ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ 16-17-ՐԴ ԴԴ. 

XVդ. վերջին Իրանում բավական հզորացել էին Արդեբիլում իշխող Սեֆյան շեյխերը, որոնք համարվում էին իսլամի շիա դավանանքի առաջնորդ: Նրանց կոչում էին ղզլբաշներ կամ սեֆիներ: 1502թ. Սեֆյան Իսմայիլը գրավեց Թավրիզը եւ հռչակվեց Շահնշահ: Այսպիսով, Շահ Իսմայիլը (1501-1524թթ.) ստեղծեց ընդարձակ ու հզոր Սեֆյան պետությունը, որի մեջ մտան Իրանը, Ատրպատականը, Իրաքը, Հայաստանը, Անդրկովկասը: Այս շրջանում մեծ տարածում ստացավ շիիզմը: Շահ Իսմայիլը բավական լավ էր տրամադրված հայերի նկատմամբ, քանի որ փոքր տարիքում թշնամիներից փրկվելու համար ապաստանել էր Աղթամարում, ապա` Ղարաբաղում: 
Նույն շրջանում մեծ հզորության հասավ դեռեւս 1299թ. ստեղծված Օսմանյան Թուրքիան, որը XVդ. երկրորդ կեսին գրավել էր Հայաստանի արեւմտյան մի քանի շրջաններ: 
1512թ. պատերազմ սկսվեց Օսմանյան Թուրքիայի եւ Սեֆյան Իրանի միջեւ: Այն փոփոխակի հաջողություններով շարունակվեց մի քանի տասնամյակ: Դրա գլխավոր թատերաբեմը Հայաստանն էր, որը ոտնակոխ էր լինում ու ավերվում հակառակորդ բանակների կողմից: 1555թ. Ամասիայում ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով առաջին անգամ Հայաստանը բաժանվեց Թուրքիայի եւ Իրանի միջեւ: Արեւմտյան Հայաստանն անցավ թուրքերին, արեւելյանը` Իրանին: 
Թուրքերը 1578թ. վերսկսեցին պատերազմը եւ գրավեցին ամբողջ Հայաստանը, Անդրկովկասը եւ Ատրպատականը: Շահ Աբաս I-ը (1587-1629թթ.) հաշվի առնելով երկրի ճգնաժամային վիճակը 1590թ. Կ. Պոլսում կնքեց հաշտություն, որով թուրքերին զիջեց նրանց գրաված բոլոր տարածքները: 
Հաշտություն կնքելուց հետո շահ Աբասը ձեռնամուխ եղավ Իրանի հզորության վերականգնմանը: Նա ընկճեց կենտրոնախույս ուժերին, ստեղծեց կենտրոնացված պետական ապարատ, վերականգնեց քայքայված տնտեսությունը, բանակը վերակառուցեց, զինեց հրետանիով ու մարզեց անգլիացի ռազմական մասնագետների օգնությամբ: 
1603թ. թուրք-իրանական պատերազմը վերսկսվեց: Շահ Աբասը գրավեց Թավրիզը, Նախիջեւանը, Ագուլիսը, Ջուղան: Տեղի հայ բնակչությունը խանդավառությամբ ընդունեց նրան: Ջուղայի հայերը, որոնք աչքի էին ընկնում միջազգային առեւտրում ունեցած խոշոր դերակատարությամբ, ճոխ ընդունելություն կազմակերպեցին շահի համար: 
1604թ. ամռանը պարսիկները գրավեցին Երեւանը: 1604թ. աշնանը սուլթանը պարսիկների դեմ ուղարկեց խոշոր բանակ: Շահ Աբասը, խուսափելով վճռորոշ ճակատամարտից, որոշեց նահանջել եւ ամայացնել թուրքերի ճանապարհին գտնվող Կարսից մինչեւ Նախիջեւան ընկած տարածքները, բնակչությանը քշել Պարսկաստան: Բնակչության տեղահանությունն իրականացվեց հապճեպորեն ու դաժան մեթոդներով, բռնագաղթեցրին ավելի քան 300.000 հայերի: Հազարավոր մարդիկ զոհվեցին ճանապարհին կամ խեղդվեցին Արաքսում: Ջուղայի հայերին շահը բնակեցրեց մայրաքաղաք Սպահանի մոտ, ուր ստեղծվեց Նոր Ջուղա ավանը: Հայ արհեստավորներին ու առեւտրականներին բնակեցրին Պարսկաստանի քաղաքներում, գյուղացիներին` երկրի հյուսիսում ու հարավում` շերմապահությունն ու այգեգործությունը զարգացնելու նպատակով: 
Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մինչեւ 1639թ.: Այդ ընթացքում ավերվում էր Հայաստանի տարածքը, սպանվում ու գերվում էին հայ բնակիչները: 1639թ. Կասրե Շիրինում Թուրքիան ու Իրանը կնքեցին հաշտության պայմանագիր, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջեւ: Սահմանագիծը հյուսիսում սկսվում էր Ախուրյանի ակունքներից, նրա հոսանքով իջնում Արաքս, այն կտրելով հասնում Հայկական պարին, ապա Մեծ ու Փոքր Մասիսների միջով թեքվում հարավ եւ ուղիղ գծով իջնում Միջագետք: Այդ բաժանումը պահպանվեց մինչեւ XIX դ. սկիզբը: 
Արեւելյան Հայաստանը գրավելուց հետո պարսից շահերը փորձեցին այնտեղ հաստատել կայուն վարչական համակարգ: Ստեղծվեցին մի շարք խանություններ, որոնց գլուխ կանգնեցին շահի նշանակած խաները: Վերջիններս անսահմանափակ իշխանություն ունեին իրենց տիրույթներում: Արեւելյան Հայաստանը մտավ Երեւանի, Նախիջեւանի, Մակուի, Գանձակի խանությունների եւ վրաց թագավորության կազմի մեջ: Գեղարքունիքում, Արցախում, Սյունիքում եւ Ղարադաղում որպես առանձին վարչական միավորներ կազմավորվեցին մի շարք մելիքություններ: Մելիքները հայ իշխանական տների մնացորդներն էին: 
Երկրում տիրող սանձարձակություններն ու կամայականությունները, ազգային ու կրոնական հալածանքները հայերի համար ստեղծել էին չափազանց ծանր վիճակ, տնտեսական ու մշակութային կյանքը գրեթե կանգ էր առել: 
Օսմանյան կայսրությանն անցած Արեւմտյան Հայաստանում կազմավորված վարչական միավորները կոչվում էին վիլայեթներ կամ փաշայություններ: XVIIդ. ստեղծվեցին Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցխայի, Սեբաստիայի, Դիարբեքիրի վիլայեթները: Փաշայությունը կառավարում էր սուլթանի նշանակած վալին կամ փաշան, որը հանդիսանում էր նաեւ տվյալ նահանգի զորքերի հրամանատարը: Կիլիկիան գտնվում էր Մարաշի եւ Ադանայի վիլայեթների կազմում: Հայկական իշխանություններ էին պահպանվել Սասունում, Մոկսում, Շատախում, Ճապաղջուրում, Խնուսում, Համշենում, Զեյթունում եւ այլ վայրերում: 
Օսմանյան կայսրությունը հետամնաց ռազմա-ֆեոդալական երկիր էր, ուր ամեն քայլափոխի ոտնահարում էին հայերի իրավունքները: Այդ երկրում խիստ արատավոր էր պաշտոնյաների նշանակման կարգը, որից բխում էին տիրող անօրինականություններն ու բռնությունները: Հայերը համարվում էին իրավազուրկ ռայա, որին ցանկացած մահմեդական կարող էր անպատիժ կերպով սպանել կամ թալանել: Հարկերը հիմնականում հավաքում էին ավելի շատ, քան սահմանված էր: Հայ բնակչության համար պատուհաս էին մանկահավաքները: Թուրքերը քրիստոնյաներից խլում էին առողջ ու գեղեցիկ պատանիներին, կրոնափոխ էին անում եւ հատուկ ռազմական դպրոցներում վարժեցնելով, նրանցից ստեղծում էին ենիչերիական զորամասեր, որոնք թուրքական բանակի հիմնական հիմնական հարվածային ուժն էին դառնում: Գեղեցիկ հայ աղջիկներին ու կանանց խլում եւ տանում էին սուլթանների, փաշաների ու բեկերի հարեմները: Սովորական երեւույթ էին հայերին բռնի կրոնափոխ անելը կամ կոտորելը, եկեղեցիները մզկիթների վերածելը կամ քանդելը: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության համար դժոխային պայմաններ էին ստեղծված, տնտեսական ու մշակութային զարգացման որեւէ հնարավորություն չկար: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets