ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԸ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ 

Հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին, որը նշանակվել էր Եփրատի առափնյա շրջանների բյուզանդական զորքերի հրամանատար, փորձ արեց միավորելու Ասորիքի, Կիլիկիայի, Կապադովկիայի հայկական իշխանությունները: Մանազկերտի ճակատամարտից հետո նա հրաժարվեց ենթարկվել կայսրին եւ նշված տարածքներում ստեղծեց անկախ պետություն, որի կենտրոնը Մարաշ քաղաքն էր: Հայ զինվորությանը համախմբելով` Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակով կասեցնել սելջուկների առաջխաղացումը դեպի Հյուսիսային Միջագետք ու Ասորիք: 1086թ. Փիլարտոսը մահացավ, իսկ նրա ստեղծած հայկական մեծ իշխանությունը կործանվեց սելջուկյան գերակշիռ ուժերի հարվածների տակ: 
Ասորիքի հյուսիս-արեւմտյան եւ Կիլիկիայի արեւելյան շրջաններում նոր անկախ իշխանություն ստեղծեց Գող Վասիլը (1082-1112թթ.), որի կենտրոնը Քեսունն էր: Նա կարողացավ խոչընդոտել սելջուկների կողմից Ասորիքի մի մասի եւ Կիլիկիայի նվաճմանը: Վասիլի մահից հետո նրա իշխանությունը եւս կործանվեց: 
Ի տարբերություն Փիլարտոսի եւ Գող Վասիլի իշխանությունների, որոնք կործանվեցին հիմնադիրների մահից հետո, չափազանց կենսունակ հանդիսացավ Ռուբենի ստեղծած իշխանությունը Կիլիկիայում: 
Անիի թագավոր Գագիկ II-ի թիկնապահներից Ռուբենը 1080թ. տիրեց Լեռնային Կիլիկիայի մի մասին եւ ընդարձակեց տիրույթները սելջուկների ու բյուզանդացիների հաշվին: Հայ բնակչությունը համախմբվեց Ռուբենի շուրջը եւ օգնեց երկրամասը ազատագրելու գործում: Ռուբեն I-ը (1080-1095թթ.) Կիլիկիայում հիմնադրեց հզոր ու կենսունակ իշխանություն, որն իր անունով կոչվեց Ռուբինյան: Այս իշխանությանն էր վիճակված համախմբել Կիլիկիայի հայությանը միասնական պետության մեջ եւ վերականգնել հայոց թագավորությունը: 
Ռուբենին փոխարինեց որդին` Կոստանդին I-ը (1095-1100թթ.), որն ավելի ընդարձակեց իշխանության սահմանները: 1098թ. ազատագրվեց Վահկա բերդը, որը դարձավ Ռուբինյան իշխանների նստավայրը: Կոստանդինը գրավեց Դաշտային Կիլիկիայի որոշ շրջաններ: Ռուբինյան իշխանության ընդարձակմանն օգնեցին նաեւ խաչակրաց արշավանքները: Դրանց հետեւանքով Իկոնիայի սուլթանությունը եւ մյուս մահմեդական իշխանությունները բավական թուլացան: 
1095թ. Կլերմոնի եկեղեցական ժողովում Հռոմի Ուրբանոս II պապն անհրաժեշտ համարեց մահմեդականների լծից ազատել քրիստոնյաներին եւ Երուսաղեմում գտնվող Քրիստոսի գերեզմանը: Իրականում խաչակիրներին հրապուրում էր Արեւելքի հարուստ երկրների նվաճման հեռանկարը: Խաչակրաց առաջին արշավանքը կազմակերպվեց 1096-1099թթ.: Խաչակիրները մեծ դժվարությունների գնով անցան Փ.Ասիան եւ նվաճեցին Կիլիկիայի, Ասորիքի ու Պաղեստինի մի մասը: Նրանք ստեղծեցին Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը, Երուսաղեմի թագավորությունը, Տրիպոլիի կոմսությունը: Միջերկրականի արեւելյան ափին ստեղծված խաչակրաց պետությունները գոյատեւեցին մինչեւ 1291թ.: 
1097թ. խաչակիրների մի մասը հասավ Կիլիկիա: Կոստանդին I-ը մեծ աջակցություն ցույց տվեց նրանց: Դրա դիմաց խաչակիրները նրան օգնեցին ընդարձակել իշխանության սահմաններն արեւելքում: Կոստանդին I-ին փոխարինեց ավագ որդին` Թորոս I-ը (1100-1129թթ.): Նա 1104թ. գրավեց Սիս եւ Անարզաբա քաղաքները: Թորոսը սերտորեն համագործակցում էր Գող Վասիլի եւ խաչակիրների հետ: 
Թորոս I-ին հաջորդեց եղբայրը` Լեւոն I-ը (1129-1137թթ.), որը ձգտում էր ազատագրել Կիլիկիայի ծովեզրյա շրջանները: Այդ պայքարում հայ իշխանն ընդհարվեց թե՛ Բյուզանդիայի, թե՛ խաչակիրների հետ, որոնք տիրում էին Դաշտային Կիլիկիայի մեծ մասին: Հայկական բանակը բյուզանդացիներից ու խաչակիրներից ազատագրեց Դաշտային Կիլիկիան, եւ իշխանության սահմանները հասան Միջերկրականին: Լեւոնը սելջուկների հաշվին տիրույթներն ընդարձակեց արեւելքում եւ հյուսիս-արեւելքում: 
1137թ. Հովհաննես Կոմնենոս կայսրը ներխուժեց Կիլիկիա եւ համառ պայքարից հետո գրավեց այն: Նա Լեւոն I-ին երկու որդիների` Ռուբենի եւ Թորոսի հետ գերեվարեց Կ. Պոլիս: Դրանով Ռուբինյան իշխանությունը կանգնեց կործանման եզրին, երկիրը ենթարկվեց սելջուկների ու խաչակիրների ասպատակություններին: 1142թ. Լեւոն I-ը եւ Ռուբենը Կ. Պոլսում մահացան, իսկ մյուս որդին` Թորոսը, փախավ գերությունից, վերադարձավ Կիլիկիա եւ կարողացավ վերականգնել Ռուբինյան իշխանությունը: 
Թորոս II-ը (1145-1169թթ.) համախմբեց հայկական ուժերին եւ պայքար սկսեց բյուզանդացիներից երկիրն ազատելու համար: Նրան միացան եղբայրները` Ստեփանեն ու Մլեհը: Թորոսը թշնամուց ազատագրեց Լեռնային Կիլիկիան, ապա համագործակցելով խաչակիրների եւ սելջուկների հետ` բյուզանդացիներից ազատագրեց Դաշտային Կիլիկիան: Նա գրավեց Կիլիկիայի ներսում բյուզանդացիներին մնացած կամ նրանց հետ համագործակցող հայ իշխանների ամրոցները: Բյուզանդիան մի շարք շարք պարտություններից հետո ստիպված էր հաշտվել անկախ հայկական իշխանության գոյության փաստի հետ, որը ձգվում էր Կոռիկոսից մինչեւ Սեւ լեռներ եւ միայն Քարուտ Կիլիկիայի արեւմտյան շրջաններն էին մնացել օտարների ձեռքում: 
Թորոսին հաջորդեց եղբայրը` Մլեհը (1169-1175թթ.): Նա փոփոխություններ մտցրեց Կիլիկիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Եթե նախկինում Ռուբինյանները Բյուզանդիայի դեմ պայքարում համագործակցում էին քրիստոնյա խաչակիրների հետ, ապա Մլեհը սկսեց գործակցել Հալեպի մահմեդական սուլթանության հետ: Դրա նպատակն էր Կիլիկիայի արեւմտյան շրջաններից վտարել բյուզանդացիներին, իսկ արեւելյանից` խաչակիրներին: 
Վերաշինվեց ու բարեկարգվեց Սիսը, որը 1173թ. դարձավ երկրի մայրաքաղաքը: Մլեհը, Հալեպի սուլթանի հետ միասին, դրամ հատեց, որով կարգավորեց երկրի դրամական շրջանառությունը: Մլեհի գործունեության հետեւանքով Ռուբինյան իշխանությունն ավելի ամրապնդվեց ու զարգացավ: Նա կենտրոնական իշխանությունը ամրապնդեց, իսկ խոշոր իշխաններին ավելի մեծ կախվածության մեջ դրեց: Դա դժգոհություն էր առաջացնում խոշոր ֆեոդալների մոտ: Հայ հոգեւորականներն իրենց հերթին դժգոհ էին Մլեհի համագործակցությունից մահմեդական պետությունների հետ: Այդ ամենը հանգեցրեց դավադրության, եւ 1175թ. Սիս քաղաքում Մլեհը սպանվեց: 
Գահը ժառանգեց Մլեհի եղբայր Ստեփանեի որդին` Ռուբեն II-ը (1175-1187թթ.): Նա շարունակեց կենտրոնական իշխանության ամրապնդման եւ մահմեդական պետությունների հետ համագործակցելու գիծը: Ռուբեն II-ը ազատագրեց բյուզանդացիների ձեռքում մնացած Ադանան ու Տարսոնը: 
Այսպիսով, մեկդարյա պայքարը Բյուզանդիայի դեմ ավարտվեց հայերի հաղթանակով, որի ընթացքում Կիլիկիայի Ռուբինյան իշխանությունը ընդարձակվեց ու ամրապնդվեց: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets