ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԲ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆԿՈՒՄԸ 

Հայաստանի մասնատումը տարբեր թագավորությունների, ներքին հակասությունները եւ արտաքին ուժերի միջամտությունը թույլ չտվեցին Բագրատունիներին ստեղծելու հզոր եւ կենսունակ միասնական պետություն: Հայաստանի վերամիավորումն ու հզորացումը Բյուզանդիայի կողմից դիտվում էր արգելակող հանգամանք դեպի արեւելք ընդարձակվելու համար: Այդ պատճառով էլ Բյուզանդիան աջակցում էր կենտրոնախույս ուժերին, մեկը մյուսի հետեւից գրավում էր հայկական տարածքները: 
Բյուզանդիայի առաջին զոհը դարձավ Տարոնի Բագրատունիների իշխանությունը: 966թ. Տարոնի իշխան Աշոտ Բագրատունու մահից հետո բյուզանդացիները զավթեցին այդ երկրամասի մեծ մասը: Տայքի իշխան Դավիթ կյուրոպաղատը զավակ չուներ եւ կայսրի պարտադրանքով տիրույթները կտակեց Բյուզանդիային: 1000թ. նրա մահից հետո բյուզանդացիները գրավեցին Տայքը: 1021թ. Վասիլ II-ը Սենեքերիմ Արծրունուն հարկադրեց Վասպուրականի թագավորությունը հանձնել Բյուզանդիային եւ տեղափոխվել Սեբաստիա: Այսպիսով, Բյուզանդիան զավթեց Հայաստանի արեւմտյան եւ հարավային շրջանները, որից հետո ձգտելու էր նվաճել նաեւ Անիի թագավորությունը: 
Գագիկ I-ի մահից հետո գահակալական պայքար սկսվեց նրա որդիների միջեւ: Գահը ժառանգեց ավագ որդին` թուլակամ ու պետական գործերին անընդունակ Հովհաննես-Սմբատը (1020-1041թթ.), որին պաշտպանում էր պալատական վերնախավը, քանի որ թույլ թագավորի դեպքում իրենց ազատությունը մեծանում էր: Եղբոր դեմ ըմբոստացավ զորավարական ու պետական գործչի ունակություններով օժտված Աշոտը, որին պաշտպանում էր բանակը եւ մանր ազնվականությունը, որոնց ձեռնտու էր կենտրոնացված հզոր պետությունը: Ի վերջո, սպարապետ Վահրամ Պահլավունու, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի, Կարսի Աբաս, վրաց Գեորգի I թագավորների միջնորդությամբ եղբայրների միջեւ համաձայնություն կայացավ: Հովհաննես-Սմբատին անցան Անին եւ շրջակայքը, Աշոտ IV-ին (1020-1040թթ.)` գավառները: Փաստորեն, Անիի թագավորությունը բաժանվեց երկու մասի եւ թուլացավ, իսկ ենթակա թագավորներն ավելի անկախ դարձան: Ըստ պայմանագրի Հովհաննես-Սմբատի մահից հետո ամբողջ թագավորությունն անցնելու էր Աշոտին: 
1015թ. վրաց թագավոր Գեորգի I-ը պայքար սկսեց Տայքը գրավելու համար, ուր ապստամբություն էր բռնկվել բյուզանդական տիրապետության դեմ: Վասիլ II-ը ճնշեց ապստամբությունը, ասպատակեց Աբխազիան ու Վրաստանը: Նա միաժամանակ Հովհաննես-Սմբատից պահանջեց իրեն հանձնել Անին: Դա պայմանավորված էր նրանով, որ Հայոց թագավորն աջակցել էր Գեորգիին: Թուլամորթ թագավորը Անին կտակեց Բյուզանդիային եւ Պետրոս կաթողիկոսի միջոցով 1021թ. դեկտեմբերին կտակն ուղարկեց Տրապիզոն, ուր գտնվում էր կայսրը: Այսպիսով, դավաճան թագավորն ու կաթողիկոսը հայրենիքը վաճառեցին օտարին: Դրանով Անիի թագավորությունը կորցրեց գոյատեւման ու զարգացման հեռանկարը: 
1041թ. մահացավ Հովհաննես-Սմբատը, իսկ մի քանի ամիս առաջ մահացել էր Աշոտը: Այդ պայմաններում ակտիվացան այն տարրերը, որոնք ձգտում էին Անին հանձնել Բյուզանդիային: Այդ խմբավորումը գլխավորում էին Պետրոս Գետադարձ կաթողիկոսը եւ Հովհաննես-Սմբատի խնամակալ վեստ Սարգիս Սյունին: Հայոց պետականությունը ամրապնդելու նպատակով, սպարապետ Վահրամ Պահլավունին գահի թեկնածու առաջադրեց Աշոտի 18-ամյա որդուն` Գագիկին: 
1042թ. Գագիկ II-ը (1042-1045թթ.) օծվեց թագավոր: Անիի կենտրոնական թագավորությունը մի պահ նորից վերականգնեց դիրքերը: Սակայն միջամտեց Բյուզանդիան եւ խափանեց ոչ միայն երկրի միավորումը, այլեւ կործանեց հայոց պետականությունը: Կոստանդին Մոնոմախ կայսրը, տեղեկանալով Հովհաննես-Սմբատի մահվան մասին, պահանջեց Անին հանձնել իրեն եւ զորք ուղարկեց այն գրավելու: Սպարապետ Վահրամ Պահլավունու եւ Գագիկ II-ի գլխավորությամբ հայկական 30.000-ոց բանակը Անիի մոտ ջախջախեց բյուզանդական 100.000-ոց բանակին: Մինչեւ 1044թ. բյուզանդացիները եւս երեք անգամ հարձակվեցին Անիի վրա, բայց ամեն անգամ հայերը պարտության էին մատնում օտարերկրյա զավթիչներին: 
Զենքի ուժով հաջողության չհասնելով, բյուզանդացիները դիմեցին նենգության: Հաշտություն կնքելու պատրվակով կայսրը Գագիկ II-ին հրավիրեց Կ. Պոլիս: Սկզբում Գագիկը մերժեց հրավերը, սակայն Պետրոս Գետադարձի եւ վեստ Սարգսի հորդորներին տեղի տալով, 1044թ. մեկնեց կայսրի մոտ: Կ. Պոլսում Գագիկին արքայավայել ընդունելություն ցույց տվեցին, ապա առաջարկեցին Անիի թագավորությունը հանձնել Բյուզանդիային եւ փոխարենը ընդարձակ կալվածքներ ստանալ Մալաթիայում: Գագիկը մերժեց այդ պահանջը, սակայն նրան արգելեցին վերադառնալ հայրենիք: Կայսրը Գագիկին հատկացրեց Կապադովկիայի որոշ շրջաններ` Պիզու քաղաքով: 
Հայոց արքային ասպարեզից հեռացնելուց հետո, բյուզանդական զորքը 1044թ. աշնանը պաշարեց հայոց մայրաքաղաքը: Վահրամ Պահլավունին այս անգամ եւս պարտության մատնեց թշնամուն: Ի վերջո վեստ Սարգիսն ու կաթողիկոսը համոզեցին իշխաններին, որ պայքարն անօգուտ է, եւ քաղաքը անհրաժեշտ է հանձնել Բյուզանդիային: 1045թ. բյուզանդական բանակն առանց կռվի գրավեց Անին, որով վերջ տրվեց Բագրատունիների համահայկական պետությանը: Կարսի, Սյունիքի եւ Լոռու թագավորություններն ունեին միայն տեղական նշանակություն եւ ի վիճակի չէին ղեկավարելու հայկական տարածքները միասնական պետության մեջ միավորելու գործընթացը: Հայոց պետականության անկման գլխավոր պատճառը երկրի քաղաքական մասնատվածությունն էր, որը բնորոշ էր զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանը թեւակոխած երկրներին: Հայաստանում միասնական եւ կենտրոնացված պետության բացակայությունը թույլ չտվեց արդյունավետորեն հակահարված տալ օտար զավթիչներին: Անկախ պետականության կորուստը ծանր հետեւանքներ ունեցավ մեր երկրի համար, որն անպաշտպան մնալով շուտով ենթարկվեց արեւելքից հարձակվող մեկը մյուսից հետամնաց ու արյունարբու ցեղերի ներխուժումներին ու ավերածություններին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets