կայազորներին վտարեց երկրից: Ապա պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնոպոլիս` բյուզանդական կայսրից օգնություն խնդրելու համար: Սակայն կայսրը մերժեց Հայաստանին աջակցել եւ դա անել արգելեց նաեւ Բյուզանդիային ենթակա հայ նախարարներից: 
Հայ նախարարները դրանից չհուսահատվեցին եւ պատրաստվում էին վերականգնել Հայաստանի անկախությունը եւ թագավորությունը: Հայոց գահի թեկնածուներ առաջադրվեցին երեք նշանավոր նախարարներ Վարդան Մամիկոնյանը, Վասակ Սյունին եւ Վահան (Ներշապուհ) Արծրունին: 
Նախարարների մեծ մասը հակված էր Հայոց գահին տեսնել սպարապետ Վարդան Մամիկոնյանին, որը Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ Սահակ Պարթեւի թոռն ու ժառանգորդն էր եւ հետեւաբար ազգակից էր Արշակունիներին: Վարդանին Հայոց թագավոր հռչակելու հարցը առաջին անգամ քննարկվել էր 428թ: Այդ ժամանակ նախարարները պատրաստ էին նրան տալ Հայոց թագը, եթե Սահակ Պարթեւը միանար իրենց` ընդդեմ վերջին Արշակունի թագավոր Արտաշեսի: Սակայն հայրենասեր կաթողիկոսը մերժել էր միանալ սեփական արքայի դեմ կազմակերպվող դավադրությանը: 
Վասակ Սյունին երկրի մարզպանն էր` կառավարիչը, նրա տոհմը սերում էր Հայկ նահապետի սերունդներից եւ «Գահնամակում» զբաղեցնում էր առաջին տեղը, քանի որ Սյունյաց տերը մարտադաշտ էր դուրս բերում 19.400 հեծյալ, որը մի քանի անգամ ավելի շատ էր, քան մյուս խոշոր նախարարների ռազմական ուժը: Բնականաբար Վասակը հավակնություն ուներ դառնալու Հայոց արքա եւ չէր ցանկանում երկրի ղեկավարումը զիջել «Գահնամակում» հինգերորդ տեղը զբաղեցնող Մամիկոնյաններին: 
Թագավորության վերականգնման հարցում փաստորեն լուրջ հակասություններ առաջացան մարզպանի եւ սպարապետի միջեւ, որն էլ կարողացավ օգտագործել պարսից արքունիքը: Պարսիկները կեղծ խոստումներով իրենց կողմը հրապուրեցին Վասակ Սյունուն եւ ուրիշ նախարարների, պառակտեցին հայերի ուժերը: Նրանք խոստացան, որ կհրաժարվեն կրոնափոխությունից, կթեթեւացնեն հարկերը, կվերականգնեն նախարարների իրավունքները, ներում կշնորհեն ապստամբներին: 
Վասակ Սյունին, Բյուզանդիայի հետ դաշինքի ձախողումից եւ իր թագավոր դառնալը հարցականի տակ դրվելուց հետո, հակվեց հաշտություն կնքելուն, որպեսզի կանխեր բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ, ինչպես նաեւ փրկեր Տիզբոնում պատանդ մնացած երկու որդիների կյանքը: Չնայած Վասակ Սյունին նախկինում իրեն դրսեւորել էր որպես հայրենանվեր գործիչ, մեծապես աջակցել էր Մեսրոպ Մաշտոցին Սյունիքում հայ գրերի ու դպրոցների տարածման գործում, մարզպանի պաշտոնում եղել էր երկրի հմուտ կառավարիչ, ապստամբության ոգեշնչողներից ու կազմակերպիչներից էր, սակայն հետզհետե հակվեց պարսիկների հետ համագործակցելու մտքին, որով սերունդների առաջ վաստակեց դավաճանի ու ազգադավ գործչի ամոթալի պիտակը: 
450թ. պարսկական բանակը ներխուժեց Աղվանք եւ սկսեց բռնությամբ տարածել զրադաշտականություն: Աղվանները օգնություն խնդրեցին հայերից: Որոշվեց նրանց օգնության ուղարկել Վարդան Մամիկոնյանի զորամասը, իսկ Վահան Արծրունու զորամասը շարժվեց սահմանամերձ Հեր եւ Զարեվանդ գավառները, որպեսզի պարսկական բանակը հանկարծակիորեն չներխուժեր երկիր: Վասակ Սյունու զորամասը մնաց Այրարատում եւ անհրաժեշտության դեպքում Աղվանքին օգնելու էր Սյունիքից: Քանի դեռ սպարապետը երկրում էր, մարզպանը չէր համարձակվում բացահայտորեն հանդես գալ պարսիկների հետ հաշտվելու հարցով: 
450թ. Խաղխաղի (այժմ` Ղազախ) ճակատամարտում Հայոց սպարապետը գլխովին ջախջախեց պարսկական ավելի մեծաթիվ բանակին: Վարդան Մամիկոնյանը ամբողջությամբ ազատագրեց Աղվանքը, գրավեց նրա հյուսիսում գտնվող Ճորա պահակի (այժմ` Դերբենդ) հզոր ամրությունները, որոնք պատվար էին հյուսիսից ներխուժող ցեղերի դեմ: Նա պայմանագիր կնքեց հոների հետ եւ խոստացավ թույլ տալ անցնելու Ճորա պահակի ամրությունները, եթե նրանք ներխուժեին Պարսկաստան եւ օգնեին հայերին: 
Շուտով սպարապետը լուր ստացավ, որ Վասակ Սյունին որոշել է դադարեցնել պայքարը եւ հեռացել է ապստամբությունից: Սպարապետը անմիջապես վերադարձավ հայրենիք, իսկ Վասակը ապաստանեց Սյունիքում: Այսպիսով` հայկական ուժերը պառակտվեցին, որը լուրջ հարված էր ազատագրական պայքարի դուրս եկած Հայաստանի համար: 
451թ. գարնանը պարսկական հսկայական բանակը ներխուժեց Հայաստան: Հայկական բանակը ոսոխին հանդիպեց Վասպուրականի Արտազ գավառի Ավարայրի դաշտում: Հայկական 66.000-ոց բանակը, որի հիմնական մասը կազմված էր աշխարհազորից, կանգ առավ Տղմուտ գետի ձախ ափին, իսկ թշնամու երեք անգամ գերակշիռ բանակը` աջ ափին: Նրանց էր միացել նաեւ Վասակ Սյունին: 
451թ. մայիսի 26-ին հայկական բանակի գրոհով սկսվեց Ավարայրի նշանավոր ճակատամարտը: Այն հաղթանակ չբերեց կողմերից ոչ մեկին: Չնայած թվական գերակշռությանը եւ մարտական փղերի առկայությանը, պարսիկները չկարողացան հաջողության հասնել: Հայ զինվորները կռվում էին «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն» նշանաբանով: Ճակատամարտը ավարտվեց երեկոյան, եւ կողմերը կանգնած մնացին նախկին դիրքերում: Պարսիկները երեք անգամ ավելի շատ կորուստներ ունեցան: Սակայն ճակատամարտում զոհվել էր Վարդան Մամիկոնյանը եւ այլ նշանավոր նախարարներ: Հայկական բանակը որոշեց հաջորդ օրը ճակատամարտ չտալ եւ պայքարը շարունակել երկրի անմատչելի վայրերում: 
Չնայած ապստամբությունը հաղթական ավարտի չհասավ եւ Հայոց թագավորությունը չվերականգնվեց, այնուամենայնիվ ունեցավ խոշոր նշանակություն: Հազկերտը ստիպված էր ետ կանչել պարսկական զորքերին, հրաժարվել կրոնափոխության ծրագրից, թեթեւացնել հարկերը, հայկական այրուձին վերադարձնել հայրենիք, ճանաչել Հայաստանի ինքնավարությունը եւ վարել սիրաշահելու քաղաքականություն: 
Վարդանանց պատերազմը մեր պատմության ամենահերոսական էջերից է, եւ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին, որոնց հիշատակի օրը նշվում է մինչեւ այժմ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets