ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵԼՋՈՒԿՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ 

Թուրքական ցեղերը մինչեւ XIդ. սկիզբը բնակվում էին Միջին Ասիայում եւ Չինաստանից հյուսիս ընկած տափաստաններում: Նրանք քոչվորական կյանք վարող խաշնարածներ էին եւ հաճախ տեղից տեղ էին տեղափոխվում նոր արոտավայրեր գտնելու համար: Նրանց ցեղապետերից Սելջուկը կարողացավ միավորել թուրքերի մեծ մասին, որոնք նրա անունով կոչվեցին սելջուկներ, ստեղծեց հզոր պետություն եւ ավարառուական արշավանքներ սկսեց հարեւան երկրների դեմ: Սելջուկները 1030-ական թվականներին գրավեցին ամբողջ Պարսկաստանը, որտեղից արշավանքներ սկսեցին դեպի Հայաստան:
Անիի Բագրատունիների թագավորությունը կործանելուց հետո Բյուզանդիան ծանրացրեց հարկերը, փորձեց Հայոց եկեղեցին միացնել բյուզանդականին, Հայաստանից հեռացրեց խոշոր իշխաններին ու հայկական զինված ուժերը: Փաստորեն, երկիրն օտար ասպատակիչների առաջ մնացել էր գրեթե անպաշտպան, իսկ Բյուզանդիայի վարած հակահայկական քաղաքականության հետեւանքով դժգոհությունները օրեցօր աճում էին: Լոռու, Սյունիքի եւ Կարսի հայկական թագավորությունները բավարար ուժ չունեին սելջուկներին դիմադրելու համար: 
1047թ. սելջուկների 20.000-ոց բանակը Ատրպատականից ներխուժեց Վասպուրական եւ ասպատակեց մինչեւ Բասեն ընկած գավառները: Բյուզանդական զորքերը չփորձեցին դիմադրել նրանց եւ բնակչությանը թողեցին անպաշտպան: Սելջուկները աչքի էին ընկնում դաժանությամբ, չէին խնայում ոչ ոքի եւ իրենց ճանապարհին թողնում էին միայն մոխրակույտեր ու դիակներ: Նրանք մեծ ավարով ու գերիներով հեռացան Պարսկաստան: 
1048թ. սեպտեմբերին սելջուկների 100.000 բանակը նույն ճանապարհով, երկրորդ անգամ արշավեց Հայաստան: Սմբատաբերդ լեռան վրա սելջուկները կոտորեցին տասնյակ հազարավոր մարդկանց: Նրանք ավերեցին ու թալանեցին անպարիսպ Արծն քաղաքը, ուր սրի քաշեցին մոտ 150.000 մարդու: Բյուզանդական կայսրությունը փորձեց կասեցնել սելջուկների առաջխաղացումը, սակայն Բասենի ճակատամարտում բյուզանդական բանակը ծանր պարտություն կրեց: 
Սելջուկները այս անգամ եւս մեծ ավարով հեռացան Պարսկաստան` հետեւում թողնելով ամայացած երկրամասեր: Նրանք տարան 100.000 գերի եւ հսկայական ավար: 
Բյուզանդիան համոզվեց, որ սխալ էր Հայաստանից խոշոր իշխանների ու ռազմական ուժի դուրսբերումը, քանի որ արեւելքից սպառնացող սելջուկյան վտանգի դեմ երկիրը մնացել էր անպաշտպան, իսկ հայերի մոտ ատելություն էր առաջացել կայսրության նկատմամբ: Սելջուկների դեմ պատվար ստեղծելու համար Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը Հայաստանում: Հարկերը թեթեւացվեցին, որոշ հայ իշխանների թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, հանդուրժողականություն սկսեցին ցուցաբերել նաեւ կրոնա-դավանական հարցերում: Նշանավոր իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն, որը Հյուսիսային Միջագետքի կառավարիչն էր, տրվեց նաեւ Վասպուրականի կառավարչի պաշտոնը: Այդ ամենի հետեւանքով Հայաստանի պաշտպանունակությունը բավական ամրապնդվեց: 
1054թ. անձամբ սելջուկների տիրակալ Տուղրիլը 100.000-ոց բանակով ներխուժեց Հայաստան: Այս անգամ թշնամին համառ դիմադրության հանդիպեց: Վանանդի թագավոր Գագիկը հաջողությամբ ետ մղեց թշնամուն Կարսի մատույցներից: Բաբերդի մոտ բյուզանդական զորամասերից մեկը պարտության մատնեց սելջուկներին, իսկ գերիներին ազատեց: Չկարողանալով գրավել Ավնիկ ամրոցը եւ Կարինը, Տուղրիլը հարձակվեց Մանազկերտի վրա: Չնայած սելջուկների համառ ջանքերին, քաղաքը մնաց անառիկ: Մեկամսյա պաշարումից հետո սելջուկները ստիպված էին ձեռնունայն հեռանալ: Ավերելով ու թալանելով մի շարք անպաշտպան բնակավայրեր` մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով Տուղրիլը հեռացավ Հայաստանից: 
Սելջուկյան այս արշավանքները, որոնք ավարառուական ու հետախուզական բնույթ էին կրում, ծանր հարված հասցրին երկրին: Նրանց ավերածությունները առաջ բերեցին բնակչության զանգվածային արտագաղթ, որից Հայաստանը ավելի թուլացավ եւ անպաշտպան մնաց սելջուկյան նվաճումների առաջ: Սելջուկ-թուրքերը շուրջ 10 տարի դադարեցրին խոշոր արշավանքները Հայաստան: Ո՛չ Բյուզանդիան, ո՛չ հայկական թագավորությունները այդ շրջանը չկարողացան օգտագործել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար: 
1064թ. սելջուկյան սուլթան Ալփ-Ասլանը մեծ բանակով արշավեց եւ գրավեց Աղվանքը, Արեւելյան Վրաստանը, ապա ներխուժեց Հայաստան: Լոռու, Սյունիքի, Կարսի հայ թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկներին եւ պահպանեցին իրենց տիրույթները: Սելջուկները ներխուժեցին Շիրակ եւ բյուզանդական զորքերի ապիկարության պատճառով գրավեցին Անին: Այսպիսով, 1064թ. սելջուկներին հաջողվեց գրավել Հայաստանի հյուսիսային շրջանները: 
1070թ. սելջուկները սկսեցին Հայաստանի հարավային ու արեւմտյան գավառների նվաճումը: Բյուզանդիայի կայսր Ռոմանոս Դիոգենեսը մեծ բանակով եկավ արեւելք, որպեսզի կասեցնի սելջուկների առաջխաղացումը: 1071թ. Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները ջախջախիչ պարտություն կրեցին: Բյուզանդիան ստիպված էր սելջուկներին զիջել Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը: Դրանով Հայաստանը վերջնականապես հայտնվեց սելջուկյան լծի տակ: 
Երկրի վարչական կառավարումը, դատավարությունն ու հարկահանությունը անցան սելջուկ պաշտոնյաների ձեռքը: Միայն Լոռիում, Սյունիքում եւ Հայաստանի հարավային մի շարք գավառներում հայ իշխանները պահպանեցին իրենց գոյությունը եւ այդ վայրերում վարչա-քաղաքական իշխանությունը դեռեւս հայերի ձեռքում էր: Սելջուկները ծանր հարկեր դրեցին բնակչության, հատկապես գյուղացիության վրա, մեծ չափեր ընդունեց արտագաղթը: Սելջուկները խլեցին հայ իշխանների կալվածքները, իսկ տերերին դուրս քշեցին երկրից կամ ոչնչացրին: Այդ հողերը տրվեցին տրվեցին սելջուկ զինվորներին ու պաշտոնյաներին: 
Սելջուկյան պետությունը շուտով մասնատվեց տարբեր ամիրայությունների: Արարատյան դաշտը եւ Շիրակը անցան Շադադյաններին, իսկ Հայաստանի հարավային շրջանները` Շահարմեններին: Երկրի մյուս մասերը անցան Գանձակի, Օրդուխյան, Դանիշմանների, Սալդուխյան էմիրություններին: Այդ ամիրայությունների հիմնական բնակչությունը հայերն էին, որոնք ենթարկվում էին բազմատեսակ ճնշումների, կեղեքումների ու կրոնական հալածանքների: Սելջուկյան տիրապետությունը չափազանց ծանր հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets